Լատինական ծագում ունեցող «դե ֆակտո» եւ «դե յուրե» բառերի հայկական հոմանիշները «փաստացի» եւ «իրավաբանական փաստաթղթով ամրագրված» արտահայտություններն են: Նոր հայերին չտանջելու համար` պարզաբանեմ: Այս բառերն իրենց լեքսիկոնում ունեն «նաղդ» եւ «նիսյա» արտահայտման ձեւերը: Եվ քանի որ այս արտահայտությունները գալիս են հին Հռոմից, ապա կարելի է ենթադրել, որ դեռ այն ժամանակ օրենքի եւ իրականության միջեւ հակասություններ կային: Հավանաբար այդ հակասությունները եղել են միշտ եւ ամենուրեք, եթե այդ բառերը Հին Հռոմից եկել-հասել են 21-րդ դարի անկախ Հայաստան: Սակայն հայերի պարագայում խնդիրը ոչ թե օրենքի եւ իրականության հակասությունն է, այլ այդ հակասության չափերն, ինչը մեր օրերում հասնում է անհամատեղելիության: Հայկական այս հակասության ամենագլոբալ օրինակը Արցախի խնդիրն է, որը միջազգային ատյանների համար դե ֆակտո անկախ պետություն է, դե յուրե, լավագույն դեպքում` չճանաչված: Այս հարցում, իհարկե, մեղադրել այլ պետություններին` սխալ է, քանզի Հայաստանն ինքը դեռ չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը (օրինակ, Հյուսիսային Կիպրոսի Հանրապետությունը Թուրքիայի կողմից ճանաչված է): Ի դեպ, ԼՂՀ նախագահի ընտրությունների հարցում որոշ հայաստանյան քաղաքագետներ դե յուրե դեմոկրատ են խաղում, բայց դե ֆակտո արեւմտյան գրանտներն են «ատրաբատիվատ» անում: Մնացած բոլոր հարցերում նույն իրավիճակն է: Արդեն տասը տարի է՝ Ռոբերտ Քոչարյանը դե ֆակտո ղարաբաղցի է, դե յուրե` հայաստանցի: Գյումրիում նաղդ կրակում են, բայց օրինապահները «նիսյա ռոզիսկ են» հայտարարել, որովհետեւ, միեւնույն է, ոչ մեկը (խոսքս «նաղդ» կրակողների մասին է) չի նստելու: Հանրապետականները «նաղդ» հաղթել են (չար լեզուները պնդում են, որ այդ «նաղդ» հաղթանակը նաղդ գումարով է ձեռք բերվել), բայց «նիսյա» կառավարություն են կազմում: Դաշնակները դե յուրե տաքանում են, դե ֆակտո՝ սառում, որ հետո դե յուրե նախարար դառնան, որովհետեւ դիմացը դե ֆակտո ընդունելության քննություններն են: Իսկ դաշնակցականները բազմիցս են ապացուցել, որ «նաղդ վարունգը» նիսյա «Դրոյի գործի հետ չեն փոխում»: «Օրինաց երկիրը» եւ՛ դե ֆակտո, եւ՛ դե յուրե սառում է, որովհետեւ գարեջուրը միայն սառը վիճակում է հաճելի խմվում: «Բարգավաճ Հայաստանը» դե յուրե խորհրդարանական երկրորդ կուսակցությունն է, բայց դե ֆակտո «մանթո է»: Արտաշես Գեղամյանը (եւ ոչ միայն նա) «նաղդը թողած նիսյայի հետեւից ընկավ»: Նման դեպքերում հայերն ասում են. «Տենց եղավ էլի, որ սենց եղավ»: ՄԱԿ-ը «նաղդ», ավելի շուտ՝ դե ֆակտո (ՄԱԿ-ում «նաչիտաննի» ժողովուրդ են) դարձել է արտախորհրդարանական, բայց «նիսյա» (կներեք` «դե յուրե»)` կառուցողական: Չնայած, չի բացառվում, որ «նիսյա» կառուցողականությունը «նաղդ» նախարարական պորտֆել բերի: Կոմունիստներն այլեւս դե ֆակտո գոյություն չունեն, բայց դե Յուրե` Մանուկյան են: Ահարոն Ադիբեկյանը «նիսյա» խոսում է, բայց «նաղդ» առնում: Հայաստանում «նաղդ» կաշառակերություն կա եւ «նիսյա» կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդականներ: ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանն իր ասուլիսում բոլորին հասկացրեց, որ «նաղդ» օլիգարխներին թողած, չի կարելի «նիսյա» պետության վրա հույս դնել: Մերոնք այնքան են համը հանել, որ անգամ դիվանագիտական ներկայացուցչություններն են սկսել նույն սկզբունքով վերաբերվել մեզ: Օրինակ, Ամերիկան Հայաստանում դե յուրե դեսպան չունի, բայց դե ֆակտո Էնթընի Գոդֆրին ԱՄՆ դեսպանն է Հայաստանում: Ռուսաստանի պարագայում ուղիղ հակառակն է: Նիկոլայ Պավլովը դե յուրե ՌԴ դեսպանն է Հայաստանում, սակայն դե ֆակտո նա, ինչպես հայերը հաճախ սիրում են ասել` «ոնց որ նոր տարվա լիմոնադ լինի»: Երեկ Մեթյու Բրայզան դե ֆակտո հայտարարեց, որ դե յուրե «ղարաբաղյան կարգավորման հիմնարար սկզբունքների մասին համաձայնագիրը կարող է ստորագրվել այս տարի», ինչն իր հերթին դե ֆակտո արտաքին ճնշումների շարունակությունն է: Իսկ երբ բոլոր հեղինակավոր միջազգային կառույցների ղեկավարները, ընդհուպ՝ մինչեւ ԵԱՀԿ գործող նախագահ, Իսպանիայի արտգործնախարար Միգել Անխել Մորատինոսը, «նաղդ» լավատեսորեն են տրամադրված այս հարցում, մերոնք իրենց «նիսյա խողովակի տեղ են դնում»:
Ինչ վերաբերում է ժողովրդին, ապա Սահմանադրության մեջ ամրագրված է, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Բայց դա արդեն նույնիսկ դե յուրե չէ: Դա, ինչպես կասեր Վարդան Այվազյանը` «դե յուրո է»: Որովհետեւ Սահմանադրության մեջ ամրագրված վերոնշյալ տողն այսօր չափից դուրս ծիծաղելի է:
Անգամ այս պարագայում ես լավատես եմ: Եվ պարզապես համոզված եմ, որ Հայաստանում դե յուրեն եւ դե ֆակտոն օրերից մի օր կսկսեն հաճախ համընկնել: Եվ այդ դեպքում դե յուրե բուհ ընդունված ուսանողները դե ֆակտո գրագետ երեխաներ կլինեն, դե յուրե մանդատ ստացած պատգամավորները դե ֆակտո ժողովրդի կողմից ընտրված կլինեն, դե ֆակտո հանցագործները` դե յուրե բանտում կլինեն, դե ֆակտո ընտրված նախագահը` դե յուրե նախագահական նստավայրում կլինի, իսկ դե յուրե կոալիցիայի մեջ մտածները` դե ֆակտո կհամագործակցեն: