Պուտինը խոսում է նախագահական փոփոխությունների մասին

10/06/2007 Յուրի ՍԻՄՈՆՅԱՆ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրերս օտարերկրյա լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, թե նախագահական պաշտոնավարման 7-ամյա ժամկետն ամենաօպտիմալ տարբերակն է, սակայն երկու անգամից ոչ ավելի: Խոսելով այս մասին` Ռուսաստանի նախագահն ընդգծեց, որ Ռուսաստանի նման հսկայական ու բարդ երկրի համար 4-ամյա ժամկետը բավարար չէ, քանի որ եթե պատկերացնենք, որ նախագահ է դարձել մի մարդ, որն այնքան էլ վերեւներից չէ, ապա նրան մի երկու տարի կպահանջվի պետության կառավարման մեխանիզմին ծանոթանալու համար, իսկ մինչ այդ կսկսվի նախագահի պաշտոնի նոր կամպանիան:

«Իհարկե, սահմանափակ ժամկետը ճիշտ բան է: Ռուսաստանի համար 4 տարին (որ թերեւս ամերիկյան օրինակով է ընտրված) այնքան էլ պահանջարկ չուներ այն ժամանակ, երբ ընդունվում էր նոր Սահմանադրությունը: Վերին պալատի նախագահ Սերգեյ Միրոնովը մի առիթով ասաց, որ Ռուսաստանի համար թերեւս ճիշտ կլիներ 5 կամ նույնիսկ 7 տարին: Ես հիմա ժամկետների մասին չեմ խոսում, գուցե 5, գուցե 7, բայց 4 տարին, իհարկե, քիչ է»,- ասաց Պուտինը եւ ընդգծեց, որ իր համար հեշտ էր նախագահի պաշտոնը ստանձնելը, քանի որ վարչապետ լինելով` ինքը քաջատեղյակ էր երկրում տեղի ունեցող իրադարձություններին եւ մտնում էր որոշումներ կայացնող մարդկանց շրջանակի մեջ:

Շարունակելով նախագահական թեման` Պուտինը հայտնեց, որ սկզբունքորեն գիտի, թե ինքն ինչով է զբաղվելու, ինչ եւ որտեղ է աշխատելու պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո: «Հաստատ աշխատելու եմ: Թե որտեղ եւ որպես ինչ, դեռ չեմ կարող ասել: Որոշակի գաղափարներ կան, սակայն դեռ վաղ է դրանց մասին խոսելը»,- ասաց նա: Նրա խոսքերով` շատ բան կախված կլինի այն բանից, թե Ռուսաստանում ինչպես կընթանան քաղաքական գործընթացներն ընթացիկ տարվա վերջին եւ հաջորդ տարվա սկզբին: Սակայն Պուտինը կտրականապես հրաժարվեց իր քաղաքական կտակի մասին խոսելուց, այն, թե ինչ է ասելու այն մարդուն, որ գալու է իր փոխարեն: «Անկեղծ ասած` դեռ չեմ մտածել այդ մասին»,- ասաց նախագահը, սակայն ընդգծեց, որ Ռուսաստանի նախագահի պաշտոնում կցանկանար տեսնել ազնիվ պրոֆեսիոնալի, որն իրեն դրական է դրսեւորել երկրի որեւէ շրջանում: «Դա պետք է լինի ազնիվ, պարկեշտ մարդ` պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակով, աշխատանքի փորձ ունեցող, եւ որն իրեն դրական է դրսեւորել որեւէ շրջանի կամ դաշնային մակարդակով: Այսինքն` դա այն մարդն է լինելու, որին Ռուսաստանի ընտրողների ճնշող մեծամասնությունը կկարողանա վստահել նախընտրական քարոզարշավի եւ ընտրությունների ընթացքում»,- ասաց Պուտինը:

Նախագահի արտահայտությունները տակնուվրա արեցին քաղաքական ընտրախավին եւ Ռուսաստանի հասարակայնությանը: Ընդամենը վերջերս էին դադարել Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտության մասին խոսակցությունները` նախագահական երեք ժամկետ մտցնելու մասին, ինչի մասին հերթով խոսում էին մեկ` Պետդումայի խոսնակ Վլադիմիր Գրիզլովը, մեկ` Դաշնային խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովը: Վլադիմիր Պուտինն այն ժամանակ կտրականապես դեմ էր դրան: Սակայն հիմա` որոշ ժամանակ անց, հենց ինքն է խոսում փոփոխությունների անհրաժեշտության մասին:

Այս գաղափարն անսպասելի արձագանք ունեցավ: Մասնավորապես, ՌԴ Կոմկուսի Կենտկոմի փոխնախագահ, պատգամավոր Վլադիմիր Կաշինն անհանդուրժելի է համարում նախագահի պաշտոնավարման 7-ամյա ժամկետը: «Այդ ընթացքում նոր նախագահը կարող է ինչ ասես անել, սակայն ժողովրդի վերահսկողության տակ չի գտնվի: Անձամբ ես կարծում եմ, որ պետք է թողնել ներկայիս 4 տարին, սակայն Սահմանադրության մեջ փոփոխություն անել` հնարավորություն տալով նույն նախագահին անընդմեջ ընտրվելու նաեւ երրորդ անգամ»,- նկատեց նա: Նրա կարծիքով` դա նախագահին թույլ կտա յուրաքանչյուր 4 տարին մեկ հաշիվ տալ իր ընտրողներին եւ կրկին ստանալ նրանց վստահության քվեն, եթե արժանի է դրան:

«Արդար Ռուսաստան» կուսակցության անդամ, պատգամավոր Գենադի Գուդկովն ընդհանրապես կարծում է, որ ներկայիս նախագահական միանձնյա կառավարումը սխալ է: «Հարկավոր է լուրջ սահմանադրական փոփոխություններ անցկացնել` մեծացնելով խորհրդարանի դերը»,- հայտարարեց նա: Ըստ նրա` կարելի է մեծացնել եւ՛ նախագահի պաշտոնավարման ժամկետների թիվը, եւ՛ ժամկետը երկարացնել, բայց անպայման սկսել անցումը խորհրդարանական հանրապետության: «Օրենսդիր իշխանությունը պետք է ձեւավորի կառավարությունը եւ երկրում տիրող իրավիճակի ողջ պատասխանատվությունն իր վրա վերցնի»,- ընդգծեց պատգամավորը:

Ընդհանրապես նկատենք, որ խորհրդարանական կառավարման առաջադիմական լինելու մասին խոսակցություններն ակտիվացել են ողջ հետխորհրդային տարածքում: Դրա պատճառը թերեւս նախ եւ առաջ այն է, որ նախկին ԽՍՀՄ հանրապետություններում տիրում է իրավիճակից եւ արդյունքներից հիասթափությունը: Ի դեպ, Մոլդովան, որն իր անկախ կյանքը սկսեց խորհրդարանական կառավարմամբ, առանձնապես հաջողությունների չհասավ եւ անցում կատարեց դեպի նախագահական ինստիտուտ: Բայց սա՝ իմիջիայլոց: Իսկ գործնականում պառլամենտարիզմին անցնելը չափազանց դժվար է այն պատճառով, որ քաղաքական ու գործարար ընտրախավի շատ լուրջ շահեր են կապված կոնկրետ անձերի հետ: Հատկապես հետխորհրդային տարածքում: Իսկ իմանալով այդ տարածքի բարքերը` կարելի է ենթադրել, որ Ռուսաստանի նախագահի կարծիքը որոշ մեկնաբանություններով, սակայն առանց էական փոփոխությունների, կընդունեն ԱՊՀ պետությունների մի շարք նախագահներ եւ կներկայացնեն իրենց հասարակությանը: Մնում է մի փոքր սպասել: