Մոսկովյան 33 ա հասցեում է գտնվում «Հայհիդրոէներգոնախագիծ» ՓԲԸ-ի շենքը: Ահա այս շենքի պատկանելության խնդիրն էլ ՀՀ կառավարության եւ «Հայհիդրոէներգոնախագիծի» կոլեկտիվի միջեւ վեճի առարկա է դարձել:
«Հայհիդրոէներգոնախագիծ» ինստիտուտի շենքը կառավարության ծրագրերով համարվել է էներգետիկական ռազմավարական կենտրոն, ուստի մասնավորեցման ենթակա չի եղել: Սակայն 1998 թվից ՀՀ կառավարությունը սրբագրել է իր որոշումները, եւ այս ինստիտուտն անցել է Պետական գույքի կառավարման վարչության տնօրինության տակ: Այդ ժամանակներից սկսած Պետգույքի կառավարման վարչությունը բավականին սրտաբաց է գտնվել ԱԺ նախկին պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանի, «Մոսկովյան» ռեստորան-հյուրանոցի եւ մի պարի խմբի հանդեպ եւ այս ինստիտուտին պատկանող 2989 քմ՝ մետր տարածքից մասնաբաժին է հանել վերոնշյալների համար` 1քմ գինը սահմանելով 37-120 դոլար: Այս մասին երեկ հրավիրած ասուլիսում պատմում էր «Հայհիդրոէներգոնախագիծ» ՓԲԸ-ի կոլեկտիվը: Ըստ ընկերության գլխավոր տնօրեն Մեսրոպ Խաչատրյանի՝ 2005թ. ՀՀ կառավարությունը «Հայհիդրոէներգոնախագիծի» բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձեւով կոլեկտիվին օտարելու վերաբերյալ որոշման նախագիծ է ընդունել, որը միայն մնում էր վավերացվեր ՀՀ նախագահի կողմից: Սակայն ինստիտուտի տնօրենի եւ կոլեկտիվի միջեւ կոնֆլիկտ է ծագել, որը պայմանավորված է եղել վերջինիս կողմից պաշտոնական դիրքի չարաշահմամբ, ինչի կապակցությամբ էլ կառավարությունը ետ էր կանգնել իր մտադրությունից: Ի՞նչ չարաշահումների մասին է խոսքը. մեր այս հարցին ասուլիսին մասնակցող կոլեկտիվի անդամները չցանկացան պատասխանել: Միայն ակնարկեցին, որ նախկին տնօրեն Գրիգորյանն ինստիտուտի բաժնետոմսերի 51 տոկոսն ինչ-որ մեկին էր խոստացել, բացի այդ, տնօրենը խոշոր չափի ֆինանսական միջոցներ էր յուրացրել: Գործարքը ձախողվելուց հետո ՀՀ Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը խառնվել է գործին եւ կոլեկտիվին նամակով տեղեկացրել. «…նկատի ունենալով, որ ինստիտուտը խիստ կարեւոր դերակատարում ունի հանրապետության հիդրոէներգետիկայի զարգացման գործում եւ ինստիտուտում ներկայումս ստեղծված իրավիճակը կարող է բերել գոյություն ունեցող գիտական պոտենցիալի կորուստի, աշխատանքային խմբի կարծիքով ինստիտուտի մասնավորեցումը մինչեւ նշված խնդրի հանգուցալուծումը նպատակահարմար չէ»: Այս նամակից հետո կոլեկտիվը կասկածներ է հայտնում, թե գուցե Արմեն Մովսիսյանը նախկին տնօրենի միջոցով տարածքը ձեռնտու ձեւով սեփականաշնորհելու համար ինչ-որ հույսե՞ր է կապում… Գործն առաջ տանելու համար «Հայհիդրոէներգոնախագիծ» ինստիտուտն իր տարածքները մասնավորեցնելու մտադրության մասին կրկին տեղյակ է պահել ՀՀ կառավարությանը, որտեղից էլ պատասխանել են` ներկայացնել գնային առաջարկները: Կոլեկտիվը ներկայացրել է գնային առաջարկները: Սակայն բոլորովին վերջերս Պետգույքի կառավարման վարչությունը ինստիտուտին տեղեկացրել է, որ «Հայհիդրոէներգոնախագիծ» ՓԲԸ-ի զբաղեցրած 1532 քմ տարածքն օտարվում է մրցույթով` 1քմ-ն՝ 352 հազար դրամ մեկնարկային գնով: Ինստիտուտի տնօրենների խորհրդի նախագահ Միքայել Հայրապետյանն ասում է, որ նախ առաջնայինի իրավունքով իրենց է պատկանում տարածքը գնելու իրավունքը: Նաեւ պահանջում են պետական միջոցները կոլեկտիվին օտարել 40 դոլարով, այն նույն գնով, ինչ գնով տվել են իրենց տարածքը զբաղեցրած` «Մոսկովյան» ռեստորանին, Հմայակ Հովհաննիսյանին, պարի խմբին եւ էլի մի շարք օֆիսների: «Հավանաբար մի օլիգարխ էլ աչքը տնկել է մեր տարածքների վրա, դրա համար էլ ուզում են մեր ձեռքից խլել մեր ունեցածը»,- ասաց Մ. Հայրապետյանը: Հետաքրքիրն այն է, որ ՀՀ կառավարությունն ինստիտուտին այլ տարածք տեղափոխվելու առաջարկ չի արել: Նշենք նաեւ, որ ինստիտուտի կոլեկտիվը հեշտ հանձնվելու մտադրություն չունի: Սա այն ինստիտուտն է, որը նախագծել է Հայաստանի եւ ԼՂՀ-ի բոլոր ՀԷԿ-երը: Նախագծման աշխատանքներ է կատարել նաեւ արտասահմանյան մի շարք ՀԷԿ-երի համար, տիրապետում է ԱԷԿ-ի 1-ին եւ 2-րդ ուսումնասիրության նյութերին: Ներկայումս էլ իրականացնում է Հայաստանի եւ Իրանի միջեւ կնքված 130-150 մլն դոլար արժողությամբ Մեղրի ՀԷԿ-ի նախագծման աշխատանքները: «Հայաստանում մի շարք փոքր նախագծող կազմակերպություններ կան: Եթե սրանք բոլորը միավորվեն էլ, չեն կարող կատարել Մեղրի եւ Շնող ՀԷԿ-երի նախագծման աշխատանքները»,- ասում են գործի գիտակները:
ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանն արդեն վավերացրել է ինստիտուտի տարածքը մրցույթով օտարելու մասին ՀՀ կառավարության որոշումը: Ինստիտուտի կոլեկտիվի անդամները երեկ հրավիրած մամլո ասուլիսում կարծիք հայտնեցին, թե երկրի առաջին դեմքը ստորագրում է ամեն մի պատահական փաստաթղթի տակ` հավատալով իր օգնականների բանավոր մեկնաբանություններին։ «Նախագահին հավանաբար խաբել են` ասելով, թե մենք հրաժարվել ենք մեր տարածքներից»,- հույսը չեն կորցնում «Հայհիդրոէներգոնախագիծ» ՓԲԸ-ի աշխատակիցները: