Ամառային հանգիստը ֆանտաստիկայի ոլորտից է

10/06/2007 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Տաքսու վարորդների հետ մեր այսօրվա զրույցի թեման ամառային հանգիստն է: Պատրաստվո՞ւմ են արդյոք նրանք մեկնել ամառային հանգստի: Մեր այս հարցը վարորդներից շատերի մոտ տարակուսանք առաջացրեց. «Էդ հարցը պիտի չինովնիկներին տաք: Հայաստանում, եթե շարքային տաքսու վարորդն էլ հնարավորություն ունենա հանգստանալու, ուրեմն` Հայաստանն՝ ի պատիվ մեր իշխանությունների՝ դարձել ա Մոնտե Կառլո»,- ասաց նրանցից մեկը:

«Հանգստանալու կուլտուրան վերացել ա»

«Բախտավոր իմ քաչալ գլխին,- կատակելով ասաց վարորդ Սուրենը: Եվ հավելեց, որ ոչ միայն ծովափ չի գնալու, այլեւ` ընդհանրապես տաքսու վարորդի համար արձակուրդն ու հանգստյան վայրերը երազանքի պես բան են: -Է, եթե ես գնամ արձակուրդ, բա իմ նաֆարին ո՞վ կերակրի: Ես օրավարձով վարձատրվող ու ապրող մարդ եմ, իմ հաշվին ո՞նց գնամ արձակուրդ: Նույնիսկ հիվանդանալու իրավունք չունեմ, մեռնելով էլ լինի` պիտի աշխատեմ: Ընդհանրապես էս վերջին տարիներին որպես մարդ մենք մեզ չենք կարեւորում, մեր մասին քիչ ենք մտածում: Սովետի ժամանակ ամեն տարի ծով ենք գնացել, լավ հանգստացել ենք ու էներգիայով սկսել ենք աշխատել: Հիմա մի տեսակ մեխանիկորեն ենք աշխատում, չգիտենք՝ ի՞նչ ենք ուզում, մեր մարմինն ի վիճակի՞ ա էսքան աշխատելու, կամ մեր մարմինն առո՞ղջ ա, թե՞ հիվանդ: Էս վերջերս ահավոր երիկամների ցավեր ունեմ, բայց իմ մեջ եմ պահում: Կինս, երեխեքս մեղքս գալիս են, որ իմանան՝ խառնվելու են իրար, պարտքեր են անելու ու ստիպելու են, որ ստուգվեմ: Է, ինչի՞ս ա պետք, որ հետո պիտի երեխեքս սոված նստեն, ինձ էլ հիվանդ հանեն: Ավելի լավ ա ես իմ յուղով տապակվեմ,- տխրությամբ ասում է Սուրենն ու անկեղծանում,- Լավ ա գոնե մեկ-մեկ մեր հալով հետաքրքրվում եք, կիսվում ենք մեր դարդ ու ցավով: Գիտե՞ք, ամենացավալին էն ա, որ մարդն էնքան անպաշտպան ա դարձել, որ անգամ իր ընտանիքում վախենում ա կիսվել: Գիտեմ, որ պանիկա են անելու ու սկսելու են մտածմունքների մեջ ընկնել, իսկ էդ դեպքում իզուր տեղը կրակի վրա բենզին ես լցնում: Իրար հանդեպ սառն ենք դարձել, բայց էդ էլ ա սոցիալական պայմաններից: Օրինակ` ես ինչի՞ չեմ կիսվում կնոջս հետ, որովհետեւ գիշերները չի քնելու, գնալու ա ախպորից փող ուզի ու ամեն գնով համոզելու ա, որ գնանք հիվանդանոց: Հետո էլ ես եմ վատ զգալու ախպոր մոտ, էլ չեմ ասում, որ ճկռալով աշխատելու եմ, որ պարտքը շուտ փակեմ: Բա որ հիվանդանոցում էլ ասեն, որ մահամերձ վիճակում ես… Մի խոսքով` եթե Աստված հաջողի՝ կգնանք բնության գիրկ, իսկ, եթե էդ էլ չստացվի, ուրեմն` էս ամառն էլ շոգից կխաշվենք: Անցյալ տարի սկի Գառնի չենք գնացել, չի ստացվել: Բայց ամեն տարի, եթե ոչ՝ հեռու տեղեր, գոնե երեխեքիս Գառնի եմ տարել: Հետաքրքիրը գիտե՞ք որն ա, որ մենք որպես մարդ մեր մասին ընդհանրապես չենք մտածում, հանգստանալու կուլտուրան վերացել ա մեր նման մարդկանց համար: Էշի պես աշխատում ենք, բայց չենք մտածում, որ էդ հանգիստը նորմալ մարդուն շատ պետք ա: Մենք մեր հանդեպ շատ անտարբեր ենք դարձել ու մեզնով չենք հետաքրքրվում»,- ասում է Սուրենը:

«Հայաստանի ամեն մի ծառն ու թուփը վաճառված ա»

Վարորդ Ռոբերտը կարծում է, որ ՀՀ իշխանությունները՝ քաղաքը վաճառելուց բացի, վաճառում են նաեւ Հայաստանի բնությունը: «Անցյալ տարի ընտանիքով գնացել էինք Սեւան: Դե՛, երեխա են, ամառային արձակուրդներին ամբողջ օրը քաղաքում արեւի տակ խաշվում էին: Հասանք Սեւան, ափում տեղավորվեցինք, ու եկան, գլխներիս կանգնեցին, թե՝ էս տարածքը սեփականություն ա, կամ վճարե՛ք, կամ էլ տեղափոխվեք ուրիշ տեղ: Պատկերացրեք, որ խորովածը կրակի վրա, մենք էլ գետնին արդեն սեղանը փռել ենք, տեղավորվել ենք: Ասում եմ՝ լավ, գոնե սպասեք խորովածն անենք, վերջացնենք ու տեղափոխվենք: Ասացին` ուրեմն՝ պիտի վճարեք: Ասում եմ՝ մենք չէինք նախատեսել տեղի փող, հասկացնում եմ, որ գրպանս փող չկա: Բա, թե` հենց հիմա հավաքվեք, կողքերն էլ միլիցեք են շարված: Դե՛, դուք ասեք, որպես տղամարդ, երեխեքիդ մոտ ո՞նց կզգաս: Էն էլ տղա երեխեք, որ տեսնում են, թե ոնց եմ դրանց մոտ խեղճացել ու ո՞նց են ստորացնում իրանց ոչնչություն հալով: Երեխեքս վախեցած ասում են՝ պապա, եկեք գնանք ուրիշ տեղ: Ասում եմ՝ էլի գնանք, ա՛յ ախպեր ջան, բայց էս խորովածը հարամ մի արա, տաքսու շոֆեր մարդ եմ, կարող ա ես էս խորովածի համար մի շաբաթվա իմ աշխատածը տնտեսել եմ»,- վերհիշելով այդ դեպքը` վրդովված պատմում է վարորդ Ռոբերտը: Ստիպված` հեռացել են այդ տարածքից: «Պատկերացրե՛ք, երեխեքիս տենց տկլոր, կուպալնիկով, թաց վիճակում նստացրել ու գնացել ենք ուրիշ ափ: Տենց ներվայնացած մեքենայից իջնում ենք, մեկ էլ մի հաստագլուխ եկավ, թե՝ էս տարածքում հիմա կոլեկտիվ ա գալու, տեղը պատվիրված ա, չի կարելի ստեղ նստել: Ի՞նչ կլինես, արդեն արյունը մեջս եռում էր: Ասում եմ՝ լսի՛, ա՛յ գանգստեր, էս Սեւանն ինչքան քոնն ա, էնքան էլ իմն ու իմ երեխեքինն ա, որովհետեւ ոչ մեկը չի կարա զրկի մեզ բնությունից օգտվել: Ինչքանով որ դու ես հայաստանցի, էնքանով էլ ես եմ: Ասում ա, թե՝ տարբերությունն էն ա, որ ես սեւանցի եմ, իսկ դու՝ երեւանցի: Ես որ գալիս եմ ձուկ ծախելու, դուք ինձնից տեղի փող եք ուզում, չէ՞, ուրեմն, եթե եկել ես Սեւան, բարի եղի քեզ կոնկրետ պահի, որովհետեւ էս Երեւանը չի, ու դու էլ քո պրինցիպները չես կարա թելադրես: Ասում եմ՝ լսի, երբ որ քեզնից տեղի փող են ուզում, էդ փողն իմ գրպանը չի մտնում, այլ մտնում ա էդ շուկայի տիրոջ գրպանը: Ասում ա՝ հաշվի, թե շուկայում ես, ու ես էլ էդ շուկայի տերն եմ: Դե՛, ի՞նչ վիճակում կլինես, գնացել ես մի քիչ հանգստանալու, բայց կանգնել չորով բազար ես անում: Արդեն տուրուդմբոց էր սկսվում, բայց քանի որ երեխեքս վախեցած էին` կուլ տվեցի: Ստիպված գնացինք էն քարոտ ափն ու, որ ասեմ ջղայնությունից էլ իրար հետ երկու բառ էլ չենք խոսացել, հավատացե՛ք: Նստել ենք մանթրաժ վիճակում ու իրիկունը ներվայնացած տուն ենք եկել»,- պատմում է Ռոբերտը: Այսքանից հետո դժվարանում է ասել` այս տարի կգնա՞ն բնության գիրկ կամ որեւէ հանգստավայր: «Չեմ կարող ասել, բայց եթե գնալու էլ լինենք՝ անպայման նենց տեղ կընտրեմ, որ չոլ լինի: Հայաստանի բնության ծառերն ու թփերն էլ են վաճառված: Էն քոսոտ, ժանգոտած զոնտիկների տակ նստելու համար էլ դաժե փող են ուզում: Գնալուց նենց տեղ կգնանք, որ մարդկություն չերեւա, էնքան որ, մի հատ թփի ստվեր լինի` նստենք տակը»:

«Ձյաձյ Լյով, էսօր տեսքս ո՞նց ա»

Վարորդ Լեւոնը ցանկացած թեմայի մասին իր կարծիքը հայտնելիս մշտապես հիշեցնում է, որ ինքը կյանք տեսած տղա է: «Հես ա 62-ս լրանում ա, բայց հավատա, որ շատ բան ունեմ հիշելու ու շատ հիշարժան պահեր եմ ապրել: Որ ճիշտն ասեմ՝ ես շատ սիմպատիչնի տղա եմ եղել, ու կանայք ինձ շատ են բալետ արել: Ռուսաստանի ամեն մի ծակը-ծուկը հինգ մատիս պես գիտեմ: Որ ասեմ՝ մի 15 անգամ Սեւ ծովում հանգստացել եմ` հավատա: Ճիշտ ա, էդ 15 անգամներն էլ տարբեր մարդկանց հետ եմ եղել, բայց ամեն անգամ էլ մի յուրահատուկ, անմոռանալի հանգիստ ա եղել: Պատկերացրու, որ Սեւ ծովի իմ հանգիստը կապված ա սիրային հիշողությունների հետ, ու իմ համար շատ թանկ պահեր են եղել դրանք: Բայց վատն էն ա, որ կնոջս հետ ոչ մի անգամ չեմ գնացել: Բայց դու իմ մասին հանկարծ վատ բան չմտածես, որովհետեւ ես աշխարհի ամենալավ ամուսինն եմ: Կարաս կնոջս հարցնես, ինքը մինչեւ հիմա էլ ինձնով հիացած ա: Ես կյանքը շատ եմ սիրում, իմ ամեն մի պահն էլ գնահատել գիտեմ»,- ասում է վարորդ Լեւոնն ու թեման կտրուկ փոխում։ Պատմում է, թե ինչ համակրելի ուղեւորներ ունի. «Եթե կինը գրավիչ ա, առողջ տղամարդը ո՞նց կարա իրանով չհիանա: Իմ ուղեւորներից շատ կանայք կան, որ սովորել են իմ բնավորությանը: Մի հատ տիկին Գոհարիկ ունեմ, շատ եմ սիրում, նենց քնքուշ, կանացի, կրթված կին ա: Ինքը գիտի, որ ես մաքուր սրտով իրան բալետ եմ անում, կոմպլիմենտներ եմ անում, նենց իրան լավ ա զգում, նենց ա հիանում: Շատ ժամանակ նստում ա թե չէ, ասում ա՝ հը՞ ձյաձյ Լյով, էսօր տեսքս ո՞նցն ա: Էն օրն ասի՝ անուշ ջան, ամեն ինչ հոյակապ ա, մենակ պամադիդ գույնը սփրթնած ա: Տուտ ժը մեքենայիս մեջ ջնջեց ու նորը քսեց»: Հանկարծ հիշում է մեր զրույցի թեման: «Ճիշտն ասած, ես ժամանակին էնքան եմ հանգստացել ու կյանքի հաճույքներից օգտվել, որ մինչեւ կյանքիս վերջն էլ հերիք ա: Ձեր սերունդը թող մտածի կյանքի վայելքների մասին: Նայում ես՝ ջահել-ջահել երեխեքը աֆիցիանտկի սինին ձեռներն առավոտից իրիկուն ոտի վրա վազվզում են: Եթե աղջիկ երեխեն գիշերը, ցրտին, շոգին աշխատի, վաղը-մյուս օրը դա ո՞նց ա մայրանալու, ո՞նց ա կին դառնալու: Հլը մի հատ ձեր ծնողներին հարցրեք, տեսեք, թե առաջ տղամարդը ո՞նց էր վերաբերվում կնոջ աշխատելուն: Կինը տան թագուհին ա, պիտի տանը կյանքը վայելի: Եթե մեկի կինն աշխատում էր, ուրեմն` էդ տղամարդու անունը դուրս էր գալիս: Ասում էինք` սա փալաս ա, չի կարում տուն պահի, կնկան ա խոդի տվել: Իսկ հիմա կնանիք իրանց կոտորելով աշխատում են, ամուսիններն էլ` սաղ օրը, պուլտն առած փռվում են դիվանին: Ախպորս աղջիկը գործարանում աշխատում ա, խոնավ գործ ա, ռեզինից սապոգ են հագնում: Խեղճ երեխեն ռեւմատիզմ ա ստացել, ընկել ա հիվանդանոցի դռներն ու արդեն էլ ի վիճակի էլ չի աշխատելու: Վաղը-մյուս օրը դա ի՞նչ ընտանիք պիտի պահի, երբ որ հիմա մեկը պետք ա, որ իրան պահի: Էս ջահելության վիճակը վրես շատ ա ազդում: Ա՛յ, իրանք պետք ա հնարավորություն ունենան բնության գրկում հանգստանալու, թե չէ, ես էս հասակիս սաղիցդ էլ առողջ եմ, որովհետեւ իմ ոսկորը պինդ ա: Մենք մեզ շատ լավ ենք նայել,- ասում է Լեւոնն ու ուշադրություն հրավիրում փողոցով քայլող մարդկանց,- Նայե՛ք, մի հատ առույգ քայլող մարդ կա՞, մանավանդ երիտասարդ տղաները՝ կուզիկ, հոգնած, ճլորած, ոնց որ հոգնած ձիեր լինեն»:

«Գյուղում խոտ եմ հնձում, գոմ եմ մաքրում…»

«Հանգստանալու ենք, բա ո՞նց չենք հանգստանալու»,- ասում է վարորդ Կորյունը: «Ես ամեն տարի երեխեքիս հետ գնում եմ Գորիս: Հայրական տունս էնտեղ ա: Մի քանի օր առաջ աղջկաս ուղարկել եմ, որ մինչեւ օգոստոսի վերջը մնա: Մյուս ամիս բոլորով կգնանք ու լավ կհանգստանանք: Ընդհանրապես ինձ համար լավագույն հանգիստը` իմ հայրենի գյուղն ու տունն ա: Էնտեղի բնությունն ու օդն ա, որ մանկությունդ ու երիտասարդությունդ ա հիշեցնում: Էն Ծաղկաձորի ամենաշքեղ հանգստյան տան հետ չեմ փոխի գյուղի իմ տունը, էդ գյուղի հոտը, գառների ձենը: Ա՛յ, հիմա որ խոսում եմ, նույնիսկ էս պահին էլ կարոտում եմ: Բա մարդ անարատ կաթն ու մածունը թողած` կգնա ու էդ ֆրին ու շաուրման կուտի՞: Ես ամեն ինչի բնականը սիրող մարդ եմ, շատ եմ գնահատում քրտինքով արած ամեն ինչը: Հասնում եմ գյուղ, թե չէ` թեւերս քշտում եմ ու անցնում գործի: Հողամաս եմ մշակում, խոտ եմ հնձում, գոմ եմ մաքրում ու դրանից հաճույք եմ ստանում: Գյուղի կյանքը, հանգստությունը շատ եմ սիրում: Գյուղի մարդկանց միամտությունը, ազնվությունը չես համեմատի քաղաքացու բնավորության հետ»,- ասում է Կորյունը: Նա ամուսնացել ու տեղափոխվել է Երեւան, որպեսզի երեխաների կրթության հարցում խնդիրներ չունենան. «Մեր գերդաստանը շատ սովորող ա, ես էլ համալսարանն եմ ավարտել, իսկ կինս կուրսեցիս ա եղել: Մեր համար ուսանողական կյանքը, բացի նրանից, որ քաղցր ա եղել՝ նաեւ շատ դժվարություններ ա առաջացրել, կապված ճանապարհի, բարեկամների տանը մնալու հետ: Դրա համար մինչեւ ամուսնանալն էլ որոշել էինք, որ երեխաներին պիտի քաղաքում մեծացնենք: Ճիշտ ա, հիմա էստեղ ենք, երեխեքս լավ դպրոցում, գերազանցիկ սովորողներ են, բայց զգում եմ, որ գյուղի կյանքն ավելի լավն ա: Գյուղը երեխուն լավ մարդ ա դարձնում, լավ դաստիարակություն ա տալիս, իսկ քաղաքում վատ բաներն էնքան շատ են, որ անընդհատ երեխուդ փախցնում ես, բայց մեկ ա, էլի վատ բաները դաստիարակության վրա ազդում են: Քաղաքը երեխուց շուստրի ու աչքաբաց մարդ ա սարքում, իսկ գյուղը երեխուն դարձնում ա ազնիվ, մաքուր ու սիրող, ոչ թե ատող մարդ»,- պատմում է Կորյունը:

«Մասնագետները նեղացկոտ երեխայի պես սկսեցին լաց լինել»

Վարորդ Սամվելը մասնագիտությամբ ինժեներ է եւ վստահեցնում է, որ իր նմաններն արժանի են այն դժվարություններին, որոնց միջով այսօր անցնում են: «Միշտ պետական հաստատություններում եմ աշխատել ու տարվա մեջ մի քանի անգամ գնացել եմ կամանդիրովկաների: Բոլոր գործարաններն ավերակ դարձնելուց հետո մեր նման մասնագետները հայտնվեցին խայտառակ վիճակում: Արդեն մի 4-5 տարի կլինի, որ մեքենա եմ քշում: Ընդհանրապես մեր մոտ հիմա բոլորն ուրիշներին են հայհոյում իրենց վիճակի համար, բայց, որ ճիշտը խոսենք, մենք ինքներս ենք մեղավոր էս ամեն ինչի համար: Ես գտնում եմ, որ պիտի կռիվ տայինք, պիտի ինտելեկտը կռիվ տար ու հաղթեր, բայց մենք բոլորս նեղացկոտ երեխու պես մտանք անկյուններն ու սկսեցինք լաց լինել: Ես հույս ունեմ, որ էս լավ տղերքի ճանապարհները կփակվեն, որովհետեւ հասարակությունն էսօր գիտակցում ա, որ սրանք քանդում են մեր երկիրը: Ես վստահ եմ, որ չնայած հիմա տաքսի եմ քշում, բայց շատ շուտով ես ու իմ նմանները պետք ենք լինելու մեր երկրին: Էսօր լավ տղերքը Իտալիայում ու կղզիներում են հանգստանում ու լավ էլ անում են, որովհետեւ մենք ենք էդպես ուզում: Բայց հավատացեք, որ եկել ա էն պահը, երբ մասնագետները պիտի վերադառնան իրենց դիրքերին, որովհետեւ Հայաստանի ենթակառուցվածքները հիմնահատակ քանդվել են,- զայրացած ասում է Սամվելն` ավելացնելով,- Իմ համար ամենաերանելի հանգիստը կլիներ էն, որ ես իմ մասնագիտությամբ աշխատեի: Մարդն իրան լավ ա զգում, երբ իր տեղում ա, թե չէ` ես փառասեր մարդ չեմ, էս կյանքից շատ բան չեմ ուզում»: