Ազգային փոքրամասնություններ. ռուսներ

10/06/2007 Նաիրա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հայաստանի ռուսական համայնքը համեմատաբար խոշորներից է: Այն ներկայացված է 2 խմբով` հնաբնակներ կամ մոլոկաններ (մոլոկաններին «168 Ժամի» նախորդ համարում անդրադարձել ենք) եւ քսաներորդ հարյուրամյակում ներգաղթածներ, որոնք միմյանցից տարբերվում են ինչպես սոցիալ-մշակութային առանձնահատկություններով, այնպես էլ Հայաստանի հետ սերտ կապվածությամբ: Նշենք, որ Հայաստանում առաջին ռուս բնակավայրերը հայտնվել են դեռեւս 19-րդ դարի 30-ական թթ.: Վերջին մեկուկես տասնամյակում, սակայն, տեղի է ունեցել ռուս էթնիկ համայնքի զգալի արտագաղթ:

Ըստ «Ռոսիա» հասարակական կազմակերպության (ՀԿ) նախագահ, «Սլավյանսկայա» միջնակարգ դպրոցի տնօրեն Յուրի Յակովենկոյի, ներկայումս Հայաստանի ռուսական համայնքը շատ փոքր է: Եթե նախկինում նրանց թիվը եղել է 79 հազար, ապա այսօրվա դրությամբ պաշտոնապես խոսվում է մոտ 15 հազար ռուսների մասին, ինչի հետ Յու. Յակովենկոն համաձայն չէ: Նրա տվյալներով` Հայաստանում բնակվող ռուսների թվաքանակը տատանվում է 10-12 հազարի միջեւ (մոլոկանների հետ միասին): «Ռուսներն ապրում են նույն դժվարությունները, ինչ Հայաստանի հիմնական ազգաբնակչությունը. շատերն աղքատությունն են հաղթահարում, մեծ մասն ունեն սոցիալ-տնտեսական բնույթի կենցաղային հոգսեր, բայց մենք դրանք կիսում ենք հայ ժողովրդի հետ: Այդ ամենի հետ մեկտեղ, ռուսներն ունեն անչափ ցավոտ խնդիր, որի մասին ոչ միշտ է խոսվում, դա ռուսերեն լեզվի կարգավիճակն է Հայաստանում: Ես օրերս եմ վերադարձել Ռուսաստանից, որտեղ ՌԴ ԱԳՆ-ն կազմակերպել էր ռուսերեն լեզվի հարցերին նվիրված խոշոր միջազգային կոնֆերանս: Համաժողովում ես ներկայացրի ռուսական կրթության եւ լեզվի կարգավիճակը Հայաստանում: Պարզվում է, որ նախկին սոցիալիստական ճամբարի երկրների համեմատ, մեզ մոտ վիճակն այդքան էլ տխուր չէ, որքան դժգոհում ենք: Մենք միանշանակ ընդունում ենք, որ այնպիսի մոնոէթնիկ բնակչությամբ երկրում, որպիսին Հայաստանն է, պետական լեզուն պետք է լինի հայերենը, այսինքն, պետական լեզուն պետք է լինի «տիտղոսակիր» ազգի լեզուն, բայց, միեւնույն ժամանակ, չի կարելի հաշվի չառնել, որ խորհրդային տարիներին ձեւավորվել են լեզվական երկու սեգմենտներ, եւ հենց այստեղ է այն «ջրբաժանն» ու չըմբռնումը, որ գոյություն ունի այսօր պաշտոնական օղակների եւ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների միջեւ: Այնպես է ստացվել, որ ռուսերենը հարազատ լեզու է դարձել ոչ միայն ռուսների, այլեւ Հայաստանում ապրող բելառուսների, հրեաների, լեհերի, հույների, ուկրաինացիների, ասորիների համար»,- նկատում է Յու. Յակովենկոն: Նրանց հաշվարկներով եւ կատարած սոցիոլոգիական ուսումնասիրություններով, ներկայումս ռուսերենն իր հարազատ լեզուն է համարում Հայաստանի բնակչության 13%-ը, որի մեջ մեծ տոկոս են կազմում 1988թ. Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականները: Հայաստանի ռուսները գերազանցապես ռուսախոս են: Տեղեկացնենք նաեւ, որ մինչեւ Հայաստանի անկախացումը ռուսները հայերեն խոսելու մեծ անհրաժեշտություն չեն էլ ունեցել: Օրինակ, 1970թ. նրանց ընդամենը 17 %-ն է տիրապետել հայերենին: Բացի այդ, Հայաստանում ռուսերենն ունեցել է անհամեմատ մեծ կիրառություն, այն օգտագործվել է իբրեւ գործավարության լեզու: Դրան զուգահեռ՝ ռուսերենին տիրապետել են նաեւ շատ հայեր: 1993թ. ընդունված «Լեզվի մասին» ՀՀ օրենքով կտրուկ մեծացել է հայերենի դերը եւ նույնքան նվազել ռուսերենինը: Ռուսական դպրոցների եւ մասնագիտական կրթական հաստատությունների թվի նվազման ամենատխուր հետեւանքն այն է, որ ռուս երեխաների մի մասը մասնագիտական կրթությունը կարող է շարունակել միայն Ռուսաստանում: Որքան էլ գերադասենք հայերենը ռուսերենից, չենք կարող հաշվի չառնել այն հանգամանքը, որ Հայաստանը երկար ժամանակ եղել է ռուսական միջավայրին եւ մշակույթին կից, ու այսօր էլ, որոշակի խավի համար, առանց ռուսերենի իմացության անհնար է լուրջ կարիերայի հասնելը:

Ինչո՞ւ նույնը չի կարող անել ռուսերենի ուսուցիչը

«Մենք շատ լավ գիտակցում ենք, որ հայ երեխան պետք է ստանա հայկական կրթություն, բայց ինչպես վարվել, ասենք, այն դեպքում, երբ երեխան խառնամուսնության արդյունք է, կամ էլ նրա ծնողներն այլ պետությունների քաղաքացիներ են: Հենց այդպիսի երեխաների համար անհրաժեշտ են ռուսական պետական դպրոցներ, որոնք այսօր Հայաստանում բացակայում են: Մենք հեռու ենք այն մտքից, որ ռուսերենն ունենա պետական լեզվի կարգավիճակ: Բայց չպետք է մոռանանք, որ այն ունի միջազգային հաղորդակցության լեզվի կարգավիճակ, որով դեռեւս հաղորդակցվում են նախկին ԽՍՀՄ երկրների քաղաքացիները, եւ, որ այսօր ռուսերենով գոյություն ունի մեծ քանակությամբ գրականություն: Այստեղ անհրաժեշտ է խելամիտ քաղաքականություն որդեգրել` հաշվի առնելով այլ երկրների փորձը, որտեղ լեզվի անցումն ընթացել է աստիճանական ձեւով: Վերցնենք Հունգարիայի օրինակը, որտեղ ազգային փոքրամասնությունները լեզվական անջրպետի խնդիրներ չունեն, իսկ Հայաստանում դեռեւս ազգային փոքրամասնություններին վերաբերող օրենք չկա: Իհարկե, կա նախագիծ, որը մի մասին բավարարում է, մյուս մասին` ոչ: Օրինակ, Ռումինիայում եւ Ուկրաինայում գործում են հստակ մշակված օրենքներ: Հայկական օրենքի նախագիծը, որին դրական եմ վերաբերվում, ազգային փոքրամասնություններին թույլ է տալիս հիմնել իրենց լեզուներով դպրոցներ: Նման հնարավորություն, իհարկե, չի ընձեռում «Լեզվի մասին» օրենքը, որը թույլ է տալիս ստեղծել միայն ներհամայնքային մասնավոր դպրոցներ: Օրինակ, մեր միջնակարգ սլավոնական դպրոցը, որն այս տարի դառնում է 10 տարեկան, ես երբեք չեմ անվանել մասնավոր, քանի որ, կարծում եմ, որ մասնավոր հաստատությունը մեկ անհատի կամ մի խումբ մարդկանց պատկանող սեփականությունն է, իսկ մենք այն հիմնել ենք ռուս համայնքի համար»,- ընդգծում է սլավոնական դպրոցի տնօրենը, որը համոզված է, որ նման դպրոցները պետք է գտնվեն պետական հոգածության ներքո, սակայն ինքն այս 10 տարիների ընթացքում չի հիշում պետական հոգածության որեւէ դեպք: Նրա ասելով, նման հարցերով ավելի շատ իրենք են ԿԳ նախարարությանը սատարել, քան ԿԳՆ-ն է իրենց օգնել: Ներկայումս հայկական դպրոցներում գործող ռուսական հոսքերը Յու. Յակովենկոն համարում է անհասկանալի եւ սուռոգատային երեւույթ: «Պատկերացրեք հայկական դպրոցներում ամբողջ փաստաթղթային գործընթացը, միջոցառումներն անց են կացվում հայերենով: Երբ ռուսաց լեզվի ուսուցչին պարտադրում են դասամատյանում իր էջը լրացնել հայերենով, երբ միեւնույն ժամանակ անգլերենի մասնագետն այդ ամենը լրացնում է անգլերենով, ես այս իրավիճակը համարում եմ պարադոքսալ: Ինչո՞ւ նույնը չի կարող անել նաեւ ռուսերենի ուսուցիչը»,- ասում է Յու. Յակովենկոն, ով հավատացած է, որ ռուսերենը Հայաստանից չի «հեռանա», իսկ եթե նման բան տեղի էլ ունենա, ուրեմն դա կլինի ոչ մոտ ապագայում: 5 հազար անդամ ունեցող «Ռոսիա» ՀԿ-ի 80%-ը կազմում են ազգությամբ ռուսները, իսկ մնացածը ՌԴ քաղաքացիներն են եւ հանրապետության ռուսաց լեզվի բոլոր ուսուցիչները` անկախ ազգային պատկանելությունից, այսինքն, ռուսական մշակույթի կրողները: «Մեր առջեւ խնդիր ենք դրել պահպանել ազգային ինքնությունը, որից միայն կարող է հարստանալ հայ ազգը: Մենք նաեւ կենցաղային հարցերով ենք զբաղվում, եթե ինչ-որ մեկի խոհանոցը պետք է վերանորոգել կամ ինչ-որ մեկի կտուրն է փլվել»,- ասում է ՀԿ նախագահը: Ռուսական համայնքի ամենախոշոր կազմակերպությունը «Նոու-Հաու» ֆիրմային ծրագրի շրջանակներում Մոսկվայի կառավարության հետ համատեղ իրականացնում է առողջապահական աջակցություն` բոլոր այն ռուս մարդկանց, ովքեր Հայաստանում բուժվելու հնարավորություն չունեն։ Օրինակ, անցյալ տարի 62 հոգի անվճար մեկնել են Մոսկվա եւ բուժվել տեղի ամենահայտնի կլինիկաներում: Այս տարի արդեն 13 մարդ է բուժվել, իսկ 8-ն էլ պատրաստվում են մեկնել: Նշենք, որ «Նոու-Հաուից» օգտվում են հիմնականում բարդ վիրահատական գործողությունների դեպքում: Ինչպես հավաստիացնում է «Ռոսիա» ՀԿ նախագահը, իրենք մեծ ուշադրություն են դարձնում իրենց համերկրացիների առողջությանը եւ Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոնում պարբերաբար «բաց դռների» օրեր են կազմակերպում: Կազմակերպությունը մեծ դեր է հատկացնում նաեւ կրթության հարցերին: Օրինակ, ՌԴ բուհերում սովորելու համար ամբողջ համայնքի դիմորդների համար այս տարի 80 տեղ է հատկացված, 5 տեղ էլ`ասպիրանտների համար: Միջկառավարական համաձայնագրի շրջանակներում այդ անձինք պետք է անվճար 4-5 տարի սովորեն ՌԴ-ում: Իհարկե, կնքվող պայմանագրերը պարտավորեցնում են, որ ուսանողները հետագայում վերադառնան Հայաստան, որպեսզի պատրաստված մասնագետները ծառայեն Հայաստանի Հանրապետությանը: Յու. Յակովենկոն հավաստիացնում է, որ ուսանողները հիմնականում վերադառնում են:

Հայկական «դոլմա՞», թե՞ ռուսական «գոլուբցի»

«Մենք առաջին հերթին մեր ավանդույթները պահպանում ենք` նշելով մեր բոլոր տոները: Զուգահեռ նշում ենք նաեւ բոլոր հայկական տոները` դրանք փոխանցելով մեր երեխաներին»,- ասում է Յու. Յակովենկոն:

Նրանք նշում են ԽՍՀՄ ժամանակաշրջանի որոշ տոները: Հայաստանի այսօրվա ռուս համայնքի կյանքում սկսել է մեծանալ կրոնական տոների դերը: «Շատ ազգային տոներ խորհրդային տարիներին մոռացության են տրվել, եւ մենք ձգտում ենք վերադառնալ մեր ակունքներին: Այս ամենը տեղի է ունենում հայկական տոների ուսուցմամբ, որի ժամանակ հայտնաբերում ես, որ հիմքում ազգային տոներն ընդհանուր են: Մեր կողմից շատ սիրված տոն է «Մասլենիցա»-ն, որը փոքր-ինչ նման է հայկական Բարեկենդանին: Այդ օրը բոլորը կրում են կառնավալային դիմակներ, խարույկ են վառում, այրում ձմռան խրտվիլակը: Անպայման թխում են բլինա, ինչը խորհրդանշում է արեւի շրջանակը: Այդ օրը մարդիկ ուրախանում են, պարում, երգում… այն յուրօրինակ գարնանամուտ է»,- նշեց ռուսական համայնքի նախագահը: Համայնքի սիրված կրոնական տոներից են հունիսին նշվող «Տրոիցա»-ն (Հոգեգալստյան տոնը), երբ շքամուտքերը զարդարվում են ուռենու ճյուղերով: Այդ օրը խնձորից ռուսական համեղ ուտեստներ են պատրաստվում: Գոյություն ունեն նաեւ «սպասենիյա» բառից առաջացած «Սպաս-1, 2, 3» ազգային տոները: Այս ազգային եւ կրոնական տոնը նշվում է օգոստոս ամսին: Յու. Յակովենկոն ասում է, որ Հայաստանի ռուսների սեղանից անբաժան են հայկական «դոլման» եւ ռուսական «գոլուբցի»-ն, ինչպես նաեւ՝ հայկական «սպասն» ու ռուսական «օկրոշկա»-ն: Նա նկատել է, որ խիստ ազգային ճաշատեսակները, որոնք հազվադեպ են կիրառում ունեցել, սկսել են ժողովրդի կողմից արժանանալ ուշադրության: Այդ շարքից Յու. Յակովենկոն հիշատակեց հավի մսից պատրաստված «Կուրնիկը»: Այն փոքր-ինչ նման է հայկական «Ղափամային»: Պետք է ասել, որ Հայաստանի ռուսների կենցաղում մեծ նշանակություն ունեն ընտանեկան արարողությունները: Նրանք չեն մոռանում նշել նաեւ Զատկին հաջորդող շաբաթ օրը «Կրասնայա գոռկա»-ն` «Կարմիր կիրակին»: Ձեւավորված ռուսական ինքնատիպ էթնոմշակույթի բաղադրիչներից են հայ եւ ռուս ազգերի ընդհանրական պատմությանն առնչվող տոները: Օրինակ, օգոստոս ամսին համայնքը նշելու է 185 տարի առաջ Սարդարապատի ճակատամարտում զոհված ռուս զինվորների հիշատակի օրը:

Դատապարտում է քսենոֆոբիան

Յու. Յակովենկոն կարծում է, որ Հայաստանում ռուսները գտնվում են «շահավետ» պայմաններում, քանի որ այստեղ ռուսների նկատմամբ ազգային ոտնձգությունների դեպքեր տեղի չեն ունենում: Նա հավատացած է նաեւ, որ նման դեպքերն առավելապես խուլիգանական բնույթի են: Ռուսական քարոզչամեքենայի տեսակետը կիսում է նաեւ Յու. Յակովենկոն. վերջին 2-3 տարիներին Ռուսաստանում հայազգի ներկայացուցիչների սպանությունները նա որակում է որպես կենցաղային հողի վրա կատարված անօրինականություններ: «Քսենոֆոբիայի երեւույթները դատապարտելի են: Այլ հարց է, թե ինչպե՞ս են դրան արձագանքում պետական մարմինները»,- ասաց նա: