Ծովինար Չալոյան-Հակոբյանն այն հազվագյուտ մարդկանցից է, ով կարողանում է կյանքի ամեն վայրկյանն ու առիթն օգտագործել` նոր բան տեսնելու, ծանոթանալու, վերաիմաստավորելու ու հիանալու համար: Գեղագիտությունը նրա մասնագիտությունն է եւ միաժամանակ աշխարհի հետ ծանոթանալու միջոցը: Ծովինար Չալոյանը գեղեցիկը գնահատող մարդ է, մեծ հաճույքով պատրաստ է «վարակել» իր զրուցակիցներին գեղեցիկը պեղելու ու դրանով հարստանալու իր կարողությամբ: Իսկ գեղեցիկը նա տեսնում է ոչ միայն կտավներում ու ֆիլմերում, այլեւ` փողոցների անցումներում, եկեղեցու զանգերի հնչյուններում, լավ համերգ լսելու պահին ու մարդկանց հետ շփվելու ընթացքում: «Իմ սերնդակիցների գնացքը շուտով իր ավարտին է մոտենալու, ես չեմ ուզում ժամանակ կորցնել ու ասել` լավ, սա թողնեմ վաղվան, հետո կիմանամ: Ոչ, ես ուզում եմ հիմա իմանալ, քանի դեռ ուժեր ու պարզ հայացք ունեմ: Մարդկությունը սովորաբար իր կյանքի կեսը քնած վիճակում է անցկացնում, իսկ այդ ժամանակում որքա՜ն բան կարելի էր տեսնել ու լսել…»,- ասում է նա:
Երեւանի Կոնսերվատորիայում դասավանդելուց բացի, նա համակարգում է հայ-ֆրանսիական ասոցիացիայի աշխատանքները, պարբերաբար դասախոսություններ է կարդում ֆրանսիական համալսարաններում: Հետաքրքիր է, որ Ֆրանսիայում նա բազմազգ ուսանողների խմբերին ծանոթացնում է հայ փիլիսոփաների ու գեղագետների հետ, իսկ Երեւանի Կոնսերվատորիայում հայկական միտքը տեղ չի գտնում ուսումնական ծրագրերում: Հաճախ, երբ ուսանողները խնդրում են նրան հատուկ դասընթացների միջոցով իրենց ծանոթացնել Եզնիկ Կողբացու կամ Դավիթ Անհաղթի աշխատանքների ու աշխարհայացքի հետ, պարզվում է, որ բուհում ազատ լսարաններ չկան եւ բուհի ղեկավարությունը համարում է, որ ուսանողներն առավել քան ծանրաբեռնված են արդի ծրագրերով: Գրեթե բոլոր դասախոսները որոշ իմաստով մերկ էնտուզիազմով են աշխատում, իսկ աշխատավարձի մասին խոսելը շատերն անիմաստ են համարում: Նրանց համար կարեւորն ուսանողների շնորհակալ աչքերն ու նրանց գիտելիքների բուրգում եւս մեկ հարկ ավելացնելու կամ այդ հարկի կառուցման համար տեղ բացելու հնարավորությունն է: Ծովինար Վազգենովնայի համար իր ուսանողներն ամենաթանկ մարդիկ են, յուրաքանչյուրի մեջ նա անհատականություն է տեսնում եւ փորձում է ապացուցել նրանց, որ կրթված անհատները մեր հասարակությանը շատ են պետք: Գոնե, երբեմն…
– Անարդարությունը մարդուն ցինիկ է դարձնում։ Երբ մարդը սոցիալական անարդարություն է տեսնում, եւ տեսնում է, թե ինչպես է, օրինակ, իր հարեւանը, որը իրենից ոչինչ չի ներկայացնում, «Մերսեդես» գնում ու արհամարհում բոլորին, նա չի կարող ցինիկ չդառնալ։ Առավել ցինիկ կարող են դառնալ երիտասարդները, ովքեր բոլոր ժամանակներում մաքսիմալիստներ են լինում։ Ես շատ եմ սիրում ու գնահատում մաքսիմալիստ երիտասարդներին, ովքեր միշտ սխալներ են գործում ու այդ սխալների շնորհիվ փորձ ու գիտելիքներ են հավաքում։
– Հիմա ինֆորմացիոն հսկայական ու բավականին միակողմանի հոսք կա: Դա օգնո՞ւմ է երիտասարդներին կողմնորոշվելու հարցում:
– Ինֆորմացիան տարբեր է լինում: Շատ անգամ ինֆորմացիան ընկալելու համար համապատասխան բազա է պետք ունենալ: Օրինակ, երբ մարդը, ով սովոր չէ թանգարաններ այցելել, մի քանի ժամ շրջելով թանգարանի դահլիճներով` շատ է հոգնում, քանի որ շատ ինֆորմացիա է ստանում, սակայն այդ ինֆորմացիան մարսելու բազա չունի։ Դա շատ նորմալ է, քանի որ նա «թանգարանային» հիվանդությամբ հիվանդ չէ։ Թանգարաններ գնալը վարժվելու խնդիր է։ Եթե մարդը թանգարանային հիվանդություն չունի, նա չի հասկանա, թե ինչպես է մեկ ուրիշը ժամերով շրջում պատկերասրահի դահլիճներում: Նա այդ ժամանակը կորսված կհամարի։ Մեր կյանքում ինֆորմացիայի հիմնական աղբյուրը հեռուստատեսությունն է դարձել, բայց այն բացարձակապես զուրկ է բազմազանությունից ու թարմությունից: Հեռուստատեսության միակ առավելությունը նրանում է, որ մենք հանգիստ կարող ենք կոճակը սեղմելով անջատել այն ալիքը, որը դիտել չենք ուզում: Հիմա մարդիկ հեռուստացույցին սոսնձված են ձեւավորվում, եւ հեռուստատեսությունը մարդկանց դեզօրիենտացիայի է ենթարկում: Հասարակությունը չի կարող կազմված լինել միայն բարձր ինտելեկտուալներից, դա աննորմալ երեւույթ կլիներ, բայց չի կարելի անընդհատ իջեցնել հասարակության ճաշակն ու նույն բանը ցուցադրելով համոզել, որ նա հենց դա է ուզում տեսնել: Սովորական մի երգիչ մի անգամ երգում է, եւ նրան «աստղ» են կոչում: Հասարակությունը բազմազան է ու բազմազան ինֆորմացիայի կարիք ունի: Հասարակությանն օգնել է պետք, եւ ոչ մի դեպքում չի կարելի մարդկանց ձանձրացնել` անընդհատ նույն մարդկանց ու նույն հաղորդումները ցուցադրելով: Վերջիվերջո, կգա մի պահ, երբ այդ ամենը հակառակ արդյունքի կհանգեցնի, եւ մարդիկ կկշտանան: Հիմա հեռուստատեսությունը ժողովրդի ֆունկցիայի հետ է խաղում ու նրան միայն բացասական էմոցիաներ է փոխանցում:
– Ինչո՞ւ բացասական, հեռուստատեսությունը, ընդհակառակը, զվարճացնելու ֆունկցիա է ձեռք բերել ու ապացուցում է, որ այդ հաղորդումներն ամենաբարձր վարկանիշն ունեն:
– Բացասական էմոցիաները ծնվում են այն ժամանակ, երբ մարդն այլեւս չի ցանկանում զարգանալ: Իսկ զարգացման կանգ առնելը մարդ էակի համար ամենամեծ աղետն է: Ոչ որակյալ ինֆորմացիան անմիջապես ձանձրացնում, հագեցնում ու հոգնեցնում է: Իսկ «վարկանիշ» հասկացողությունը հասարակության դաստիարակության արդյունք է: Հասարակության ցանկությունները պետք է համահունչ լինեն այն ինֆորմացիային, որը նա ստանում է: Այո, շատ բաների վրա մենք ազդել չենք կարող, բայց մենք իրավունք ունենք ստանալ այն ինֆորմացիան, որը ցանկանում ենք: Կրթելու ֆունկցիային տեղ տալով՝ մենք կօգնենք հասարակությանը: Վերջերս ես անճաշակ ու երիտասարդներին նսեմացնող ռեկլամ դիտելով` այնքան զայրացա, որ զանգահարեցի հեռուստաընկերություն ու ասացի, որ երիտասարդ աղջկա սերը ծամոնի փուչիկի հետ համեմատելով` մենք սխալ ենք գործում, որ այդպես չեն կարող մտածել երիտասարդները: Ինձ պատասխանեցին, որ եթե ես ու իմ թոռնիկներն այդպես չենք մտածում, լավ կլինի հեռանանք երկրից: Ոչ մի բան կյանքում ինքն իրեն չի հոսում, անպայման այն ուղղորդող ձեռք է լինում: Ինքնահոսը շարժվում է միայն այն դեպքում, երբ այն շարժող ձեռք է լինում:
– Իսկ անորակ ինֆորմացիայով հագեցնելով ու կրիտիկական զանգվածը մեծացնելով` կարելի՞ է հեղափոխական որոշ փոփոխություններ անել:
– Դա շատ բարդ հարց է, որը ժամանակ է պահանջում։ Ֆրանսիական հեղափոխության ժամանակ հաղթեցին սանկյուլոտները, այսինքն՝ առանց շալվարի մարդիկ, քանի որ նրանք կորցնելու ոչինչ չունեին։ Իսկ երբ Ֆրանսիայում ուսանողները փողոց դուրս եկան ու սկսեցին պահանջներ դնել, բոլորը արձագանքեցին նրանց՝ թե ի՞նչ են նրանք ուզում, իսկ արդյունքում նրանք ի՞նչ ստացան, բոլորի համար անհայտ մնաց։ Եվ, բացի այդ, հեղափոխականներին լիդերներ են պետք, քանի որ յուրաքանչյուր փորձ իր ուղեղը պետք է ունենա։ Այդպիսի ուղեղ ես Հայաստանում դեռ չեմ տեսնում։ Փողը եւ իշխանությունը երբեք շատ չեն լինում։ Ես համոզված եմ, որ մենք՝ հայերս, Աստծո կողմից տված բնատուր խոհեմություն ունենք։ Եթե նայենք պատմության կոդերին, կտեսնենք, որ մենք երբեք խոշոր պատերազմի չենք մասնակցել, պատմությանը միայն Ավարայրի ու Սարդարապատի ճակատամարտերն ենք տվել։ Մեզ սիստեմատիկ կերպով ոչնչացրել են, այրել, վտարել, բայց մենք մեր իմաստուն մտքի ու խոհեմության շնորհիվ կարողացել ենք ապրել։ Շումերներն ու ասորիները մեզանից ոչ պակաս հին ժողովուրդներ են, բայց նրանք չեն պահպանել իրենց ինքնությունը։ Մեզ օգնել է մեր խոհեմությունը, իսկ խոհեմությունը ժամանակի պահանջ է։
– Շատ երիտասարդներ գիտեմ, ովքեր ասում են՝ հերիք է մեզ կերակրեք պատմության դասերով, ցույց տվեք մեզ ապագան։
– Պատմությունը միշտ օգնում է ստեղծել ապագան ու հպարտորեն նայել վաղվա օրվան։ Կան ժամանակահատվածներ, երբ պետք է հարմարվել, չբողոքել, ընդունել կատարվածը, բայց կան եւ պահեր, երբ պետք է բողոքել ու ճակատը բաց առաջ գնալ։ Պարզ բանականությունը հուշում է, որ երկիրը պետք է այնպիսի ղեկավարներ ունենա, որոնք կկարողանան «որսալ» այդ պահը։ Մարդը ձեւավորվում է ըստ իր կարողությունների։ Գերմանացի փիլիսոփա Շելինգն ասել է՝ մարդու ներքին էներգիան ուղղակի հրաշք է, բայց նա չի հասկանում, թե ի՞նչ կա իր ներսում։ Բոլորս այդ էներգիայից ենք օգտվում, մեկը գրում է, մյուսը՝ երգում, երրորդը՝ խոսում այդ մասին, չորրորդը նկարում է, իսկ հինգերորդը դաժան սխալներ է գործում։
– Սխալները պարտադի՞ր են:
– Յուրաքանչյուր մարդու մեջ ծրագրված ապագա կա։ Երբ մարդը խախտում է իր գենետիկ կոդը, այն ժամանակ ինչ ասես կարող է պատահել։ Ընդհուպ մինչեւ անդառնալի աղետներ։ Նույն կերպ էլ երկիրն է, որը նույնպես իր գենետիկ կոդն ունի ու երբ այդ կոդը խախտում է, շատ ժամանակ պետք է կորցնի, որպեսզի հասկանա, որ կոդը վերականգնել է պետք։ Եթե մենք մեր անկախության առաջին տարիներին այդքան խոշոր սխալներ չանեինք, հիմա էլ չշարունակենք այդ նույն սխալները գործել, երկրի կոդն աստիճանաբար կվերականգնենք:
– Խոհեմությունը ճակատագրին հնազանդվել ու սպասե՞լ է նշանակում:
– Խոհեմ լինելը թույլ կամ խոնարհ լինել չի նշանակում, ավելի շուտ դա իմաստուն գործել է նշանակում։ Հիմա Հայաստանը շատ ծանր վիճակում է գտնվում, ամեն կողմից փակված է, իսկ Ռուսաստանում ու Վրաստանում հայաֆոբիա է զարգանում։ Եվ այդ իրավիճակում մենք պետք է իմաստուն գործենք, բայց մենք շարունակում ենք անհասկանալի փոքր սխալներ գործել։ Թբիլիսիի Ռուսթավելու փողոցում գտնվող ամենագեղեցիկ շենքը՝ «Թբիլիսի» հյուրանոցը եղել է Արամյանցի տունը, իսկ մեր Փիթոեւի կառուցած հայրական տունը դարձել է Թբիլիսիի Պալիաշվիլու թատրոնը։ Մենք այդ մասին չենք հիշում, բայց երբ Վրաստանի Գրողների միության նախագահը Երեւան էր եկել ու հանդիպել էր հայ գրողներին, մենք նրան ասացինք՝ գիտե՞ք, որ Ռուսթավելին հայ է, Երուսաղեմում գտնվող նրա գերեզմանաքարի վրա հայերեն տառեր են։ Վրացուհին էլ պատասխանեց՝ հետո՞ ինչ, բայց նա վրացական պոետ է։ Իհարկե, Ռուսթավելին վրացական բանաստեղծ է, եւ ասելով, որ նա հայ է, մենք վիրավորում ենք վրացիներին եւ ոչնչով մեզ չենք օգնում։
– Ամեն տեղ հայ ու հայկական արմատներ որոնելն ազգային հպարտությունի՞ց, թե՞ բարդույթից է ծագում։
– Դա ինքնահաստատվելու ցանկությունից է գալիս։ Եվ այդ ցանկությունն աննորմալ ֆորմաների է հասնում։ Հայրս, ով խոշոր գիտնական ու շատ կրթված մարդ էր, ֆիլմ դիտելիս երբ հայի ազգանուն էր տեսնում, անասելի ուրախանում էր։ Ասում էի՝ ի՞նչ նշանակություն ունի` հա՞յ է, թե՞ ոչ, նա պատասխանում էր՝ ինձ համար մեծ նշանակություն ունի։ Այդպես ասելով նա, կարծես, ինքնահաստատվում էր։ Դա շատ հայերի է բնորոշ:
– Դուք ֆրանսերեն լեզվի ու Ֆրանսիայի մեծ գիտակ եք, ասացեք` ո՞րն է ֆրանսիական մշակույթի հաղթարշավի գաղտնիքը, եւ ինչո՞վ այդ օրինակը կարող է օգնել մեզ:
– Եթե Ֆրանսիան համբերատար, հանդուրժող չլիներ այլ ժողովուրդների նկատմամբ, ոչ մի մարդ Ֆրանսիա չէր գա։ Մոդիլիանին իտալացի հրեա էր, Պիկասոն իսպանացի էր, Էռնստը գերմանացի էր, Կանդինսկին Ռուսաստանի հրեա էր, բայց բոլորը եկել ու աշխատել են Ֆրանսիայում։ Ամերիկան պարզապես գնում է լավ նկարիչներին ու ստեղծագործողներին, իսկ Ֆրանսիան նրանց ձեւավորման համար պայմաններ ու ազատ միտք էր ստեղծում։ Մենք շատ կաղքատանանք, եթե մտածենք, որ մեզ միայն եվրոպական արժեքներ են հարկավոր։ Եվ մեր` դեպի Եվրոպա գնալը բացարձակ քաղաքական դիրքորոշման արդյունք է, այլ ոչ թե եվրոպական արժեքների գնահատում։ Մեր կենցաղը մոտ է եվրոպականին, բայց մեր մտածելակերպը՝ մենթալիտետը եվրոպական չէ։ Որքան էլ որ ցանկանանք եվրոպական ֆորմաներն ընդօրինակել, միեւնույն է, մեր բովանդակության մեջ մենք շատ ասիական արժեքներ ունենք։ Մարդկային փոխահարաբերությունները, նույնիսկ՝ արվեստը, շատ ավանդական է ու Արեւելքի մեծ ազդեցությունն ունի։ Արեւելք ասելով` պետք չէ միայն Թուրքիան պատկերացնել, Արեւելքը վիթխարի քաղաքակրթություն է տվել աշխարհին, հերիք է միայն հիշատակել Չինաստանն ու Հնդկաստանը։
– Գեղագիտություն առարկան, սովորաբար, միայն եվրոպակենտրոն փիլիսոփայությունն ու արվեստն է ներկայացնում։ Նույնիսկ անկախացումից հետո մեր բուհական ծրագրերում Արեւելքի փիլիսոփայությունը տեղ չի գտնում։
– Որքան կարող եմ, աշխատում եմ իմ դասախոսությունների ժամանակ անդրադառնալ Արեւելքին, բայց դա չեմ կարող լիարժեք անել, քանի որ ծրագիրը թույլ չի տալիս:
– Ինչպիսի՞ «ազգային գաղափար» կարող է ի հայտ գալ, որ կարողանա ժողովրդին դրդել միավորվել։
– Եթե, օրինակ, կովկասյան երկրները նորմալ փոխհարաբերություններ ունենային, միմյանց հանդեպ ատելություն ու թշնամանք չունենային, մենք՝ կովկասյան ժողովուրդներս, կարող էինք կոնսոլիդացվել։ Եվ դա փայլուն գաղափար կարող էր լինել: Բայց դա անհնարին, ուտոպիկ գաղափար է, քանի որ կրոնական տարբերությունները շատ մեծ են: Բացի այդ, առկա է ազգային մեծամտությունը։ Վրաստանն, օրինակ, երբեք չի հանդուրժի, որ Հայաստանն իր հետ նույն իրավունքներն ունենա ու նույն գծի վրա կանգնած լինի։ Զարմանալի օրինաչափություն կա. ողջ Եվրոպան միավորվում է, իսկ մեզ պես փոքր ժողովուրդները ավելի են մասնատվում։ Ղարաբաղը, Կոսովոն, Աբխազիան ձգտում են անկախության: Ընդհանրապես, ողջ տարածաշրջանը փոքր իշխանություններով է լրացվում, քանի որ մեծ են ժողովուրդների տարբերությունները։
– Իրավիճակի տերը միշտ ուժե՞ղն է լինում։
– Սենեկան շատ լավ է ասել. «Ոսկե դարը այն ժամանակ է լինում, երբ ուժեղն իր ձեռքը դնում է թույլի մեջքին, եւ նրանք միասին օգտվում են բնությունից»։ Դա ամենաիդեալական տարբերակն է: Իսկ ուտոպիստ Սեն-Սիմոնն ասել է. «Ոսկե դարը միշտ առջեւում է», այսինքն, միշտ սպասում ու երազում ես լավ ապրել ու լավը տեսնել։ Մարդն այնպես է ստեղծված, որ երբեք լիովին բավարարվել չի կարող։ Եթե մարդը նորմալ է, ապա նա երբեք չի կարող բավարարվել նրանով, ինչ ունի եւ միշտ ձգտում է ավելի շատ բան ունենալ։ Այստեղ կարեւորը ոչ թե նյութականն է, այլ՝ գիտելիքները։ Մարդ էակը միշտ սպասելիքներ ունի, եւ այդ սպասելիքները բնավ էլ միայն նյութական բարեկեցության հետ չեն կապված։
– Իսկ ե՞րբ է մարդն իրեն երջանիկ զգում:
– Այն ժամանակ, երբ հոգեւոր բավարարվածության է հասնում: Ոգին, այլ ոչ թե գրպանը լցնելով ենք երջանիկ դառնում: Էպիկուրն ասել է. «Երջանիկ է այն մարդը, ով հասկանում է, որ երջանիկ է»: Շատ հաճախ մարդը գլխի չի ընկնում, որ երջանիկ է, ու չի գիտակցում դա: Երջանկություն զգալը ներքին կարողություն է: Չինացիներն, օրինակ, կարողանում են: