Բերձորի գիշերօթիկ դպրոցը

10/06/2007 Հասմիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Երեքամյա Էրիկն արդեն չորս ամիս ապրում է Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորի գիշերօթիկ դպրոցում: Էրիկը չի խոսում: Ուշադիր լսում է, հասկանում է ամեն ինչ, սակայն սեփական մտքերն ու ցանկություններն արտահայտում է միայն սակավաթիվ ժեստերով:

Դաստիարակչուհիներն ասում են, որ ֆիզիկապես երեխան բացարձակ առողջ է, չխոսելու պատճառը հոգեբանական է, ուղղակի երեխայով ոչ ոք չի զբաղվել ծննդյան իսկ պահից: Էրիկի մայրը մի քանի ամիս առաջ փախել էր հարավային Սուրենավան գյուղից՝ Էրիկին, նրա եղբայր Նելսոնին եւ քույր Գրետային թողնելով քրոջ մոտ: Որոշ ժամանակ անց քույրն իրավապահ մարմիններին խնդրել էր վերցնել երեխաներին, քանի որ ինքն այլեւս ի վիճակի չէ նրանց պահել: Ոստիկաններն էլ երեխաներին բերել են գիշերօթիկ:

«Երբ երեխաներին նոր էին այստեղ բերել,- պատմում է գիշերօթիկի տնօրեն Սամվել Քոչարյանը,- ահավոր վիճակում էին: Երեքն էլ ճիճվակիրներ էին, Էրիկը տասը օր հիվանդանոցում անցկացրեց: Նրանց հագին ցնցոտիներ էին եւ քառասուներկու համարի կրկնակոշիկներ»:

Էրիկի մորը՝ Շուշանիկին, գտել են եւ պարտադրել բերել երեխաների ծննդյան վկայականները: Հետո նա նորից անհետացել է: Շուշանիկը կթվորուհի է աշխատում գյուղում: Ծնունդով նա Գորիսից է եւ հաճախ է այնտեղ գնում:

Շուշանիկի ընտանիքում վեց երեխա են եղել: Նրա քույրերն ու եղբայրները եղել են գիշերօթիկի առաջին սաները: Բոլորը՝ բացի Շուշանիկից, ում տասնութը 1995 թվականին, երբ բացվեց գիշերօթիկը, արդեն լրացել էր:

Չնայած հաստատությունը կոչվում է գիշերօթիկ, այն իրականում մանկատուն է: Գիշերօթիկ որոշել են կոչել՝ բարոյական նկատառումներից ելնելով, որպեսզի «մանկատուն» բառով չճնշեն մանկական հոգեբանությունը:

Գիշերօթիկում ապրում է երեսուն երեխա: Նրանք հիմնականում Քաշաթաղի գյուղերից են, երկու երեխա երկկողմանի ծնողազուրկ են, մնացածը՝ միակողմանի, հիմնական մասը մայր ունի: Վեց տարեկանից բարձր երեխաները գնում են հանրակրթական դպրոց: Բացի այդ, նրանք ունեն երեք դաստիարակչուհիներ՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների մասնագետներ, եւ երեք դայակներ:

Դաստիարակչուհի Էլլա Խաչատրյանն ինքն էլ է մեծացել գիշերօթիկում: Այստեղ աշխատում է արդեն չորս տարի: Դպրոցի տնօրեն Սամվել Քոչարյանն ասում է, որ բազմիցս դիմել է Քաշաթաղի վարչակազմին, որպեսզի աղջկան բնակարան հատկացնեն, սակայն անընդհատ հետաձգում են:

Գիշերօթիկի սան Կարինեն այս տարի ավարտել է դպրոցը, սակայն դեռ կմնա գիշերօթիկում. նրա բնակարանային հարցն էլ պետք է լուծվի: Չափահաս դարձած երեխաներին հիմնականում ուղարկում են բարեկամների մոտ, սակայն Կարինեն ոչ ոք չունի:

«Մենք կանենք ամեն ինչ, որ Կարինեն անվճար սովորի ինստիտուտում,- ասում է պրն Քոչարյանը,- եւ, բնականաբար, նա կմնա գիշերօթիկում, մինչեւ իրեն չհատկացնեն բնակարան: Բայց դա հարցի լուծում չէ. մեծ ցանկությանս դեպքում էլ ես չեմ կարող բոլորին գիշերօթիկում պահել»:

Երեխաներն ապրում են երեքհարկանի կոկիկ շենքում: Այստեղ միայն փափուկ կահույքի պակասն է զգացվում:

Ցերեկը երեխաները խաղում են կամ դաստիարակչուհիների հետ աշխատում են բանջարանոցում: Սամվել Քոչարյանն ասում է, որ եթե գիշերօթիկն ունենար ավտոբուս կամ միկրոավտոբուս, երեխաներին կկարողանային էքսկուրսիաների տանել: Իսկ այսպես երեխաները գործնականորեն ոչ մի տեղ չեն գնում: Միայն երբեմն վերցնում են վրաններն ու իջնում գետի մոտ, որտեղ փոքր հողատարածք ունեն:

Գիշերօթիկում պահանջվում են ավելի շատ մասնագետ-դաստիարակներ:

«Ինձ մոտ դաստիարակը ութժամյա աշխատանքի համար ստանում է 52.000, իսկ դպրոցի ուսուցիչը՝ 70.000 դրամ՝ աշխատելով 9.00-13.00-ն: Ո՞վ կգա դրանից հետո ինձ մոտ աշխատելու: Անհասկանալի պատճառներով, երբ դպրոցներում եւ մանկապարտեզներում աշխատողների աշխատավարձը բարձրացրել են 27%-ով, մեզ դա չի վերաբերել,- դժգոհում է Ս. Քոչարյանը: -Բացի այդ, ամեն մեկը չի կարող այստեղ աշխատել: Պետք է հոգեբան լինես, յուրաքանչյուր երեխայի հանդեպ յուրահատուկ մոտեցում ունենաս, չէ՞ որ մինչ այստեղ գալը նրանք տարբեր պայմաններում են ապրել»:

Տնօրենը պատմում է, որ երբ Էրիկին նոր էին բերել գիշերօթիկ, սեղանին ուտելիք էին դնում, ու նա դրան ձեռք չէր տալիս: Նրա առջեւ մի կտոր հաց էին դնում, ամբողջն ուտում էր ու փշուրները հավաքում: Այսինքն՝ նրա մորաքրոջ ընտանիքում յուրաքանչյուրին հատկացվում էր իր բաժինը, եւ այդ «կանոնի» խախտումը խիստ պատժելի էր:

«Մենք մի քույր ու եղբայր ունեինք, ովքեր յոթ տարի ապրեցին մեզ մոտ եւ այդ ընթացքում մի անգամ ձեռք չտվեցին մսին: Նրանց մայրն իրենց թողել էր գյուղում ու փախել Երեւան: Երեխաներին հարեւանն էր հետեւում, ով նրանց առնետներ էր ուտեցնում:

Կան երեխաներ, ովքեր սկզբնական չորս-հինգ ամիսը հացի կտորներ են բարձի տակ պահում: Պարզ է, ինչի հետեւանք է դա: Պետք է համբերատար սպասել, մինչեւ իրենք սովորեն, որ էլ սոված չեն լինելու ու հրաժարվեն այդ սովորությունից»,- պատմում է տնօրենը:

Երեխաները հեռուստացույցի սենյակ եւ մեծ տեսադարան ունեն: Նրանք խենթանում են հնդկական ֆիլմերի համար: Տասնմեկամյա Սասունն ուզում է դերասան դառնալ:

– Իսկ ո՞ւմ դերը կուզենայիր խաղալ,- հարցնում եմ,- ո՞վ է քո սիրած հերոսը:

– Յուրաքանչյուր մարդ յուրովի հերոս է,- մեծավարի շարժում է ուսերը եւ, մի քիչ մտածելով, ասում,- ուզում եմ Շարուք Խանի նման լինել:

Տասներկուամյա Նելլին համակրում է հնդկական կինոյի մեկ այլ աստղի՝ Կարինա Կապուրին:

– Ես ամեն ինչ կանեմ, որ դերասանուհի դառնամ,- ասում է նա,- ծայրահեղ դեպքում՝ գոնե երգչուհի: Ես բեմի մարդ եմ, կարող եմ ցանկացածի ձեւ անել: Ես, իրոք, տաղանդ ունեմ: Ափսոս կլինի, եթե այն կորչի:

– Իսկ սերիալներ չե՞ք նայում,- հարցնում եմ:

– Չէ,- ասում է Սասունը,- մեզ չեն թողնում: Սերիալներում անընդհատ սիրո մասին են խոսում, իսկ մենք դեռ փոքր ենք:

– Իսկ ե՞րբ եք մեծանալու:

– Տասնութից հետո,- վստահ պատասխանում է նա:

Տասնմեկամյա Արմանը դաստիարակչուհու օգնությամբ բանաստեղծություն է հորինել մոր մասին.

«Ես սիրում եմ մայրիկիս,
Նա ինձ կյանք է պարգեւել,
Սնել, պահել, փայփայել,
Անուշ օրոր է ասել:
Նրանով եմ ես հպարտ,
Մեր տան արեւն է նա բորբ,
Ես ուզում եմ ասել բոլորին,
Որ մայրերը սուրբ են, սուրբ»:

– Իմ մաման շուտով կգա ինձ տեսնելու,- ասում է Արմանը, եւ նրա լուրջ աչքերում ուրախություն է հայտնվում:

Արմանին եւ իր եղբայրներին գիշերօթիկ բերել են իրավապահ մարմինները: Ամենափոքրին՝ նորածնին, արդեն որդեգրել են: Արմանի մայրը տարին մեկ անգամ՝ աշնան մոտ, գալիս է որդիներին տեսնելու. խնդրում է տղաներին իրեն տալ, որ օգնեն ընկույզ հավաքելու:

www.hetq.am