10-20 մլն դոլար եւ վերահսկողություն

03/06/2007

Կովկաս-Փոթի երթուղու համար կառուցված «Սմաթ» լաստանավի կանոնավոր աշխատանքը ձգձգվում է, քանի որ սեփականատեր «Ռեզերվ կապիտալ» ընկերությունը կազմակերպչական եւ իրավական խնդիրներ ունի ռուսական նավահանգիստների եւ երկաթգծի հետ: Այս մասին երեկ «Արմենպրեսին» տեղեկացրել է ՀՀ Արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը: Նա ասել է, որ լաստանավն իր առաջին առեւտրային չվերթը կկատարի առաջիկա ուրբաթ օրը, բայցեւ չի բացառել, որ նորից որոշակի ժամանակով այն կդադարի գործել: Բեռնափոխադրումների համար ընկերության առաջարկած սակագները եւս քննարկման կարիք ունեն: «Դրանք նույնն են, ինչ Փոթի-Իլյիչեւսկ չվերթի դեպքում է»,- նշել է Ա. Ղազարյանը: Փոթի-Իլյիչեւսկ երթուղով 1 վագոնի տեղափոխման սակագինը 2300 դոլար է: Հիշեցնենք, որ Կովկաս-Փոթի լաստանավն իր կանոնավոր աշխատանքները պետք է սկսեր մարտի 15-ից, սակայն մինչեւ օրս 1 չվերթ է իրականացրել: Ա. Ղազարյանը նաեւ տեղեկացրել է, որ Փոթի-Իլյիչեւսկ երթուղով Ռուսաստան բեռափոխադրումներ կատարող հայ գործարարները պատրաստ են փոխել պատվերները եւ համագործակցել այս ընկերության հետ: Իսկ «Ռեզերվ կապիտալ» ընկերությունը պատրաստ է բաժնետոմսերի մինչեւ 45 տոկոսը վաճառել, սակայն այդ առաջարկին հայկական ոչ մի ընկերություն չի արձագանքել: «Եթե մեր քաղաքական այրերը չգիտակցեն, որ Կովկաս-Փոթի լաստանավի վրա պետք է վերահսկողություն ունենալ, մենք դա կարող ենք կորցնել,- ասում է «Ապավեն» բեռնափոխադրող ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը: -Իսկ որպեսզի մենք վերահսկողություն ունենանք այդ նավի վրա, պետք է մեր բաժնեմասն ունենանք»: