Վազգեն Մանուկյանը կդիմի անսպասելի քայլերի

03/06/2007 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի կարծիքով՝ մայիսի 12-ից հետո ՀՀ-ում ստեղծվել է աշխարհում նախադեպը չունեցող, պարադոքսալ իրավիճակ: Նրա խոսքերով՝ մի կուսակցություն, որը 2,2 միլիոն ընտրողներից իրականում 200 հազարի քվեն էլ չէր ստացել, ունեցավ մոնոպոլ իշխանություն:

Վ. Մանուկյանը ողջունում է ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկելու որոշ ընդդիմադիրների քայլը, միաժամանակ հավելելով, թե բոլորս էլ գիտենք, որ մեր ՍԴ-ից առանձնապես պետք չէ ակնկալիք ունենալ: Նա ճիշտ է համարում նաեւ ընդդիմադիրների հանրահավաքային գործունեությունը: Իսկ վերջին ընտրություններին միջազգային դիտորդների տված գնահատականների մասին ԱԺՄ նախագահը նշեց, թե ինքը չի հիշում մի զեկույց, որտեղ դիտորդները չասեին, որ մեր երկրում ամեն մի հաջորդ ընտրությունը նախորդից մեկ քայլ առաջ է: Վ. Մանուկյանը կարծում է, որ ժողովրդի մի զգալի մասի կարծիքը չի համընկնում դիտորդների կարծիքի հետ, եւ իրականում մեր երկրում ամեն մի հաջորդ ընտրություն նախորդից վատն է լինում: Խոսելով դիտորդների՝ սկզբում համեմատաբար լավատեսական, իսկ հետո դրանից էապես տարբերվող վերջին զեկույցների մասին՝ Վ. Մանուկյանը կարծիք հայտնեց, թե դիտորդները շատ բան կարող էին եւ չտեսնել: «Բայց տպավորությունն այն է, որ ամեն մի հաջորդ զեկույցը շատ ավելի խիստ է, որովհետեւ անընդհատ նոր դեպքեր են պարզվում, որ դիտորդները տեղյակ չէին, եւ կամաց-կամաց այդ իրենց գնահատականները խստանում են»,- նկատեց նա: Անդրադառնալով առաջիկա օրերին ձեւավորվելիք նոր կառավարությանը՝ նա կարծիք հայտնեց, թե բոլորը հասկանում են, որ ձեւավորվելիք կառավարությունը փաստացի ժամանակավոր է, քանի որ մի քանի ամսից նախագահի ընտրություն է: «Այսինքն՝ հիմա ժամանակավոր կառավարություն է ձեւավորվելու, եւ ընդհանրապես զարմանալի է, որ մարդիկ ուզում են աշխատել այդ ժամանակավոր կառավարության մեջ: Իսկ ի՞նչն է Սերժ Սարգսյանի նպատակը: Ինքը կարող էր ոչ մեկին էլ պորտֆել չտալ: Ինչո՞ւ է տալիս. որովհետեւ առջեւում նախագահական ընտրություններ են»,- հայտարարեց Վ. Մանուկյանը: Վերջինս գտնում է, որ իշխանությունն ամեն ինչ անելու է նախագահի ընտրությունը մեկ փուլով հաղթելու համար: Նա նշեց, որ եթե այս կեղծված ընտրության արդյունքում ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, ՄԱԿ-ի ու էլի 1-2 այլ փոքր ուժերի օգտին գրված ձայները գումարենք, կստացվի մոտ 60%: «Այդ դեպքում ինքը (Ս. Սարգսյանը.- Ռ.Թ.) նույն ձեւերով, ինչ ձեւերով որ մինչեւ հիմա ընտրությունները տեղի են ունեցել, ընտրություններ կանցկացնի 2008 թվին եւ ֆորմալ տեսակետից կասի` ի՞նչ կեղծիք, ի՞նչ բան, կուսակցությունները 2007-ի գումարով 60% հավաքել էին, ինչո՞ւմն է բանը: Հասկանալի է իր խորամանկությունը, եւ հասկանալի չէ այն կուսակցությունների «նաիվությունը», որոնք մտնելու են այդ խաղի մեջ»,- ասաց Վ. Մանուկյանը: Իսկ եթե հանկարծ Ս. Սարգսյանը դառնա ՀՀ նախագահ, դա, ըստ ԱԺՄ ղեկավարի, կլինի մի մոնոպոլ իշխանություն, որի նմանը Հայաստանում դեռ չի եղել: «Կլինի նույն վիճակը, նույն կեղծիքները, կոռուպցիան, նույն անհեթեթ պետությունըգ : Եվ մի ուրիշ բանի վրա էլ ուշադրություն դարձրեք: Դրանից հետո Անդրկովկասում ի՞նչ պատկեր է ստեղծվում. Ալիեւ, որը ծնվել է Ադրբեջանի թագավորի ընտանիքում, որի հայրը եղել է քաղբյուրոյի անդամ, մարդ, որը ավարտել է ԾթԼԾԿ, որը աշխարհում պտտված, բազմաթիվ կապեր ունի, Սահակաշվիլի, որը միջազգային կապեր ունի, միջազգային կրթություն է ստացել, եւգ երեկոյան բանասիրականն ավարտած Սերժ Սարգսյան: Ու իրենք իրար հետ բանակցություննե՞ր են վարելու: Իրար հավասա՞ր են զգալու, եւ իրար հետ խոսելո՞ւ են: Ես գտնում եմ, որ անհեթեթություն է դա,- հայտարարեց Վ. Մանուկյանն ու հավելեց,- Ես գտնում եմ, որ նրանք, ովքեր քվեարկելու են Սերժ Սարգսյանի համար, նրանք քվեարկելու են պատերազմի համար, որովհետեւ այդ պետության շարունակությունը, երբ օրեցօր Ադրբեջանն ուժեղանում է, իսկ մեր քայլերը միշտ հետ են ընկնում Ադրբեջանից, դա նշանակում է՝ դիմացինին դրդել պատերազմի: Քվեարկել Սերժ Սարգսյանին, դա նշանակում է՝ քվեարկել հօգուտ պատերազմի: Ես դրանում համոզված եմ»: Վ. Մանուկյանը նկատեց, որ եթե ընդդիմությունը մի միասնականանման թեկնածուով չգնա 2008-ի նախագահի ընտրությանը, ապա հնարավոր չի լինի ժողովրդին համախմբել, կեղծիքները նվազագույնի հասցնել, ու ընդհանրապես՝ հնարավոր չի լինի հաղթել: Միաժամանակ նա նշեց, թե «ամեն մի միասնական թեկնածու չէ, որ կարող է հաղթել, ամեն մի թեկնածու չէ, որի շուրջը համախմբվելը մյուսների համար ստորացուցիչ չէ»: Նա նաեւ չթաքցրեց, որ այդ «հաղթող միասնական թեկնածուի» դերում ինքը տեսնում է իրեն, եւ ինչպես պարզվեց քիչ հետո՝ միայն իրեն, կամ գրեթե միայն իրեն: Երբ բանը հասավ միասնական թեկնածուի կոնկրետ անձին, պարզվեց, որ Վ. Մանուկյանն այսօր ասպարեզում չի տեսնում որեւէ մեկին, ում օգտին ինքը պատրաստ է հանել իր թեկնածությունը: Իսկ անդրադառնալով ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի այն դիտարկմանը, թե մեկ անգամ պարտված թեկնածուները չպետք է եւս մեկ անգամ առաջադրվեն՝ Վ. Մանուկյանը նշեց, թե Հ. Բագրատյանի այդ կարծիքի պատճառն այն է, որ Բագրատյանն ինչ-որ մեկի համար ցանկանում է «առաջադրվելու տեղ բացել»: Ակնարկը թերեւս վերաբերում էր ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հնարավոր առաջադրմանը: Հարցին, թե կհանի՞ արդյոք ինքն իր թեկնածությունը, եթե 2008-ին ՀՀ առաջին նախագահն առաջադրվի՝ ՀՀ առաջին վարչապետ Վ. Մանուկյանը պատասխանեց շատ կարճ, բայց կոնկրետ. «Ոչ»: Սակայն այնպես չէ, որ Վ. Մանուկյանը երեկ ընդհանրապես բացառեց, որ ինքը կարող է որոշ դեպքերում այնուամենայնիվ հանել իր թեկնածությունն այս կամ այն թեկնածուի օգտին: Նա երեկ ընդգծեց. «Ես ցանկացած քայլի, ցանկացած անսպասելի քայլի էլ կդիմեմ միայն նրա համար, որպեսզի իշխանությունը նախագահական ընտրությունների ժամանակ փոխվի Հայաստանում»: ԱԺՄ ղեկավարը միայն նշեց, թե այդ հնարավոր անսպասելիությունը դուրս չի գա սահմանադրական շրջանակներից: