Բակո Սահակյանի առաջադրումը պրոբլեմատիկ է

03/06/2007 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Մայիսի 30-ին Ղարաբաղում մեկնարկել է նախագահի թեկնածուների գրանցումը, որը կավարտվի հունիսի 19-ին, իսկ դրա հաջորդ օրը կմեկնարկի նախընտրական քարոզչությունը:

Մայիսի 29-ի երեկոյան ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է «Քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ տնօրեն Ալբերտ Ոսկանյանի նամակը, որում մասնավորապես նշվում է. «Քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը ԼՂՀ նախագահի` 2007թ. հուլիսի 19-ին կայանալիք ընտրությունները համարում է Արցախի անկախ պետականության ամրապնդման ու հետագա զարգացման, միջազգային ճանաչման նպատակին հասնելու գործում անհրաժեշտ հեղինակություն ընձեռնող, ժողովրդավարությանը նվիրվածության քաղաքականությունը աշխարհին ներկայացնելու բացառիկ կարեւորության լավագույն հնարավորություններից մեկը: Այդ պաշտոնում ընտրվելու համար գրանցման ներկայացված 5 (հինգ) թեկնածուների առկայությունը, ժողովրդի կամքով նրանցից մեկին երկրի բարձրագույն պաշտոնում ընտրելու եւ պատասխանատվություն կրելու հնարավորությունը արմատացող ժողովրդավարության կենսունակության անվիճելի փաստ է: Այդուհանդերձ, ակնհայտ է, որ այս ամենը լիարժեք կլինի, եթե ընտրությունները կազմակերպվեն ու անցկացվեն գործող օրենսդրության պահանջներին խստիվ համապատասխան, հնարավորինս անթերի ու քաղաքակիրթ ձեւով՝ սկսած թեկնածուների առաջադրումից՝ մինչեւ ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումը: Այդ մտահոգությամբ եւ առանց հանրապետության նախագահի թեկնածուներից որեւիցե մեկի նկատմամբ կանխակալ վերաբերմունքի, Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում որոշ հանգամանքներ, որոնք, մեր կարծիքով, առաջադրված թեկնածուների գրանցման հարցի լուծման համար էական նշանակություն ունեն: ԼՂՀ Սահմանադրության 62 հոդվածի 2-րդ կետով սահմանված է, որ ԼՂՀ նախագահ կարող է ընտրվել 35 տարին լրացած, վերջին 10 տարում ԼՂՀ քաղաքացի համարվող, վերջին 10 տարում ԼՂՀ տարածքում մշտապես բնակվող եւ ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք: Սահմանադրական այդ նորմի պահանջներն անփոփոխ արտացոլված են ԼՂՀ Ընտրական օրենսգրքում՝ 66 հոդվածի 1-ին կետում եւ այդ հիմքով նաեւ՝ թեկնածուի գրանցման (71 հոդվածի 1-ին եւ 2-րդ կետեր), գրանցումը մերժելու (72 հոդված), անվավեր ճանաչելու (73 հոդված) եւ այլ դրույթներում: Օրենքով նախատեսված այդ պահանջներից որեւէ մեկի բացակայությունն առաջադրված թեկնածուի գրանցումը բացառող հանգամանք է: ԼՂՀ նախագահի թեկնածու առաջադրված պրն Բակո Սահակյանը ԼՂՀ ներքին գործերի նախարար է նշանակվել հանրապետության նախագահի` 1999 թվականի օգոստոսի 2-ի հրամանագրով: Ըստ այդ կապակցությամբ տրված պաշտոնական հաղորդագրության՝ պրն Բ. Սահակյանը 1997թվականից մինչեւ վերոնշյալ նշանակումն աշխատել է ՀՀ ազգային անվտանգության համակարգում եւ այդ համակարգը պաշտոնապես ներկայացրել է Ռուսաստանի Դաշնությունում: Որպես ՀՀ պաշտոնատար անձ՝ նրա աշխատավայրն է հանդիսացել Մոսկվայի ՀՀ դեսպանատունը: Այդ փաստից բխում է, որ որպես ԼՂՀ նախագահի թեկնածու առաջադրված Բ. Սահակյանը վերջին 10 տարում ԼՂՀ տարածքում մշտապես չի բնակվել, սակայն նրա մշտապես բնակվելու մասին տեղեկանք է ներկայացվել: Ելնելով վերոնշյալից, գտնում ենք, որ ԿԸՀ-ի կողմից Բ. Սահակյանին ԼՂՀ նախագահի թեկնածու գրանցումը միանշանակ կգնահատվի որպես ընդհանրապես գործող օրենսդրության եւ հատկապես երկրի հիմնական օրենքի՝ Սահմանադրության կոպիտ խախտում, ինչն էլ ստվեր կնետի ինչպես ընտրությունների, այնպես էլ նորանկախ երկրի ժողովրդավարական իմիջին: Ակնկալում ենք ԿԸՀ-ի կողմից անաչառ քննություն եւ օրինական որոշում»:

ԼՂՀ ԿԸՀ նախագահ Սերգեյ Նասիբյանի խոսքերով, նամակը քննարկման փուլում է:

Հիշեցնենք, որ առաջադրված են 5 թեկնածուներ` ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Բակո Սահակյան, փոխարտգործնախարար Մասիս Մայիլյան, անկախ պատգամավոր Արմեն Աբգարյան, Կոմկուսի առաջին քարտուղար Հրանտ Մելքումյան եւ ԱրՊՀ դասախոս Վանյա Ավանեսյան: