Անցած շաբաթ տնտեսական ամենակարեւոր միջոցառումը Երեւանում կայացած ԱՊՀ Էլեկտրաէներգիական խորհրդի 31-րդ նիստն էր: Հասարակությունն ու մամուլը հազվագյուտ անտարբեր էին այս միջոցառման հանդեպ: Մինչդեռ ավարտից հետո այն բավական հետաքրքիր զարգացումներ ունեցավ: Ցուցաբերված անտարբերությունն, իհարկե, դրական պատճառներ ունի: Էներգետիկ ճգնաժամի հաղթահարումից հետո մենք անտարբեր ենք տնտեսության այս ոլորտի նկատմամբ: Ոլորտ, որի բարեփոխումներն, իրար հերթ չտալով, իրենց լուրջ նվաճումն են համարում ՀՀ իշխանությունները (թե՛ ներկա, թե՛ նախկին), Համաշխարհային բանկի եւ միջազգային տարբեր կառույցների երեւանյան գրասենյակները: Սա, իհարկե, բացատրվում է «Հաղթանակը շատ հայրեր ունի, պարտությունն է որբ» հայտնի բանաձեւով: Էլեկտրաէներգիայի շուրջօրյա մատակարարման վերականգնումից հետո հասարակությանը միայն գերկորուստների խնդիրն էր հետաքրքրում: Սակայն ՀՀ Բաշխիչ ցանցերի սեփականաշնորհումից հետո այս հարցն այլեւս հասարակական հնչեղություն չունի: Կորուստները սեփականատեր ՌԱՕ ԵԷՍ-ի խնդիրն է: Հասարակությանն անգամ չի հետաքրքրում այն փաստը, որ պաշտոնական երկնիշ տնտեսական աճի պարագայում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներն ամեն տարի նվազում են: Բնակիչների ճնշող մեծամասնությունն արդեն դեմքով չի ճանաչում իր «լույսի մարդուն»: Ուստի եթե «Հայլուրը», «Արմենպրեսը» եւ այլ խիստ պատասխանատու լրատվամիջոցները չանդրադառնային ԱՊՀ Էներգետիկ խորհրդի նիստին, ապա դրա անցկացման փաստը, մի քանի մասնագետից բացի, ուրիշներին հայտնի չէր դառնա: Իսկապես էլ առանձնահատուկ ոչինչ տեղի չի ունեցել: Անատոլի Չուբայսը հայտարարել է, որ ՌԱՕ ԵԷՍ-ի բարեփոխումների ընթացքը «որեւէ կերպ չի անդրադառնա այդ ընկերությանը պատկանող հայաստանյան ընկերությունների եւ հատկապես Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության գործունեության վրա»: Պատճառն այն է, որ մեր ընկերությունները ՌԱՕ ԵԷՍ-ի դուստր` «Ինտեր ՌԱՕ»-ի սեփականությունն են: Իսկ այս ընկերության բաժնետոմսերի 50 տոկոսի սեփականատերը Ռուսաստանի կառավարությունն է: Խորհրդի նիստերի արանքում ռուս սեփականատերերը լրագրողներին վստահեցնում էին, որ շարունակելու են խոստացված ներդրումները: Ավելին, Ա. Չուբայսը խոստացավ, որ կավարտվեն Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի գործարկման աշխատանքները:
Սրանք, իհարկե, լիրիկական եւ դժվար իրականացվող խոստումներ են: Չուբայսն ամեն անգամվա նման նորից ուրախ-ուրախ նշեց, որ վարձավճարների հավաքագրումը կատարվում է 100 տոկոսով: ԱՊՀ մյուս անարդյունավետ կառույցների նման էներգետիկների խորհուրդն էլ իր նիստում շատ «կարեւոր» հարցեր քննարկեց: Առաջինը միացյալ էներգահամակարգ ստեղծելու գաղափարն էր: Երկար քննարկումներից հետո այդ պայմանագիրը ստորագրեցին Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը եւ Ղրղըզստանը: Սակայն անգամ պաշտոնական քարոզչամեքենան չհպարտացավ այս փաստով: Եթե ստորագրած մյուս բոլոր երկրների համար միացյալ էներգահամակարգ ստեղծելը տեխնիկապես հնարավոր խնդիր է, ապա Հայաստանի պարագայում դա անհավատալի է: Այս փաստաթղթի տակ Հայաստանի ստորագրությունը լուրջ ընդունող մարդուն կարելի է ֆանտաստ, կամ անուղղելի երազող համարել: Առայժմ ոչ մի երկրի չի հաջողվել անմիջական հարեւաններին շրջանցելով՝ միասնական էներգահամակարգ ստեղծել հեռավոր (վիրտուալ) «հարեւանների» հետ:
Որպեսզի տպավորություն չստեղծվի, որ էներգետիկների հավաքը պարապ զբաղմունք է, հայտարարվեց, թե Հայաստանն ու Ռուսաստանը քննարկել են նոր ատոմակայանի կառուցման հարց: Հայտնի է, որ Արեւմուտքը բավական կոշտ տոնով պահանջում է փակել գործող ՀԱԷԿ-ը: Ուստի Հայաստանն այլընտրանք է փնտրում: Փոխնախարար Արեգ Գալուստյանի խոսքերով՝ հայ-ռուսական աշխատանքային խումբ է ստեղծվել նոր ատոմակայանի կառուցման հարցերը քննելու համար: Առանձնահատուկ ընդգծվեց, որ խնդիրը դեռ նախնական քննարկումների փուլում է: Ճակատագրի հեգնանքով հենց այդ օրը ռուսական լրատվամիջոցները տեղեկատվություն տարածեցին, որ վթար է եղել Կալինինի ԱԷԿ-ում: Բայց սա կարեւոր չէ: Կարեւորը Արեւմուտքի համար համոզիչ որեւէ պատասխան գտնելն է: Եվ մայիսի 30-ին կայացավ ՀՀ նախագահին կից Ատոմային էներգետիկայի խորհրդի նիստ: Նախագահ Քոչարյանը նիստում ասել է, որ կառավարությունը կոնկրետ քայլեր է կատարում գործող ատոմակայանը գործարկումից հանելու համար: Էներգետիկայի նախարարությունը երկու ամսվա ընթացքում կառավարությանը պիտի ներկայացնի ԱԷԿ-ը շահագործումից հանելու ռազմավարությունը: Սա արեւմտյան պահանջի կատարում է (կամ դրա իմիտացիա), որովհետեւ ռազմավարությունը մշակվել է Եվրամիության տեխնիկական աջակցությամբ:
Մյուս կողմից՝ խորհրդի նիստում նշվել է, որ ԱԷԿ-ը լիովին համապատասխանում է ՄԱԳԱՏԷ-ի անվտանգության չափանիշներին: Ենթադրվում է, որ մեր ԱԷԿ-ը կշահագործվի մինչեւ 2016թ.: Ավելին` պաշտոնապես չմերժելով ատոմակայանը շահագործումից հանելու արեւմտյան պահանջը, մեր իշխանությունները միանշանակ չեն պնդում, որ այն 2016-ին կդադարեցնի աշխատանքը: Էներգետիկ անվտանգության մասին տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է. «Դրա (ԱԷԿ-ի.-Ա.Գ.) հետագա շահագործման մասին հնարավորությունը պարզ կդառնա 2015-16թթ.-ին կատարվելիք ստուգումներից եւ չափումներից հետո»: ԱՊՀ խորհրդի նիստից անմիջապես հետո այս օրակարգով Ատոմային էներգետիկայի խորհրդի նիստ գումարելն իսկապես կոմպլեմենտարիզմի փայլուն օրինակ է: Այդ խորհրդի վերջին նիստը կայացել էր 2005-ի հոկտեմբերին: Այնպես որ, ԱԷԿ-ի ճակատագիրն առայժմ պարզ չէ: Բայց Արեւմուտքին «չզայրացնելու» համար Ատոմային էներգետիկայի խորհրդի նիստում նշվել է, որ Հայաստանը մտադիր չէ զբաղվել ուրանի հարստացմամբ եւ մտադիր է միանալ «ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողությամբ միջուկային ցիկլերի կենտրոնների ստեղծման գաղափարին»: Թե ինչպես է որեւէ երկիր միանում որեւէ գաղափարի, երեւի գիտի այս նախադասություն-լուրը տարածող լրատվամիջոցը: Որովհետեւ, ըստ նրանց՝ «այդ առումով համաձայնություն կա Ռուսաստանի հետ»: