Մայիսյան տապն արդեն իսկ խոստանում է թեժ ու սաստիկ շոգ ամառ: Երեւանի շոգից «փախչելու» համար նախադրյալներ արդեն կան, ու հանգստի համար որոշակի գումար նախատեսած մարդիկ պետք է կողմնորոշվեն, թե որտեղ հանգստանալ: Տուրիստական գործակալությունների հետ համագործակցող մի ներկայացուցչի կարծիքով, ՀՀ քաղաքացիներն այս տարի դժվար թե նախընտրեն հանգստանալ Քաբուլեթիում եւ Անթալիայում:
Օրինակ, անցյալ տարի հարեւան Վրաստանում իրենց ամառային հանգիստը վայելողները մեկ օրը լավագույն դեպքում 5-6 լարիով էին բնակարան վարձում (սնվելու հետ միասին՝ մեկ օրը Քաբուլեթիում 2006թ. ամռանն արժեցել է միջինը 10-12 լարի` 6-7 դոլար), ինչը առավել էժան տարբերակ էր Հայաստանի սահմաններում հանգիստը կազմակերպելու համեմատ: Այս տարի, սակայն, արդեն անհնար է դառնում մատչելի գներով Սեւ ծովի ափին հանգստանալը, քանի որ Վրաստանում գազի սակագների 50%-ով թանկացմանը զուգահեռ՝ երկու անգամ թանկանալու են նաեւ բազմաթիվ ծառայությունների սակագները: Կանխատեսումների համաձայն, Հրանտ Դինքի սպանությունից հետո` քաղաքական դրդապատճառներով, կփոքրանա նաեւ Թուրքիա մեկնող զբոսաշրջիկների թիվը:
Ի տարբերություն հայ զբոսաշրջիկների, եվրոպական երկրներում զբոսաշրջության ժամանակաշրջանը բաժանվում է երկու փուլի. առաջինն ապրիլ-օգոստոս շրջանն է, որը կոչվում է երիտասարդական, իսկ սեպտեմբեր-նոյեմբերը 50-60 տարեկանների շրջագայելու ամիսներն են: Հայաստան սովորաբար հանգստանալու են գալիս հիմնականում Գերմանիայի, Հունաստանի, Հոլանդիայի, Ավստրիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի քաղաքացիները: Արտասահմանցիներին Հայաստանում հետաքրքրում է հայ ժողովրդի կենսակերպը, կենցաղը: «Օրինակ, հույներն ուզում են իմանալ, թե հայերն ինչպե՞ս են ապրում: Նրանց համար Հայաստանն ավելի էժան երկիր է, քան Կիպրոսը: Այնտեղ 5 օր հանգստանալու փոխարեն նրանք Հայաստանում մնում են 1 ամիս»,- նկատում է Երեւանի միջին կարգի հյուրանոցային համալիրներից մեկի ներկայացուցիչը, ով նախկինում աշխատել է նաեւ արտասահմանյան տուրիստական ընկերությունում: Միջին կարգի հյուրանոցներն, ի տարբերություն բարձրակարգ հյուրանոցների, որոնք առավելապես համագործակցում են տուրիստական գործակալությունների հետ (ողջ ֆինանսական պատասխանատվությունը վերջիններս կրում են իրենց վրա), ամռան թեժ սեզոնին սպասարկում են հիմնականում անհատ զբոսաշրջիկների: Ըստ մասնագետների, Հայաստան այցելած օտարերկրյա զբոսաշրջիկները երբեմն գերադասում են բնակարաններ վարձակալել, քան հյուրանոցային ծառայություններից օգտվել: «Մեծամասնության համար կոմֆորտն էական չէ, որովհետեւ իրենց բնակարաններում նրանք ունեն այդ կոմֆորտը: Նրանց համար կարեւորը շատ տեսարժան վայրերում լինելն է: Դրա համար բարձրակարգ հյուրանոցային ծառայություններից օգտվում են առավելապես «բիզնես-կլասի» մարդիկ, որոնք գործնական նպատակներով են այցելում Հայաստան»,- ասում է մեր զրուցակիցը: Մշակութային արժեքներին ծանոթանալու նպատակով Հայաստան այցելած հյուրերի համար մեկ օրվա ծառայությունն արժե 4-5 հազար դրամ: Իսկ մեկ օրվա ընթացքում 3 տեսարժան վայր մեկնելու 8-ժամյա ուղեւորությունը մեկ անձի համար սկսվում է 5 հազար դրամից: Հետաքրքիր է նաեւ այն, որ արտասահմանցիները նախընտրում են փողոցներին մոտ գտնվող սրճարանները, եւ ամենակարեւորը` արագ սպասարկումը: Ոլորտի ներկայացուցչի ասելով, Հայաստան այցելած զբոսաշրջիկները հիասթափվում են ռեստորանային սպասարկումից: «Նրանց համար շատ կարեւոր է, որ իրենց նախապես տեղեկացնեն, թե քանի րոպեում պետք է պատրաստվի իրենց պատվերը: Պատվիրելով եւ կես ժամ սպասելով, զբոսաշրջիկները զղջում են եւ հեռանում ռեստորանից: Արտասահմանցիները հիասթափվում են նաեւ, երբ մեր մատուցողներն անգլերեն չեն իմանում: Օրերս «Մոսկվա» կինոթատրոնի հարեւանությամբ երկու արտասահմանցի զբոսաշրջիկներ անգլերենով բուկինիստական գրախանութի հասցեն էին ուզում ճշտել, իսկ անցորդներն արհամարհական տոնով նրանց հեգնում էին ու հեռանում: Երբ ես նրանց ուղեկցեցի գրախանութ եւ անգլերենով հաղորդակցվեցի, նկատեցի` որքան հիասթափված են հայ ժողովրդից: Արտասահմանում սովորական երեւույթ է անցորդին, մանավանդ, օտարերկրացուն ժպտալն ու բարեւելը: Երբ նրանք իրենց երկրում պատմեն Հայաստանից, հիշելու են հայ ժողովրդի` մարդկանց հետ հարաբերվելու ցածր կուլտուրան»,- ասում է մեր զրուցակիցը: Նա հիշեց նաեւ, որ անցյալ տարի, երբ փողոցում հայտնված զբոսաշրջիկների խմբին ուղեկցել է «Հին Էրիվան» ռեստորան, շատ զարմացել է, որ աշխատակիցներից որեւէ մեկը չի կարողացել հաղորդակցվել անգլախոս հաճախորդների հետ: Երկրում 2000թ. սկսած զբոսաշրջությունը գերակա ճյուղ հայտարարելուց բացի, մի փոքր էլ պետք է մտածենք մեր սպասարկման ոլորտի թերությունների եւ էթիկայի տարրական կանոնների բացակայության մասին: