«Հանքարդյունաբերությունն այսօրվա դրությամբ տնտեսության մեջ ամենամեծ ներդրումներ բերող հատվածն է: Ընդերքի շահագործման մասին նախկինում ունեցած պահանջները փոխարինվեցին նորովի մոտեցումներով: Ամրագրվեց, որ ընդերքը հանդիսանում է պետական սեփականություն»,- մեր հարցազրույցի սկզբում ասաց ՀՀ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը:
– Միացյալ Նահանգներում ընդերքը ոչ միայն պետական սեփականություն է, այլեւ ընդերքի շահագործողն էլ է պետությունը: Հայաստանը որդեգրել է Չիլիի՞ փորձը:
– Չեմ կարող ասել, որ Չիլիի փորձն է, սակայն աշխարհի երկրներից` Ավստրալիայում` Կանադայում, Ղազախստանում, Չինաստանում, Հնդկաստանում, Ֆինլանդիայում, Ռուսաստանում եւ շատ ու շատ այլ երկրներում մոտեցումն այնպիսին է, ինչպես Հայաստանում:
– Նշյալ երկրների պաշարները կարելի՞ է համեմատել Հայաստանի ունեցածի հետ:
– Կարեւոր չէ, թե ինչպիսի՞ պաշարներ ունես, կարեւոր է, թե ինչպիսի՞ մոտեցում ես որդեգրում ընդերքի շահագործման հարցում: Հայաստանն ընդունեց այն գաղափարախոսությունը, որ ընդերքի ուսումնասիրության առաջին փուլում կատարում է տարածաշրջանային երկրաբանություն` նախնական կանխատեսումներ է տալիս եւ մատնանշում է այն հնարավոր վայրերը, որտեղ կան որոշակի գոյացություններ: Երկրորդ փուլում մասնավոր ներդրողներին թույլատրում ենք կատարել երկրաբանական ուսումնասիրություններ: Երրորդ փուլը շահագործման փուլն է: Երկրաբանական ուսումնասիրությունների ավարտը համարվում է պաշարների հաստատումը, որից հետո է միայն սկսում շահագործման փուլը: Ռացիոնալ շահագործման առումով մենք դեռեւս խնդիրներ ունենք: Այս փուլի ժամանակ պետությունը պետք է ֆիքսի այն մոտեցումները, որը կապահովի տնտեսվար շահագործում` պահպանելով բնապահպանական նորմերը: Հիմնական գաղափարախոսությունն այն էր, որ արդյունահանված պաշարը փոխարինվեց մարված պաշար հասկացողությամբ: 2001 թվին շատ ընդերք շահագործողներ վիճարկում էին, թե ընդերքի շահագործման ընթացքում կորուստներ են ունենում` ճանապարհին թափվում է հանքաքարը, արդյունահանման ընթացքում ունենում են աղքատացում եւ այլն: Պետությունն ամրագրեց, որ նախատեսված դեպքերից դուրս կորուստները տնտեսվարողի խնդիրն է համարվում, եւ վերջինս պարտավոր է մարված պաշարի չափով կատարել պետբյուջեի նկատմամբ ունեցած իր պարտավորությունները: Կորուստներից խուսափելու համար տնտեսվարողը պետք է տեխնոլոգիական ներդրումներ կատարի:
– Ի՞նչ պարտավորություններ ունեն երկրաբանական ուսումնասիրություններ կատարող կազմակերպությունները:
– Երկրաբանական ուսումնասիրության նպատակով այս պահին գրանցված է մոտ 110 կազմակերպություն: Հայաստանը բավականին հարուստ է ոչ մետաղական հանքավայրերով` ընդհանուր հաստատված պաշարներով հաշվվում է մոտ 550 հանքավայր: Երկրաբանական ուսումնասիրության իրավունք ունեցողները պարտավոր են իրենց իսկ կողմից ներկայացված ժամանակացույցով եւ ծրագրով ժամանակին կատարել աշխատանքները, ներկայացնել հաշվետվություններ եւ վճարել համապատասխան վճարները` բնապահպանական, կոնցեսիոն վճարը, հողի հարկը:
– Նշեցիք, որ մոտ 110 կազմակերպություններ են ուսումնասիրություններ իրականացնում: Բոլորն էլ տեղակա՞ն կազմակերպություններ են:
– Այնքան էլ չեմ հետաքրքրվում, թե որտեղի կազմակերպություններ են, որովհետեւ գործունեության առումով առանձնահատկություններ չունեն: Այսպես ասած` դրսի կազմակերպությունների արյունը մեզ համար ավելի կարմիր չէ: Ներդրումային տեսանկյունից էլ չունեն համապատասխան պարտավորություններ:
– Նախադեպեր կա՞ն, որ հետազոտողը ոչինչ չի հայտնաբերել եւ աշխատել է վնասով: Այդ դեպքում ո՞րն է լինելու հետազոտողի օգուտը:
– Նման դեպքեր եղել են: Անցյալ տարի մետաղական 8 հանքավայրերի երեւակումների, ուսումնասիրությունների արդյունքում համապատասխան քանակություններ չեն գտնվել: Սա նրա ռիսկն է: Իսկ քանակությունների հայտնաբերման դեպքում էլ հանքավայրի շահագործման առաջին իրավունքը մինչեւ 2007 թվականը հետազոտողինն է: Շահագործման բնապահպանական վճարը շատ չնչին է` մետաղականի դեպքում շուկայական գնի 1.5-2 տոկոսն է կազմում, իսկ ոչ մետաղականի դեպքում հաստատագրված է, որը չի գերազանցում շուկայական գնի 3.5-4 տոկոսը: Օրինակ, ոսկին վճարում է շուկայական գնի 1.5 տոկոսի չափով բնապահպանական վճար: Եթե ոսկու 1 գրամը շուկայում 20 դոլար է, ապա բնապահպանական վճարը կազմում է 30 ցենտ:
– Բնապահպանական ուսումնասիրություններ կատարող մոտ 10 կազմակերպություններ էլ գրանցված են ձեր ընտանիքի անդամների անուններով: «Սուրարտ» ՍՊԸ-ն ձեր եղբոր՝ Սուրեն Այվազյանի անունով է գրանցված, «Նագինը» ներկայացնում են ձեր կինն ու որդին:
– Իմ ընտանիքի անդամներն էլ ՀՀ քաղաքացիներ են եւ կարող են օրենքով թույլատրված ցանկացած գործունեություն անել: Սա` իմիջիայլոց: Ես երկու եղբայր ունեմ` Գագիկը եւ Բագրատը: Ինչպես տեսնում եք` ձեր նշած «Սուրարտ» ՍՊԸ-ի Սուրեն Այվազյանն իմ եղբայրը չէ: Կարող եք ստուգել, որ «Նագին» ՍՊԸ-ն էլ կապ չունի իմ կնոջ եւ որդու հետ:
– «Գլոբալ գոլդ մայնինգ» երկրաբանական հետազոտություններ կատարող կազմակերպությունն իրեն Հանքավանի հանքավայրերի ուսումնասիրման լիցենցիայից զրկելու փաստը վիճարկել է միջազգային դատարանով: Նախարարությունն այս հանքավայրի ուսումնասիրման իրավունքը հանձնել էր «Ինտերյեր» ՍՊԸ-ին:
– «Ինտերյեր» ՍՊԸ-ն ոչ մի հանքային իրավունք ներկա պահին չունի: Ապրիլին է զրկվել այդ իրավունքից, որովհետեւ ոչ մի գործ չի արել տվյալ տարածքում: «Գլոբալ գոլդը» վիճարկում է Հանքավանի եւ Մարջանի տեղամասերի համար` հիմնավորելով, թե մենք խտրականություն ենք դնում: Այս կազմակերպությունն այլ տեղամասեր էլ ունի, սակայն այդ մասերում ոչ մի խնդիր էլ չունի: Այս մասին չեմ ցանկանում մեկնաբանություններ անել, քանի որ այս հարցը գտնվում է դատական գործընթացի մեջ: Միայն մի բան կարող եմ ասել բողոքող կողմին, դատական գործընթացի ավարտից հետո թող իրենց փաստերը հանրությանը ներկայացնեն դեմ առ դեմ, մենք՝ մերը, իրենք` իրենցը:
– Եթե միջազգային ատյանի վճիռը կայացվի հօգուտ «Գլոբալ գոլդի», ի՞նչ է պարտադրվելու Հայաստանին, եւ կամ ի՞նչ է պարտադրվելու «Գլոբալ գոլդին» դատական գործընթացը տանուլ տալու դեպքում:
– Վիճարկվող հանքավայրերից մեկը ներկայումս ազատ է եւ աճուրդով դրվելու է վաճառքի: «Գլոբալ գոլդը», ցանկության դեպքում, կարող է մասնակցել աճուրդին: Եթե որոշվի, որ Բնապահպանության նախարարը խտրականություն է դրսեւորել վերջինիս նկատմամբ եւ ապօրինի զրկել է հանքային իրավունքից, ապա այդ հանքավայրն առանց աճուրդի կտրվի «Գլոբալ գոլդին»: Իսկ երկրորդ հանքավայրի մասով, որը ազատ չէ, պետք է ինչ-որ վնասներ փոխհատուցվի, եւ այդ որոշումն էլ կարող է ուժի մեջ մտնել ՀՀ-ի դատական վճռից հետո միայն: Իսկ եթե «Գլոբալ գոլդը» տանուլ տա, ապա ներողություն կխնդրի եւ վերջ:
– Գաղտնիք չէ, որ հանքավայրերի շահագործումն ընթանում է բնապահպանական մեծ խախտումներով: Գործարանների սեփականատերերի համար շատ ավելի էժան է վճարել բնապահպանական տույժերը, քան գնել արտանետումների նվազեցման պարտադիր պայման` բավականին թանկ արժեցող ֆիլտրերը:
– Նախկինում «Արարատի ոսկու գործարանին» թույլատրվել էր մոտ 40 անգամ գերազանցել թույլատրելի ցիանիտի պարունակությունը: Մեր կողմից ներկայումս հստակ պահանջներ են դրվել եւ, եթե նորմայից դուրս են գալիս, ապա գործում է պատժամիջոցների համակարգը:
– Խնդիրը միայն Արարատի ոսկու մեջ չէ, նույնն է նաեւ Քաջարանի եւ Ալավերդու պղնձամոլիբդենային կոմբինատների համար:
– Լինում են դեպքեր, երբ վթարային իրավիճակում լինում են նորմաները գերազանցող արտանետումներ: Մենք այս արտադրական հզորությունները ժառանգել ենք եւ պետությունն այս միավորներին՝ արտանետումները թույլատրելիին հասցնելու համար պետք է ժամանակ տրամադրի, թեպետ զգալի բարձրացվել է բնապահպանական տուգանքների շեմը եւ բավականին նվազել են արտանետումների քանակները: Բացի այդ, նրանք այս ուղղությամբ առաջին 5 տարիների համար իրականացվելիք ծրագիր ունեն:
– Ե՞րբ է արդիական դառնալու պոչամբարների վերամշակումը: Մասնագետների կարծիքով՝ պոչամբարները կարող են էկոլոգիական աղետի հանգեցնել:
– Բոլոր պոչամբարներն ունեն էկոլոգիական փորձաքննության հետ կապված բոլոր անհրաժեշտ թույլտվությունները: Պոչամբարների շահագործման խնդիրը, բնապահպանական տեսանկյունից բացի, այլ կողմից է պետք դիտարկել` արդյոք տնտեսապես ձեռնտո՞ւ է, թե ո՞չ: Պետությունն ի սկզբանե ամբողջ բնապահպանական վճարը վերցնում է մարված պաշարից: Բնապահպանական վճարը գանձվում է հանված հանքաքարից, եւ հետագայում շահագործողին են պատկանում իր պոչամբարները, եւ նա է դրա շահագործման նպատակահարմարության մասին որոշում կայացնողը: Ամեն մի ընդերք շահագործող, եթե արդարացված չի համարում պոչամբարների մշակումը, ապա տվյալ տեխնածին հանքավայրը, պահպանելով բնապահպանական նորմերը, ռեկուլտիվացիա է արվում` ծածկվում է հողով եւ բուսածածկույթ է առաջացվում: Սա նույնն է, թե չշահագործված հանքավայրը: Տեխնածին հանքավայրերը կարող են շահագործման համար հետաքրքիր դառնալ, եթե տվյալ մետաղի գինը բարձրանա միջազգային շուկայում: Եթե սեփականատերը հրաժարվի իր պոչերի մշակումից, ապա պետությունը կարող է այդ տեխնածին հանքավայրի մասով նոր շահագործող գտնել:
– Հանքավայրերի անսահմանափակ քանակության արդյունահանման թույլտվությունը չի՞ հանգեցնում ոչ ռացիոնալ շահագործման, որի արդյունքում էլ պոչերում զգալի տոկոս է կազմում պիտանի մետաղների քանակությունը:
– Եթե շահագործողը պահպանում է հաստատված հանքային մարմնի քանակությունը, ապա կարող է շահագործել անսահմանափակ ծավալներ: Եթե խախտում է նախագծային տարբերակը, եւ հանում է միայն հարուստ մասերը, ապա պետք է վճարի ընդհանուրի համար: Մեր հիմնական վեճերը դրա շուրջ են, եւ այս տիպի խնդիր հաճախակի է առաջանում «Արարատի ոսկու գործարանի» հետ: Հարց է ծագում. հետագայում ո՞վ պետք է շահագործի քիչ հանքանյութերով հարուստ մասերը: Կոնկրետ Քաջարանի ընդհանուր պաշարներն ըստ երեւակումների՝ տատանվում են մոտ 4.5-5մլրդ տոննայի սահմաններում: Այս պահին շահագործվող հանքավայրի պաշարը նախկինում հաստատվել էր 1.8 մլրդ տոննա, իսկ ներկայումս վերագնահատման արդյունքում 2.6 մլրդ տոննայի է հասել: Մոտ 800 մլն-ով ավելացել է: Երբ խոսում են Թեղուտի պաշարների մասին, ասում են, թե շատ մեծ պաշարներ ունի, իսկ այնտեղ մոտ 500 մլն տոննա պաշար կա: Մինչդեռ Քաջարանում վերագնահատումից է 800 մլն-ով ավելացել: Այստեղից ակներեւ է, չէ՞, թե ի՞նչ մեծ թվի մասին է խոսքը: Շահագործողներին էլ է ձեռնտու արդյունահանել նաեւ ոչ այնքան հարուստ հատվածները, քանի որ միջազգային շուկայում մոլիբդենի գինը զգալի բարձրացել է: