Շարունակելով տաքսու վարորդների հետ զրույցների մեր շարքը, այս անգամ թեման ընտրեցինք նրանց առաջարկով: Տաքսու վարորդներից շատերի կարծիքով` այսօր, ավելի քան երբեւէ, պետք է խոսել արժեքային համակարգի մասին եւ փորձել հասկանալ, թե հայ մարդը մեր օրերում ի՞նչ արժեքների կրող է:
«Քշածդ տաքսի չի՞»
Վարորդ Արամայիսը, սուր քննադատության ենթարկելով նոր սերնդին, փորձում է մեկնաբանել, թե ինչո՞ւ է մեր երիտասարդությունն այսքան «դատարկամիտ»: «Չմտածեք, թե մենակ ուրիշների երեխաներին եմ ասում: Ամբողջ օրը երեխաներիս գլխին էլ եմ քարոզ կարդում: Գիտե՞ք ինչն է ինձ կատաղեցնում, որ էսօրվա երիտասարդները գիրք կարդալը համարում են ժամանակի ավելորդ կորուստ: 10-րդ դասարանցի իմ տղայի համար ես գրքեր եմ առանձնացնում ու ստիպում, որ կարդա, բայց միեւնույն է` ստիպելով չես կարող մարդուն կրթել: Էն օրն ասում եմ` քո վերջն ի՞նչ է լինելու, ավարտելու ես ու գնաս ասֆալտ թափե՞ս: Վրես ծիծաղում է, ասում է` քույրի՞կ եմ, ի՞նչ եմ, ամբողջ օրը գիրքն առնեմ, նստեմ-կարդամ: Ասում եմ` ա՛յ բառադի, քո հերը քույրի՞կ է, որ ամբողջ կյանքում կարդում է: Ես վարորդ մարդ եմ, բայց մինչեւ հիմա գրքի սիրահար եմ: Երբ պատվեր չեմ ունենում` մեքենան մի տեղ կանգնեցնում ու սկսում եմ գիրք կարդալ: Ապշում եմ դրանց մտածելակերպի վրա: Նույն կերպ էլ իր դասարանի տղաներն են մտածում: Ասում է` կամպյուտեր առ՝ սովորեմ: Ես էլ ասում եմ` կամպյուտերն էլ որ առնեմ, ուրեմն` սա լրիվ դառնալու ա տուպոյ, ամեն ինչն իրա փոխարեն կամպյուտերն ա անելու: Պատկերացրե՛ք, որ նույնիսկ դոլարը բջջային հեռախոսի կալկուլյատրով ա հաշվում: Ասում եմ` տղա, մի քիչ ուղեղդ աշխատացրու, ժանգոտել ես: Ասում ա` որ դու աշխատացրել ես` ի՞նչ, տաքսի չե՞ս քշում: Առանց ամաչելու ինձ ասում ա` դու կարդացած ես` ավտո ես քշում, իսկ չկարդացածները երկիր են ղեկավարում: Իմ նմանները վերեւներում տեղ ունեն, իսկ գիրք կրծողները վերեւներին ծառայողներն են: Որպես ծնող՝ շատ վիրավորական է, իրոք ցավ ես զգում, երբ երեխադ էդ խոսքերը շպրտում է երեսիդ, բայց մյուս կողմից էլ սրտի խորքում գիտեմ, որ ինքը ճիշտ է ասում: Ինչ տեսնում է` էն էլ ասում է: Ասում եմ` հասկանո՞ւմ ես, որ չկարդալու արդյունքում վատ օրենքներ են գրվում, երկիրը թուլանում է, մարդիկ իրենց երկրում իրենց պաշտպանված չեն զգում, կրիմինալը շատանում է: Ասում է, է՜, դու որ գրադարանների բոլոր գրքերը կարդացել ես, դու ղեկավարեիր, լավ օրենքներ գրեիր, մենք էլ մեր երկրում պաշտպանված կլինեինք: Ո՞ւմ է պետք քո գիտելիքը, եթե էսօր դու տեղ չունես: Ասում եմ` ինձ է պետք, քեզ ու քրոջդ է պետք, որ կարողանամ դաժե ծեծելով գիրք կարդալ սովորեցնեմ: Մի խոսքով` դժվար է երիտասարդությանն էսօր մի բան համոզել, ինչն, իրոք, իրենց պետք չի: Ջահելների արժեքային համակարգը ձեւավորվում է մեքենաների շքեղությամբ, բջջայիններով ու փողով: Ով ունի էս ամեն ինչը, ուրեմն` ինքը մեծ մարդ է»,- ասում է Արամայիսն ու թվարկում է այն գրքերի անունները, որոնք, ճիշտ է, մի քանի անգամ կարդացել է, բայց պատրաստ է նորից կարդալ:
«Էն հյուրասեր, բացսիրտ հայ մարդուց բան չի մնացել»
Վարորդ Գուրգենը համարում է, որ հայ մարդն այսօր կորցրել է իր դիմագիծը եւ չի էլ փորձում լավ ավանդույթները վերականգնել. «Չես կարա մարդուն մեղադրես, որովհետեւ մեր ժամանակները մարդուն շատ են փոխել: Էսօր մարդն ամեն ինչ անում ա իրա համար, ու ուրիշի համար ինչ-որ բան անելու մասին չի մտածում: Տարրական օրինակ բերեմ: Առաջ մեկը մտներ տունդ` գլխի վրա կընդունեիր, կհարգեիր, կպատվեիր ու կճանապարհեիր: Իսկ էսօր մեկը հյուր ա գալիս` լարվում ես, չգիտես՝ ո՞նց մեջտեղիցդ ճղվես, որ ամոթով չմնաս: Ճիշտ ա, շատ ես ուզում, որ հարազատությունդ գա-գնա, բայց որ գիտես՝ պարտքի տակ ես ընկնելու` ճնշվում ես, չես կարում ազատ շփվես: Ես Ռուսաստանում ապրող մի բարեկամ ունեմ, ով սովետի տարիներին ամեն տարի գալիս էր Հայաստան: 3-4 ամսով ապրում էր իմ տանը, տանում, ման էի տալիս, Հայաստանով մեկ պտտում էի, քեֆեր ու հավաքույթներ էինք կազմակերպում: Էն ճգնաժամային տարիներից հետո էդ ախպերս ռիսկ չի անում ստեղ ոտք դնի: 10 տարուց ավելի ա, ինչ իրար չենք տեսել: Գիտի, որ բոլորս էլ նույն օրի ենք. եթե կարում ա` օգնում ա, չի կարում` չի օգնում: Ուզում եմ ասել, որ էն հյուրասեր, բացսիրտ հայ մարդուց բան չի մնացել: Էսօր աշխարհով մեկ հպարտանում ենք, թե հայերը հյուրասեր, բացսիրտ ազգ են, բայց, հավատացեք, որ էդ ավանդույթներից բան չի մնացել: Եթե անում էլ ենք, ուրեմն` մի քանի ամիս զրկանքներով ենք ապրում: Է հա, կա մի խավ, որ տանն էլ չէ, ռեստորաններում ա հյուրասիրում, բայց էդ մի շերտ ա, որը սովորական, իսկական հայ մարդու հետ կապ չունի: Ամերիկացին ու ռուսն էսօր ոտք ա դնում Հայաստանի գյուղերն ու շշմում ա: Գյուղացին, որ ցորենին «կակա» ա ասում, իրա երեխեքի բերանից կտրում ա, հյուրասիրում ա օտարին: Օտարը զարմանալով հեռանում ա, բայց չգիտի, որ էդ հյուրասիրության արդյունքում գյուղացու երեխեքը սոված են քնում: Մեր արյան մեջ շատ լավ արժեքներ կան, բայց ժամանակի հետ մարդու բնավորությունը, արժեքային համակարգը զրոյանում ա, որովհետեւ սոցիալական անապահովությունը մարդուն չարացնում ա»,- վստահեցնում է Գուրգենն ու հայ ժողովրդին կոչ է անում երբեք չմոռանալ այն արժեքները, որոնք հայ մարդու նկարագիրն են: «Օրինակ` հայկական ավանդական ընտանիքը. ոչ մի ազգության մեջ չկա էդ արժեքը, որովհետեւ հայի համար առաջնայինն իր ընտանիքն ա: Էդքան հայ տղամարդ գնաց օտար երկրներ, ուրիշ կանանց հետ քարշ եկավ ու քանդեց իր ընտանիքը: Եթե անկեղծ խոսանք, ապա լիքը հայ տղամարդ օտար երկրներում լեւի կին ու երեխեք ունի: Էնքան մարդ կա, որ մի կրակոցով երկու նապաստակ ա բռնել, ու մի ոտքը ստեղ ա, մեկն էլ` էնտեղ, բայց ստեղ իրանց ընտանիքները տեղյակ էլ չեն: Ուզում եմ ասել, որ մեր ամենալավ սովորույթները քանդվում են, բան չի մնում մեզնից: Էսօրվա ջահելությունն արդեն չի էլ ձգտում ամուսնանալ, ընտանիք կազմել, երեխա ունենալ, որովհետեւ իրար հետ կապվում են, երեխա են ունենում ու թողնում, մի ուրիշի հետ են ման գալիս: Հիմա շատ աղջիկներ չեն ամուսնանում, որովհետեւ մի տղամարդով չեն բավարարվում: Մեկի հետ ման են գալիս, հետո՝ ուրիշի հետ, հետո մի ուրիշից էլ երեխա են ունենում ու կյանքից, ժառանգությունից շատ գոհ ու երջանիկ են լինում: Էդ ամերիկական ստիլը քանդեց մեր երկիրը: Ամերիկայի մի քաղաքացի ամուսնանում ա մի կնոջ հետ, թողնում ա, հետո էդ երեխեն իրա մամայի ընկերոջն ա պապա ասում, իսկ պապան էլ ուրիշ կնոջ երեխուն ա պրիզնատ գալիս: Տենց ո՞նց կլինի, լրիվ բարդակ ա: Գենետիկան կորում ա, փլավ ա դառնում: Կամ էդ ամեն ինչի մեջ երեխեն ի՞նչ դաստիարակություն պիտի ստանա»,- ասում է Գուրգենն ու վստահեցնում է, որ մեր օրերում երեխաների համար հերոսները մականունավորներն ու քրեական հեղինակություններն են:
«Վազգենը հերոս էր»
Վարորդ Վարդանն էլ նույն կերպ է մտածում եւ համարում է, որ այսօրվա մեր հերոսները թաղային եւ քրեական հեղինակություններն են. «Մեր շենքում էլ տենց մի հաբռգած, անհանգիստը կա, որ, եթե շաբաթը մեկ քֆուր-քյաֆարով դեբոշ չսարքի, ուրեմն` գիշերը չի քնի: Ամբողջ թաղը դրանից դոշ ա թափ տալիս: Մի օր կնկան ա ծեծում, մյուս օրը՝ հարեւանին, էն մյուս օրն էլ շենքի բնակիչներին ա քֆրտում, ու հլը փորձի իրան կարգի հրավիրես` պուլիմյոտը կառնի ու ճակատիդ կշարի: Ամբողջ շենքը վախով ա ապրում, ու հլը թող մեկի երեխեն փորձի իրա երեխու գնդակը տշի` հերը զինված կիջնի: Աբսուրդն էն ա, որ էդ հեղինակություն կոչվածներն են էսօր մեզ մթնոլորտ թելադրում: Գիշերվա հազարին ինն հարկանի, լկտի քֆուրները կապում ա, շենքի երեխեքն էլ լսում, սովորում են էդ բառերը: Որպես ծնող՝ դու չես կարա գնաս դոշից բռնես ու ասես` իմ երեխեքը էդ բառերը սովորում ու առանց հասկանալու ասում են տանը, դպրոցում, հայաթում: Չես կարա, որովհետեւ էս երկրի տերն ինքն ա: Էսօր մեր երկրի տերերն էդ քրեական հեղինակություններն են, որոնք մի 10 անգամ բռնվել-հելել են ու կարծում են, թե նստելը տղամարդու համար արժեք ա: Մեր հայաթում սաղ օրն իրա թայֆով ռազբորկեք ա անում, ինչքան խուժան, մականունավոր կա, լցված են,- վրդովված ասում է Վարդանը՝ հիշելով իր երիտասարդությունը։ – Էն ժամանակ էս քաղաքի տերերը մտավորականները, արվեստագետներն էին: Նրանք էին սերունդ կրթում: Իմ համար էս երկրի տերը Ֆրունզիկն էր, Հրաչյա Ներսիսյանն էր, Հովհաննես Բադալյանը, Բաբկեն Ներսիսյանն ու Շիրազն էին: Իրենք էին ճաշակ թելադրում ու հասարակության մեծ մասն ուզում էր նմանվել նրանց նման մեծություններին: Ընդհանրապես շատ կարեւոր ա, որ էս սերունդն ունենա արժանավոր հերոսներ, որ մարդկային լավ տեսակի մասին պատկերացումներ ունենա ու ձգտի ինքն էլ էդպիսին լինել: Էսօր ովքե՞ր են մեր հերոսները` գեներալ Մանվե՞լը: Մի հռչակավոր դերասանի, երգիչի կամ գրողի անուն տվեք: Էդքան տղերք գնացին ու անձնազոհաբար կռվեցին, բայց նրանց անունները ոչ ոք չի հիշում, որովհետեւ ջիփերով ման չեն գալիս ու պաշտոն չունեն: Ա՛յ իրանց պետք է կարեւորել, տեղ տալ: Ա՛յ Վազգենը հերոս էր ու կարար լիներ կենդանի լեգենդ, որովհետեւ ինքը եզակի էր, իրան կենդանության օրոք էլ հերոս էին համարում: Եթե հիշում եք` առաջ որ երեխային հարցնում էիր, թե ինչ ա դառնալու` ասում էր` միլիցա: Հիմա փորձեք մեկին հարցնել` կուզենա՞ միլիցա դառնալ: Բա էդ էլ էր, չէ՞, մտնում արժեքային համակարգի մեջ, որ մենք մեր օրինապահներին հարգում էինք, նրանց ասածն օրենքի պես ընդունում էինք: Հիմա ոստիկաններն էնքան են վարկաբեկվել, որ իրանց հարգելու փոխարեն, ուղղակի չես սիրում: Հենց միլիցու հետ գործ ես ունենում` կարծում ես, որ հես ա մի բան գլխիդ սարքելու են: Առաջ վստահ էիր, որ ցանկացած պարագայում ոստիկանը քեզ կպաշտպանի, իսկ հիմա գիտես, որ ոստիկանը վտանգավոր ա քո անվտանգության համար: Իմիջիայլոց, մենակ էդ համակարգում չի տենց, բոլոր ոլորտներում մարդիկ իրանց դերակատարությունը կորցրել են: Արժեքային համակարգի չափանիշները փոխվել են: Գիտնական մարդն իրա երկրում պիտի շատ կարեւոր դեմք լինի, պետությունը պետք ա իրա երկրի ուղեղներին փայփայելով պահի: Մեր գիտնականները եթե դուրս գնալու շանս ունենան` ուրիշ երկրներում կարեւոր դեմքեր կդառնան: Ուսանողը, եթե նայում ա գիտնականի վիճակին, էլ կուզենա՞ սովորել: Հիմա բոլորն էլ փողոտ մասնագիտություն են ընտրում, որովհետեւ խելքը մեր երկրում սովից մեռնում ա»,- բորբոքված ասում է Վարդանը:
«Հալալ ա Տիգրան Կարապետիչին»
Վարորդ Գեղամը համամիտ չէ այն մտքի հետ, թե նոր սերնդի արժեքային համակարգը շատ ցածր է, եւ երիտասարդությունն ամեն ինչ գնահատում է նյութական արժեքներով: «Իհարկե էդպես չի, որովհետեւ միշտ էլ ավագ սերունդը սիրում ա քննադատել նոր սերնդին, անկախ նրանից` ի՞նքն էր լավը, թե՞ նորերը: Ես կարող եմ ասել, որ էս նոր սերունդը շատ խելացի ու գեղեցիկ ա: Ուղղակի շատ երեխեք ստվերում են մնում ու չեն բացահայտվում: Ամեն ինչ մի գնահատեք հեռուստատեսային դեմքերով, որովհետեւ, չգիտես ինչի, մեր հեռուստատեսությունները լցված են պիժոններով, որոնք շատ պլպլան են, բայց խոսալ չգիտեն: Մեր ժամանակ մենք բոլորս իրար նման էինք մտածում, ու ասեմ ձեզ, որ մարդիկ իրար շատ նման էին, իսկ էս սերունդն ամեն մեկն անհատականություն ա: Եվ հետո, Սովետը մարդուն շատ էր բթացնում, չէր թողնում, որ մարդն ազատ լիներ: Եթե փորձեիր անկեղծ, քո միջի իսկական արժեքների մասին բացահայտել, ուրեմն` քեզ դաժե կարային աքսորեին: Օրինակ` ես սովորել եմ Ժողինստիտուտում, ու մեր կուրսի աղջիկները բոլորն իրար նման էին: Չկար մի աղջիկ, որը նենց բան ասեր` հիանայիր կամ զարմանայիր: Հիմա աղջիկների մտածելակերպը շատ խորն ա, որովհետեւ ազատ են, անկեղծ են, իրանց ազատությունը ցույց տալուց չեն վախենում: Ես հիշում եմ, որ մեր կուրսի Անուշին հրավիրել էի ծնունդի, ու մինչեւ գիշերվա 12-ը քեֆ էինք անում: Հաջորդ օրն էդ աղջկա հետ ոչ մի աղջիկ չէր խոսում, անունը հանել էին, ընդ որում, նենց աղջիկներ էին դեմ դուրս եկել, որ թաքուն-թաքուն ամեն ինչ էլ անում էին: Մեզ ասում էին` սա պիտի գնահատեք, ու վերջ, մենք էլ դա դարձնում էինք արժեք: Հիմա ջահելությունը պիտի ընտրի, թե ինչը գնահատի: Ուղղակի էս նոր սերունդը հիմա մի քիչ շփոթված ա, որովհետեւ մեր սերունդը միանգամից փող տեսավ ու հոռացավ: Մեր սերունդը ջահելությանը խաբում ա` համոզելով, թե արժեքը դա ա, որովհետեւ մեր ազատությունը դարձավ չտեսություն: Իմ կարծիքով` երիտասարդությունն էնքան խելացի ա, որ կգտնի իր արժեքները: Բայց մյուս կողմից էլ պիտի պետությունը ցույց տա, թե ինչ բան ա մշակույթը, ավանդապաշտությունն ու հայկական կուլտուրայի հետ ծանոթացնի: Ինչի՞ էսօր ջահելները չեն գնում թատրոն, որովհետեւ փող չունեն: Պետությունը պիտի թատրոնին փող տա, որ թատրոնն էլ ուսանողին հնարավորություն տա ծանոթանալ իսկական արվեստի հետ: Նույն հեռուստատեսությունն ի՞նչ ա: Անճաշակներով հավաքվել, ամեն մեկը մի կանալ գրկել-նստել ա, ու ցուցադրածն էլ ի՞նչ ա` զիբիլ: Գոնե պետք ա պետական հեռուստաալիքը մտածի արժեքներ քարոզելու մասին: Էդ առումով հալալ ա Տիգրան Կարապետիչին, որ իրա հաղորդումներում գոնե խոսում ա հոգեւոր արժեքների մասին, ավելի ճիշտ՝ մարդկանց հիշեցնում ա, որ մենք հոգեւոր արժեքներ ունեինք: Ուղղակի իրա ալիքը լուրջ չենք ընդունում, բայց մարդը ճիշտ քաղաքականություն ա տանում»,- ասում է վարորդ Գեղամը: