«Խաղաղությունը Սիրիայի ռազմավարական ընտրությունն է»

03/06/2007 Վ. ՄԻՆԱՍՅԱՆ

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտում տեղի հետազոտողների հետ կազմակերպված քննարկման ժամանակ իր զեկույցում օրերս ասաց ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Մամուն Ալ-Հարիրին։

Մ. Ալ-Հարիրին լուսաբանեց Սիրիայի արտաքին եւ ներքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր։ Նա նշեց, որ Սիրիան գտնվում է թերեւս ամենալարված տարածաշրջանում, կարեւորեց Սիրիայի իշխանությունների, մասնավորապես՝ նրա երիտասարդ նախագահ Բաշար Ալ-Ասադի դերակատարությունը մերձավորարեւելյան զարգացումներում, որոնց բաղադրիչներն են՝ պաղեստինաիսրայելական, սիրիաիսրայելական, իրաքյան, լիբանանյան հիմնահարցերը։

Մ.Ալ-Հարիրին հերքեց ԱՄՆ-ի կողմից Սիրիային ուղղված այն մեղադրանքը, թե Դամասկոսը չի վերահսկում Իրաքի հետ սահմանը։ Սիրիան ավելի քան 7000 զինվոր է տեղադրել իրաքասիրիական սահմանի վրա, որի ընդհանուր երկարությունը 600 կմ է, հիմնել է հսկողության կետեր։ Ամեն օր Իրաքի հետ սահմանը խախտող տասնյակ մարդիկ են ձերբակալվում։ Իրականում, Վաշինգտոնը ձգտում է մեկուսացնել Սիրիային, մինչդեռ տարածաշրջանային գործընթացներում Սիրիայի կարեւորությունը փաստող դրույթն ամրագրված է նաեւ Համիլթոն-Բեյքեր զեկույցում։ Ըստ բանախոսի՝ Վաշինգտոնը ծրագրում էր Իրաքից հետո մտնել Սիրիա, իսկ Իրաքում ամերիկյան ծրագրերն այսօր ձախողվում են։ Սիրիան առաջին երկրներից մեկն էր, որ դատապարտեց ԱՄՆ-ի ներխուժումն Իրաք՝ կանխատեսելով դրա ծանր հետեւանքներն ԱՄՆ-ի համար։ Ամերիկյան քաղաքականությունն Իրաքում այդ երկրում սկիզբ առած դիմադրությունը դարձնում է ավելի կոպիտ եւ կոշտ։ Պատերազմական իրադրության արդյունքում արդեն զոհվել են ավելի քան մեկ միլիոն իրաքցիներ, չորս միլիոնն արտագաղթել է երկրից, ենթակառուցվածքները հիմնականում ոչնչացվել են, կա մտավախություն, որ Իրաքը կարող է մասնատվել կամ ներքաշվել քաղաքացիական պատերազմի մեջ։ Սիրիան ցանկանում է, որպեսզի Իրաքը պահպանի իր ամբողջականությունը, երկրում ձեւավորվի գործուն իրաքյան կառավարություն, որը կկարողանա կայունացնել իրադրությունը։ Ներկայումս, Սիրիայում ավելի քան 2 միլիոն իրաքցի փախստականներ կան, որոնց միջազգային կազմակերպությունները հրաժարվում են օգնություն ցույց տալ։

Մ.Ալ-Հարիրին նշեց, որ Սիրիան չի նահանջում եւ չի փոխում իր դիրքորոշումը Իսրայելի հետ հարաբերություններում, որ հիմնականում կապված է պաղստինյան հարցի եւ գրավյալ Գոլանի բարձունքների հետ։ Սիրիան միշտ էլ կողմ է եղել արդարացի, երկարատեւ եւ համապարփակ խաղաղությանը։ Սիրիան Իսրայելից պահանջում է հետ քաշվել մինչեւ 1967թ. հունիսի 4-ի սահմանները, առաջ է քաշում պաղեստինյան անկախ պետության ստեղծման, ինչպես նաեւ՝ պաղեստինցի փախստականների՝ իրենց բնակավայրերը վերադառնալու իրավունքի հարցը։ 1991-ից խաղաղությունը Սիրիայի ռազմավարական ընտրությունն է։ Իսրայելի վարչապետ Իցհակ Ռաբինին իր երկրում սպանեցին այն բանի համար, որ նա ձգտում էր խաղաղության։ Արաբներն Իսրայելից պահանջում են իրենց հողերը՝ խաղաղության դիմաց։ Հիշյալ հայեցակարգը վերահաստատվեց վերջերս Արաբական պետությունների լիգայի Ռիադի գագաթաժողովում։

Բանախոսը նշեց, որ Սիրիան խաղաղության երկիր է, որը ժամանակին ապաստան է տվել հայերին։ Սիրիայում ապրող շուրջ 100.000-անոց հայ համայնքը սիրված է թե իշխանությունների, թե ժողովրդի կողմից։ Ներկայումս Սիրիայում ապրում են կես միլիոն պաղեստինցի փախստականներ։ Անցած տարի իսրայելալիբանանյան պատերազմի ժամանակ շուրջ կես միլիոն լիբանանցի փախստականներ էին ապաստանել Սիրիայում, որոնք պատերազմից հետո վերադարձան Լիբանան։

Անդրադառնալով Թուրքիայի եւ Սիրիայի հարաբերություններին, բանախոսը նշեց, որ դրանք ներկայումս լավ են, չնայած Սիրիայի եւ Թուրքիայի հարաբերություններում եղել են լարված շրջաններ։ Միեւնույն ժամանակ, դրանք ուղղված չեն որեւէ երրորդ երկրի դեմ եւ առավել եւս չեն կարող վնաս հասցնել հայ-սիրիական բարեկամական հարաբերություններին։

Ալ-Հարիրին անդրադարձավ նաեւ մայիսին 27-ին Սիրիայում անցկացվելիք նախագահական ընտրություններին, որի հիմնական թեկնածուն Բաշար Ալ-Ասադն է։ Նա նշեց, որ Բաշար Ալ-Ասադի կառավարման շրջանում Սիրիայում իրականացվել են սոցիալական մի շարք բարեփոխումներ։ Երկրում նկատվում է տնտեսական աճ, մեծացել են օտարերկրյա ներդրումների չափերը, գործազրկությունը որոշակիորեն նվազել է։