«Ավելի լավ է երեխաներիս հետ չոր հաց ուտեմ, քան նրանց մանկատուն ուղարկեմ»

03/06/2007 Անի ԳԱՍՊԱՐՅԱՆ

29-ամյա Ժենյան վեց անչափահաս երեխաների մայր է: Երեխաներից երեքը՝ Արայիկը, Արմանն ու Արմինեն, հաճախում են դպրոց, իսկ մյուս երեքը՝ Մարիամը, Էդգարն ու Էրիկը, դեռ փոքր են: Ժենյայի ամուսինը՝ Սամվել Օրդուբեկյանը, բռնադատված է, ինչպես կինն է ասում՝ իր չգործած հանցանքի համար: Այժմ Ժենյան իր երեխաների հետ ապրում է Նոր Խարբերդի 8-րդ փողոցում՝ վարձով: Չի աշխատում, քանի որ երեխաներին խնամող չկա, իսկ տան վարձը տալիս է երեխաների նպաստից ստացած գումարով:

«Մենք ի սկզբանե բնակարանի խնդիր ենք ունեցել,- ասում է Ժենյան,- երբ ամուսնացանք, ապրում էինք վարձով: Ամուսինս իր ընկերոջ սրճարանում պահակ էր աշխատում, ես էլ մեկ-մեկ հարուստների տներն էի մաքրում: Այդպես, ծայրը ծայրին հասցնելով, ապրում էինք: Ամուսնուս հայրական տանն ապրում էր նրա եղբայրն իր ընտանիքի հետ: Նրանք էլ ֆինանսական խնդիրներ ունեին եւ հայրական բնակարանը վաճառեցին՝ այդ վաճառքից մեզ 2000 դոլար բաժին հանելով: Մենք պարտքեր ունեինք, այդ գումարով պարտքերը փակեցինք, մի փոքր գումար էլ ավելացավ, մեկնեցինք Ռուսաստան: Դա 2002 թվականն էր: Այնտեղ աշխատում էինք, գործերը լավ էին: 2003թ. ծնվեց հինգերորդ որդիս՝ Էդգարը: 2004-ին մենք որոշեցինք գալ Հայաստան՝ մեր հարազատներին տեսնելու, սակայն մտադիր էինք վերադառնալ: Եկանք եւ այլեւս չկարողացանք վերադառնալ, քանի որ ամբողջ գումարը ծախսեցինք: Այդ ժամանակ ապրում էինք մեր ծանոթներից մեկի ամառանոցում, որի տերը մեկնել էր Ռուսաստան: 2006թ. ծնվեց վեցերորդ որդիս՝ Էրիկը»:

Նույն թվականի մայիսի 31-ի երեկոյան նրանց է այցելում Սամվելի մանկության ընկերը` ինչ-որ տղաների հետ: Հաց են ուտում, զրուցում են, մի քանի ժամ անց զրույցը վերածվում է ծեծկռտուքի: Սամվելն ու իր ընկերը ծեծի են ենթարկվում: Ընկերոջը տեղափոխում են հիվանդանոց՝ մարմնական ծանր վնասվածքներով: «Այդ վեճի ժամանակ վնասվածքներ էր ստացել ոչ միայն ամուսնուս ընկերը, այլեւ ես ու ամուսինս,- պատմում է Ժենյան:- Սակայն դեպքից մեկ շաբաթ անց հակառակորդները գնացել էին հիվանդանոց՝ ամուսնուս ընկերոջ մոտ, եւ նրան ինչ-որ ձեւով համոզել, որ նա կեղծ վկայություն տա ամուսնուս դեմ՝ իբր թե նա է իրեն ծեծել, այլ ոչ թե իրենք: 35 տարվա ընկերը համաձայնել էր: Եվ ամուսնուս բռնում են իր չգործած հանցանքի համար՝ դատապարտելով ազատազրկման երեք տարի չորս ամիս ժամկետով»:

Ժենյան իր վեց երեխաների հետ շարունակում է ապրել նույն տանը, սակայն շուտով Ռուսաստանից վերադառնում է ամառանոցի տերը, եւ, իմանալով Ժենյայի ամուսնու ազատազրկման մասին, խնդրում է նրան ազատել ամառանոցը: «Ես, չցանկանալով նեղություն տալ բարեկամներիս, որոշեցի ինքս տուն գտնել,- պատմում է Ժենյան:- Վարձով տուն չէի կարողանում ճարել, որովհետեւ վեց երեխաների պատճառով ոչ ոք չէր համաձայնում իր տունը վարձով տալ: Նոր Խարբերդում մի ծանոթ ունեի, նրան խնդրեցի թույլ տալ ապրել իր ամառանոցում: Նա մեզ տրամադրեց իրենց ամառանոցին կից մի բարաքատիպ տեղ, որի հատակն ամբողջությամբ հողից էր: Աշնան անձրեւային ամիսներին տանիքից ջուրը կաթում էր, եւ մենք թրջվում էինք, իսկ ձմռանը երեխաներս ցրտից կուչ էին գալիս: Ապրելու ոչ մի պայման չկար, պառկում էինք հողե հատակին ու քնում, անգամ հոսանք չունեինք: Այդ ժամանակ ինձ խորհուրդ էին տալիս երեխաներից մի քանիսին մանկատուն տանել, բայց ես ասում էի, որ ավելի լավ է երեխաներիս հետ չոր հաց ուտեմ, քան նրանց մանկատուն ուղարկեմ: Այդ սարսափելի պայմաններում մենք ապրեցինք մոտ մեկ տարի: Մեկ ամիս առաջ տանտերը եկավ եւ ինձ խնդրեց ազատել տարածքը: Բարեբախտաբար, ես կարողացա գտնել այս տունը, որի տերը համաձայնեց տունը վարձով տալ: 45.000 դրամ նպաստից 25.000-ը տան վարձ պիտի տամ»:

Մի քանի ամիս է, ինչ այս ընտանիքին օգնության ձեռք է մեկնում «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպությունը: Կազմակերպության սոցիալական աշխատող Աննա Մարկոսյանի խոսքերով՝ Ժենյան ինքն է տեղեկացել կազմակերպության մասին եւ դիմել իրենց: «Շաբաթը երեք անգամ ողջ շաբաթվա համար Ժենյան չոր սնունդ է ստանում մեր կազմակերպության Էրեբունու բարեգործական ճաշարանից: Նրանք նոր են ընդգրկվել կազմակերպության շահառուների շարքում եւ դեռեւս շատ չլուծված խնդիրներ ունեն, սակայն նրանց գերագույն խնդիրը բնակարանն է, եւ մենք արդեն միջնորդագիր ենք ուղարկել «Դիակոնիկա» բարեգործական հիմնադրամի նախագահին` հիմնադրամի բնակարանային ֆոնդից նրանց բնակարան հատկացնելու վերաբերյալ»,- ասում է Աննա Մարկոսյանը:

«Մեզ այդ բնակարանն օդ ու ջրի պես անհրաժեշտ է,- ասում է Ժենյան,- որովհետեւ ես չեմ կարողանում տան վարձ տալ, երեխաներս սոված են մնում: Եթե նրանց խնամող լիներ, գոնե կկարողանայի աշխատել: Գրեթե ամիսը մեկ անգամ էլ ամուսնուս եմ այցելում, դա էլ է ծախս: Բացի այդ, նրա վիճակը լավ չի, անցած տարի իր անմեղությունն ապացուցելու համար թեյի գդալ էր կուլ տվել: Անգամ «Առավոտի» 2006թ. նոյեմբերի 17-ի համարում այդ մասին փոքրիկ լուր տպվեց: Նրա պաշտպանը մեկուսարանի պետին դիմում էր գրել, որպեսզի իր պաշտպանյալին տեղափոխեն դատապարտյալների կենտրոնական հիվանդանոց, սակայն պատասխանել էին, թե իբր ստուգում են անցկացրել, ստամոքսում ոչ մի գդալ էլ չկա: Ես համոզված եմ, որ այդ գդալը մինչ այժմ նրա ստամոքսում է, քանի որ ամուսինս հաճախակի նոպաներ է ունենում եւ օրեցօր հյուծվում է: Ես պիտի պահանջեմ, որ մեկ անգամ էլ ստուգում անցկացվի, եւ եթե պարզվի, որ գդալը նրա ստամոքսում է, խոստանում եմ դատի տալ համապատասխան մարմիններին»:

www.hetq.am