Իննամյա Անին եւ իր մայրը՝ Հասմիկը, ամեն ինչում շտապում են: Շտապում են խոսելիս, քայլելիս, շարժվելիս, ծիծաղելիս եւ անգամ լաց լինելիս: Նրանք սիրո եւ ուշադրության այնքան կարիք ունեն, որ անծանոթ մեկի այցելությունից շփոթվում են: Հասմիկն ամեն ինչ միանգամից պատմելու ցանկությունից հաճախ շփոթվում է: Ասում եմ՝ «Հանգիստ պատմեք, մի շտապեք»: Ասում է՝ «Չեմ հասցնի, էնքան բան ունեմ պատմելու ու էնքան լավ եմ զգում, որ տունս մարդ ա եկել, ուրախությունից շփոթվում եմ»: Հասմիկն իր ուրախությունը չի կարողանում զսպել եւ չի էլ փորձում թաքցնել, թե ինչպես է ուրախանում, երբ իրեն ուշադրություն են դարձնում: Զայրանում է Անիի վրա, որ սենյակով այս ու այն կողմ է վազում: «Նստի տեղդ, չեմ կենտրոնանում, որ խոսամ»,- ասում է ու Անիին բռնի ուժով տեղավորում կողքին: Անին շատ ուշադիր հետեւում է գրառումներիս. «Լուսին քուրիկ, գիտե՞ս, ես շատ եմ սիրում գրել ու նկարել, եթե կարենայի ամեն րոպե կգրեի»,- ասում է ինձ: Կրկին միջամտում է մոր զրույցին՝ «Լուսին քուրիկ, գիտե՞ս, ես գրիչ չունեմ, որ գրեմ ու նկարեմ: Եթե դու երկու հատ ունես՝ մեկն ինձ տուր, հիմա գրել կսովորեմ ու, երբ մեծանամ՝ գրիչ կառնեմ ու կտամ քեզ»: Գրիչը ոգեւորությամբ վերցնում է ու ծվարելով սենյակի մի անկյունում՝ հրճվանքով սկսում է ինչ-որ բան խզմզել: Հարցնում եմ՝ «Դու գրիչ չունե՞ս»: «Չէ,- ասում է,- հենց դրա համար էլ չեմ սիրում էս ամառային արձակուրդները: Ուզում եմ գնալ գիշերօթիկ, ընդեղ գրիչ, թուղթ կա, համ էլ ուտելիք կա, սոված չեմ մնում»,- պատասխանում է Անին: Մայրն ասում է, որ Անին մտավոր հետամնացություն ունի, դրա համար էլ երեխային տարել է Նուբարաշենում գտնվող հատուկ դպրոց: Անիի խոսքերը, սակայն, ամենեւին էլ բնորոշ չեն նման խնդիր ունեցող երեխաներին, ավելի կշռադատված ու խորն են, քան նորմալ երեխայի մտքերը։ Հարցնում եմ՝ «Երեխային բժշկի տարե՞լ եք, ի՞նչ հիվանդություն են ախտորոշել»: «Հա՛,- ասում է,- մանկուց հաշմանդամ ա: Վեց ամսական էր, հերն ալկաշի մեկն էր: Գցեց օդ ու չբռնեց, զխկալով գետնին ընկավ: Նյարդահոգեբանական պրոբլեմ ունի»: Անին ուշադիր լսում է մոր խոսքերն ու ձեռքերով փակելով ականջները` տետրը եւ թուղթը դնում է հատակին ու կծկվում, մի բուռ է դառնում:
45-ամյա Հասմիկը երեխայի եւ երկրորդ ամուսնու հետ ապրում է Գուրգեն Մահարի հասցեում գտնվող մի կիսաավերակի մեջ: Նրանց ծանր կենսապայմանները տեսնելով՝ մի քիչ ուրախանում եմ, որ Անին իր մանկության մեծ մասն ապրում է գիշերօթիկում: Նրանց սենյակը գրեթե չի տարբերվում բարձրահարկ շենքերի տակ գտնվող նկուղներից, որտեղ որքան խորանում ես՝ այնքան սարսափում ես: «Ամուսինս՝ Անիի հայրը, ալկաշ, հարբեցողի մեկն էր: Թոխմախում գտնվող տունը խմիչքի պատճառով ծախեց: Երեխուս դժբախտացրեց, չէր կարում իրան տիրապետեր: Խմում, հայհոյում, փողոցներում էր քնում: Ես լավ ընտանիքի ժառանգ եմ եղել, բայց դրա ձեռն ահավոր կյանք եմ տեսել»,- պատմում է նա՝ ասելով, որ նախկինում նույնիսկ գործարանի բաժնետեր է եղել, բարձրակարգ մասնագետ է եղել, սակայն այսօր հավաքարարի աշխատանք չի կարողանում գտնել: Անին սովորում է Նուբարաշենի թիվ 11 օժանդակ գիշերօթիկ դպրոցում եւ ամեն օր հաշվում է օրերը, թե երբ կավարտվեն ամառային արձակուրդները: Հասմիկն ասում է՝ որտեղ դիմում է հավաքարարության գործ խնդրելով՝ մերժում են: «Ստիպված մեկ-մեկ, որ մեկին խալի, բուրդ լվացող ա պետք լինում՝ անում եմ, կամ ինչ-որ կեղտոտ գործեր ա լինում, որ մարդկանց համար տհաճ ա՝ ես անում եմ, որ երեխես սոված չմնա»:
Անին սողալով մոտենում է սեղանին ու օգտվելով Հասմիկի անուշադրությունից՝ աղամանից գնդով աղ է վերցնում ու ուտում: Զարմացած հարցնում եմ՝ «Էդ ի՞նչ է, ա՞ղ»: Ասում է՝ «Հա՛, աղ ա, էս էլ ջուր ա: Աղ եմ ուտում ու ջուրն էլ վրայից խմում եմ»: Հասմիկն ամաչելով հարձակվում է Անիի վրա. «Չե՞մ ասել, որ չի կարելի տենց բան անել: Հես ա հերդ գալու ա, ասելու եմ քեզ «ծիկ» անի»,- ասում է նա, հավանաբար հասկացնելով, որ հայրը կծեծի: Անիի նման հաշմանդամություն ունեցող երեխաների համար պետությունը սահմանել է ընդամենը 5800 դրամ հաշմանդամության թոշակ: 12.500 դրամ էլ «Փարոսի» նպաստն են ստանում: Հասմիկի ամուսինը շինարարության վրա բանվորություն է անում. «Շատ են շահագործում, համբալի պես աշխատացնում են, բայց մի շաբաթից ավել ա փող չեն տալիս, որ հացի փող անենք»,- դժգոհությամբ ասում է Հասմիկը՝ վստահեցնելով, որ հագուստի հարցը լուծվում է հիմնականում բարեգործական կազմակերպությունների օգնություններով եւ ուրիշների տված հին շորերով: Ասում է, որ բնակարանը վաճառելուց հետո երեխայի հետ մնացել էր փողոցում: «Տելեվիզրով 2 րոպեանոց եթեր կա, էն, որ մարդիկ իրանց բողոքներն են ասում: Ես միկրոֆոնի առաջ կանգնած ասեցի, որ հիվանդ երեխայի հետ փողոցում ենք մնացել: Անմիջապես էս տունը տվին»,- պատմում է Հասմիկը՝ վստահեցնելով, որ ամբողջ ձմեռ աղբ են վառում, որ տաքանան: Այս տանն ամեն ինչ հակահիգիենիկ է, իսկ ջուրը դույլերով բերում են հարեւան բակից: Ասում է, որ ԱԺ ընտրությունների ժամանակ 10.000 դրամ ընտրակաշառք է վերցրել եւ էլեկտրաէներգիայի գումարն է մարել, որովհետեւ երեխան օրերով մթության մեջ է եղել: «Սաղ էլ գալիս` ոսկե սարեր էին խոստանում»: Անին ուշադիր լսում է մորն ու ընկնելով հիշողությունների գիրկը՝ նրան ասում է՝ «Մամա, հիշո՞ւմ ես, որ Գագիկ Ծառուկյանը եկել էր` ղուշերը թռցրինք, պարում էինք, համերգ էինք տալիս»: Մայրը Անիին սենյակից դուրս է հանում, որ չխանգարի: Անիին ասում եմ՝ «Արի՛, մի քիչ խոսենք»։ Նա ոգեւորված ետ է գալիս ու սկսում է իր կյանքից պատմել: «Գիշերօթիկում ինձ լավ եմ զգում, օրը 4 անգամ կերակրում են ինձ: Լողանում եմ, մաքուր, տաք-տաք շորիկներ են հագցնում, խաղում ենք: Դպրոցը փակ ա, բայց չեմ դիմանում մինչեւ սեպտեմբերի 1-ը գա: Ստեղ սաղ օրը հելնում եմ դուրս, մինչեւ սեպտեմբերի 1-ը գա: Իմ ամենասիրած բանը գրեչկայի փլավն ա ու տաք սուպիկը: Գիշերօթիկում տալիս են»,- ասում է Անին: Հարցնում եմ՝ «Բա որ դպրոցն ավարտեցիր՝ ի՞նչ պիտի անես»: Ասում է՝ «Մամաս հիվանդ ա, չի կարում գնա բուժվի: Գոնե ես բժիշկ կդառնամ, որ իրան բուժեմ: Սպիտակ խալաթ կառնեմ ու էս երկուսին՝ մամային, պապային կբուժեմ»: Հարցնում եմ՝ «Հիվա՞նդ են»: Խոր շունչ քաշելով պատասխանում է՝ «Բա ի՞նչ են, էս երկուսը հիվանդ են, ես էլ իրանց համար սենց տանջվում եմ»:
Պատրաստվում եմ դուրս գալ նրանց տանից: Անին ու Հասմիկն իսկույն տեղից վեր են թռչում, որ ինձ ճանապարհեն: Հասմիկն ասում է՝ «Էս չոլերում թող տեսնեն, որ մեր կողքով էլ ա մարդ անցնում: Ես քո հետ կգամ մինչեւ թաղի վերջ»: Կարկուտ ու անձրեւ է գալիս. Հասմիկը վերադառնում է տուն ու ինձ համար բերում է Անիի մանկական կոտրված անձրեւանոցը: Ասում եմ՝ «Պետք չէ, նեղություն մի քաշեք…»: «Չէ,- ասում է,- ես կպահեմ քո գլխին, որ չթրջվես: Ես ջանդամ, մենակ դու չմրսես, չհիվանդանաս: Արխային, մինչեւ վերջ կպահեմ: Անի՛, արի կողքս, արի գնանք Լուսին քուրիկին ճանապարհենք: Դու էն կողքով արի, ես էլ՝ էս մի կողքով: Ա՛յ, տենց թող սաղ տեսնեն»: