«Մոլոկաններ» կամ հնադավաններ
Գաղտնիք չէ, որ Հայաստանում, աշխարհիկ ռուսներից բացի, ապրում է նաեւ էթնիկ ռուսների կրոնական մի խումբ` «մոլոկաններ» կամ «հնադավաններ» անվամբ: Վերջիններս առանձնանում են իրենց պահպանողական հագուստով` կանայք երկարափեշ շորերով եւ ճերմակ գլխաշորերով են, իսկ տղամարդիկ միանման մորուքներով եւ ազգային հագուստով. բոլորն էլ աչքի են ընկնում կենցաղավարության խիստ կանոններով: Պաշտոնական աթեիզմի տարիներին անգամ մոլոկանները կարողացել են պահպանել իրենց կրոնական համակարգը, քանի որ այն ընկալվել է ավելի շատ որպես էթնիկ ինքնության բաղադրիչ: Նրանք Հայաստանում հետապնդումների չեն ենթարկվել, քանի որ կրոնի առանձնահատկության թելադրանքով պաշտամունքի իրականացման համար առանձին ծիսական կառույցի անհրաժեշտություն չի եղել, եւ ծեսն իրականացվել է ոչ ցուցադրաբար: Մոլոկանները եզդիներից եւ ասորիներից հետո երրորդ կրոնական խոշոր համայնքն են, նրանք մինչ օրս խստորեն պահպանում են հին ավանդույթները եւ չեն ձուլվում ոչ հայերի, ոչ էլ ռուսների հետ: Ընդհանրապես,18-19-րդ դարերում Հայաստանում հաստատված ռուս աղանդավորականների կամ մոլոկանների համայնքն ամբողջական փակ համակարգ է: Այդ իսկ պատճառով «Ազգային փոքրամասնություններ» խորագրի այս հոդվածի ձեւաչափն էլ փոխված է, որովհետեւ մոլոկանների որեւէ ներկայացուցչի հետ հնարավոր չեղավ հանդիպել եւ զրուցել, այն պարզ պատճառով, որ նրանք խուսափում են շփվել անծանոթների, մանավանդ՝ լրագրողների եւ այլ հասարակական ինստիտուտների ներկայացուցիչների հետ: Ազգագրագետ, լրագրող Սոֆյա Շեստերնենկոյին քիչ թե շատ հաջողվել է ծանոթանալ մոլոկանների կենցաղավարության որոշ մանրամասներին: Նա երկու ամիս շարունակ հետամուտ է եղել Հայաստանում բնակվող մոլոկանների առօրյայի ուսումնասիրությանը եւ իր տպավորություններով կիսվեց մեզ հետ:
Առաջին հարցը, որ կարող է հետաքրքրել ընթերցողին, թերեւս այն է , թե ինչո՞ւ են նրանք կոչվում «մոլոկաններ»: Ըստ պատմաբան Արամ Հայթյանի, Ռուսաստանում 18-րդ դարում ձեւավորված այս հին աղանդի ծագման, նրա անվան վերաբերյալ կան մի քանի վարկածներ: Առաջին վարկածի համաձայն, ռուս աղանդավորականները մոլոկան են կոչվում, որովհետեւ իրենց ուսմունքը համարել են «ՎoսՏՍՏՎ ՊցւՏՉվօՎ», այսինքն՝ հոգեւոր սնունդ: Ոմանց կարծիքով՝ մոլոկաններն իրենց անունը ստացել են 19-րդ դարի 20-ական թթ. Նովոռոսիյսկի նահանգի Մարիուպոլի գավառի Մոլոչնայա գետի երկայնքով բնակվելուց հետո: Երրորդ տարբերակի համաձայն, կրոնական ուղղության այս խումբը մոլոկան է կոչվել այն ժամանակ, երբ պասի օրերին` չորեքշաբթի եւ ուբաթ օրերին սկսել են միայն կաթ խմել: Ա. Հայթյանի կարծիքով, վերջին տարբերակն ավելի հավանական է: Ուսումնասիրողների համաձայն, Հայաստանի մոլոկանները, որ սերում են ռուս հնածիսականներից, ներկայացնում են առանձին կրոնական խումբ եւ ներսում բաժանված են 3 խմբերի: Մեզ մոտ մոլոկաններից բացի՝ կան նաեւ «պրիգուններ» եւ «սուբբոտնիկներ»: Մոլոկանները թեպետ հայտնի են իբրեւ ռուս աղանդավորականներ, սակայն նրանց բնորոշ չէ ներկայիս աղանդավորականների վարքագիծը, միայն այն պատճառով, որ վերջիններս իրենց շարքերը համալրելու` հոգեորսության միտումներ մինչ օրս չեն ցուցաբերել: Մոլոկաններն անգամ խուսափում են իրենց ներքին կրոնական հարցերը քննարկելուց: Մոտավոր թվերով, մեզ մոտ մոլոկանների հավանական թիվը հասնում է 3000-ի: Նրանք կրոնական կառույցներ չունեն եւ կրոնական ծեսերն իրականացնում են աղոթատներում: Հարկ է նշել նաեւ, որ Հայաստանում ապրող հնածիսականները որպես կրոնական կազմակերպություն՝ գրանցվելու առաջարկ չեն ներկայացրել:
Մոլոկանները շատ մաքրասեր են եւ աշխատասեր
«Մոլոկանները շատ աշխատասեր են, կանայք հիմնականում զբաղվում են առանձին անհատների բնակարանների մաքրությամբ, տղամարդիկ բանվորություն են անում: Մոլոկանները նախընտրում են սեզոնային աշխատանք` տաք եղանակներին քաղաքաբնակները մեկնում են գյուղական վայրեր, որտեղ ունեն տներ: Օրինակ, Լոռու մարզի Ֆիոլետովո գյուղում, որը ռուսական տիպային, ցուցադրական գյուղ է, տները եւ փողոցները հարթ են, գեղեցիկ ներկված: Հայերի կառուցած տները արեւելյան ոճի են եւ աչքի են ընկնում քիչ պատուհաններով, իսկ ռուսական տները լայն պատուհաններով են` նախշաշրջանակներով: Որքան ես տեղեկացված եմ, ՌԴ դեսպանատունը աջակցել է այդ գյուղի շեն լինելուն»,- ասում է Ս. Շեստերնենկոն: Կրոնական դավանանքի համաձայն, մոլոկաններին արգելվում է կրթություն ստանալ: «Դժվարանում եմ ասել, դա ավելի շատ կրոնի՞ ազդեցությունն է, թե՞ նրանց առաջնորդների որոշումը, որովհետեւ առաջնորդները մեծ դերակատարում ունեն: Մոլոկաններն ունեն երեք համայնք, յուրաքանչյուրը` իր ղեկավարով: Համայնքները տարբերվում են ինչպես դավանաբանական, այնպես էլ կենցաղավարման առանձնահատկություններով: Ոմանք շատ խիստ են, ոմանք էլ այնքան ուշադրություն չեն դարձնում վատ, օրինակ՝ ծխելու սովորույթներին: Նրանք կրթությունը համարում են սատանայի գործիքներից մեկը: Այժմ ներքին կոնֆլիկտ է հասունացել տարեցների եւ ավելի երիտասարդ սերնդի միջեւ, որոնք գերադասում են ստանալ կրթություն, սակայն ստիպված են արտաքնապես հետեւել համայնքի պահանջներին, հակառակ դեպքում կհեռացվեն համայնքից, կդառնան նզովյալներ, եւ կզրկվեն նույնիսկ իրենց հարազատների թաղման արարողությանը մասնակցելու իրավունքից»,- մեկնաբանում է երիտասարդ ազգագրագետը: Մոլոկանների բոլոր արարողությունները նեղ համայնքային բնույթ են կրում, այդ պատճառով Հայաստանի մոլոկանները նախընտրում են բնակվել մեկուսացած` առանձնացված տարածքային միավորներում: Նրանք բոլոր հարցերում գերապատվությունը տալիս են ոչ թե իրենց արյունակից բարեկամներին, այլ համայնքի առաջնորդի` «Բատյուշկայի» «հրահանգներին»: «Բատյուշկան» եւ՛ հոգեւոր առաջնորդ է, եւ՛ սոցիալական հարաբերությունները կարգավորող անձ: Շատ անգամ նրանց վերապահված է ներհամայնքային աշխատատեղերի կառավարման գործը: Ս. Շեստերնենկոն նշում է նաեւ, որ մոլոկանների տոնակատարություններից ամենակարեւորը Զատկի տոնն է: Իսկ Ամանորին մոլոկանները, ի տարբերություն հայերի, տոնական սեղանները բացում են եւ շուտ հավաքում: «Որքան էլ փորձեցի ծանոթանալ նրանց հարսանեկան եւ թաղման ծիսակարգերին, ոչ ոք ինձ ոչինչ չպատմեց»: Մոլոկանների գերակշռող մասը գյուղաբնակներ են, նրանց կենցաղը գյուղական է: Երեւան քաղաքում հնադավանները բնակվում են «Սասունցի Դավիթ» կայարանի եւ Կոմիտաս պողոտայի տարածքում: Քաղաքաբնակներն ամառն անցկացնում են գյուղում` բանջարաբոստանային կուլտուրաների մշակմամբ, կաղամբի աճեցմամբ: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մոլոկանների թթու դրած կաղամբը, ծիծակն ու մյուս բանջարեղենն աչքի են ընկնում առանձնահատուկ համով:
Մոլոկանները մերժում են աբորտը: «Չի խրախուսվում կրթությունը, առավելեւս՝ բարձրագույն կրթությունը, նաեւ՝ հաղորդակցության ժամանակակից միջոցները` ռադիոն, հեռուստացույցը, բայց կարող են երեկոյան հավաքվել եւ «Աստվածաշունչ» կարդալ: Երբ ես փորձեցի պարզել, թե կանայք ինչո՞ւ են այդպես հագնվում, ասացին, որ դա իրենց պապերից եկած ոճ է: Նրանց համար խորթ է հասարակական եւ պետական ինստիտուտների հետ շփումը: Մեծ նվաճում է գրաճանաչությունը: Նրանք ջերմ հարեւանություն են անում, հյուրերին լավ ընդունում են, բայց չեն սիրում հյուր գնալ: Չեն ամուսնանում ոչ յուրայինների հետ: Ես խոսել եմ բազմաթիվ կանանց հետ, նրանք հակված են պատմել իրենց մասին, իսկ երբ հարցնում էի, թե կարո՞ղ եմ այդ ինֆորմացիան օգտագործել, նրանք կտրականապես մերժում էին` ասելով. «մեզ մի հարցրեք, մենք ոչինչ ենք, եկեք մեր տղամարդկանց` «Բատյուշկային» դիմեք»: Կրոնական առաջնորդը, որը նաեւ համայնքային առաջնորդ է, կառավարման լծակներ ունի»,- պատմում է Ս. Շեստերնենկոն: Աշխարհիկ կյանքի բարիքները մերժող եւ մեկուսացած հնադավաններն ամբողջ օրն աշխատում են: Այս հանգամանքը, ազգագրագետի կարծիքով՝ ակնածանք է առաջացնում կրոնական այս ուղղվածության հանդեպ:
Մոլոկանները չունեն ընդգծված սոցիալական խնդիրներ
Ազգագրագետի ասելով, Հայաստանի զբոսաշրջության «սիրտը»` Ծաղկաձորը հիմնել են մոլոկանները: Ներկայումս այնտեղ մոլոկանները գաղտնի են բնակվում, քանի որ ասիմիլացվել են: «Եթե փորձեք պարզել, թե Ծաղկաձորը որքանով է ռուսական գյուղ, կզգաք, որ խորքային արմատներով այնտեղ կան մոլոկաններ: Բայց քանի որ այն աշխարհիկ գյուղ եւ հանգստավայր էր, նույնիսկ ցարական ժամանակաշրջանում մոլոկանները տարածքը լքել են»,- ասում է ազգագրագետը: Շրջանառվող լեգենդի համաձայն, հնադավաններն իրենց փրկության եւ գոյատեւման բանալին համարել են Անդրկովկասը, մանավանդ՝ Հայաստանը: Կաթը հոգեւոր սնունդ համարող մոլոկանները զբաղվում են անասնապահությամբ: Ս. Շեստերնենկոյի դիտարկումներով, մոլոկաններին կարելի է ապահովված խավ համարել, որոնք, ինչպես նշեցինք, բացի այն, որ սիրում են աշխատել, նաեւ բարձր են գնահատում իրենց ծառայությունները` գերազանց գիտակցելով, որ մրցունակ են այն ասպարեզում, որտեղ իրենք «գործում» են: «Օրինակ, բնակարանները մաքրելու հարցում մոլոկան կանայք մի քանի ժամվա ընթացքում այնքան արագ եւ որակյալ աշխատանք են կատարում, որ ուրիշներն ի վիճակի չեն: Նրանք ժամանակ չեն գտնում հյուր գնալ, որովհետեւ պետք է աշխատեն, այլ ոչ թե ժամերով խոսեն մարդկանց հետ: Այսպես է կարգավորվում նրանց կենցաղը: Երբ այցելել էի մի մոլոկան կնոջ բնակարան, նկատեցի, որ ապրում է զուսպ կենցաղով եւ շատ մաքուր բնակարանում, որը հասարակ էր կահավորված: Աչքի էին զարնում նաեւ անկյունում կախված սպիտակ սրբիչն ու համեստ սրբապատկերները»,- ասում է Ս. Շեստերնենկոն: Մոլոկանները չեն ձգտում հարստանալ, սակայն իրենց նյութական միջոցներն ակնհայտորեն իրացնում են` անշարժ գույք, հողատարածքներ գնելու եւ գյուղեր հիմնելու հեռանկարով: Մոլոկանները դժվարությամբ են ընդունել անձնագրերի համակարգը եւ ոչ մի կերպ չեն հանդուրժել վերջին տարիներին ներդրված սոցիալական քարտերը, այդ իսկ պատճառով Հայաստանի մոլոկանները չունեն սոցիալական քարտեր: «Որոշ անհատներ այդ օրերին մտադրվել էին, հարմար պատրվակն օգտագործելով՝ համայնքն ամբողջությամբ Կանադա տեղափոխել, սակայն դրանք աներեւակայելի նախաձեռնություններ էին: Նրանք ավելի շուտ Ռուսաստան կմեկնեն, իրենց բարեկամների մոտ, քան այլ երկիր»,- նկատում է մեր զրուցակիցը: Ի դեպ, մոլոկանները խուսափում են նաեւ բանակում ծառայելուց: