Մատենադարանում բավականին խառը ու լարված մթնոլորտ է։ Հանգիստ ռիթմով ապրող ձեռագրատունն այժմ անցումային փուլում է գտնվում։ Ձեռագրատունը ոչ միայն «Հիլլ» թանգարանի հետ կնքված պայմանագրի մասին է մտածում, այլեւ՝ նոր տնօրենի գալստյանն է նախապատրաստվում։ Շատերը ոչ գրագետ կազմված ու ամերիկյան կողմին տարօրինակ մեծ իրավունքներ տվող այս պայմանագիրը օգտագործում են, որպեսզի հետագայում հանդես գան որպես ազգային հարստություն հանդիսացող հին ձեռագրերի պահոց-ինստիտուտի փրկիչ։ Շիկացած մթնոլորտն այժմ պետք է հանդարտեցնել։ Այդպիսին է Մատենադարանի այլեւս նախկին տնօրեն Սեն Արեւշատյանի ցանկությունը, ում վերջին որոշումը «Հիլլ» թանգարանի հետ կնքված ձեռագրերի թվանշայնացման պայմանագրի լուծարումն էր։
Հին ձեռագրերի պատճենահանումներն ինքնուրույն անելու համար Մատենադարանին համապատասխան ֆինանսներ, սարքավորումներ, ծրագրեր ու մասնագետներ են հարկավոր։ Իսկ պատճենահանումը, ավելի ստույգ՝ ամենաժամանակակից ու ձեռագրերի երկարատեւ պահպանումը՝ պատկերների թվանշանային շտեմարանի տեսքով, ապահովելը ոչ միայն ժամանակի թելադրանքն է, այլ՝ ուղղակի անհրաժեշտություն է։ Այդ գործը պետք է արվի: Բայցեւ պետք է արվի գրագետ ձեւով։ Մատենադարանի ու ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգի «Հիլլ» թանգարանի միջեւ ստորագրված պայմանագիրն այլեւս չի գործելու, քանի որ այն ոչ միայն Մատենադարանը, այլեւ՝ հենց «Հիլլը» անվավեր ճանաչեց։ Այդ մասին ամերիկյան վանք-ձեռագրատունը երեկ տեղեկացրել է Մատենադարանի ղեկավարությանը։
Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Արշակ Բանուչյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք չեն կարող ինքնուրույն որոշում կայացնել ու պատճենահանումը իրականացնել, քանի որ Մատենադարանն իր շենքի պատերի ներսում պահվող ձեռագրերի հավաքածուի սեփականատերը չէ, այլ՝ անհատույց օգտագործողն է։ «Սեփականատերը պետությունն է, ՀՀ կառավարությունը։ Մենք շատ լավ պատկերացնում էինք այդ փաստը, երբ Մինեսոտա նահանգի «Հիլլ» թանգարանի հետ մտադրությունների համաձայնագիր-պայմանագիրն էինք ստորագրում։ Մենք նկատի ենք ունեցել, որ հաջորդ՝ ֆինանսական, սարքավորումների եւ օգտագործման կարգի հետ կապված պայմանագրերի շուրջ առնվազն հինգ ամիս քննարկումներ կանցկացվեն տարբեր գերատեսչություններում։ Կան կազմակերպություններ, որոնք պարտավոր են մասնակցել այդ քննարկումներին»,- ասաց նա։ Ու նշեց նաեւ, որ ձեռագրերի թվանշայնացման ծրագրերի մասին Մատենադարանում վաղուց է խոսվում, համատեղ աշխատելու առաջարկներ եղել են, բայց դրանք հավաքածուի պատճենահանման միայն մի մասին են վերաբերել, իսկ ամբողջովին հավաքածուն թվանշայնացնելու առաջարկ իրենք միայն «Հիլլից» են ստացել։ Մատենադարանը համագործակցելու առաջարկով չի դիմել թվային տեխնոլոգիաներով պատճենահանում իրականացնող ու էլեկտրոնային արխիվներ պատրաստող որեւէ խոշոր ընկերության, քանի որ, ըստ Ա. Բանուչյանի՝ դա պետք է արվի ավելի բարձր, պետական մակարդակով։ Իսկ Մատենադարանն այս պայմանագիրը ստորագրելով ցանկանում էր պետության ուշադրությունը հրավիրել Մատենադարանում առկա խնդիրների վրա։ Ձեռագրերի նորոգման խնդիր եւս կա, քանի որ Մատենադարանում կան այնպիսի ձեռագրեր, որոնք առայժմ չի կարելի լուսանկարել, քանի որ մեծ է դրանց վնասելու վտանգը՝ հենց միայն էջերը թերթելով։ Ձեռագրեր կան, որոնք երբեւէ չեն հրատարակվել: Իսկ խոսակցությունները, թե ձեռագրեր կան, որոնց մասին մատենադարանցիները տեղյակ չեն, Ա. Բանուչյանը ապատեղեկատվություն է համարում։ «Բոլոր ձեռագրերն ուսումնասիրված են, պարզապես կան ձեռագրեր, որոնք լայն հասարակությանը ծանոթ չեն, քանի որ չեն հրատարակվել»,- ասում է նա։
20 օրվա ընթացքում Մատենադարանը պետք է ՀՀ Կառավարություն ներկայացնի իր ծրագրերը ու նախանշի դրանց լուծման եղանակները։ Սառեցված հայ-ամերիկյան պայմանագիրը կարող է այլեւս չքննարկվել, քանի որ այնտեղ շատ թերի ու փնթի ձեւակերպումներ կան։ Լավագույն որոշումը այստեղ կարող է միայն մեկը լինել. եթե կառավարությունը որոշի, որ Հայաստանը ինքը կարող է ստանձնել ձեռագրերի նորոգման ու թվանշայնացման խնդիրը։ Վերջիվերջո, մեր պետությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտը գերակա ճյուղ է սահմանել, եւ Մատենադարանում թվանշայնացման ծրագրեր իրականացնելով` մենք կարող ենք գործնականորեն խթանել այդ ոլորտի հետագա զարգացումն ու նոր աշխատեղեր եւ ծրագրաշարեր ստեղծել։
Արժեքի մասին
Մատենադարանում ոչ ոք չգիտի, թե ի՞նչ կարժենար թվանշայնացման յոթ տարվա ծրագիրը, որը պետք է իրականացներ «Հիլլը»։ Բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագետները համարում են, որ գումարի «առյուծի բաժինը» կազմելու են ծրագրաշարերը, որոնք կարելի է նաեւ սեփական երկրում ստեղծել։ Տարբեր չափերի գումարների մասին են խոսում: Նույնիսկ խոսակցություններ կան, թե ծրագիրը 80 մլն դոլար պետք է արժենար: Մատենադարանում 80 մլն դոլարի մասին խոսելը անհիմն են համարում, քանի որ ծրագրի ընդհանուր արժեքը պետք է հստակեցվեր միայն ծրագրի մեկնարկից հետո, երբ պարզ կլիներ, թե որքան են արժենալու ձեռագրերի նորոգման, տպագրման հետ կապված ենթածրագրերը։ Իսկ ձեռագրերի նորոգումն ու տպագրված լինելու փաստը պարտադիր պայման պետք է լինեին, քանի որ անտիպ բնագրերն ու նորոգման կարիք ունեցող ձեռագրերը Մատենադարանի պահանջով` թվանշայնացնել չէր կարելի։ Անտիպ բնագրերը ուսումնասիրելն ու հրատարակելը պետք է լիներ հայագետների մենաշնորհը։ Այդ պայմանի մասին Մատենադարանը տեղեկացրել էր ամերիկյան կողմին, եւ այդ պայմանը տեղ չէր գտել նախնական համաձայնագրում ու դրան կցված պայմանագրում։ Ա. Բանուչյանը կարծում է, որ այդ կետի բացակայությունը հետագայում պետք է ուղղվեր։ Ըստ նրա՝ «Հիլլին» պետք է հանձնվեր էլեկտրոնային արխիվի միայն մի մասը, իսկ ամբողջովին հավաքածուն ցուցադրելու իրավունք պետք է ունենար միայն հայկական կողմը: Սակայն պայմանագրի անգլերեն տարբերակից պարզ է դառնում, որ այնտեղ բացակայում է «նմուշներ» բառը: Այս կետը միտումնավոր սխալ է թարգմանված, որի համաձայն՝ ստացվում է, որ ամերիկյան կողմին տրվում է «պատկերներ ցուցադրելու իրավունքը», ինչը բնավ էլ չի նշանակում պատկերների «մի մասը»։ «Մի մասը տալով` փրկել ամբողջը» սկզբունքը, որին կողմ է Մատենադարանի տնօրինությունը, այստեղ խախտվում է։ Կասկածելի է թվում նաեւ այն, որ այդ կետը հետագայում կարող էր եւ շտկվել։ Ամեն դեպքում, անգրագետ թարգմանությունն ու լղոզված ձեւակերպումները կարող էին անդառնալի հետեւանքներ ունենալ Մատենադարանի ու Հայաստանի համար։ Հիմա Մատենադարանում այդ պայմանագրին վերադառնալ չեն ցանկանում։ Սակայն ցանկանում են, որ պայմանագրի սառեցումը չսառեցնի նաեւ հայկական ձեռագրերի թվանշայնացման հարցը։ Թվանշայնացումն ու ձեռագրերի նորոգումը հարկավոր է անել, եւ դա անելու համար ավելի քաղաքակիրթ ու տրամաբանական ֆինանսական ճանապարհ է պետք գտնել։
Համալսարան ու գրադարան ունեցող Սուրբ Հովհաննես վանք-միաբանությունը, որի կազմում է նաեւ «Հիլլ» թանգարանը, որպես ոչ շահութաբեր կազմակերպություն՝ նման ծրագիր իրականացնելու գումարներ նույնպես չունի։ «Հիլլը» պետք է զանազան մեծահարուստների ու բարերարների դիմեր՝ գումար գտնելու համար (ոչ ոք չի բացառում, որ այդ մեծահարուստների թվում կարող էր լինել եւ կա Ջերարդ Գաֆէսճյանը)։ Սակայն բարերարների դիմել կարող է եւ Մատենադարանը՝ առանց միջնորդ հանդիսացող «Հիլլ» թանգարանի միջամտության։ Հիշեցնենք, որ Մատենադարանի եւ «Հիլլի» միջեւ պայմանագրի մասին մեր նախորդ հրապարակումը պատրաստելիս խնդրին առնչվող բոլոր մեր զրուցակիցները նշում էին, որ այս գործարքի ետեւում կանգնած է Ջ. Գաֆէսճյանը: