Ֆորպոստին ճանապարհներ պետք չեն

30/05/2007

Երեկ Հայաստանում պաշտոնապես նշվում էր Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման տարեդարձը, եւ մեր իշխանություններն ու քաղաքական գործիչներն իրար հերթ չտալով գեղեցիկ-գեղեցիկ ճառեր էին ասում անկախության մասին: Բարձրաստիճան պաշտոնյաներն էլ` Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, անկախության մասին բարձրագոչ բառերով ուղերձներ էին հղել ժողովրդին: Այն նույն պաշտոնյաները, որոնց թեթեւ ձեռքով վերջին տարիներին Հայաստանում գոյություն ունեցող գրեթե բոլոր նյութական գոյացությունները տրվել են Ռուսաստանին: Եվ բացառված չէ, որ առաջիկայում էլ ռուսական մի ընկերության` «Ռեզերվ քեփիթլ քորփորեյշնի» միջոցով Ռուսաստանը մենաշնորհային իրավունքներ ստանա հայկական բեռնափոխադրումների շուկայում` այդպիսով ստանալով Հայաստանի վրա ցանկացած պահի ցանկացած ձեւով ազդելու հերթական լծակը: Հիշեցնենք, որ ընդամենը մի քանի օր առաջ` մայիսի 12-ին, Ռ. Քոչարյանը խոսելով ընդդիմության մասին՝ հայտարարել էր, թե նրանք նմանվում են օտարերկրյա ներկայացուցչությունների, ինչն անթույլատրելի է: Թերեւս այն պատճառով, որ Քոչարյանի անմիջական մասնակցությամբ օտարերկրյա պետության` Ռուսաստանի ներկայացուցչության է վերածվել ամբողջ Հայաստանը: