Նաջարյանը փոշմանել ա

30/05/2007

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) ուրբաթ օրը հրապարակեց ՀՀ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հետընտրական միջանկյալ առաջին զեկույցը, որը հարցականի տակ է դնում մայիսի 12-ի ընտրությունների ազատությունն ու արդարությունը: Այդ զեկույցը զգալիորեն տարբերվում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի նախորդ բոլոր զեկույցներից, որոնցում նշվում էր, թե Հայաստանն «ընդհանուր առմամբ առաջընթաց է գրանցել ընտրությունների կազմակերպման եւ անցկացման հարցում»: Թե ինչո՞ւ են դիտորդները նոր միայն սկսել նկատել խորհրդարանական ընտրությունների ընթացքում տեղի ունեցած զանգվածային խախտումները, այլ հարց է, սակայն փաստ է, որ նրանց վերջին զեկույցների միջեւ էական տարբերություններ կան: «Ընտրական գործընթացի վերջին փուլերի ընթացքում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելությունը որոշակի անհամապատասխանություններ է դիտարկել սահմանված կարգավորումներից, ինչպես նաեւ՝ շեղումներ ընտրական լավագույն փորձից, որոնք չեն նպաստում ընտրական գործընթացի նկատմամբ հանրության վստահության ամրապնդմանը»,- ասված է զեկույցում: Դրանում նաեւ նշված է, որ «առաքելությունը տարբերություններ է դիտարկել, դրանց մի մասը՝ զգալի, որոնք տեղ են գտել ընտրատեղամասերում հաստատված արձանագրությունների պատճենների եւ ըստ ընտրատարածքների բերված նախնական այն արդյունքների միջեւ, որոնք ամփոփվել էին ընտրատարածքային հանձնաժողովների կողմից»: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելությունը 108 տեղամասային ընտրական հանձնաժողովներում հետեւել է քվեների հաշվարկի եւ արդյունքների արձանագրությունների լրացմանը եւ 41 ընտրատարածքային հանձնաժողովներից 39-ում դիտարկել արդյունքների ամփոփումը: «Ընտրատեղամասերի 35%-ի դեպքում, որտեղ հաշվարկը դիտարկվել է, տեղամասային հանձնաժողովների անդամները դժվարություն են ունեցել արդյունքների արձանագրությունները լրացնելու մեջ, եւ 11 դեպքում դիտարկվել է, որ տեղամասային հանձնաժողովը արգելված գործողություն է կատարել՝ փոխելով արձանագրության սկզբնական տվյալները: Ընդհանուր առմամբ, դիտորդներն ամփոփման անցկացումն ընտրատարածքային հանձնաժողովների 35%-ում գնահատել են որպես վատ կամ շատ վատ»,- ասված է զեկույցում: Դիտորդները փաստում են նաեւ, որ 14 ընտրատարածքային հանձնաժողովներ փոխել են կամ հանձնարարական են տվել փոխել տեղամասային ընտրական հանձնաժողովների արձանագրություններում ամփոփված «սկզբնական տվյալները»: «Յոթ ընտրատարածքային հանձնաժողովներում քվեաթերթիկներ պարունակող պարկերը կամ չկնքված են բերվել տեղամասային հանձնաժողովներից, կամ հստակ կերպով կնքվել են եւ կրկին բացվել: Թիվ 19 ընտրատարածքային հանձնաժողովում (Վաղարշապատում) դիտորդները տեսել են, թե ինչպես են քվեաթերթիկների չկնքված պարկերը տարվել Հանրապետական կուսակցության քարոզչական շտաբ եւ ապա կնքված հետ բերվել ընտրատարածքային հանձնաժողովի տարածք»,- նշված է զեկույցում: Առաքելությունը շարունակելու է հետեւել Սահմանադրական դատարան ներկայացվելիք գործերի ընթացքին: Այս զեկույցն արդեն ներկայացվել է ՀՀ ԱԳ նախարարին եւ գլխավոր դատախազին: