ՀՀ Գլխավոր դատախազությունն օրեր առաջ իր կայքում հաղորդագրություն էր տեղադրել մայիսի 20-ին Գյումրիում տեղի ունեցած փոխհրաձգությունների վերաբերյալ, որտեղ ասվում էր, թե փոխհրաձգությունը սկսվել է այն բանից հետո, երբ Ռուստամ Արտաշեսի Սարգսյանը Գյումրիի Երեւանյան խճուղու վերջնամասում գտնվող իրեն պատկանող «Մետելիցա» բար-ռեստորանում «կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հասարակության նկատմամբ»` վիճաբանության մեջ է մտել Նորայր Սոլոյանի հետ: Վերջիններս, ըստ Դատախազության սկզբնական հաղորդագրության, շուրջ 10 րոպե վիճաբանել են, իրար քաշքշել, այնուհետեւ կռիվը շարունակել են դրսում, որտեղ Ռ. Սարգսյանն իր մոտ պահվող ապօրինի «Մակարով» տեսակի ատրճանակից երկու անգամ կրակել է Ն. Սոլոյանի ոտքերի ուղղությամբ, որից հետո Սոլոյանը, ստանալով հրազենային վնասվածքներ, դեպքի վայրից հեռացել է: Ըստ Դատախազության, 19:30-ի սահմաններում փոխհրաձգություն է սկսվել արդեն Տերյան-Ղուկասյան փողոցների խաչմերուկում:
Սակայն մայիսի 25-ին ՀՀ Գլխավոր դատախազությունն իր կայքի նույն հաղորդագրության մեջ «լրացումներ» է կատարել: Բայց դա ավելի շուտ ոչ թե լրացում է, այլ «սխալների ուղղում», որովհետեւ այդ «լրացումներով» Գյումրիում տեղի ունեցած փոխհրաձգությունը բոլորովին այլ կերպ է սկսվել, եւ մեղավորը ոչ թե Ռ. Սարգսյանն է, ինչպես նշված էր Դատախազության վերոնշյալ հաղորդագրության մեջ, այլ` Ն. Սոլոյանը: Եվ այսպես, Դատախազության վերջին «լրացումներով» հաղորդագրությունը Գյումրիում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ նման զարգացումներ է ունեցել. «Նախաքննության ընթացքում ձեռնարկված միջոցառումների արդյունքում հաջողվել է պարզել փոխհրաձգությանը մասնակցած մի քանի անձանց ինքնությունը, դեպքի հանգամանքները: Ըստ այդմ` պարզվել է, որ 2007թ. մայիսի 20-ին՝ ժամը 18:00-18:30-ն ընկած ժամանակահատվածում, Գյումրի քաղաքի բնակիչ Ն.Սոլոյանը, ոգելից խմիչք օգտագործած վիճակում, քննությամբ դեռեւս չպարզված անձի հետ միասին, «Ռուբ-Ռուս» ՍՊԸ-ին պատկանող «Մետելիցա» բար-ռեստորանում վիճաբանության մեջ է մտել նույն ՍՊԸ-ի տնօրեն Ռուստամ Սարգսյանի հետ, որի ընթացքում կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով սրճարանի աշխատակիցների եւ ներկա գտնվողների նկատմամբ, բաժակով գարեջուրը դիտավորյալ լցրել է Ռ.Սարգսյանի դեմքին, ինչի պատճառով նրանց միջեւ քաշքշոց է առաջացել: Ն.Սոլոյանը խուլիգանական հայհոյանքներ է տվել Ռ.Սարգսյանի հասցեին, որից հետո վիճաբանությունը շարունակվել է բակում, որտեղ Ռ.Սարգսյանն իր մոտ պահվող` ապօրինի ձեռք բերած «Մակարով» տեսակի ատրճանակից 2 անգամ կրակել է Ն. Սոլոյանի ոտքերի ուղղությամբ: Աջ ազդրի շրջանում ստանալով հրազենային վնասվածք` Ն.Սոլոյանը դեպքի վայրից հեռացել է: Վերջինս տեղափոխվել է Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց, որտեղ էլ ներկայումս գտնվում է: Ավելի ուշ` նույն օրը, ժամը 19:30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Տերյան եւ Ղուկասյան փողոցների խաչմերուկում` մարդաշատ վայրում, փոխհրաձգություն է տեղի ունեցել Ռ.Սարգսյանի` իր «Տոյոտա-Լենդ-Քրաուզեր» մակնիշի 77 ՍԼ 222 պետհամարանիշի ավտոմեքենայով, ուղեւոր Տելման Կարապետյանի եւ «Համմեր H-2» մակնիշի 44 ՏՏ 440 պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդ` Սպարտակ Վարդանի Ղուկասյանի եւ ավտոմեքենայում գտնվող դեռեւս ինքնությունները չբացահայտված անձանց միջեւ, սակայն միմյանց սպանելու դիտավորությունն իրենց կամքից անկախ հանգամանքներով ավարտին հասցնել չեն կարողացել` դեպքի վայրից դիմելով փախուստի»,- ասված է ՀՀ Գլխավոր դատախազության «լրացումներով» հաղորդագրության մեջ:
Ի դեպ, Դատախազության նույն հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ մայիսի 24-ին ՀՀ Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ, Շիրակի մարզային վարչության եւ Շիրակի մարզի դատախազության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ «Ոսկե բլուր» ռեստորանային համալիրում խուզարկությամբ հայտնաբերվել եւ առգրավվել է «Մոսին» տիպի հրացան, 2 դաշույն, գաղտնի փականով 1 դանակ, 5,45 մմ տրամաչափի 77 հատ, 9 մմ տրամաչափի 118 հատ, 7,62 մմ տրամաչափի 73 հատ, 5,6 մմ տրամաչափի 84 հատ եւ 2,8 տրամաչափի 17 հատ փամփուշտ, ինքնաձիգի եւ «Մակարով» տեսակի ատրճանակի 1-ական պահունակ, ատրճանակի 2 պատյան, սեւ գույնի կտորից մեկ դիմակ եւ ռետինե 1 դիմակ: Հիշեցնենք, որ Ռ.Սարգսյանի, Տ.Կարապետյանի եւ Ս.Ղուկասյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը եւ հայտարարվել հետախուզում` նրանց հայտնաբերելու նպատակով: Մայիսի 25-ին որոշում է կայացվել ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասով` հանցագործություն կատարելու կասկածանքով Ն.Սոլոյանին ձերբակալելու մասին եւ հանձնարարվել է Ոստիկանությանը՝ շարունակել հիվանդանոցում գտնվող Ն.Սոլոյանի հսկողությունը` մինչեւ խափանման միջոցի հարցի լուծումը:
Հ.Գ. Դժվար է ասել, թե ինչպես է նախաքննության ընթացքում «ձեռնարկված միջոցառումների արդյունքում» սկզբում «հաջողվել» գրեթե ամբողջությամբ այլ հանգամանքներ պարզել, քանի որ, ինչպես նկատեցիք, Դատախազության երկրորդ` «լրացումներով» տարբերակում դեպքերը լրիվ այլ կերպ էին զարգացել: Ի դեպ, «168 Ժամի» աղբյուրները հենց դեպքի օրը նշել էին, որ Ռ. Սարգսյանի վրա Սպարտակ Ղուկասյանի թիմակիցները գարեջուր էին շաղ տվել, ինչից հետո էլ սկսվել էր փոխհրաձգությունը: