Հերթական մենաշնո՞րհը

30/05/2007 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Կովկաս-Փոթի նորակառույց լաստանավի կանոնավոր աշխատանքները շարունակում են ձգձգվել: Հիշեցնենք, որ մոտ 1,5 ամիս առաջ լաստանավը կատարեց իր փորձնական ուղերթը, իսկ տասն օր առաջ էլ Կովկաս նավահանգստից Փոթի բերվեցին Ռուսաստանից վարձակալած «Հայկական երկաթուղու» հինգ էլեկտրաքարշերը: Այդքանը դեռ քիչ էր, լաստանավը շահագործող «Ռեզերվ քեփիթլ քորփորեյշն» ընկերությունն էլ` որպես բարի կամքի դրսեւորում, շոգեքարշերը տեղափոխել է անվճար:

Ինչպես ավելի ուշ պարզվեց` ամենեւին ոչ Հայաստանի հանդեպ ունեցած անհագուրդ սիրուց դրդված: Բանն այն է, որ մեր տեղեկություններով, լաստանավը շահագործող ընկերությունը կանոնավոր բեռնափոխադրումներ իրականացնելու համար Հայաստանի իշխանությունների առջեւ շատ խիստ պայմաններ է դրել: Նախ «Ռեզերվ քեփիթլ քորփորեյշնը» որոշել է բեռնափոխադրումների համար բավականին բարձր սակագին սահմանել, չնայած ընկերության գլխավոր տնօրեն Խակիմ Մատչանովը Երեւանում հայտարարել էր, թե իրենց ծառայություններն այդ ոլորտում գործող սակագներից անհամեմատ ավելի էժան կլինեն: Ընդ որում, սա ընկերության ներկայացրած ամենավատ պայմանը չէ. Հայաստանի բեռները, այսպես թե այնպես, բարձր սակագներով են տեղափոխվում: «Ռեզերվ քեփիթլ քորփորեյշնի» առաջարկած ամենաանընդունելի եւ անթույլատրելի պայմանն այն է, որ ընկերությունն ուզում է ամբողջությամբ վերահսկել Հայաստանի բեռնափոխադրումների ծառայությունները: Այսինքն` ցանկանում է մենաշնորհային հիմունքներով դառնալ դեպի Հայաստան եւ Հայաստանից` այլ երկրներ բեռնափոխադրումներ իրականացնող միակ ընկերությունը: Ընկերությունը բեռները տեղափոխելու համար Հայաստանում եւ Վրաստանում պետք է օգտվի «Հայկական երկաթուղու» ծառայություններից: Իսկ եթե բեռը մեքենաներով է տեղափոխվում, ապա ընկերությունը դժվար թե վարձակալի հայկական բեռնափոխադրողների մեքենաները եւ ավելի հավանական է, որ կօգտագործի իր ունեցած տեխնիկական միջոցները: Սա, մեղմ ասած, վտանգավոր հեռանկար է Հայաստանի համար, քանի որ ընկերությունը` միակը լինելով այդ ոլորտում, կարող է ոչ միայն շատ բարձր սակագներ սահմանել, այլեւ կարող է ցանկացած ժամանակ «արձակուրդի» կամ «պրոֆիլակտիկ վերանորոգումների» գնալ եւ բեռնափոխադրումներ չիրականացնել: Ընդ որում, այս դեպքում պայմանագրային անգամ ամենաանխոցելի կետերը հեշտությամբ կարող են չպահպանվել, եթե դա անհրաժեշտ լինի, ասենք, Ռուսաստանին: Այսպիսով, Հայաստանին քաղաքականապես եւ տնտեսապես ճնշելու համար այս ընկերության միջոցով Ռուսաստանը կունենա եւս մեկ լծակ: Բացի այդ, «Ռեզերվ քեփիթլ քորփորեյշնի» նման պայմաններով մուտքը բեռնափոխադրումների շուկա կարող է կասկածի տակ դնել հայկական բեռնափոխադրող ընկերությունների գործունեությունը, որոնք մեր երկրում քիչ թե շատ կայացած են: Եթե ՀՀ իշխանությունները համաձայնեն բավարարել ռուսական ընկերության այս պահանջը, ապա Հայաստանում գործող բեռնափոխադրող բոլոր ընկերությունները կարճ ժամանակում կփակվեն: Իսկ ամենացավալին այն է, որ դժվար է հույս ունենալ, թե մեր իշխանությունները կկարողանան մերժել ռուսական բեռնափոխադրողի թելադրած այս պայմանները, քանի որ, ինչպես հայտնի է, մերոնք թուլություն ունեն ռուսական ցանկացած երեւույթի նկատմամբ: Առավելեւս, եթե այդ «թուլությունը» վճարվում է «քյաշ» փողով: