Այն օրից, երբ ոտք դրեցի Հարություն պապիկենց «տուն»՝ նրա ընտանիքի անհուսալի վիճակը մղձավանջի, անկոչ երազի պես ամեն րոպե հայտնվում է աչքիս առաջ ու տանջում: Չէի մտածում, որ իրականությունը կարող է նաեւ այսքան դաժան լինել:
Օրեր առաջ Էրեբունի համայնքում գտնվող Վարդաշենի սարերի ետեւում գտա մի ավերակ շինություն, որի անպատուհան պատերի արանքից խոր թախիծով դեպի հեռուն էր նայում այս ծերունին: Մի տարեց մարդ, ով հավանաբար ճանաչում էր նրան՝ խորհուրդ տվեց գնալ ու տեսնել նրանց կենսակերպը. «Էս մարդը շատ ահավոր վիճակում ա, երկու անկողնային հիվանդ ա պահում, զիբիլանոցներից ա հաց-մաց գտնում, հանում: Շատ ծանր ա սրանց վիճակը»,- ցավով ասաց նա: Կապուտաչյա, սարսափելի հուսահատ հայացքով այս ծերուկի մեջ կյանքը բառիս բուն իմաստով մեռել է: Ոչնչի չի արձագանքում, անշարժ է, նայում է աչքերիս ու չի նկատում, որ անծանոթ մարդ է մոտենում: Ասում եմ՝ «Պապի՛կ, արի ներս գնանք, տեսնենք ո՞նց եք ապրում»: Ծերունին ուզում է մտքերից կտրվել ու ինձ լսել, բայց մտքերով այնքան խորն է գնացել, որ դժվարությամբ է սթափվում: Զարմանքով հարցնում է՝ «Չե՞ս վախենա»: «Չէ»,- ասում եմ: Հարցնում է՝ «Չե՞ս զզվի»: «Չէ»,- ասում եմ: Հարություն պապն է: Նրա «տան» դռան առաջ մի քանի տախտակներ իրար վրա դրված, հարմարեցված են որպես զուգարան, որի կողքով անցնելիս կռանում ենք, որ տախտակների վրա փռած փալասներին չդիպչենք: Մտնում ենք ներս… Չեմ ընկալում` ուր ենք գնում ու որտեղ ենք. ահավոր խավար է: Առաջանում ենք ինչ-որ ցեխոտ, կեղտոտ, անասնագոմին բնորոշ կեղտի շերտով պատված հատակի վրայով: Կարծես թունելի միջով անցնելիս լինենք ու ցեխից, կեղտից չփչփացող ոտքիս տակ անընդհատ ինչ-որ կոշտ բաներ եմ զգում, սակայն չեմ գիտակցում, որ կարող է առնետներ լինեն: Հարություն պապի տունը նման է կոյուղագծի մի մեծ ու մութ անդունդի. քայլում ենք ու ոչինչ չեմ տեսնում: Լավ է, որ ոտքիս տակ չեմ տեսնում՝ ինչ է կատարվում: Թե չէ` շատ կվախենայի: Այնպես որ, «բարեբախտաբար» շատ մութ է: Հարություն պապը մխիթարում է՝ «Հես ա կհասնենք լույսին, մի վախեցի»։ Փոքր քայլերով գնում եմ ծերուկի հետեւից, ու ինձ անընդհատ թվում է, որ դեմքիս ինչ-որ բաներ են դիպչում: Սարդոստայնը տան պատերը քարկապ է գցել: Բայց այդ պահին կարեւորն այն է, որ չեմ հասկանում, թե ինչ է դեմքիս դիպչում: Հասնում ենք մի տեղ, որտեղ փոքրիկ լամպ է վառվում:
«Քաղցից մեռնում ենք, էլ ելք չունենք»
Անկողնուն դիակի պես ընկած է մի երիտասարդ, իսկ կողքի մահճակալին նստած է մի տատիկ ու կեղտոտ թասի միջից շոշափելով հացի կտորն է փնտրում: Ոտնաձայներից անհանգստացած` տատիկն աչքերը պլշած նայում է պատի կողմն ու շփոթված հայացքով ձայնիս ուղղությունն է փնտրում: Հարցնում է՝ «Էդ ո՞վ ա»: Հարություն պապիկն ասում է՝ «Շուշիկ, լրագրող ա եկել»: Շուշան տատը շփոթմունքից դողդողում է ու ձեռքի թասը դնում է անկողնու վրա: «Լրագրո՞ղ,- դողդողացող ձայնով կրկնում է Շուշիկ տատն, ասես չի հավատում ամուսնու ասածին:
-Լրագրող… ախր քաղցած ենք, աղջիկ ջան, քաղցից մեռնում ենք, ախր էլ չենք դիմանում, ախր սենց անասունի պես ապրել չի լինի, ամիսներով մի տաք ճաշ չենք ուտում, ախր…, ախր…»: Իմ անսպասելի այցելությունից հացն առանց կուլ տալու, կոկորդը սեղմած, այնպես է լաց լինում, որ մտածում եմ` խեղդվում է:
75-ամյա Շուշան Ծատինյանը, պարզվում է, կուրացել է: Էրեբունի համայնքի թիվ 25 շենքում ապրած Շուշան տատիկենք 4 երեխա են մեծացրել, եւ ճգնաժամային տարիներին իրենց բնակարանը վաճառել են: «11 հոգով էինք ապրում, հարս, թոռներ էլ ունեինք: 20 տարի Ռայսովետում հերթագրված էի բնակարանի համար: Տղաներս ամուսնացել էին: Էս մի տղայիս կինն էլ երեխուն գրկեց, գնաց, ասեց՝ ես սենց չեմ կարա ապրեմ: Ռայսովետն էս տունը տվեց, իբր տուն ա, էլի, գոմ ա, գոմ»,- պատմում է Շուշան տատը՝ վստահեցնելով, որ այս ավերակ շինությունը նախկինում ուսումնարան է եղել, որը, սակայն, հետագայում քանդման ենթակա շինություն է համարվել: Շուշան տատի մյուս երեխաները Խարբերդում են ապրում, որոնք ավելի ծանր պայմաններում են: Արդեն 6 տարի Հարություն պապը, Շուշան տատն ու նրանց որդին՝ Արթուրն, այստեղ են ապրում, որտեղ ոչ լույս կա, ոչ ջուր եւ ոչ էլ կոյուղի: Շուշան տատն ինքն իր գլխին հարվածելով ասում է՝ «Բա մենք սե՞նց ենք ապրել, բա ես սե՞նց կին եմ եղել: Լավ տեղեր եմ աշխատել, բալես. Էլեկտրատեխնիկական զավոդում Կարեն Դեմիրճյանի ձեռքի տակ եմ աշխատել: Կարեն Դեմիրճյանն ասեց՝ Շուշիկ, ձեռագիրդ շատ լավն ա, քեզ տալիս եմ կադրերի բաժինը, երկար տարիներ աշխատեցի կադրերի բաժնում: Կարամելի գործարանում կարամելագործ եմ աշխատել, լավ կարամել եմ արտադրել: Մոսկվայի էքսպերտներն իմ արտադրանքին գերազանց գնահատական տվեցին: Տրամվայի, տրոլեյբուսի պարկում տեղամասային պետ եմ աշխատել, բայց էսօր երեսիս նայող չկա, սովից ու տանջանքից գիշերները քունս չի տանում»,- հիշում է Շուշան տատը: Նրա ամեն խոսքից կրկին թարմանում են վերքերը, ու խեղդվում է, չի կարողանում խոսել:
Շուշան տատն 1-ին կարգի հաշմանդամ է, ստանում է 17.000 դրամ թոշակ: Հիպերտոնիկ հիվանդ է, սրտի անբավարարություն ունի. «Պրոֆեսորն ասեց՝ 2 անգամ ինֆարկտ ես տարել: Դե՛, նենց տանեի, որ մեռնեի-պրծնեի: Աչքերի վիրահատությունն էլ 3 ժամ տեւեց, աջ աչքս հեռացրին: Նախքան վիրահատելն աչքերս թեթեւակի տեսնում էին, հիմա բոլորովին չեմ տեսնում, կուրացա: Ասում են՝ Չարենցի վրա լավ մասնագետ կա, Ամերիկայից եկած, բայց սաղ գումար ա: Ես սկի էս անկողնուց դուրս չեմ գալիս, էլ ուր մնաց՝ աչք ստուգեմ: Չեմ ուզում սենց տանջվելով ապրել»,- ասում է Շուշան տատը` հուսահատ այս ու այն կողմ ուղղելով հայացքը: Հարցնում եմ՝ «Ի՞նչ խոսք կուզես փոխանցել մեր երկրի իշխանություններին: Ասելիքդ անպայման կտպագրենք»: Ասում է՝ «Ի՞նչ ասեմ, բալիկ ջան, քաղցած-նստած ենք: Մեռնում ենք, էլ ելք չունենք: Երեկ սովածությունից գիտակցությունս կորցնում էի: Ամուսնուս ասում եմ՝ գոնե գնա մի հատ մածուն բեր, ուտենք, ուշքի գանք: Ասում ա՝ կոպեկ ունե՞մ, որ մածուն բերեմ: 2 տարի ա` չգիտեմ ինչ բան ա տաք ճաշը»: Շուշան տատն այլեւս ուժասպառ լինելով փալասի պես ընկնում է բարձի վրա ու գլուխը թեքում: Ապա զայրացած վերցնում է «Տեր ողորմյան» ու մատներով նյարդային գլորում։
«Եթե կարողանայի ոտքի կանգնել….»
36-ամյա Արթուրի աչքերը մոր խոսքերից լցվում են, մեջքով շրջվում է, որ արցունքները չերեւան: Իրեն մեղավոր է զգում ծնողների հուսահատ վիճակի համար: Արթուրը շատ գունատ ու հյուծված է: Ասում է՝ «Մենք էսքան վատ չէինք, ես աշխատում իրանց պահում էի: Գաջի գործարանում էի աշխատում: Ձմռանն ընկա, ծնկներիս մեջ ջուր էր լցվել, ուռել էր: Ոտքերս կամաց-կամաց անշարժացան: Էդ ցուրտն ու խոնավությունն ավելի վատացրին: Ինվալիդ դարձա, նստած տեղից չեմ կարում շարժվեմ, ոտք գցեմ: Ցավից ոռնալով` ասում եմ՝ կանգնեմ, բայց թուլանում-ընկնում եմ տեղաշորին: Այ սենց դժբախտ վիճակ ա: Եթե ես ոտքի կանգնեի՝ ծնողներս էս վիճակում չէին լինի»: Արթուրն ասում է, որ նախկինում ինքն էր ծնողների համար ճաշ եփում, սակայն անկողնուն գամվելուց հետո ծերունիները ճաշ չեն կերել: Ասում եմ՝ «Կարո՞ղ եք աթոռին նստել, որ լուսանկարեմ, այնտեղ մի քիչ լույս է»։ Արթուրն ուզում է ոտքի կանգնել, սակայն թուլանում-ընկնում է։ Հարություն պապիկն անընդհատ իրեն դուրս է գցում, չի կարողանում լսել կնոջ ու որդու խոսակցությունը: Հարցնում եմ՝ «Ինչքա՞ն թոշակ ես ստանում»: Չի կարողանում մտաբերել. «Ըըըը.. Շուշիկ քանի՞ մանեթ էր իմ թոշակը: Խելք չի մնացել, բալիկ ջան»: Շուշան տատը հուշում է, որ 14.000 է թոշակը: Հարություն պապն իր կյանքի կեսն աշխատել է երկաթգծում, բարձրակարգ վարպետ է եղել. «Բայց հիմա ի՞նչ, սենց վարի գնացինք ու գնացինք…»: Ասում է, որ թոքերի վիճակը վատ է, շնչառության ընդհատումներն իրեն վատ բան են հուշում, իսկ մարմինը հաճախ թմրում, թուլանում է: «Շատ վատ ենք, էլի»,- ասում է Հարություն պապն` ավելացնելով, որ «Փարոսի» օգնությունից էլ են զրկվել:
Հեռանում եմ նրանց տնից` հետեւում թողնելով մթությունը, հուսահատությունը, գարշահոտը: Դրսի լույսն ու մաքուր օդը չեն մեղմում այն ծանր տպավորությունները, որոնք թողեցին այս մարդիկ: Ամբողջ ճանապարհին Շուշան տատիկենց վիճակի մեղավորներին եմ փնտրում, որոնց կարելի է պարզապես մի երկու օր գցել նրանց տուն ու, որպես պատիժ, դրսից դուռը կողպել: