Ուղիղ երեք օրից՝ հունիսի 1-ին, Հայաստանում տեղի կունենա Հայոց լեզվի եւ գրականության պետական ավարտական եւ միասնական քննությունը։ Այս մասին այնքան շատ է խոսվել ու մանրամասն բացատրվել, որ թվում է, թե վախենալու եւ անհանգստանալու այլեւս ոչինչ չկա։
«168 Ժամը» տպագիր ԶԼՄ-ներից միակն էր, որ երեկ ներկա գտնվեց «Արդշինինվեստ» բանկի մասնաճյուղերից մեկի բունկերում պահվող քննական հարցաթերթիկների կոմպլեկտավորմանը։ Ընդհանուր տպավորությամբ, թվում է, որ ամեն ինչ արված է՝ արդար քննություն ապահովելու համար. հարցաթերթիկները ծածկագրված են, եւ ծածկագիրը բացվում է գնահատականը նշանակելուց հետո, աշխատանքները ստուգելու են համակարգիչները, քննասենյակներում քննությունը հսկելու են կոնկրետ մասնագիտության հետ առնչություն չունեցող մարդիկ, եւ ամենակարեւորը՝ քննությունն անցկացվում է մեկ օրվա ընթացքում։ Հրաշալի է։ Սակայն մոտ 50.000 ընտանիքներում այս «հրաշքը» վերածվել է նյարդային աժիոտաժի։ Եվ դա բնական է, քանի որ մարդիկ չեն ուզում դառնալ փորձաճագարներ՝ իրենց վրա կրելով կրթական ոլորտի «նորամուծություն» կոչվածը։ Իհարկե, առանց այդ փորձերի հնարավոր չէ իրականացնել որեւէ փոփոխություն մի ոլորտում, որ այսօր որակական փոփոխությունների խիստ կարիք ունի եւ որը մինչեւ կոկորդը խրված է կաշառակերության մեջ։ Ինչեւէ, առաջին քայլն արդեն արված է եւ հունիսի 1-ից հետո ավելի հստակ կերեւան այս «նորամուծության» մինուսներն ու պլյուսները։ «Մենք փորձել ենք կանխատեսել բոլոր ռիսկերը, հնարավոր սողանցքները, հնարավոր խախտման ձեւերը եւ փորձել ենք դրանք հասցնել նվազագույնի։ Իհարկե, միայն գործողության մեջ հնարավոր կլինի տեսնել՝ արդյոք մենք որեւէ բան աչքաթող չե՞նք արել։ Այսօրվա դրությամբ ակնառու բացթողում չենք տեսնում»,- ասում է Կրթության եւ գիտության (ԿԳ) փոխնախարար Բագրատ Եսայանը՝ ավելացնելով, որ փորձարկումների ընթացքում առաջացած մինուսները շտկվել են։ ԿԳՆ-ն հասարակության մեջ վստահություն սերմանելու համար՝ երեկ մեր թերթին հնարավորություն էր ընձեռել ներկա գտնվել եւ տեսնել, թե ինչպիսի թափանցիկ ու արդար պայմաններում են կոմպլեկտավորվում քննության թեստերը՝ ՀՀ-ի մարզեր ուղարկելու համար։ Քննական հարցաթերթիկները պահվում են «Արդշինինվեստ» բանկի մասնաճյուղերից մեկի բունկերում՝ անվտանգության աշխատակիցների եւ մեծ կողպեքների հսկողության տակ։ Մայիսի 27-ից թեստերի կոմպլեկտավորման գործընթացը սկսված է: Մինչեւ մայիսի 31-ը թեստերով լի բոլոր արկղերը կուղարկվեն «Արդշինինվեստ» բանկի մարզային մասնաճյուղեր։ Հունիսի 1-ին՝ առավոտյան ժամը 6:00-ին կբացվեն բանկի բոլոր մասնաճյուղերի հատուկ բունկերները, որտեղից թեստերով լի արկղերը կտեղափոխվեն հանրապետության թվով 55 քննակենտրոններ եւ դպրոցներ, որտեղ անցկացվելու են միասնական եւ ավարտական քննությունները։ Այդ օրն ամենաուշը 8։30-ին բոլոր արկղերը պետք է լինեն քննակենտրոններում, իսկ յուրաքանչյուր լսարանի համար նախատեսված թեստերի 4 տարբերակով ծրարը պետք է բացվի ժամը 10-ից մի քանի րոպե պակաս։ Ավարտական քննության համար նախատեսված է 100 րոպե, իսկ միասնականի համար՝ 3 ժամ։
Ի՞նչ պետք է անեն օլիգարխների ու չինովնիկների երեխաները
Նոր քննահամակարգը շատերի կողմից քննադատվեց։ Հայոց լեզվի եւ գրականության դասախոսների մի խումբ մինչ օրս շարունակում է պնդել, որ «այս քննահամակարգով լեզվի իմացություն չեն ստուգում»։ ԿԳՆ փոխնախարար Բ. Եսայանը համաձայն չէ այս տեսակետի հետ` պարզաբանելով, որ քննության թեստը հիմնված է առարկայական ամբողջական ծրագրի վրա։ «Առանց գիտելիքի թեստ չեն լուծի։ Հետո թեստը լեզվի իմացության ստուգման համար է եւ ոչ թե սովորեցնելու։ Սովորում են 10 տարիների ընթացքում եւ ոչ թե քննություններից 6 ամիս առաջ»,- ասում է փոխնախարարը։ Ավարտական քննության քննաթերթիկում գրականության հատվածը շատերին է վրդովեցնում, քանզի կան առաջադրանքներ, որոնց պատասխանը երեխան կարող է տալ միայն այն դեպքում, եթե քննություններից առաջ է կարդացել տվյալ գեղարվեստական գիրքը, կամ եթե նա ունի ֆենոմենալ հիշողություն։ Հատկապես, եթե նշվում է, որ երեխան պետք է 10 տարիների եւ ոչ թե 6 ամիսների ընթացքում պատրաստվեր քննությանը, ապա դժվար է պատկերացնել` ինչպե՞ս պետք է նա հիշի, թե, ասենք, «Ակսել Բակունցի ո՞ր ստեղծագործության մեջ է արծածված արվեստի եւ իրականության փոխհարաբերության հարցը»։ Ինչ վերաբերում է թեստերի հեշտ կամ դժվար լինելուն, Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրեն Վանյա Բարսեղյանի խոսքերով՝ թեստերը կազմվում են դպրոցում սովորող երեխաների գիտելիքների միջին մակարդակին համապատասխան։ Նրա հավաստմամբ, այս համակարգի նպատակն է՝ դպրոցի ավարտական չափանիշները համապատասխանեցնել բուհի մուտքի չափանիշներին, ինչի ուղղությամբ աշխատանքներն արդեն տարվում են։ Սա, իհարկե, նորմալ եւ արդար մոտեցում է, սակայն այն դեպքում, երբ դպրոցը դպրոցի նման լինի եւ, օրինակ՝ մի դասաժամի ընթացքում ուսուցիչը ժամաքանակի պակասի պատճառով երեխային միանգամից 2 թեմա չհանձնարարի եւ դեռ մի քանիսն էլ բաց թողնի։ Ինչ վերաբերում է համակարգչային հնարավոր վրիպումներին, ապա շատերն են հիշում, թե ինչպես անցյալ տարի քննությունների ավարտին համակարգչի վրիպակի պատճառով՝ դիմորդների մի մեծ խումբ պարզեց, որ ընդունվածների ցուցակում հայտնվել է սխալմամբ։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ այս տարի գործածության է դրվելու այլ համակարգչային ծրագիր, որը նման վրիպակներ, հուսանք, թույլ չի տա։ Շուկայական այն հարաբերությունները, որ սովորաբար մեծ թափ են առնում ընդունելության քննությունների ընթացքում, նոր համակարգի ներդրման շնորհիվ կարող են վերանալ։ Այսպես են մտածում լավատեսներն ու պետական չինովնիկները: Սակայն հասարակության մի մեծ զանգված այլեւս ընդունելության քննություններին չի վստահում, այդ գործընթացի նկատմամբ շատ իրատեսական, երբեմն էլ՝ հոռետեսական վերաբերմունք է ցուցաբերում։ «Բա որ վերեւից զանգե՞ն, ծածկագիրը թափանցիկ չի դառնա՞»,- ասում է մարդկանց մի խումբ, ով կասկած չունի հայերիս հնարամտության վրա։ Մի բան կմտածեն ճիշտ այնպես, ինչպես ԱԺ ընտրությունների ժամանակ: Նույնիսկ միջազգային դիտորդները գլխի չընկան, թե ինչ կատարվեց: «Այլեւս թող որեւէ մեկը չխոսի վերեւի զանգերի մասին, որեւէ բացառություն չի լինի։ Մենք հիմա ունենք նախագահի եւ վարչապետի հանձնարարականը, որ համակարգը պետք է 100 տոկոսով մաքրել որեւէ արատավոր երեւույթից։ Օլիգարխը երկրի վարչապետից եւ նախագահից բարձր չի»,- ասաց Բ. Եսայանը։
Բոլորովին հոռետես չլինելով, բայցեւայնպես, դժվար է պատկերացնել, թե ինչպես կարելի է մի քայլով վերացնել կրթական ոլորտի ամբողջ ստվերը, համատարած կաշառակերությունն ու անարդարությունը: Հունիսի 1-ը դեռ այս ամենի սկիզբն է, այնպես որ, մի քանի օրից խոսելու շատ բան կունենանք։ Այնուամենայնիվ հաջողություն ենք մաղթում բոլոր շրջանավարտներին ու դիմորդներին: Հուսով ենք, որ այս նոր համակարգի շնորհիվ՝ բարձր միավորներին կարժանանան նրանք, ովքեր իսկապես դրան արժանի են։