Դարձյալ Գաֆեսճյանը

30/05/2007

Մատենադարանի ու ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգի հին ձեռագրերի «Հիլլ» գրադարան-թանգարանի միջեւ ստորագրվել է պայմանագիր, ըստ որի` ամերիկյան կողմը պարտավորվում է թվանշայնացնել ձեռագրերն ու Մատենադարանի հետ համատեղ տնօրինել ձեռագրերի հավաքածուի հետագա ճակատագիրն ու գործածումը: Այդ պայմանագիրը շատ նման է «Հայֆիլմ» կինոստուդիայի սեփականաշնորհման պայմանագրին: Գրեթե նույն շտապողականությամբ են գործում։ Հոդվածը պատրաստելիս պարզվեց, որ շատերի համար գաղտնիք չէ, որ սրա ետեւում կանգնած է Ջերարդ Գաֆէսճյանը, ով գիտակ կոլեկցիոներ է եւ Մինեսոտա նահանգի հեղինակավոր մարդկանցից մեկը:

Եթե «Հայֆիլմի» դեպքում գոնե մրցույթի պատրանք էր ստեղծվել, ապա այս դեպքում մրցույթ չի էլ հայտարարվել: Ամերիկյան կողմն առաջարկ է ներկայացրել, նույն օրն ընդունվել է: Մինչդեռ միջազգային փորձը պարտադրում է,

որ հավաքածուն թվանշայնացնելու ցանկություն ունեցող ձեռագրատունը պետք է ի լուր աշխարհի տեղեկացնի իր մտադրությունների մասին, առաջարկներ ստանա, ապա փորձագետների խումբ հրավիրի ու ընտրի իր համար ամենաշահավետ առաջարկը: Ամեն դեպքում պայմաններ թելադրողը, իրավիճակի տերը հարստության կրողը պետք է լինի, եւ ոչ թե՝ սպասարկող ընկերությունը: Տիրոջ դերի գիտակցումը բնավ էլ չի նշանակում, որ պետք է «նստել» գանձերի վրա ու ասել` ոչ մեկին չենք տա: Պետք է համագործակցել, այդ հարստությունը բացել աշխարհի առջեւ, ճանաչելի դարձնել, բայց դա պետք է անել հեռատեսությամբ ու պարզ բանականությամբ: Եզակի հավաքածու ունենք, ու թելադրողը մենք ու մեր ժառանգները պիտի լինենք: Հետաքրքիր էր, որ Մատենադարանի տնօրեն Սեն Արեւշատյանը երեկ, չսպասելով իր պաշտոնավարման ժամկետի ավարտին (հաշված օրեր են մնացել), հրաժարական տվեց: Այս ամբողջ պատմությունից հարց է ծագում. ինչո՞ւ մեր պետությունն ինքը չի նախաձեռնում 17.000-ից ավելի այդ ձեռագրերի թվայնացման գործը: Սա արդեն խնդրի մյուս կողմն է, որը կներկայացնենք հաջորդիվ: