ՆԱՏՕ-ն որոշակիորեն վերափոխել է իր կարգավիճակը՝ թե՛ առաքելության եւ թե՛ նպատակների առումով: Այս համատեքստում Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը կարեւոր դեր ունեն: Խոսքը ոչ թե այս երկրների՝ ՆԱՏՕ-ին անդամակցել-չանդամակցելու հարցի մասին է, այ՝ թե ի՞նչ չափով պետք է ՆԱՏՕ-ն ներգրավված լինի հարավկովկասյան տարածաշրջանում:
«Կոնգրես» հյուրանոցում «Ֆրիդրիխ Նաուման» հիմնադրամի եւ «Համաձայնություն» կենտրոնի կազմակերպած քննարկման ժամանակ երեկ նման կարծիք հայտնեց արտաքին հարաբերությունների, ռազմական անվտանգության, քաղաքական եւ տնտեսական հարցերի վերլուծաբան Ռիչարդ Գիրագոսյանը: Վերջինս ՆԱՏՕ-ի ներգրավումն ավելի շատ կարեւորում է ոչ թե զուտ ռազմական ներգրավման, այլ կոռուպցիայի եւ ներքին անվտանգության հարցերի առումով: Վերլուծաբանը գտնում է, որ Հայաստանը չի կարող իրեն թույլ չտալ ինտեգրվել ՆԱՏՕ-ին՝ մի քանի պատճառներով: Առաջին պատճառն, ըստ նրա, Հայաստանի մեկուսացման վտանգն է: Երկրորդ պատճառն էլ, Ռ. Գիրագոսյանի համոզմամբ՝ այն է, որ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների սերտացումը Հայաստանին հնարավորություն կտա ազատվել Ռուսաստանից ունեցած գերկախվածությունից: Քննարկումը վարող, «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը նկատեց, որ մեր հասարակության մի շերտի մոտ թյուր տպավորություն կա, թե ՆԱՏՕ-ն միայն ռազմական կազմակերպություն է: Մինչդեռ, նրա հավաստմամբ, իրականում ՆԱՏՕ-ն ռազմաքաղաքական կազմակերպություն է, որտեղ քաղաքական բաղադրիչը շատ ավելի կարեւոր է: Ըստ նրա, ՆԱՏՕ-ն աշխարհում գոյություն ունեցող ամենաարդյունավետ անվտանգության համակարգն է: Հնչած կարծիքների հետ որոշակիորեն համաձայն չէր Միչիգանի համալսարանի պրոֆեսոր, ՀՀ առաջին նախագահի արտաքին հարցերով խորհրդական, դոկտոր Ժիրայր Լիպարիտյանը: Ըստ նրա, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո դժվար էր հասկանալ ՆԱՏՕ-ի գոյությունը: Ժ. Լիպարիտյանը համաձայն էր այն տեսակետի հետ, որ վերջին տարիներին ՆԱՏՕ-ն վերափոխվել է: Նա հարցնում է, թե կա՞ արդյոք որեւէ հարց, որը Հարավային Կովկասի երեք երկրները պետք է լուծեն, եւ որի լուծումը կարող է տալ հենց ՆԱՏՕ-ն: Դոկտոր Լիպարիտյանը՝ նշելով, թե կան եվրոպական կառույցներ՝ ԵԱՀԿ, Եվրամիություն եւ այլն, հավելեց, թե ՆԱՏՕ-ն ներկայացնելով որպես ռազմաքաղաքական դաշինք, փորձ է արվում խուսափել նշելուց, որ այն ԱՄՆ-ի գործիք է: Ըստ նրա, համաշխարհային մակարդակում ապագայի անորոշություն է: Նա գտնում է, որ ԱՄՆ-ը կողմնորոշվելու խնդիր ունի. «ԱՄՆ-ը կկարողանա՞ կողմնորոշվել՝ զորավիգ լինել ժողովրդավարական գործընթացների՞ն, թե՞ անվտանգության հարցերի մեջ զորավիգ լինել դիկտատուրային: ԱՄՆ-ի էլիտան պատրա՞ստ է քննարկել իր ապագայի անելիքներն ու մարտահրավերները»: Իրաքի հարցի շուրջ վեճերը, նրա գնահատմամբ, ցույց տվեցին, որ ԱՄՆ-ը անկարող է լուծել այդ հարցերը: Ժ. Լիպարիտյանի խոսքերով՝ ԱՄՆ-ը չգիտի, թե ի՞նչ հարաբերություններ է ունենալու Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի, Իրանի, Մերձավոր Արեւելքի երկրների ու նույնիսկ Եվրոպայի հետ: Միաժամանակ մեր տարածաշրջանի երեք երկրները միմյանց հետ բավականին բարդ հարաբերություններ ու կոնֆլիկտներ ունեն: Ու մինչ այդ հարաբերությունների կարգավորումն այս պայմաններում ավելի խորացնել հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ, Ժ. Լիպարիտյանի համոզմամբ՝ կնշանակի՝ խորացնել հակադրությունը: «ՆԱՏՕ-ն դեղահաբի նման է. օգտակարություն ունի, բայց դեղահաբն ամենքին չի կարելի. նա, ով ունի սա, սա, սա, ապա պետք է չընդունի այդ դեղահաբը»,- նշեց Ժ. Լիպարիտյանը: Այստեղ Դ. Շահնազարյանը կարծիք հայտնեց, թե պատմությունը ցույց է տալիս, որ տարածաշրջանում կայունություն լինում է այն ժամանակ, երբ տարածաշրջանի բոլոր երկրներն անվտանգության միեւնույն համակարգում են: Նա նշում է, թե գուցե մեր տարածաշրջանում առկա հարաբերությունների բարդությունը հենց նրանում է, որ տարածաշրջանը քաղաքականապես շատ բեւեռացված է. Վրաստանն ակտիվորեն ձգտում է ՆԱՏՕ, Ադրբեջանը նույնպես հայտարարել է դրա մասին, իսկ Հայաստանը շարունակում է մնալ Ռուսաստանի անվտանգության հովանու ներքո՝ միաժամանակ լուրջ հարաբերություններ ստեղծելով ՆԱՏՕ-ի հետ: «Հենց տարբեր կառույցներում տարբեր աստիճանի ներգրավվածությունն է տարածաշրջանում կոնֆլիկտների պատճառ դառնում»,- գտնում է Դ. Շահնազարյանը: Իսկ Ռ. Գիրագոսյանը, պնդում է, որ Հայաստանը չի կարող իրեն թույլ չտալ ինտեգրվել ՆԱՏՕ-ին: Նրա համոզմամբ՝ դա կխորացնի Հայաստանի մեկուսացումն, ու Հայաստանը կդառնա արհամարհված: Նրա խոսքերով՝ Հայաստանի իշխանությունները ռազմավարական սխալ են արել, մտածելով, թե Ռուսաստանը Հայաստանում Արեւմուտքից ավելի շատ շահագրգռվածություն ունի: Մյուս կողմից, Արեւմուտքն էլ, ըստ վերլուծաբանի, սխալվել է՝ կարծելով, թե Հայաստանն ավելի մեծ շահ ունի Ռուսաստանում, քան իրականում կա: Այստեղ Ժ. Լիպարիտյանը նշեց, թե Հայաստանն այսօր առանց այդ էլ մեկուսացված երկիր է, միջազգայնորեն որեւէ հետաքրքրություն չի ներկայացնում: Ռուսաստանի ազդեցության մեծանալու պատճառը Ժ. Լիպարիտյանը հետեւյալ կերպ է բացատրում. Հայաստանի թուլացման պատճառով Ռուսաստանի ազդեցությունը մեծացել է, այլ ոչ թե Ռուսաստանի ազդեցության մեծացումից Հայաստանը թուլացել է: Իսկ Հայաստանի թուլանալու պատճառը, ըստ Լիպարիտյանի, այն է, որ Հայաստանն իր հարեւանների հետ լեզու չի գտել, չի փորձում լուծել հարեւանների հետ ունեցած կարեւոր խնդիրները, կորցրել է բոլոր այլընտրանքներըգ : Ու այս պայմաններում, ըստ նրա, ՆԱՏՕ գնալ-չգնալը ելք չէ: Դ. Շահնազարյանն այլ կարծիքի է: Երեկ նա հայտարարեց. «Դա մեր թերությունն է, որ մենք մեր պետականության տարրերը զիջել ենք Ռուսաստանին: Մենք հստակ պետք է հասկանանք, որ մենք ուղղակի պետք է անդամակցենք ՆԱՏՕ-ին»: Այստեղ կարեւորն ըստ Դ. Շահնազարյանի՝ ոչ թե անդամակցությունն է, այլ անդամակցության պրոցեսով անցնելը, քանզի նպատակն այդ արժեքային համակարգի ներդրումն է հարավկովկասյան երեք երկրներում: Նույն մոտեցումը Դ. Շահնազարյանն ունի նաեւ Եվրամիության հետ հարաբերությունների հարցում: