ՀՀ Շիրակի մարզի դատախազությունը որոշել է Գյումրիի ՀՀԿ-ական քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին, «Բարգավաճ Հայաստանի» տեղական կառույցի ղեկավարներից Արտաշես Սարգսյանի որդուն՝ Ռուստամ Սարգսյանին, ու նաեւ Տելման Կարապետյանին ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ եւ 7-րդ կետերի, 235-րդ հոդվածի 1-ին եւ 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով մեղադրանք առաջադրել եւ որպես մեղադրյալ ներգրավել: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, եւ հայտարարվել է հետախուզում: Որքան հայտնի է` քաղաքից բացակայում է հենց քաղաքապետի որդին: Հիշեցնենք, որ մայիսի 20-ին Գյումրիի մարդաշատ վայրերից մեկում՝ Տերյան եւ Ղուկասյան փողոցների խաչմերուկում նշված անձանց մասնակցությամբ տեղի էր ունեցել փոխհրաձգություն: Դատախազության տվյալներով, պարզվել է, որ 2007թ. մայիսի 20-ին, ժամը 18:00-18:30-ն ընկած ժամանակահատվածում Ռուստամ Արտաշեսի Սարգսյանը, Գյումրի քաղաքի Երեւանյան խճուղու վերջնամասում գտնվող իրեն պատկանող «Մետելիցա» բար-ռեստորանում կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հասարակության նկատմամբ՝ վիճաբանության մեջ է մտել Նորայր Գագիկի Սոլոյանի հետ: Վերջիններս շուրջ 10 րոպե վիճաբանել են, իրար քաշքշել, ապա դուրս եկել բակ, որտեղ Ռ.Սարգսյանն իր մոտ պահվող ապօրինի ձեռք բերած «Մակարով» տեսակի ատրճանակից երկու անգամ կրակել է Նորայր Սոլոյանի ոտքերի ուղղությամբ: Աջ ազդրի շրջանում ստանալով հրազենային վնասվածք՝ Ն.Սոլոյանը դեպքի վայրից հեռացել է: Ավելի ուշ, նույն օրը, ժամը 19:30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Տերյան եւ Ղուկասյան փողոցների խաչմերուկում փոխհրաձգություն է տեղի ունեցել Ռ. Սարգսյանի՝ իր «Տոյոտա-Լենդ-Քրաուզեր» մակնիշի 77 ՍԼ 222 պետհամարանիշի ավտոմեքենայով, ուղեւոր Տելման Հայկազի Կարապետյանի եւ «Համմեր H-2» մակնիշի 44 ՏՏ 440 պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդ Սպարտակ Վարդանի Ղուկասյանի եւ ավտոմեքենայում գտնվող դեռեւս ինքնությունները չբացահայտված անձանց միջեւ, սակայն միմյանց սպանելու դիտավորությունն իրենց կամքից անկախ հանգամանքներով ավարտին հասցնել չեն կարողացել՝ դեպքի վայրից դիմելով փախուստի: Երկկողմանի փոխհրաձգության հետեւանքով մարմնական վնասվածք է ստացել մոտակա խանութի աշխատակից Համասփյուռ Աբգարի Մնացականյանը՝ աջ ձեռքի բազկի շրջանում, վնասվել են շրջակայքում գտնվող բնակելի շենքերի պատերը, պատուհանների ապակիները, բազմաթիվ հրազենային վնասվածքներ են հայտնաբերվել նշված ավտոմեքենաների վրա: Հայտնաբերվել եւ առգրավվել են Ռ. Սարգսյանի եւ Տ. Կարապետյանի կողմից օգտագործված 2 ինքնաձիգերը՝ փամփուշտներով, «Մակարով» եւ «Գոլդ Սթար Մագնում» տեսակի ատրճանակները՝ փամփուշտներով: Բացի այդ, փոխհրաձգության օրը Գյումրիում կորել է մի երեխա, եւ շատերն են հակված մտածել, որ երեխան դարձել է փոխհրաձգության զոհ, եւ նրան կամ նրա դին պարզապես թաքցրել են: Գյումրիում եւ Երեւանում արդեն լուրեր են պտտվում, որ առաջիկայում Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ստիպված կլինի հրաժարական տալ:
Հ.Գ. Քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի վերը նշված կետերով «մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից երկու կամ ավելի անձանց սպանության փորձը՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, պատժվում է 8-15 տարվա ազատազրկմամբ»: Հիշատակված մյուս երկու հոդվածներով պատիժ է նախատեսված ապօրինի կերպով զենք ձեռք բերելու եւ կրելու եւ խուլիգանության համար: