Եղբոր` Լեւոն Գուլյանի մահը սգացող Լիլիթ Գուլյանն ասել է լրագրողներին. «Եթե այս գործը չբացահայտվի, բոլորս վտանգի տակ ենք, ամեն վայրկյան կարող են ձեր եղբորը տանել ու տալ աճյունը: Ես եղբորս էլ չեմ վերադարձնի, բայց ուզում եմ, որ որեւէ մեկին այս վիշտը չկպչի, թող եղբայրս վերջինը լինի»:
Մայիսի 12-ին Լեւոն Գուլյանի մահը մեծացնում է ուշադրությունը վերջին տասնչորս տարում կալանքի տակ գտնվող անձանց կասկածելի մահվան դեպքերի նկատմամբ:
Ներկայացվում է ոստիկանատներում ու մեկուսարաններում սպանվածների ոչ ամբողջական ցուցակը:
1993 թ. հունվարի 21-ին բնակարանային գողության կասկածանքով Երեւանի Սպանդարյանի (այժմ` Կենտրոնի) ՆԳ (այժմ` Ոստիկանության) բաժին է հրավիրվել 22-ամյա Ռուդիկ Վարդանյանը, եւ նույն օրը ծնողներին է հանձնվել բռնության ակնհայտ հետքերով նրա դիակը: Ոստիկանության երկու աշխատակից դատապարտվել է իշխանազանցության եւ անկարգության մեղադրանքով:
1995 թ. ապրիլին Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում անհայտ հանգամանքներում մահացել է «Դրոյի» գործով կասկածյալ Արտավազդ Մանուկյանը: Պաշտոնական հաղորդագրությամբ` նա մահացել է թութքից: Ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել:
1997 թ. ապրիլին Երեւանի Խորհրդային (այժմ` Նոր Նորքի) ՆԳ բաժին բերման է ենթարկվել 17-ամյա Սամվել Վիրաբյանը, եւ մի քանի օր անց ծնողներին է հանձնվել նրա դիակը` բռնության ակնհայտ հետքերով: Ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել:
1997 թ. օգոստոսին Գյումրիում 23-ամյա Գալուստ Դիլանյանին բերման են ենթարկել ՆԳ բաժին, հաջորդ օրը հարազատները ստացել են նրա դիակը: Պաշտոնական հաղորդագրությամբ` նա ինքնասպան է եղել կախվելով: Դիլանյանի հարազատների հետեւողական ջանքերի շնորհիվ 1998-2002 թվականների ընթացքում Գերագույն դատարանը պաշտոնական դիրքի չարաշահման մեղադրանքով 4 ոստիկանների դատապարտել է պայմանական, 2, 3 եւ 5 տարվա ազատազրկման: Դիլանյանի հարազատներին չի գոհացրել պատիժը, եւ Հայաստանի Հելսինկյան ընկերակցության միջոցով գործը ուղարկել են Եվրոպական դատարան:
1998 թ. Աբովյան քաղաքի ՆԳ բաժնում սպանվել է Էդուարդ Վարդանյանը: Ըստ պաշտոնական հաղորդագրության` նա, փորձելով փախչել երրորդ հարկի պատուհանից, ընկել` մահացել է: Ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել:
Ապրիլի 2-ին Երեւանի Շահումյանի շրջանի ՆԳ բաժնում Ստեփան Գեւորգյանին եւ Օլեգ Արիշինին ծեծում են (վկայում է դատաբժշկական եզրակացությունը), հետո տեղափոխում Արթիկի գաղութ: Ապրիլի 15-ին, գիտակցության չգալով, այրվածքներից ու վնասվածքներից Նոր Նորքի շտապօգնության հիվանդանոցում մահանում է Գեւորգյանը, իսկ ապրիլի 27-ին` նմանատիպ վիճակում Հանրապետական հիվանդանոցում մահանում է Արիշինը: Երկուսի վրա էլ լինում են մարմնական տարբեր վնասվածքներ: Ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել:
1999 թ. հուլիսի 23-ին Արսեն Ստեփանյանին տանում են Երեւանի Արաբկիրի շրջանի ՆԳ բաժին ու ծեծում: Տուն վերադառնալուց երկու ժամ հետո նա մահանում է ինֆարկտից: Մարմնի վրա հայտնաբերվել են արյան զեղումներ եւ կողոսկրերի կոտրվածքներ: Ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել:
1999 թվականին Տաշիրի շրջանի զինկոմ Արտյուշա Ղազարյանը Վանաձորի մեկուսարանում իր կալանավորման դեմ ի նշան բողոքի հացադուլ է հայտարարում: Հինգ հոգով նրա ձեռքերն ու ոտքերը կապում են մահճակալից ու ծեծելով փորձում բռնությամբ կերակրել, որի հետեւանքով նա ուղեղի արյան զեղումից մահանում է: Այս գործով եղել են դատապարտվածներ` պաշտոնական դիրքը չարաշահելու մեղադրանքով:
2000 թ. հունիսի 30-ին Նորաշեն գյուղի բնակիչ Բաբկեն Սողոմոնյանին սպանության կասկածով տանում են Արտաշատի ՆԳ բաժին, իսկ հուլիսի 5-ին նրա հորը Դատախազությունը հայտնում է, թե որդին ինքնասպան է եղել կախվելով: Ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել:
Օգոստոսի 29-ին Նուբարաշենի մեկուսարանում սպանվել է «Հոկտեմբերի 27»-ի գործով ամբաստանվող Նորայր Եղիազարյանը: Ըստ դատաբժշկական փորձաքննության` նա մահացել է 220 վոլտ հոսանքից: Մեկ այլ աղբյուրի համաձայն` նրա գլխին եղել են հարվածի հետքեր: Ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել:
www.armenianow.com