Քեզ համար, համասփյուռ

30/05/2007

Ինչպես հայտնի է, Գյումրիում շարունակվում են փոխհրաձգությունները, որոնք անմիջականորեն կապվում են Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ նրա որդու անունների հետ: Եվ մինչ քաղաքապետը գյումրեցիներին հատուկ հումորով հայտարարում է, թե «իրար վրա կրակոցները դա սարքած են մեծամասամբ, քանի որ այսօր դա էլ ապացուցված չէ», վերոհիշյալ «չապացուցված» փոխհրաձգության արդյունքում վիրավորված Համասփյուռ տատիկին լրագրողները չեն կարողանում գտնել նույնիսկ համասփյուռի (ինտերնետ) որոնողական ցանցով։ Հարազատները հավաստիացնում են, որ 74-ամյա Համասփյուռ տատիկը մեկնել է հանգստի։

Փաստորեն, Հայաստանում ամառային հանգիստն անցկացնելու նոր եւ միանգամայն անվճար ձեւ կա. ներկա ես գտնվում որեւէ «չապացուցված» փոխհրաձգության, մի թեթեւ վիրավորվում, ապա հակամարտող կողմերից մեկի հաշվին ամառային հանգիստն անցկացնում հայրենի բնության գեղատեսիլ վայրերից մեկում։ Այնպես որ, եթե Դատախազությունը շարունակի նույն եռանդով բացահայտել բոլոր «ռազբորկաները», ՀՀ ազգաբնակչության զգալի մասի անվճար հանգիստն ապահովված է։