Մայիսի 12-ի խորհրդարանական ընտրության «փառահեղ» ընթացքն ապահովելուց հետո հայրենի իշխանությունները նույն թափով ձեռնամուխ են եղել ընտրությունների ընթացքում արձանագրված «թերությունները» վերացնելու եւ օրինախախտներին պատժելու իմիտացիա ստեղծելու ազգանվեր գործին:
Այդ իմիտացիան ապահովելու նպատակով իշխանություններն ընտրությունների ընթացքում համատարած իրականացվող խախտումների յուրաքանչյուր ձեւից արձանագրում են լավագույն դեպքում 1-2-ը, իսկ այնուհետեւ օրենքի ողջ խստությամբ պատժում այդ սրիկա ընտրակեղծարարներին: Արդեն ամիսներ շարունակ միայն մամուլում ընտրությունների քարոզչության, դրանից առաջ եւ հետո ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած հարյուրավոր, հազարավոր խախտումների մասին բազմաթիվ հրապարակումներ են եղել, սակայն հայրենի իրավապահները հարուցել են միայն 10 քրեական գործեր: Ըստ Դատախազության, ստացված մյուս ահազանգերում մատնանշված հանգամանքները ստուգման արդյունքում չեն հաստատվել եւ իրականությանը չեն համապատասխանել: Հայտնի է, թե վերջին ընտրություններում ինչպիսի լայնածավալ բնույթ ուներ ընտրակաշառքների բաժանումը: Եվ այս պայմաններում մեր իրավապահները պեղել են ու հայտնաբերել ընտրակաշառք բաժանելու ընդամենը 2 դեպք, մեղադրանք է առաջադրվել 3 անձի: Երկու քրեական գործ էլ հարուցվել է քարոզչական պաստառներ պոկելու կապակցությամբ (ա՛յ, ա՛յ, ա՛յ…): Անշուշտ, հարուցված քրեական գործերը վկայում են ընտրակեղծարարների դեմ հայրենի իրավապահների մղած անողոք պայքարի մասին: Իհարկե, կեղծ անձնագրերի մասով ոչ մի քրեական գործ չի հարուցվել, որովհետեւ հասկանալի է, որ այդ գործի շրջանակներում մեղադրանք պետք է առաջադրվեր բարձրաստիճան շատ կոնկրետ պաշտոնյաների, քանզի դպրոցական երեխայի համար էլ հասկանալի է, որ կեղծ անձնագիր տպելն ու այն ընտրակեղծիքների համար օգտագործելն առանց իշխանությունների գիտության՝ լինելու բան չէր: Իսկ կեղծ անձնագրերի գոյության մասին խոսում են ոչ միայն ընդդիմադիրները: Այդ մասին իրենց միջանկյալ զեկույցում նշել էին նաեւ վերջին շրջանում մեր իշխանությունների կողմից հաճախ հիշատակվող միջազգային դիտորդները: Այն, որ նման անձնագրեր տպագրվել են, փաստում են նաեւ Ոստիկանության հրապարակած պաշտոնական թվերը, համաձայն որոնց՝ միայն վերջին մեկ տարում 110.000-ից ավելի անձնագիր է տրվել արդեն իսկ անձնագիր ունեցող մարդկանց: Բայց սա դեռ մի կողմ թողնենք ու վերադառնանք մեր իրավապահների արձանագրած իրավախախտումներին: Հարուցված սիմվոլիկ թվով քրեական գործերն էլ բավական են՝ հասկանալու համար, թե իրականում ի՞նչ է տեղի ունեցել ընտրությունների ընթացքում, եւ թե է՞լ ինչպես են կեղծվել դրանց արդյունքները: Այդ առումով բավական ուշագրավ է քվեարկության արդյունքները կեղծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Արագածոտնի մարզի դատախազությունում ավարտվել է քվեարկության արդյունքները կեղծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի արդյունքում թիվ 15 ընտրատարածքի՝ Արմավիրի մարզի Գետաշեն գյուղում գտնվող 16-րդ տեղամասային ընտրական հանձնաժողովի 9 անդամներին մեղադրանք է առաջադրվել: Անհասկանալի է, թե ինչու է Արմավիրի մարզում տեղի ունեցածով զբաղվել Արագածոտնի մարզի դատախազությունը, բայց սա էլ մի կողմ թողնենք: Համաձայն Գլխավոր դատախազության պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության՝ նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո թիվ 15 ընտրատարածքի Արմավիրի մարզի Գետաշեն գյուղում գտնվող 16-րդ տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Արմեն Էլոյանը համամասնական ընտրակարգով ընտրությունների ձայները հաշվելիս, անձնական շահագրգռվածությունից ելնելով, մի շարք կուսակցությունների օգտին օրինական քվեարկած՝ ընդհանուր թվով 92 քվեաթերթիկները դրել է «Բարգավաճ Հայաստան», «Դաշինք», Հայաստանի Հանրապետական, Հայաստանի Ժողովրդական, «Միավորված աշխատանքային» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների օգտին քվեարկած եւ հաշվարկված քվեաթերթիկների վրա: «Ապա՝ մարված 91 քվեաթերթիկներից 21 քվեաթերթիկի վրա նշում է կատարել «Միավորված աշխատանքային կուսակցության», 20 քվեաթերթիկի վրա՝ «Օրինաց երկիր» կուսակցության, 12 քվեաթերթիկի վրա՝ «Դաշինք» կուսակցության, 38 քվեաթերթիկի վրա՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության օգտին, եւ դրանք դրել է քվեարկած քվեաթերթիկների մեջ՝ ըստ կուսակցությունների»,- նշված է հաղորդագրությունում: Հետաքրքիր է, որ Դատախազությունը չի նշում, թե նշված ընտրատեղամասում կոնկրետ ո՞ր կուսակցությունների օգտին քվեարկված քվեաթերթիկներն են բաշխվել նշված կուսակցությունների միջեւ: Ինչեւէ, ըստ Դատախազության, համամասնական ընտրակարգով քվեարկության վերջնական արդյունքներն ամփոփելիս Էլոյանը ձայներն ակնհայտ սխալ է հաշվել եւ դրանք թելադրել հանձնաժողովի քարտուղար Գյուլնարա Գրիգորյանին, ով, գիտակցելով այդ թվերի ակնհայտ կեղծ լինելը, դրանք նույնությամբ լրացրել է ամփոփիչ արձանագրության մեջ, ինչից հետո, ինչպես Էլոյանը եւ Գրիգորյանը, այնպես էլ հանձնաժողովի նախագահի տեղակալ Հումբերտ Խաչատրյանը եւ հանձնաժողովի անդամներ Վասիլ Ենոքյանը, Սարո Պետրոսյանը, Մանվել Շահինյանը, Մագթաղ Քյարիմյանը, Դավիթ Գեւորգյանը եւ Գարիկ Աբգարյանն ամփոփիչ արձանագրությունն ակնհայտ սխալ տվյալներով են հաստատել՝ դրանով իսկ կեղծելով քվեարկության արդյունքները: Ձեռք բերված ապացույցների հիման վրա հանձնաժողովի բոլոր ինն անդամներին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածի հատկանիշներով: Քրեական գործն ուղարկվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու համար: Մեղադրանքը հաստատվելու դեպքում կասկածյալներին սպասվում է 2-5 տարի ազատազրկում: Այս դեպքն ուշագրավ է նրանով, որ փաստորեն դրանում արձանագրված է, որ կեղծիքներ արվել են ոչ միայն իշխանական կամ իշխանամետ կուսակցությունների, այլեւ ընդդիմադիր համարվող «Դաշինքի», ՕԵԿ-ի ու ՀԺԿ-ի օգտին: Բոլոր հիմքերը կան գոնե կասկածելու, որ «կեղծենք միասին» սկզբունքով ընտրությունների արդյունքների նման «համաձայնեցված կեղծումը» շատ ավելի մեծ թվով ընտրատեղամասերում է եղել, եւ պարզապես դարձյալ ընդհանուրից ընտրվել է մեկ դեպք՝ կեղծարարներին պատժելու իմիտացիա ստեղծելու նպատակով: Այսինքն՝ իրականում նկարվել են ոչ միայն ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի կամ ՀՅԴ-ի «ստացած» քվեները, այլեւ ընտրության մասնակից անխտիր բոլոր քաղաքական ուժերինը: Տարբերությունն այն է, որ որոշ կուսակցությունների տոկոսները նկարվել են մյուսների իրական քվեների հաշվին: