Թիվ 35 ընտրատարածքում (Գյումրի) մեծամասնական ընտրակարգով՝ «Օրինաց երկիր» կուսակցության առաջադրմամբ պատգամավոր ընտրված Սամվել Բալասանյանը չի ցանկանում առաջիկա հինգ տարիներին աշխատել «Օրինաց երկիր» խորհրդարանական խմբակցությունում եւ համապատասխան դիմումներ է ներկայացրել հայրենի կուսակցությանն ու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին: Սակայն Արթուր Բաղդասարյանը քաղաքում չէ, եւ ԱԺ ՕԵԿ խմբակցության այլեւս նախկին ղեկավարի դիմումը ստիպված է եղել մեկնաբանել ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը: «Բալասանյանն ուներ բարձր գնահատական կուսակցության շարքերում, եղել է խմբակցության ղեկավար եւ ինքն իր անցած ճանապարհը պետք է բարձր գնահատելով նման քայլի չգնար,- «Ա1+»-ին փոխանցել է Հ. Բիշարյանը` ավելացնելով,- Որոշ մարդիկ ընտրություններից առաջ դուրս եկան, որ ընտրվեն (խոսքը թիվ 41 ընտրատարածքից պատգամավոր ընտրված Հակոբ Հակոբյանի՝ «Պիվի Հակոբի», մասին է, ով ՕԵԿ-ից դուրս եկավ ընտրություններից հաշված օրեր առաջ), որոշ մարդիկ ընտրություններից հետո դուրս եկան, որովհետեւ երեւի թե նախապես խոստումներ էին տրվել, որ եթե ընտրվեն, հետո դուրս գան, ըստ երեւույթին նման դեպքերից մեկն էլ սա է»: Հիշեցմանը, թե Սամվել Բալասանյանի` ՕԵԿ-ից դուրս գալու մասին լուրերը դեռ ամիսներ առաջ էին շրջանառվում, Հեղինե Բիշարյանը պատասխանել է. «Մեր երկրում բացարձակ 37 թվականն է, եւ նրանք, ովքեր մի փոքր հնարավորություններ ունեն փող աշխատելու, բիզնես ունեն, այնպիսի վիճակի մեջ են գցում, որ մարդիկ առաջնորդվում են ոչ թե իրենց բարոյական դեմքով, խղճով ու ոգով, այլ սեփական ունեցվածքը պահպանելու սկզբունքով»:
Իսկ հարցին, թե հնարավո՞ր է Սամվել Բալասանյանի եւ Արթուր Բաղդասարյանի միջեւ կոնֆլիկտ եղած լինի, Հ. Բիշարյանը պատասխանել է. «Կարծում եմ՝ առանձնապես կոնֆլիկտ չի եղել, ներկուսակցական ինչ-որ հարցի շուրջ խոսակցություն եղել է, բայց լուրջ կոնֆլիկտ չի եղել»: Իսկ վարչության նիստում, որին մասնակցել է նաեւ Ս. Բալասանյանը, Բիշարյանի հավաստմամբ, վարչության անդամները նրան` որպես մեծամասնականով ընտրված պատգամավորի շնորհավորել են բուռն ծափահարություններով: «Վարչության նիստը գոնե իր համար անցել է շատ լավ: Բայց դրանից հետո ինքը դիմում ներկայացրեց կուսակցությունից դուրս գալու մասին»,- դժգոհել է Հեղինե Բիշարյանը:
Եթե այսպես շարունակվի, չի բացառվում, որ ՕԵԿ-ից դուրս գալու համար շուտով մի դիմում էլ Արթուր Բաղդասարյանը գրի: