Ո՞ւմ ցուցմունքներով են կալանավորել Արզումանյանին

30/05/2007 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Մայիսի 7-ի կեսգիշերին իր տան մուտքի մոտ ձերբակալված ՀՀ նախկին արտգործնախարար, «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման հիմնադիր Ալեքսանդր Արզումանյանը, ով մեղադրվում է «փողերի լվացման» մեջ, դեռեւս գտնվում է ԱԱԾ քրեակատարողական հիմնարկում: Ա. Արզումանյանի փաստաբան Հովիկ Արսենյանի միջնորդությամբ այսօր Վերաքննիչ դատարանում տեղի կունենա դատական նիստ` Ա. Արզումանյանի խափանման միջոցը վերանայելու պահանջով:

Երեկ Հովիկ Արսենյանը հանդիպել է Ա. Արզումանյանին եւ վստահեցնում է, որ իր պաշտպանյալ Ալեքսանդր Արզումանյանն առողջական խնդիրներ չունի, նրան ԱԱԾ մեկուսարանում վերաբերվում են նորմալ, «որեւէ խոչընդոտ չեն ստեղծում»: Իսկ ինչ վերաբերում է նրա դեմ հարուցված քրեական գործին, ապա, Հ. Արսենյանի հավաստմամբ, մինչ օրս «բացարձակապես որեւէ քննչական գործողություն չեն կատարել»: «Համոզված եմ, չեն էլ կատարելու, որովհետեւ դա շինծու գործ է եւ այնտեղ անելու բան չկա: Քրեական գործ են հարուցել, մեղադրանք են առաջադրել, վաղը-մյուս օրը բաց կթողնեն»,- համոզված է Ալեքսանդր Արզումանյանի փաստաբան Հովիկ Արսենյանը: Վերջինս, համաձայն ընթացակարգի, դեռեւս ծանոթ չէ իր պաշտպանյալի դեմ հարուցված քրեական գործին կցված նյութերին, ցուցմունքներին: Սակայն, մեր աղբյուրների հավաստմամբ, Ալեքսանդր Արզումանյանի դեմ քրեական գործ է հարուցվել իր շրջապատի մարդկանց տված ցուցմունքների հիման վրա: Նույն աղբյուրի փոխանցմամբ, մինչ Ալեքսանդր Արզումանյանի ձերբակալությունը, շուրջ մեկ շաբաթ հերթով մի քանի անգամ ԱԱԾ են հրավիրվել նրա ընկերներն ու Ա. Արզումանյանի հետ այս ամիսների ընթացքում ակտիվ շփումների մեջ գտնվող շուրջ 25 մարդ: Սակայն, որքան էլ տարօրինակ է, նրանցից ոչ ոք Ա. Արզումանյանին չի ասել, որ ԱԱԾ-ն իրենց հրավիրել է հարցազրույցի կամ հարցաքննության: Ի դեպ, ինչպես հայտնի է, այս «գործի» մասին լուրեր տարածվեցին միայն այն բանից հետո, երբ մայիսի 5-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը վեց ժամից ավելի խուզարկել էր «Քաղաքացիական անհնազանդության» շարժման հիմնադիր, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի եւ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի բնակարանները: Խուզարկության միջնորդագրի համաձայն, ԱԱԾ-ն «նախաքննությամբ» պարզել էր, որ ապրիլի 24-26-ը Մոսկվայում Վ. Շիրխանյանն ու Ա. Արզումանյանը, նախնական համաձայնության գալով, «ինքնությունը չպարզած անձանց հետ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման վերաբերյալ», թաքցրել ու խեղաթյուրել են փաստացի իրենց համար նախատեսված, սակայն դրածո 9 անձանց 2007թ. ապրիլի 27-ին «Կոնվերս» բանկի միջոցով մաս-մաս, յուրաքանչյուրի անվամբ փոխանցված 19.800-ական ԱՄՆ դոլարի իրական բնույթը, ծագման աղբյուրը, տեղաշարժը եւ տնօրինման եղանակը: Իսկ ավելի ուշ` ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց, թե Ա. Արզումանյանն ու Վ. Շիրխանյանը համաձայնության են եկել ՀՀ Դատախազության թիվ 62205103 քրեական գործով 2005-ից ֆինանսական զեղծարարությունների համար հետախուզման մեջ գտնվող, ՀՀ-ում նախընտրական շրջանում որոշակի նպատակներ հետապնդող եւ դրանց իրագործման ակնկալիքներ ունեցող ՌԴ քաղաքացի Լեւոն Մարկոսի հետ իրենց միջոցով կազմակերպելու կասկածելի ծագում ունեցող գումարների ՀՀ տեղափոխումը եւ օրինականացումը: Հենց այս նյութերի հիման վրա էլ մայիսի 7-ին ձերբակալվեց նախկին արտգործնախարար Ա. Արզումանյանը, իսկ Վ. Շիրխանյանն այդ օրերին նորից մեկնեց Մոսկվա ու վերադարձավ Հայաստան: ԱԱԾ վերոնշյալ հաղորդագրության մեջ նաեւ ասված էր, որ «նշված անձանց բնակարանների խուզարկության արդյունքում հայտնաբերվել են խոշոր չափի գումարներ արտարժույթով»: Սակայն նշված էր միայն, թե ինչ է հայտնաբերվել Ա. Արզումանյանի բնակարանում. առգրավվել է 55.400 ԱՄՆ դոլար, որի ծագման եւ օգտագործման վերաբերյալ Արզումանյանը հարցաքննության ժամանակ հրաժարվել է ցուցմունք տալ: Այսքանը:

Ի դեպ, մայիսի 5-ին խուզարկվել է նաեւ Գագիկ Խաչատրյանի («Ձոն Պազոլինիին» գրքի հեղինակը) տունը, ով նույնպես ինչ-որ ժամանակ Մոսկվայում է եղել: Գ. Խաչատրյանի տնից առգրավել են համակարգչի պրոցեսորը: Վ. Շիրխանյանը խուզարկությանը հաջորդած օրերին տված ասուլիսում հայտարարել էր, թե ինքն իրականում իր մոսկվացի բարեկամներից ստացել է մոտ 60.000 դոլար, որը նրան անհրաժեշտ է եղել դստեր հարսանիքի եւ «Հայաստանի շանհայական ակումբ» հասարակական կազմակերպության համար տարածք վարձակալելու համար: Նաեւ հայտարարել էր, թե ինքը Մոսկվայում չի հանդիպել ո՛չ Ա. Արզումանյանին, ո՛չ էլ Լեւոն Մարկոսին: «Իմ տանը կատարված խուզարկության արդյունքում առգրավվել է 28.000 դոլար եւ համակարգիչ, որոնք խոստացել են վերադարձնել քննություն իրականացնելուց հետո»,- հայտարարել էր Վ. Շիրխանյանը` ենթադրելով, որ իրեն մեղադրանք, հավանաբար, կներկայացնեն ավելի ուշ:

Ինչեւէ, վերադառնանք մեր աղբյուրների տրամադրած տեղեկատվությանը, որոնց համաձայն, մինչ Ա. Արզումանյանի ձերբակալությունը երկու անգամ ԱԱԾ-ում հարցաքննվել եւ ցուցմունք է տվել նաեւ Վահան Շիրխանյանը: Ասում են, Վ. Շիրխանյանն ԱԱԾ-ում հայտարարել է, թե մոսկվացի բարեկամներից ստացած 60.000 դոլարն ինքը փոխանցել է Ալեքսանդր Արզումանյանին, իսկ դստերն ամուսնացնելու եւ «Հայաստանի շանհայական ակումբ» հասարակական կազմակերպության համար տարածք վարձակալելու մասին ասուլիսում արված նրա հայտարարությունների մասին ԱԱԾ-ում առաջին անգամ տեղեկացել են մամուլից: Ինքը` Վահան Շիրխանյանը, երեկ մեզ հետ զրույցում հերքեց, թե ինքը նման ցուցմունք է տվել` վստահեցնելով, որ ինքն ԱԱԾ-ում ասել է այն, ինչ ասուլիսի ժամանակ: Այսինքն` իրեն գումարը պետք է եղել անձնական խնդիրները լուծելու համար: Մեր աղբյուրների փոխանցած տեղեկատվությանը ծանոթ չէր նաեւ Ա. Արզումանյանի փաստաբան Հ. Արսենյանը. «Ես նման բան առաջին անգամ եմ լսում: Ես լսել եմ, որ նա ցուցմունք է տվել, որ այդ գումարները ստացել է դստեր հարսանիքի համար»,- ասաց նա: Երեկ Վ. Շիրխանյանից նաեւ ճշտեցինք, թե` ճի՞շտ է արդյոք, որ ինքն ԱԱԾ հարցաքննության է կանչվել մի քանի անգամ, ինչը թաքցրել է Ա. Արզումանյանից: «Ոչ, ես ԱԱԾ եմ հրավիրվել ոչ թե հարցաքննության, այլ հարցազրույցի: Եվ ես հարցազրույցի եմ հրավիրվել նույն օրը, երբ ԱԱԾ էր հրավիրվել նաեւ Ա. Արզումանյանը»,- ասաց Վահան Շիրխանյանը:

Բնականաբար, մեր աղբյուրների եւ Վահան Շիրխանյանի ասածների իսկությունը պարզ կդառնա, երբ գործը կմտնի դատարան ու հնարավոր կլինի ծանոթանալ գործի շրջանակներում տրված ցուցմունքներին: Մեր աղբյուրների տրամադրած տեղեկատվությանը եւ Վահան Շիրխանյանի ասածներին, թերեւս, անդրադառնալու անհրաժեշտություն չլիներ, եթե մեր աղբյուրները չպնդեին, որ Ա. Արզումանյանին կալանավորելու համար հիմք են հանդիսացել հենց Ա. Արզումանյանի շրջապատի, այդ թվում նաեւ` Վ. Շիրխանյանի տված ցուցմունքները: Մեր աղբյուրի պնդմամբ` հենց նրանք են օգնել իշխանություններին «գործ սարքել» նախկին արտգործնախարար Ա. Արզումանյանի դեմ: Բայց միեւնույն է` դարձյալ անհասկանալի է մնում, թե իշխանությունների ինչի՞ն էր պետք Ա. Արզումանյանին կալանավորելն ու այսքան ժամանակ ԱԱԾ մեկուսարանում պահելը: