«Երեւան ջուր» ընկերությունը երեկ լրագրողներին եւ սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին հրավիրել էր` ցուցադրելու իր նոր գնած սարքավորումներն ու Կոմիտասի պողոտայում կատարվող աշխատանքները:
Նոր գնած սարքավորումները ցույց տալու համար ընկերությունն ընտրել էր Մամիկոնյանց փողոցի այն հատվածը, որտեղ ջրամատակարարման խողովակի վթարի վերականգնման աշխատանքներ էին կատարվում: Այդ սարքավորումները շարել էին փոսից մի քիչ հեռու եւ բացատրում էին, թե դրանք ինչի են ընդունակ: Ի դեպ, «Երեւան ջուր» ընկերության տնօրեն Սերժ Պոպոֆը, նկատելով լրագրողների դժգոհությունը կազմակերպված շրջագայությունից, բացատրեց, որ նոր սարքավորումները ներկայացնելու համար այդ վայրն են ընտրել, որպեսզի ամեն ինչ շատ ավելի հասկանալի լինի: Ինչեւէ: Ս. Պոպոֆը տեղեկացրեց, որ ընկերությունը գնել է հոսակորուստները հայտնաբերող գերմանական երկու սարքավորում, որոնցից ամեն մեկն արժե 20 մլն դրամ: Ընկերության գլխավոր մասնագետ Համլետ Սարիբեկյանն էլ տեղեկացրեց, որ այդ սարքավորումներն ընդունակ են ճիշտ որոշելու, թե գետնի տակ գտնվող խողովակի ո՞ր հատվածն է ծակ, կամ որտեղի՞ց է ջուր հոսում:
«Նախկինում մենք ունեցել ենք նման սարքավորումներ, բայց դրանք չէին կարող այսքան ճշգրիտ որոշել, թե խողովակի ո՞ր մասից է ջուրը հոսում,- ասաց Հ. Սարիբեկյանը: -Այս նորերը կարող են գտնել նաեւ պզզացող ջուրը՝ անկախ խողովակի գտնվելու խորությունից: Թե՛ մեր աշխատանքների հեշտացման, թե՛ հոսակորուստը շուտ գտնելու եւ ջուրը տնտեսելու տեսակետից այս սարքերը շատ օգտակար են: Ճիշտ է, դրանք մենք հիմա ենք ներկայացնում, սակայն յոթ ամիս է, ինչ ձեռք ենք բերել եւ օգտագործում ենք»:
Հաջորդ կանգառը Կոմիտասի պողոտան էր: Հրավիրող կողմը մեզ պատմեց, թե փոխում են ամբողջ փողոցի մայր ջրատարը` շենքերին սպասարկող ճյուղավորումներով եւ մոտ 500 մետր երկարությամբ էլ կոյուղագիծը (ընդհանուր առմամբ, 5136 մետր երկարությամբ խողովակաշար): Ընկերության ներդրումների բաժնի պետի տեղակալ Գագիկ Այվազյանը տեղեկացրեց, որ արդեն իսկ 2300 մետր ջրագիծ փոխել են: Աշխատանքները կավարտվեն հավանաբար սեպտեմբերին: Բացի այդ, տեղեկացնենք, որ խողովակների փոխման շինմոնտաժային աշխատանքները կատարում է «Դորոժնիկ» ընկերությունը, որը «Լինսի» հիմնադրամի միջոցներով միաժամանակ իրականացնում է նաեւ Կոմիտասի պողոտայի ասֆալտապատման աշխատանքները: Գ. Այվազյանը նշեց, որ իրենք խողովակները փոխելու շինմոնտաժային աշխատանքները կատարելու համար մրցույթ են հայտարարել, եւ հաղթել է «Դորոժնիկ» ընկերությունը: Ընթերցողներին հիշեցնենք, որ սա այն «Դորոժնիկն» է, որը երջանիկ պատահականությամբ հաղթում է Հայաստանում ճանապարհային շինարարության համար հայտարարված գրեթե բոլոր խոշոր մրցույթներում: Հայտնի է նաեւ, որ այդ ընկերության ետեւում կանգնած են իշխանության հատկապես ղարաբաղյան թեւի ներկայացուցիչները: Հիշեցնենք, որ հենց այս ընկերությունն է իրականացրել Շիկահողի արգելոցի միջով Մեղրի-Քաջարան ճանապարհահատվածի շինարարությունը: Չմոռանանք նաեւ հիշեցնել, որ այդ ճանապարհի կառուցման ժամանակ ընկերության տնօրենը շինարարական տեխնիկան մտցրել էր արգելոց` լրագրողներին ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին սպառնալով, թե «կփրթեմ, կթափեմ, գիտե՞ք՝ իմ հետեւում ով է կանգնած»: Ահա թե ինչու է «Դորոժնիկը» կարողանում այդպիսի խոշոր ծրագրեր «կպցնել»: Հիմա այդ նույն ընկերությունը «Լինսի» ծրագրի ճանապարհաշինության հետ միասին իրականացնում է նաեւ «Երեւան ջուր» ընկերության ջրագծերի մոնտաժային աշխատանքները: Դրա համար «Երեւան ջուրը» «Դորոժնիկին» պետք է վճարի 70 մլն դրամ: Իսկ այդ 5136 մետր ջրագծի խողովակների եւ այլ սարքավորումների համար էլ ծախսվել է ավելի քան 107 մլն դրամ: Այսինքն` Կոմիտասի պողոտայի ջրագծերի ու կոյուղագծերի նորացման աշխատանքները «Երեւան ջուր» ընկերությունից տարել են 177 մլն դրամ: Եվ ահա այդ փորված փոսերի ու խողովակների կողքով ամիսներ շարունակ անցուդարձ արած լրագրողները երեկ մեկ անգամ եւս նայեցին կատարվող աշխատանքները, որից հետո հնարավորություն ունեցան հարցեր ուղղել Սերժ Պոպոֆին: Պարոն Պոպոֆն էլ տեղեկացրեց, որ ցանցում հոսակորուստները կազմում են 80 տոկոս, բայց վարձակալության տասներորդ տարվա ընթացքում պետք է հասցվեն մինչեւ 50 տոկոսի: Ընկերության տնօրենի խոսքով` այդ կորուստների 55-60 տոկոսի պատճառը տեխնիկական է՝ մաշված ցանցի հետեւանք է, իսկ մյուս պատճառը առեւտրային է, այսինքն` այդ մնացած մասը գողանում են: Համեմատության համար ֆրանսիացի տնօրենն ասաց, որ Փարիզի ջրամատակարարման ցանցում հոսակորուստները կազմում են ընդամենը 9-10 տոկոս: Այնտեղ խողովակաշարը գետնի տակ չէ, այլ ձգվում է հատուկ այդ նպատակով կառուցված վերգետնյա թունելում: Պարզ է, որ այդպիսի պայմաններում շահագործող ընկերությունն ավելի հեշտությամբ կարող է գտնել վթարները եւ վերականգնել: Մինչեւ վարձակալության ավարտն ընկերությունը պետք է շարունակական ջրամատակարարումը հասցնի 95 տոկոսի: Այս վիճակն ունենալու համար ջրամատակարարման ցանցի արտադրողականությունը պետք է լինի մոտ 50 տոկոս՝ ներկայիս 20 տոկոսի փոխարեն: Պարոն Պոպոֆը նաեւ հայտարարեց, որ այս տարի ջրամատակարարման ամառային ժամանակացույցը կբարելավվի 45 տոկոսով եւ 2006 թվականի ամառվա համեմատությամբ տեւողությունն ավելի երկար կլինի: