Զարմանալու բաները շատանում են կյանքում եւ տրանսպորտում, թերթերում եւ բարձր պաշտոնյաների ելույթներում, հեռուստատեսությամբ եւ եթերի մյուս անկյուններում։ Եվ այդ բաներն, անկեղծ ասած, ինձ մոտ երբեմն անձի երկվություն են առաջացնում։ Ու ինձ մեկ-մեկ թվում է, թե ես Հովհաննես Գալաջյանն եմ, բայց ոչ այն պատճառով, որ «Ուժն է ծնում իրավունք», այլ որովհետեւ զարմանալու բաները գնալով շատանում ու շատանում են։
Օրինակ՝ առավոտ վաղ միացնում ես հեռուստացույցն ու իմանում, որ այդ օրը Զորավար Անդրանիկի ծնունդն է, այսինքն՝ մինչ հասցնում ես իմանալ, առավոտյան ծրագրի հոլանի հաղորդավարուհին երիտասարդ պատմաբան հյուրին հարցնում է. «Իսկ ի՞նչ պիտի անենք անդրանիկաբար ապրելու համար»։ Եվ տարօրինակն այն է, որ պատմաբան հյուրը ներկայացնում է «անդրանիկաբար» ապրելու բաղադրատոմսը, որի հիմնական տարրը չավարտված եւ հավանաբար երբեք էլ չավարտվող ազատագրական պայքարն է։ Եվ առավոտյան սուրճի կումերի հետ ստիպված կուլ ես տալիս ազատագրական պայքարին հավերժ զորակոչված լինելու, այսինքն՝ անդրանիկաբար ապրելու քաղցր գիտակցությունը։
Իսկ ցերեկը քաղաքի խանութներից մեկի վրա մարդաբոյ տառերով մի գրություն ես տեսնում՝ SALE 40 %։ Բնականաբար, ուրախացած ներս ես մտնում, որ կյանքում գոնե մեկ անգամ (Երեւանում) նշվածից ցածր գնով մի բան առնես։ Բայց զարմանքդ եւ ուրախությունդ տեղում սառչում են, երբ պարզում ես, որ այդ մարդաբոյ 40 %-ը խանութում առկա բազմազան ապրաքատեսակից միայն մեկին է վերաբերում։
Երեկոյան տուն ես գալիս ու տեսնում շենքիդ շքամուտքն ինչպես երբեք լուսավոր ու մաքուր։ Ասեմ՝ զարմանալի է, բայց ոչ ամենեւին ուրախալի, որովհետեւ այդ լուսավորությունը մարդու կյանքի պես կարճ է ու վաղանցուկ։ Շքամուտքը մաքուր ու լուսավոր է, որովհետեւ առաջին հարկում մարդ է մահացել՝ հավանաբար Վոլֆգանգ Գյոթեի հանգույն պատգամելով «Ավելի շատ լույս»։ Խեղճ մարդու հուղարկավորությունից հետո լույսն անմիջապես չքանում է, եւ ամեն օր, համենայնդեպս` առաջիկա քառասուն օրերին, «Հոգին կույր է լույսի մեջ» ահը սրտումդ` վերելակ ես նստում ու չգիտես` հետդ ով եւ ուր է բարձրանում։
Մյուս օրը ջրի խողովակների վթարի պատճառով առիթ ես ունենում ծանոթանալու «համատիրություն» կոչվող հաստատության նախագահի հետ։ (Չիմացողներին ասեմ՝ սա սովետական բշտ-ի եվրոպոիդ տարբերակն է)։ Նրա պահվածքից անմիջապես ենթադրում ես, որ սա է ամբողջ երկրի միակ լեգիտիմ նախագահը, որովհետեւ նրա պահվածքն ու խոսելու տոնն ավելի շատ թագաժառանգի է, քան ինչ-որ համատիրության նախագահի։ Երբ ասում եմ, թե իրեն առաջին անգամ եմ տեսնում, ինքն էլ է զարմանում. «Ո՞նց առաջին անգամ, կարգին բնակիչն ամիսը իրեք անգամ պետք ա ներկայանա համատիրություն»։ Ինչո՞ւ ոչ չորս կամ հինգ անգամ, չեմ հարցնում, բայց տրամաբանությունն ըմբռնում եմ նրա հաջորդ խոսքից. «Ըստե ինչքան շենք կա, կվարտիրա կա, սաղ իմ տրամադրության տակ ա»։ O.K.: Հիմա ամեն ինչ պարզ է, դու «անդրանիկաբար» ապրում ես մեկի տրամադրության տակ, բայց «ախմախաբար» մոտ երկու տարի չես գիտակցել քո գլխավերեւում եղած այդ ծածկույթը։ Իսկ «կուզեմ` կտամ, չեմ ուզի` չեմ տա», «կուզեմ` կթողեմ, չեմ ուզի` չեմ թողի» խոսքերը լսելիս հասկանում ես, որ ազատագրական պայքարն իսկապես դեռ չի վերջացել։ Ու հաջորդ առավոտ առաջին հերթին գնում ես եկեղեցի, մի զույգ մոմ վառում, որ սույն «թագաժառանգն» ընդամենը եւ միայն համատիրության նախագահ է։
Մարդկային տեսակները շարունակում են զարմացնել ու զարմացնել։ Օրինակ՝ Ռուսաստանի հայերի միության նախագահ, անվանի բարերար Արա Աբրահամյանը հայտարարում է, որ Հասարակածային Գվինեայում դատապարտված վեց հայ օդաչուներին ինքը կարող էր օգնել, բայց չի օգնել, քանզի իրեն չեն դիմել Հայաստանի իշխանությունները։ «Ինձ մտերիմ մարդկանցից շատերը լավ հարաբերություններ ունեն այդ երկրի նախագահի հետ։ Կդիմեի մի քանի ազդեցիկ հայերի, ազդեցիկ երկրների նախագահների, որոնց ես լավ գիտեմ։ Բայց ես պետք է լիազորված լինեմ այդ հարցը ներկայացնելու համար»,- ասում է Արա Աբրահամյանը «168 ժամ» թերթին տված հարցազրույցում։
Զարմանքս զսպել չկարողանալով ուզում եմ հարցնել Ռուսաստանի հայերի առաջնորդին, թե չէ՞ր կարելի հուշել Հայաստանի իշխանություններին կամ արդյոք անհնա՞ր էր վեց հայ մարդու կյանք փրկել առանց այդ լիազորության։ Թե՞ այս ամենն ուղղակի ասվում է իշխանությունների քթին կտտացնելու համար եւ միայն։ Եթե լիազորությունն իսկապես անհրաժեշտ է, ես կարող եմ շուտափույթ 100-200 հազար, անգամ կես միլիոն մարդու (եթե բավարար է) ստորագրություն հավաքել, ովքեր կխնդրեն Արա Աբրահամյանին Հասարակածային Գվինեայի համար «հիվանդանոց կառուցել, որեւէ աջակցություն ցուցաբերել» ու փրկել հայ օդաչուներին, բայց անձամբ նախագահի կամ այլ բարձր պաշտոնյայի խնդրանքը չեմ կարող ապահովել, որովհետեւ ՌՀՄ առաջնորդի եւ մեր բարձրաստիճան պաշտոնյաների մենթալիտետը ոչնչով չի տարբերվում վերը նշված «թագաժառանգի» տրամաբանությունից։
Այս տրամաբանության մեջ է նաեւ այն ուսանողի մտածողությունը, ով գազի ատրճանակով վերջերս ահաբեկել էր Տնտեսագիտական համալսարանի համապատասխան ֆակուլտետի դեկանին։ Այսինքն՝ տարբերվում է այնքանով, որ ընդամենը եւ միայն գազի ատրճանակով էր ահաբեկել, չէ՞ որ կարող էր պապայի զինանոցից կալաշնիկով վերցնել եւ վերջ տալ մեր իրականության մեջ նշմարված հազվագյուտ արդարամտությանն ու սկզբունքայնությանը։ Բայց ամենազարմանալին սա չէ, այլ այն, որ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը խորհուրդ է տալիս հետեւել քաղաքակրթության օրենքներին եւ հայրերին պատասխանատվության չկանչել որդիների կատարած զանցանքների ու հանցանքների համար։ Միանգամից էլ հասկանալի է, որ նախարարի մտահոգությունը քաղաքակիրթ օրենքների պահպանումը չէ, այլ՝ զորամասի հրամանատարին «ժերտվա» չտալը։ Որովհետեւ մեզ մոտ ամեն ինչ այնպես է կառուցված, որ մարդուն գործից հանելը դիտվում է` որպես «ժերտվա» տալ, իսկ գործի դնելը` «պերյոդ» գցել։ Եվ հենց այս տրամաբանությամբ էլ զինյալ ուսանողը «ժերտվա» չլինելու համար կրակում է իր ֆակուլտետի դեկանի վրա, իսկ ո՞վ է նրան «պերյոդ» գցել, պարզ է ու հասկանալի. Հայաստանում գործող կառավարման համակարգը։
Եթե հավատանք երիտասարդ պատմաբանին եւ ընդունենք, որ հայ ժողովրդի ազատագրական պայքարը հար եւ ընդմիշտ շարունակվում է, ուրեմն «անդրանիկաբար» ապրող միակ մարդն անցած շաբաթ Տնտեսագիտական համալսարանի այդ քաջարի դեկանն է, ով մարտիրոսների «մահ իմացյալ` անմահություն» նշանաբանով հանդգնեց դուրս թողնել N զորամասի հրամանատարի որդուն, ով հավանաբար դասի էր գալիս «ՊՆ» համարանիշ կրող մարդատար մեքենայով, եւ այս դեպքում «Պ»-ն նշանակում է ոչ թե պաշտպանության, այլ՝ պապայի։