Աստվածաշնչյան Արարատ լեռան մասին երազողները
Երբ ժամանակին Ադրբեջանական ԽՍՀ Շամխորի շրջանի հայաբնակ տարածքների բնակչությունն իրենց շրջանը պարզապես անվանում էր «Լեմս», այսինքն՝ գերմանացիների քաղաք, կարծում էի, որ խոսքը Երկրորդ աշխարհամարտից հետո գերեվարված գերմանացիների մասին է: (Շամխորն, իրոք, աչքի էր ընկնում իր քաղաքաշինական գեղեցիկ, ոչ մուսուլմանական նկարագրով, այնտեղ փողոցներն ու տները հավասար հեռավորության վրա էին, ծառերով շրջապատված, համապատասխան ենթակառուցվածքներով): Սակայն պարզվում է, որ Հարավային Կովկասում գերմանացիների հայտնվելն ավելի վաղ շրջանի պատմություն ունի, որն անչափ ուշագրավ, անգամ ռոմանտիկ պատմություն է: 1816-18թթ. գերմանցիներին Կովկաս, այդ թվում եւ՝ Հայաստան վերաբնակեցնելու գաղափարը պատկանում է Վյուրնտերբերգի կրոնական համայնքի առաջնորդներին: Համայնքի ընդդիմադիր քահանաները, հայտարարելով աշխարհի եւ ողջ մարդկության կործանման եւ Քրիստոսի երկրորդ գալստյան մասին, փրկության վայր էին նախանշել Անդրկովկասը, մասնավորապես` Արարատ լեռան շրջակայքը, որտեղ պետք է կառուցվեր «հազարամյակների թագավորությունը»: Քարոզիչների ուժը եւ վճռականությունն այնքան մեծ է եղել, որ այն փոխել է բազմաթիվ մարդկանց կյանքի հունը եւ ստիպել նրանց լքել իրենց հարազատ վայրերն ու հայրենիքը, եւ առանց ուշադրություն դարձնելու աշխարհագրական մեծ տարբերությանը` հավատացյալներին ստիպել է երկար ճանապարհ ընկնել դեպի մի երկիր, որտեղ նրանք կարող էին խաղաղության եւ հոգեկան հանգստության մեջ սպասել Փրկչի գալստին: Ճանապարհ ընկնելով 1816թ. սեպտեմբերին, առաջին 40 ընտանիքները Թիֆլիս են հասել 1817թ. սեպտեմբերին: Թիֆլիսի ռուսական վարչակազմը զգուշացրել է վերաբնակներին, որ Արարատի մերձակայքը բնակեցված է մուսուլմանական վայրի ցեղերով եւ իրավիճակը հսկողությունից դուրս է: Անդրկովկասում աստիճանաբար գերմանական երկու տիպի բնակավայրեր են ձեւավորվել, արեւելյան` գերազանցապես շվաբական բնակչությամբ, որը գտնվում է ներկայիս Ադրբեջանի տարածքում, արեւմտյան` Վրաստանի տարածքում: Արեւելյան խումբն ընդգրկում է Աննեֆելդը (ներկայումս`Շամխոր), Ելենենդորֆը (Խանլար), Այգենֆելդը (Ղազախ) եւ այլն, իսկ Վրաստանինը` Ալեքսանդերդորֆը (Ծալկա), Նոյ-Թիֆլիսը (այս բնակավայրը միացվել է Թիֆլիսին): Նշենք նաեւ, որ շատ քիչ գերմանացիների, այնուամենայնիվ, հաջողվել է հասնել Արարատին: Կարսից 5 կմ հարավ-արեւմուտք` այսօրվա հյուսիս-արեւելյան Թուրքիայի տարածքում` հիմնելով մեկը մյուսից 5-6 կմ հեռավորության վրա գտնվող 3 բնակավայր, ոչ մեծ գերմանական համայնք, որը գոյատեւել է մինչեւ Առաջին համաշխարհային պատերազմը: Ներկայիս Հայաստանի տարածքում գերմանական բնակավայրեր չեն եղել եւ չկան: Հայաստանի գերմանացիները գլխավորապես Վրաստանի եւ Ադրբեջանի գերմանական գաղթօջախներից Հայաստան տեղափոխված մարդիկ են: ՀՀ-ում անցկացված վերջին` 2001թ. մարդահամարի տվյալներով, Հայաստանում բնակվել է 133 գերմանացի: Իսկ «Տեւտոնիա» գերմանացիների մշակութային հասարակական կազմակերպության նախագահ Վիկտոր Վուխրերն ասում է, որ իրենց մոտ ներկայումս ընդգրկված է Ռուսաստանի գերմանացիների (իրենք իրենց անվանում են Ռուսաստանի գերմանացիներ) հետնորդ 19 ընտանիք, թվով 82 մարդ: Կազմակերպության խորհրդանիշի կենտրոնում խաչն է, որն էլ խորհրդանշում է Աստծո սերը մարդու նկատմամբ: Վ. Վուխրերի ասելով, լյութերական քրիստոնյաներն իրենց մարմնի վրա խաչ չեն կրում, քանի որ խաչը նրանց հոգում է, սրանով էլ նրանք առանձնանում են մյուս քրիստոնյաներից: «Խաչ կրում են միայն հոգեւորականները, որոնք կոչվում են պաստոր` բողոքական քահանա, որը փողոցում քայլելիս իր հանդերձանքում կարող է եւ խաչ չկրել: Շվաբների եկեղեցում սրբապատկերներ էլ չկան, ամեն ինչ շատ հասարակ ու պարզ է»,- ասում է Վ. Վուխրերը: Լյութերականները սերում են բողոքականներից: Լյութերականների խաչակնքվելն էլ տարբերվում է բուն քրիստոնեական ծիսակարգից, նրանք ձեռքի ափերը բաց սեղմում են իրար եւ մոտեցնում սրտին: Հետաքրքիր է նաեւ այն, որ յուրաքանչյուր ոք առանձին է աղոթում, որովհետեւ այն շատ գաղտնի արարողություն է: «Մարդու եւ Աստծու միջեւ որեւէ միջնորդ գոյություն ունենալ չի կարող: Մեզ մոտ Աստվածաշունչ ուսումնասիրած անձը հոգեւորականի կարգավիճակ ունի: Անգամ դպրոցներում նախկինում ուսուցանվել են Աստծո օրենքները: Մարդիկ կնքվել են ոչ թե հոգեւորականների, այլ այն տարեց մարդկանց կողմից, որոնք տիրապետել են հավատքին: Ուսուցիչը, բժիշկն ու պաստորը նույն հարթության վրա են գտնվում»,- հավելում է Վ. Վուխրերը: Ժամանակին Ռուսաստանի գերմանացիները հանդիսացել են Ռուսական կայսրության ամենահին ազգերից մեկը, ընդհուպ մինչեւ 1941թ.: 1941թ. հետո որպես ազգ պաշտոնապես գոյություն չունեն Ռուսաստանում: Այդ իսկ պատճառով Ռուսաստանի գերմանացիներն իրենց տոնացույցում ունեն «սեւ» ամսաթիվ, որը նշվում է ցանկացած ընտանիքում: Դա օգոստոսի 28-ն է (հայկական ապրիլի 24-ի գերմանական տարբերակը): Այդ օրը հազարավոր գերմանացիներ գնում են եկեղեցիներ կամ էլ հավաքվում են ընտանեկան սեղանների շուրջ` նշելու իրենց հերթական «սեւ հոբելյանը»: 1941թ. հենց այդ օրն է հրապարակվել ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանը, որի համաձայն սկսվել է «ռուսլանդոյչե»-ների զանգվածային արտաքսումը Սիբիր, Ղազախստանի հյուսիսային շրջաններ, նույնիսկ Մոնղոլիա: Դրա հետ մեկտեղ նրանց ունեցվածքը, անձնագրերը բռնագրավվել են: Աքսորի 15 տարիների ընթացքում (1941-1956թթ.) մահացել է 450 հազար մարդ, այսինքն՝ յուրաքանչյուր երրորդ գերմանացին: «Մերձվոլգյան շրջանում գտնվող Գերմանացիների Ինքնավար Հանրապետությունը չեղյալ հայտարարվեց: Ռուսաստանում 1941թ. հետո, երբ տարագրվեցին գերմանացիները, մնացին միայն այն գերմանուհիները, որոնք ամուսնացած էին ոչ գերմանացիների հետ»,- պատմում է Վ. Վուխրերը:
Երեկոյան խորոված են ուտում, առավոտյան` խաշ
Կովկասում բնակվող գերմանացիները նշում են իրենց բոլոր ազգային տոները: Ամենասրբազան տոնը լյութերական գերմանացիների համար դեկտեմբերի 24-25-ին նշվող Սուրբ Ծննդյան տոներն են, հետո՝ Նոր տարին, որը կոչվում է «Սիլվեստեր»: Դրան հաջորդում են Զատկի տոները` երկու օր: Առաջինը` Քրիստոսի կիրակին է, այնուհետեւ երկուշաբթին` իբրեւ հանգուցյալների հիշատակի օր: Վ. Վուխրերի ներկայացմամբ, գերմանացիների նախնիների նախասիրած տոներից է եղել մայիսի 1-ը, ոչ թե իբրեւ Աշխատավորության, այլ Գարնան տոն: «Ողջ ժողովուրդն այդ օրը գնում էր անտառ, դաշտեր, որտեղ խմում էր գինի, ճաշկերույթ էր կազմակերպում, երեխաները նվագում էին, մեծահասակները՝ երգում»,- նշում է գերմանական համայնքի ղեկավարը: Ըստ նրա, գերմանացիներն ունեն նաեւ մի տոն, որը կոչվում է Բերքի տոն: Այն գերմանացիների համար, ովքեր ապրել են Վրաստանում եւ Ադրբեջանում, տոնը համընկել է խաղողի բերքահավաքի`այգեկութի առաջին օրից մինչեւ վերջին օրվան: Այսինքն, խաղողի այգում անցկացրած օրը նրանց համար տոն է եղել: Գերմանացիները, որոնք վերաբնակվել են Կովկասում, կարողացել են «վերաիմաստավորել» տեղացիների բարի ավանդույթները: «Խորովածի պատրաստումը մեր ամենասիրելի զբաղմունքն է: Շաբաթ երեկոյան ուտում ենք խորոված, իսկ առավոտյան` խաշ: Ուտում ենք նաեւ տոլմա` խաղողի թփի մեջ փաթաթված, նաեւ տարբեր ճաշատեսակներ` բրնձով եւ չամիչով, թեթեւ ուտեստներ` լավաշով»,- ասում է Վ. Վուխրերը: Նա նաեւ ասում է, որ տեղի գերմանացիները գրեթե մոռացել են իրենց ազգային խոհանոցը, որտեղ գերակշռում է ալյուրով պատրաստված ճաշատեսակների ընտրանին` «լապշան», «շնեցլեն», «շտիրմը», հայտնի շվաբյան սեւ եւ սպիտակ հացը: Որպես կանոն, Կովկասի գերմանացիների սեղանից անբաժան է լինում գինին: «Շվաբները շատ են սիրում գինի խմել, ինչից կարելի է եզրակացնել, թե նրանց մեջ կարող են լինել հարբեցողներ, բայց դուք չարաչար սխալվում եք, քանի որ նույնիսկ հարսանիքների եւ տարբեր կերուխումերի ժամանակ մարդիկ կարողացել են զվարճանալ առանց հարբեցողության: Ամենամեծ խայտառակությունն ու անարգանքն էր, որ երիտասարդ տղան շատ խմեր եւ իրեն վատ դրսեւորեր»,- նկատում է հայաստանաբնակ շվաբ ազգի ներկայացուցիչը: Հայաստանում բնակվող փոքրաթիվ գերմանացիներն իրենց կենցաղով քիչ են տարբերվում տեղի բնակչության կենցաղից: Նրանց առանձնահատկություններից, այնուամենայնիվ, կարելի է հիշատակել խոզի մսի վերամշակման ավանդական ձեւերի կիրառումը, լյարդաթոքի երշիկների եւ «սալդիսոնի» օգտագործումը:
«Գերմանիայի օրենսդրությամբ ես հայ եմ»
«1960-ական թվականներին, երբ մենք ասում էինք, որ գերմանացիներ ենք, բոլորը կարծում էին, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ռազմագերիների հետնորդներն ենք, այնինչ 1818թ. են գերմանացիները եկել Կովկաս` 500 ընտանիքներով: 1939թ. Վրաստանում ապրել են 20.500, Ադրբեջանում` 23.000 գերմանացիներ, իսկ Հայաստանում` 433, 1989թ. Վրաստանում կար 1546, Ադրբեջանում` 748, իսկ Հայաստանում` 265 գերմանացի»,- ասում է հայաստանաբնակ գերմանացին: Իսկ ինչո՞ւ են ի սկզբանե Հայաստանում գերմանացիները քիչ եղել: Այս հարցին Վ. Վուխրերն այսպես պատասխանեց. «Երբ գերմանացիները եկել են Կովկաս, Հայաստանը գտնվել է պարսիկների տիրապետության տակ, թեպետ Գերմանիայի Վյուրնտերբերգի երկրամասից ժամանած գերմանացիները, որոնք եղել են հավատացյալներ, փրկություն են փնտրել սրբազան Արարատ լեռան շրջակայքում: Բոլորը ցանկացել են հանգրվանել հենց այնտեղ, բայց նրանք վերաբնակեցվել են Քուռ գետի երկայնությամբ»: «Իսկ կցանկանա՞ր Վ. Վուխրերը Գերմանիայում բնակվել» հարցին պատասխանում է, որ գերմանական օրենսդրության համաձայն, գերմանացիները նրանք են, ովքեր բնակվում են միայն Գերմանիայում, իսկ ովքեր ապրում են արտասահմանում, հանդիսանում են այն պետությունների քաղաքացիները, որտեղ բնակվում են: «Գերմանական օրենսդրությամբ ես հայ եմ, լավագույն դեպքում` հայ եմ՝ գերմանական ծագմամբ: Եթե ես ցանկանամ մեկնել, պետք է ապացուցեմ իմ ազգային պատկանելությունը, նախնիների անցած ուղին: Եթե նրանք տարագրվել են, դա դրական հանգամանք է: Գերմանիա մեկնելու համար երկրորդ կարեւոր հանգամանքը գերմանական լեզվի, ավանդույթների, մշակույթի իմացությունն է»,- ասում «Տեւտոնիայի» նախագահը: Ըստ Վ. Վուխրերի, գերմանացիների առաջին հիվանդությունը կարգապահությունն ու ճշտապահությունն է: Ինչպես յուրաքանչյուր ազգ, գերմանացիներն օժտված են հայրենասիրությամբ եւ ցանկացած բնագավառում մրցելու հատկությամբ: «Յուրաքանչյուր ոք ցանկանում է ունենալ ամենալավ ավտոմեքենան, ամենաշքեղ առանձնատունը (այս հարցում, կարծես, շատ նման են հայերին.-Ն.Մ.): Հարավային Կովկասում բնակեցված գերմանացիների 500 ընտանիքները եղել են բարեկամներ, հարազատներ, դրա համար բոլոր նյութական արժեքները հավասար կիսել են իրար մեջ (այստեղ` հայերից խիստ տարբերվում են.- Ն.Մ.), այդ իսկ պատճառով Կովկասի գերմանական գաղութը բաղկացած է եղել շատ հարուստ մարդկանցից: Նրանք ունեցել են իրենց եկեղեցին, դպրոցները»,- նկատում է գերմանական ծագմամբ հայը: Գերմանացիները միշտ կարողացել են խուսափել տեղի բակչության հետ կոնֆլիկտային իրավիճակներից, դա նրանց հաջողվել է բնատուր խաղաղ գոյակցելիության եւ համբերատարության պատճառով: Բոլոր վեճերը նրանց հաջողվել է հարթել խաղաղ ճանապարհով: