ՀՀ Ոստիկանության ծառայության Հասարակական կապի եւ լրատվության վարչության պետ Սայադ Շիրինյանին գրավոր տեսքով հարցումներ ուղղեցինք Ինտերպոլի հայաստանյան ծառայության գործունեության եւ այլ հարցերի շուրջ:
– ՀՀ քանի՞ քաղաքացի է փնտրվում «Ինտերպոլ» ծառայության միջոցով եւ հիմնականում ի՞նչ պատճառներով:
– 2005թ. հունվարի մեկի դրությամբ, ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների նախաձեռնությամբ, ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու համար Ինտերպոլի ԱԿԲ-ի միջոցով միջազգային հետախուզման մեջ են գտնվում 267 անձինք:
– Էդուարդ Մադաթյանի անունը ե՞րբ եւ ի՞նչ պատճառով է հայտնվել Ինտերպոլի կողմից փնտրվող մարդկանց շարքում:
– ՀՀ Քրօր.-ի 34, 37 եւ 305 հոդվածների հատկանիշներով հետախուզվող Էդուարդ Մադաթյանի նկատմամբ 2005թ. հունվարի դրությամբ հայտարարվել է միջազգային հետախուզում:
Այս հարցի վերաբերյալ ՀՀ Դատախազության Հասարակական կապերի եւ լրատվության պետ Գուրգեն Ամբարյանը միայն ասաց, որ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Է. Մադաթյանը մեղադրվում է բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ տեռորիստական ակտ կազմակերպելու համար: Գործը գտնվում է Դատախազության վարույթում, կան ձերբակալվածներ, եւ Է. Մադաթյանն էլ միջազգային հետախուզման մեջ է:
– Ինտերպոլի հայաստանյան ծառայությունը այլ երկրների նույն կառույցի հետ ի՞նչ կարգի համագործակցություն ունի, եւ այդ համագործակցության արդյունքում ի՞նչ գործեր են բացահայտվել, փոխօգնության ի՞նչ դեպքեր են եղել (վերջին երեք տարիների փաստերով):
– Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպությանը` Ինտերպոլին անդամագրված են 182 երկրներ, այդ թվում` Հայաստանի Հանրապետությունը 1993-ից, որոնց միջեւ համագործակցությունը կարգավորվում է կազմակերպության կանոնադրությամբ եւ այլ նորմատիվ ակտերով: Անդամ երկրների հետ համագործակցության արդյունքում բացահայտվել են մի շարք հանցագործության դեպքեր, հայտնաբերվել, ձերբակալվել եւ էքստրադիցիայի են ենթարկվել բազմաթիվ հետախուզվողներ:
– Արտերկրներից գողացված եւ Հայաստան բերված ավտոմեքենաների դեպքերը ի՞նչ չափերի են հասնում, անհատնե՞ր են դա անում, թե՞ կազմակերպություններ, ի՞նչ դեպքեր կան գրանցված: Ո՞ր երկրներից են հիմնականում գողանում:
– Առեւանգված ավտոտրանսպորտային միջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարը հանդիսանում է Ինտերպոլի գործունեության ուղղություններից մեկը, որում 1996-ից ներգրավվել է նաեւ ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ն: Արդյունքում` հայտնաբերվել են 27 օտարերկրյա պետություններում առեւանգված 352 ավտոտրանսպորտային միջոցներ, որից 69-ը 2004թ. ընթացքում: Հիմնականում առեւանգված մեքենաների պատկերն ըստ երկրների հետեւյալն է. Գերմանիա, ՌԴ, Բուլղարիա, Բելգիա, Չեխիա, Լեհաստան եւ այլն, որտեղից ՀՀ ներմուծվում է բացառապես անհատների կողմից:
– ՀՀ ոստիկանությունը մեքենաների դեմ գողության ի՞նչ քայլեր է ձեռնարկում, եւ ինչպիսի՞ փորձաքննության են ենթարկվում Հայաստան ներմուծվող ավտոմեքենաները:
– 01.03.2004-ին ՀՀ ոստիկանության պետի եւ ՀՀ ԿԱ Մաքսային պետական կոմիտեի նախագահի կողմից ստորագրվել է «Օտարերկրյա պետություններում առեւանգված, ապօրինի ձեռք բերված ավտոտրանսպորտային միջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարն ուժեղացնելու մասին» համատեղ հրաման: Արդյունքում` ՀՀ ԿԱ Մաքսային պետական կոմիտեում ստեղծվել է ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձեւակերպումների մասնագիտացված մաքսային կետ, որտեղից ավտոմեքենաների ստուգման նպատակով հարցումներ են ուղարկվում ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ, որն էլ մինչեւ մաքսազերծվելը ավտոմեքենան ենթարկում է փորձաքրեագիտական համապատասխան ստուգումների: