Երեւանում երկու բան կա, որը առատորեն օգտագործվում է, դա երաժշտությունն ու սուրճն է։ Գրեթե չկա մի մարդ, ով սուրճ չի խմում ու երաժշտություն չի լսում։ Այդ երկու հասկացողությունները ոչ միայն բիզնեսի ոլորտի հետ են առնչվում, այլեւ՝ ճաշակ ու ոճ են ձեւավորում։ Երաժիշտ, կիթառահար Վազգեն Ասատրյանի կյանքում միշտ առաջին տեղում երաժշտությունն է եղել։ Նույնիսկ այն բանից հետո, երբ նրա կյանք հանկարծակի ներխուժեց սուրճը, նա շարունակեց տարբեր երաժշտական նախագծերի մասին երազել։ Եվ ոչ միայն երազել, այլեւ՝ շատ ակտիվորեն ու նրբանկատորեն դրանք իրականություն դարձնել։ «Փարիզյան սուրճ» ճաշակով ձեւավորված ու երեւանցիներին համեղ սուրճ առաջարկող խանութ-սրճարանը, որը Վազգեն Ասատրյանը բացեց իր տիկնոջ՝ Վալերի Գործունյան-Ասատրյանի հետ, վաղուց արդեն իր տեղն է գտել Աբովյան փողոցում ու դարձել է ոճ թելադրող մի վայր։ Լավ սուրճի հետ զուգահեռ՝ երեւանցիներին առաջարկվեց վերհիշել մեր քաղաքի պատմությունը կազմող այն երաժշտական շերտը, որը դասական բեմական պահվածքի ու դասական երաժշտական դպրոցի վրա էր հենված, մեր պատմության 1970-ական թվականների երգերն ու հուշերը։ «Երգում է 70-ականների Երեւանը» համերգային ծրագրերն ու այդ համերգների հեռուստատեսային տարբերակները կարծես նորովի բացահայտեցին շատերի մանկության ու երիտասարդության մեղեդիները, իսկ ոմանց էլ՝ առաջին անգամ ներկայացրեցին այն երգերն ու անունները, որոնք սկսել էին մոռացության շղարշով պատվել։ Այդ երգերին նոր փայլ հաղորդվեց Վազգեն Ասատրյանի նախագծի շնորհիվ։ Նա գտել է հաջողության բանաձեւը. «Մենք բոլորս էլ ուզում ենք փող աշխատել, իսկ երբ փող ենք աշխատում, ուզում ենք մեզանից հետո ինչ-որ լավ բան թողնել։ Ես էլ ուզում եմ թողնել լավ երաժշտություն»։ Նա վերջերս Ֆրանսիայից Երեւան է բերել ձայնագրման նոր, բացառիկ հնարավորություններ ունեցող սարքավորումներ ու սեփական ձայնագրման ստուդիա է բացել։ Այդ ստուդիան, որը «70-ականների Երեւան» է կոչվում, աշխատում է ոչ ստանդարտ կանոններով։ Այստեղ մուտքի գրավականը տաղանդն է։
Վազգեն Ասատրյանը գիտի, որ երազանքները երբեք չեն կորչում, դրանք պարզապես որոշ ժամանակով կարող են քուն մտնել ու նորից արթնանալ այն պահին, երբ դրանք իրագործելու գումար է հայտնվում։ «Ես իմ ողջ կյանքում երազել եմ լավ ապարատուրա ու լավ գործիքներ ունենալ։ Երկար ժամանակ կարգին բաս-կիթառ չունեի, իսկ հիմա յոթ կիթառ ունեմ, ու բոլորն էլ շատ լավն են։ Դա իմ երազանքն էր։ Երազում էի իմ ընկերների հետ ձայնագրություններ անել ու հիմա անում եմ։ Ես երջանիկ մարդ եմ»,- ասում է նա։ Ու խոստովանում է. «Հիմա մի քիչ սառել եմ, ժամանակս ու ուժերս չեն հերիքում»…
Զրույցի ժամանակ նա հազվադեպ էր օգտագործում «ես» բառը, ասում էր՝ «մենք»՝ նկատի ունենալով իր ընկեր երաժիշտներին. ջազմեն Լեւոն Մալխասյանին, դուդուկահար Ջիվան Գասպարյանին եւ շատ ու շատ ուրիշ հայտնի ու լավ մարդկանց։ Վազգեն Ասատրյանն աննկարագրելի հաճույք է ստանում, երբ կարողանում է իր հարազատներին ու ընկերներին մեկ անգամ եւս ելույթ ունենալու կամ մեկ անգամ եւս ձայնագրվելու հնարավորություն տալ։
– Մենք արվեստի մարդիկ ենք, սիրում ենք արվեստն ու ուզում ենք քաղաքի համար լավ բան անել։ Երեւանում հիմա, չգիտես ինչո՞ւ, փորձում են նոր պատմություն ստեղծել, ջնջել անցյալն ու նորը ստեղծել։ Բայց դա հնարավոր չէ, քանի որ ոչ մի բան ջնջել չի կարելի։ Այն մարդը, ով իր անցյալը չի հիշում, ապագա էլ չունի։ Իսկ մեզ մոտ անցյալը մաքուր տարբերակով ներկայացնել չեն ուզում։ Մանավանդ մեր հեռուստատեսությունն է ամեն ինչ անում, որպեսզի անցյալն այսօրվա կյանքում տեղ չունենա։ Ես տեսնում եմ, որ այսօրվա մեր հեռուստատեսությունը մինչեւ 40 տարեկան մարդկանց համար է։ Քառասուն տարեկան մարդկանց էկրաններում կարծես պարզապես «թաղել» են։ Որ ալիքը փոխես, կտեսնես, որ քառասուն տարեկան մարդ չկա։ Այդ մարդկանց չեն հիշում, իսկ եթե նույնիսկ հիշում են, ապա ձեռ առնելով են հիշում։ Բայց նրանք դեռ ողջ են, եւ պետք է նրանց մասին չմոռանալ։
– Ձեր ստուդիան կոմերցիոն սկզբունքներով չի աշխատելու։ Չե՞ք ցանկանում ձայներիզները վաճառքի հանել։
– Մենք ձայնագրեցինք «Երգում է 70-ականների Երեւանը» ձայներիզը, դրեցինք վաճառքի, բայց երեւի cd-ների 80 տոկոսը նվիրեցինք մարդկանց։ Նույնն էլ եղավ Լեւոն Մալխասյանի ձայներիզի հետ։ Մենք դրանից չենք դժգոհում, ուզում ենք նոր ձայնագրություններ անել ու բաժանել։ Ջիվան Գասպարյանն էլ հիմա ավելի շուտ ուզում է ոչ թե ձայներիզները վաճառել Երեւանում, այլ՝ նվեր տալ։ Հասկացանք, որ նա Պիտեր Գաբրիելի, Սթինգի ու Ցուկերոյի հետ է նվագում, բայց նա նաեւ ուզում է իր հարազատ Երեւանում, իր ընկերներին նվիրել իր կատարումները։ Հիմա մեր ստուդիան, որը հագեցրել ենք ամենաորակյալ տեխնիկայով, կարող է օգնել այն ձայնագրություններն անել, որոնց մասին մենք միշտ երազել ենք։ Այստեղ ժամով աշխատելու, ժամով վարձով տալու սկզբունքը չի աշխատելու, քանի որ ուզում ենք, որ ստուդիան իր դեմքն ունենա։ Ուզում ենք այնպիսի մարդկանց գտնել ու նրանց ձայնագրվելու հնարավորություն տալ, որոնք իրենցից ինչ-որ բան են ներկայացնում։ Օրինակ, մենք ձայնագրվելու հրավիրեցինք Mp3 Արամին, ով շատ տաղանդավոր, կրթված ու դաստիարակված երիտասարդ է։ Այդ տղային ես եւ Լեւոն Մալխասյանը կանչեցինք ու ասացինք, որ իր ցանկացած բոլոր երգերն անվճար կձայնագրենք, երաժիշտների էլ կհրավիրենք։ Թող նա երգի ու թող այսօրվա բոլոր երգիչ-երգչուհիները, միլիոնավոր «աստղերը» հասկանան՝ ո՞վ է այսօրվա ամենալավ երգիչը։ Աստված այս տղային տաղանդ է տվել, մենք կօգնենք, որ այդ տաղանդը ձայնագրվի։
– Այսինքն, բարեգործությա՞ն սկզբունքն է աշխատելու։ Կամ ավելի ճիշտ` մեկենասությա՞ն։
– Հովանավորը միշտ իր հաշիվներն է ունենում, իսկ մեկենասը որեւէ մեկին օգնելով միայն հաճույք է ստանում։ Ես այստեղ հաշիվ չունեմ, ինձ պարզապես որպես երաժիշտ դուր է գալիս այդ տղան, ու ես նրան կօգնեմ։ Շուտով մեզ մոտ կձայնագրվի «Art voices» երիտասարդ խումբը, որոնց ես նաեւ Փարիզ տարա՝ ջազ փառատոնին մասնակցելու համար։ Գիտեմ, որ նրանք շատ տաղանդավոր են ու նրանց համար ֆինանսապես շատ դժվար կլինի ձայնագրվելը։ Ես տեսա, թե ինչպես են այդ տղաները Փարիզում իրենց վաստակած մի քանի դրամով ոչ թե հագուստ կամ օծանելիք, այլ՝ երաժշտական գործիքներ գնում։ Իսկ դա շատ կարեւոր փաստ է։ Ստուդիան դեռ նոր է աշխատում, մենք շատ նախագծեր ունենք։ Մեզ մոտ արդեն ձայնագրվել է Կոնստանտին Օրբելյանը, պատրաստվում է ձայնագրվել Պատրիկ Ֆիորին։
– Լավ երաժիշտների նոր սերունդ է մեծանում, որոնք հաճախ կորչում են ընդհանուր զանգվածի մեջ։ Ինչո՞ւ է դա տեղի ունենում։
– Լեւոն Մալխասյանն, օրինակ, իր ջազ-ակումբում երաժիշտների նոր սերունդ է պատրաստում, փողոցից գտնում, բերում ու սովորեցնում է նրանց։ Իսկ հետո այդ երաժիշտներին այսօրվա «աստղերը» գողանում, տանում ու օգտագործում են։ Հասկանալի է, որ երաժիշտները պետք է ապրեն, որ նրանց նոր բեմեր են պետք, բայց նրանց պատրաստել էլ է պետք։ Հիմա Լեւոնը դա անում է, ես էլ ուզում եմ նրանց ձայնագրվելու հնարավորություն տալ։ Նաեւ ուզում եմ, որ մեր ստուդիայում երաժշտության «վերջին մոհիկանները» ձայնագրվեն։ Ռաիսա Մկրտչյանն, օրինակ, ով արդեն քառասուն տարի երգում է, ձայնագրվել չի կարող։ Այդպես ո՞նց կլինի։ Շատ եմ ուրախանում, երբ տեսնում եմ, որ սկսել են հիշել մեր մեծերին ու նրանց հրավիրել։ Հայաստանի ջազ-բենդը որոշել է Էլվինա Մակարյանին հրավիրել, դա ուղղակի հանճարեղ գաղափար է։ Իսկ այդ մարդկանց կատարման ու բեմի կուլտուրան մեկնաբանելու կարիք չկա, միանգամից հասկանում ես նրանց պրոֆեսիոնալիզմը։ Եվ ես զարմանում եմ, թե ինչո՞ւ այդ մարդկանց «շան տեղ» չեն դնում։ Իսկ նրանք մեր կենդանի պատմությունն են, նրանք ողջ են, մեր կողքին են։ Իսկ մենք ողջերին թողած՝ Տիգրան Մեծից ենք խոսում։ Կամ էլ հիշում ենք մեր պապերին, բայց հենց մեր պապերին «շան տեղ» չենք դնում։ Զարմանալի է, որ ամենաառաջին կենացը նվիրում ենք ծնողներին, բայց իրականում եթե նայենք, բոլորովին հաշվի չենք առնում ծնողների կարծիքն ու ճաշակը։ Արվեստի պատմություն ստեղծած մարդկանց մեծարել է պետք, նրանք մեր բոլորիս պատմությունն են։ Եվ հետո էլ, երբ կապերը խզվում են, էստաֆետան փոխանցելու կարիք է ծագում։ Ջազն, օրինակ, հո այսօր չի՞ ծնվել Հայաստանում, 1935 թվականին մենք ջազ նվագախումբ ենք ունեցել, որը ղեկավարել են Ցոլակ Վարդազարյանը, Արտեմի Այվազյանը, Կոնստանտին Օրբելյանը։ Հիմա այդ գործը շարունակում է Արմեն Մարտիրոսյանը։
– Գուցե երիտասարդներին անընդհատ հիշեցնել է պետք այդ անուններն ու այդ ժամանակի մասին։
– Ես մի անգամ ասել եմ, որ Լեւոն Մալխասյանն ինձ համար Օպերայի շենքն է հիշեցնում։ Եթե ես նրան չեմ հանդիպում Երեւանում, դա նույնն է, որ ես Օպերայի շենքը չտեսնեմ։ Իսկ երիտասարդներ կան, որոնք չեն էլ նկատի Օպերայի շենքի բացակայությունը։ Կմտածեն՝ դե չկա, ոչինչ, դրա տեղը մի ուրիշ բան կսարքեն։ Երիտասարդների մտածողությունը սպունգի նման է, ինչ տաս՝ այն էլ կընկալի։ Հիմա նրանց մտածելակերպն այդպիսին է։ Մենք պետք է հասկանանք, որ եւ՛ հնին, եւ՛ նորին է պետք օգնել։
– Օգնելու ցանկությունն ու այդ օգնությունն իրականացնելու ֆինանսական հնարավորությունը ձեր դեպքում համընկել են։ Դուք կարող եք դա ձեզ թույլ տալ։ Գումար ունեցող այլ մարդիկ դժվար թե նման ծրագրերի վրա գումար ծախսեին։
– Ես էլ չունեմ այն միջոցները, որոնց օգնությամբ կարող եմ իմ բոլոր գաղափարներն իրականացնել։ Վերջերս ինձ ասացին՝ այդ ինչի՞ վրա ես փող ծախսում, գնացել, ամենաթանկ տեխնիկան շալակել-բերել ես։ Ես պատասխանեցի՝ մարդիկ կան, որոնք փող են ծախսում ու ջիպ են գնում, ես էլ սա եմ գնում։ Կոպիտ ասած՝ սա էլ իմ ջիպն է։ Շատերը զարմանում են, երբ տեսնում են, որ ակումբ եմ գնում ու նվագում եմ, դա կարծես չի սազում բիզնեսմենի կերպարին։ Ի՞նչ է, պարտադիր պետք է բիլյարդանո՞ց գնամ։ Այո, գնում ու նվագում եմ, բոլորովին դրանից չեմ ամաչում, ընդհակառակը՝ հպարտանում եմ։
– Գուցե դա չի սազում հա՞յ բիզնեսմենի կերպարին։
– Հենց հայ մարդուն էլ սազում է։ Իսկ կերած-խմած հարուստի կերպարը բոլորովին էլ հայկական չէ։ Այն, ինչը մենք տեսնում ենք, արեւելյան՝ արաբաթուրքական կերպար է։ Եվ դրա ապացույցը մեր երգերն են։ Մենք հնացած ենք համարում 60-70-ական թվականների երգերն ու վուլգար, պոռնոգրաֆիկ երգեր ու կլիպեր ենք նկարում։
– Չունե՞ք այնպիսի տպավորություն, որ մենք կարծես մշակութային շրջափակման մեջ ենք գտնվում, որ շատ քչերն են պատրաստ Հայաստան գալ ու այստեղ աշխատել։
– Մեզ ուղղակի անհրաժեշտ է աշխարհի հետ շփվել։ Այն երկրները, որոնք ուզում են առաջ գնալ, վաղ թե ուշ ստաբիլանում էին, իսկ այն երկրները, որոնք նեղ են մտածում, նույն՝ տեղական, մակարդակի վրա են մնում։ Մեր երկիրը, կարծես, գլոբուսից դուրս թարս պտտվում է, մենք փակվել ենք «Մենք ենք, մեր սարերը» բառերի մեջ, ու մեզ թվում է, որ երկրից դուրս մեզ ճանաչում են։ Ես ապրել եմ Ֆրանսիայում ու ԱՄՆ-ում ու լավ գիտեմ, որ մեր «էշը» դրսում սխալ է առաջ գնում, մեր մեդիատիկ մտածողությունն է կաղում։ Ամեն ինչը նեղ շրջանակներում է եռում ու դուրս չի գալիս հայերի շրջանակներից։
Մենք հիմա ազատ ու անկախ պետություն ենք, եւ այդ ազատության համար շատ թանկ գին ենք վճարել։ Մենք շատ բաների ենք հասել մեր արյան գնով, բայց այդ ամենը գնահատել չգիտենք։ Երիտասարդներն աշխատում են ամեն գնով արտասահման սովորելու մեկնել, որպեսզի այլեւս չվերադառնան։ Տեսեք, հիմա փողոցն անցնող տղան իր սիգարետը գետնին գցեց, մեկ ուրիշն արեւածաղկի կեղեւը թափեց, թեեւ փողոցում մի քանի աղբաման է դրված։ Հաստատ գիտեմ, որ այդ նույն մարդը Ֆրանսիայում հայտնվելով, այդպիսի բան չէր անի, կմտածեր, որ ամոթ է։ Ախր ավելի լավ է քո երկիրը մաքուր պահիր ու կեղտոտիր Ֆրանսիան։ Ֆրանսիացիները հենց այդկերպ են վարվում, մտածում են իրենց երկրի մասին եւ թքած ունեն ուրիշների վրա։ Մենք, չգիտես ինչու, հակառակ կերպ ենք վարվում՝ ենթարկվում ենք ուրիշների օրենքներին, իսկ մեր օրենքները բանի տեղ չենք դնում։ Աշխարհում դասական քաղաքակրթական ստանդարտներ կան, իսկ մենք դրանք չենք ուզում ընդունել։ Ու փորձում ենք անհնարինն անել՝ հայկականացնել կլասիկան։ Կլասիկա ասելով, ես միայն երաժշտությունը նկատի չունեմ, այլ՝ ամեն ինչը. մտածելակերպը, հագնվելը, շենք կառուցելը։ Միլիոններ ենք ծախսում, երկհարկանի շենք ենք կառուցում, որտեղ ամեն հարկում՝ դահլիճներ հիշեցնող յոթ սենյակներ, բայց մեկ զուգարան կա։ Դա անհասկանալի հայկականացված եվրո-դիզայն է։ Երաժշտությունն էլ ենք բացառիկ, նախադեպը չունեցող եվրոռեմոնտի ենթարկում։ Բոլոր երգիչները, բոլոր երգերը նույնն են, չեն հիշվում, այնքան իրար նման ու անհետաքրքիր են։ Մի օր Ռուբեն Մաթեւոսյանն ասաց, որ ռադիոյի ձայնադարանում ինը հարյուր երգ ունի։ Մալխասը կատակով ասաց՝ Ռուբենը Պելեն է, շուտով իր հազարանոց գոլը կխփի։ Հասկանում ենք, Ռուբենը պատմության արխիվում հազար երգ է թողել, ո՞վ կարող է նման բանով հպարտանալ։ Իսկ հիմա գալիս է անդեմ երգիչների ժամանակը, որոնք երաժշտության պատմությունը չգիտեն, եւ այդ պատմությունը միտումնավոր ուզում են մոռացության ենթարկել։ Ինձ համար ամենամեծ պարգեւը շնորհակալական խոսքերն են, երբ մարդիկ ասում են՝ շնորհակալ ենք, որ մեզ հիշեցրեցիք մեր երիտասարդությունը։ Ես երջանիկ եմ ինձ զգում, երբ 77-ամյա երգիչ Սմբատ Վարդանյանը բեմ է դուրս գալիս, նրա մեջքը ուղղվում է, ու նա ասում է՝ ինչ լավ է, մի տարի էլ ապրեցի։ Նա երգում է ու երգով է ապրում։ Այդ մարդկանց մոռանալ չի կարելի։
Եղել է ժամանակ, երբ ես փող չունեի ու միայն «սեռի»՝ գորշ հաց էի ուտում, հիմա ուտում եմ սպիտակ հաց, բայց երբեք չեմ ասում, որ իմ կերած այդ «սեռի» հացը համեղ չէր։ Շատ համեղ էր, ինչպես նաեւ՝ այսօրվա սպիտակ հացն է համեղ։