Կրակոցներ հետընտրական Գյումրիում

30/05/2007 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Նախօրեին հերթական զինված ընդհարումն է տեղի ունեցել «Բարգավաճ Հայաստան» եւ Հայաստանի Հանրապետական կուսակցությունների կողմնակիցների միջեւ:

Կիրակի օրը՝ մայիսի 20-ին, երեկոյան ժամը 20:15-ի մոտակայքում Գյումրիի կենտրոնում փոխհրաձգություն է տեղի ունեցել Գյումրիի քաղաքապետ, ՀՀԿ Շիրակի մարզային խորհրդի նախագահ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի եւ Շիրակի մարզպետարանի Քաղաքաշինության վարչության նախկին պետ, ԲՀԿ-ի մարզային կառույցի ղեկավարներից՝ 34-րդ ընտրատարածքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատասխանատու Արտաշես Սարգսյանի որդու՝ Ռուստամ Սարգսյանի միջեւ: Կան տուժածներ: Որոշ տեղեկություններով՝ կիրակի օրվա կրակոցներից մի քանի օր առաջ Սպարտակ Ղուկասյանի եւ Ռուստամ Սարգսյանի միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել: Թե ինչի՞ շուրջ են վիճել վերոնշյալ երիտասարդները, հայտնի չէ, սակայն վարկածներից մեկը կապվում է անձնական, մյուսը՝ քաղաքական շարժառիթների հետ, ընդ որում, երկրորդն ավելի հավանական է համարվում: Իսկ նախօրեին Ս. Ղուկասյանի եւ Ռ. Սարգսյանի միջեւ «ռազբորկան» սկսվել է Հաղթանակ պողոտայում: Այնուհետեւ «տղերքի բազարը» շարունակվել է Գյումրիի կենտրոնական Տերյան փողոցում, որտեղ էլ հնչել են կրակոցները: Փոխհրաձգությունը տեղի է ունեցել Տերյան փողոցի միջնամասում գտնվող եւ Սարգսյաններին պատկանող «Պեգաս» խանութից 10-15 մետր հեռավորության վրա: Ականատեսների վկայությամբ՝ 3-4 մեքենա, որոնցից մեկը եղել է քաղաքապետ Վ. Ղուկասյանի որդուն պատկանող «Համմերը», քաղաքի տարածքում հետապնդել են Ռուստամ Սարգսյանին, ով եղել է «Ջիպով»: Հետապնդմանը հաջորդել է փոխհրաձգությունը: Նշված 3-4 մեքենայից կրակել են Ռ. Սարգսյանի մեքենայի վրա: Ռ. Սարգսյանն էլ մեքենայով հասնելով իրենց առանձնատան դիմացի խաչմերուկը (Տերյան-Ղուկասյան), կանգնեցրել է մեքենան, դուրս եկել ու իր մոտ եղած զենքով իր հերթին կրակ է բացել իրեն հետապնդողների ուղղությամբ ու դիմել փախուստի: Դեպքից րոպեներ անց փողոցի այդ հատվածը փակվել է: Իրավապահները տեղազննություն են անցկացրել: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, դեպքի վայրում է եղել նաեւ Շիրակի մարզի դատախազը: Ավտոմատ հրազենից արձակված գնդակների պարկուճների թիվը դեպքի վայրում գերազանցել է երկու տասնյակը: Փոխհրաձգությունից վնասվել են նաեւ մոտակա տների պատերն ու դարպասները: Տեղազննության ժամանակ դեպքի վայրում որեւէ մեքենա չի եղել, իսկ փոխհրաձգության մասնակիցները փախուստի են դիմել: Նույն օրը երեկոյան ժամը 22:30-ի սահմաններում հայտնաբերվել է «Համմերը»: Այն թաքցված է եղել ավտոկայանի տարածքում՝ տնակներից մեկի բակում: Մեքենայի վրայից հանված են եղել պետհամարանիշերը, իսկ դիմապակու վրա փամփուշտի հետքեր են եղել: Նույն աղբյուրի հավաստմամբ՝ միջադեպի հետեւանքով Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց է տեղափոխվել 1978 թվականին ծնված Նորիկ Ալոյանը: Վերջինիս վիճակը բժիշկները գնահատում են՝ միջին ծանրության: Հայտնի չէ՝ նա պատահական անցո՞րդ է եղել, թե՞ փոխհրաձգությանը մասնակցած խմբավորումներից մեկի անդամ: Երիտասարդը վիրավորվել է ոտքից, գնդակը վնասել է նրա նյարդային համակարգը: Տուժողին վիրահատել են: Տեղեկություններ կան, որ վիրավորների թվում են նաեւ Ռուստամ Սարգսյանն ու Սպարտակ Ղուկասյանը: Այն մասին, որ վիրավորներ կան Ս. Ղուկասյանի կողմնակիցների շարքում, վկայում է նաեւ մեր այն տեղեկությունը, որ հիվանդանոցի մոտ նկատվել են Ղուկասյանների կողմնակիցներին պատկանող մեքենաներ: Ականատեսների վկայությամբ՝ ակամա փոխհրաձգության կիզակետում հայտնված անցորդներից առնվազն մեկը վիրավորվել է (չի բացառվում, որ խոսքը հենց Ն. Ալոյանի մասին է): Մեր տեղեկություններով՝ վիրավորների թվում է նաեւ մոտակա խանութներից մեկի (ոչ «Պեգաս» խանութի) մի աշխատակից՝ 60-ն անց մի կին: Տերյան փողոցում տեղի ունեցածի առիթով հարուցվել է քրեական գործ, որը վարում է Շիրակի մարզի դատախազությունը: Կատարվածի կապակցությամբ մեկնաբանություններ խնդրեցինք ԲՀԿ-ի մամուլի հարցերով պատասխանատու Բաղդասար Մհերյանից: Նշելով, թե ինքը մանրամասները չգիտի, Բ. Մհերյանն ասաց, որ իր տեղեկություններով՝ դեպքը եղել է զուտ կենցաղային հողի վրա, եւ տեղի ունեցածը քաղաքականության հետ կապ չունի: «Դա կուսակցության հետ ի՞նչ կապ պետք է ունենա»,- մեզ հարցրեց նա: Մեր այն դիտարկմանը, որ փոխհրաձգության մյուս կողմն էլ ՀՀԿ-ականներ են եղել՝ Բ. Մհերյանը պատասխանեց. «Դե բոլորը կամ հանրապետական են, կամ բարգավաճ են, կամ օրինաց են… : Հիմա ամեն հանցագործություն, ամեն դեպք դարձնենք բա՞ն»: Հիշեցնենք, որ սա Ղուկասյանների մասնակցությամբ առաջին փոխհրաձգությունը չէ: Բոլորովին վերջերս՝ ապրիլի 2-ին, անհայտ անձինք կրակել էին ՀՀԿ խորհրդի նիստից վերադարձող Վարդան Ղուկասյանի եւ նրան ուղեկցողների վրա, ինչի հետեւանքով զոհվել էին Գյումրիի քաղաքապետի երեք թիկնապահները, իսկ քաղաքապետին հրազենային վնասվածքներով տեղափոխել էին Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն եւ վիրահատել: Այս դեպքը մինչ օրս չի բացահայտվել: Իսկ նախօրեին տեղի ունեցած փոխհրաձգության կապակցությամբ Ոստիկանությունից «Ա1+»-ին երեկ փոխանցել են, թե (ուշադրություն) տեղի ունեցածի մասին դեռ տեղեկատվություն չունեն:

Հ.Գ.
Երեկ երեկոյան կատարվածի մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Գլխավոր դատախազությունը, որտեղ փոխհրաձգությանը մասնակից կողմերի մասին օգտագործված է «անհայտ անձինք» ձեւակերպումը: Ըստ այդմ, նշված օրն «անհայտ անձանց» միջեւ Գյումրիի Տերյան եւ Ղուկասյան փողոցներում տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում Գյումրիի բնակչուհի Համասփյուռ Մնացականյանը (ծնված՝ 1933 թ.) ձախ ձեռքի բազկի շրջանում ստացել է մարմնական վնասվածք: Հաղորդագրությունից տեղեկանում ենք նաեւ, որ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել եւ առգրավվել է 28 հատ պարկուճ, 5 հատ գնդակ եւ, որ Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց է տեղափոխվել Գյումրիի բնակիչ Նորայր Ալոյանը (ծնված՝ 1979թ.)՝ ձախ ոտքի ազդրի շրջանում ստացած հրազենային վնասվածքով: «Ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ 20.05.2007թ., ժամը 20:30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Ավտոկայան բանավանի 104/118 տնակի բակում հայտնաբերվել է նույն քաղաքի բնակիչ Արտյոմ Գեւորգի Ղուկասյանին պատկանող սեւ գույնի «Համմեր H-2ե» մակնիշի 44 ՏՏ 440 պետհամարանիշի ավտոմեքենան՝ բազմաթիվ հրազենային վնասվածքներով: Մեքենայի զննությամբ խցիկից հայտնաբերվել եւ առգրավվել է 5.45 տրամաչափի չկրակված 1 փամփուշտ, 1 պարկուճ եւ 2 գնդակի միջուկ: Դեպքի առթիվ Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 6-րդ կետով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննություն կատարելու համար ստեղծվել է քննչական խումբ, ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները դեպքի հանգամանքները եւ հանցագործություն կատարած անձանց բացահայտելու ուղղությամբ»,- ասված է Դատախազության տարածած հաղորդագրությունում: