Հայաստանում արդեն ավարտված խորհրդարանական ընտրությունները Ռուսաստանում գնահատվում են իբրեւ նախագահի պաշտոնը ներկայիս վարչապետ Սերժ Սարգսյանին փոխանցելու դեբյուտային կոմբինացիայի մի մաս: Ռուսաստանցի բազմաթիվ դիտորդներ, որոնք ԱՊՀ-ի կողմից աշխատում էին Հայաստանում, ոչ մի խախտում չեն արձանագրել եւ կայացած ընտրություններն օրինակելի են գնահատել: Ավելին, քիչ էր մնում իրենց արտասահմանցի գործընկերներին կոչ անեին իրենց սեփական հաշվետվության մեջ այդ գնահատականն իբրեւ հիմք ընդունել:
Այսպիսի վերաբերմունքը միանգամայն օրինաչափ է: Մոսկվային ձեռնտու է Հայաստանի ներկայիս իրավիճակը, միջպետական բազմակողմ հարաբերությունների մակարդակը, ուրեմն էլ ինչո՞ւ որեւէ բան փոխել: Բոլորովին էլ փաստ չէ, որ Հայաստանում ներքին փոփոխությունները ռուս-հայկական հարաբերությունները կբերեն որակական նոր մակարդակի, եւ ոչ թե հակառակը` կվատթարացնեն: Իսկ դա Մոսկվայի պլանների մեջ չի մտնում, քանի որ Հարավային Կովկասում նա ընդամենը կանխատեսելի մի գործընկեր ունի:
Հենց այստեղ է հարկավոր փնտրել առաջին հայացքից տարօրինակ թվացող հայտարարությունների դրդապատճառները, որ օրերս արեցին խորհրդարան չանցած մի շարք հայ ընդդիմադիրներ: Ըստ այդ հայտարարությունների` ներկայիս իշխանություններն ամեն ինչ արել են… ռուս-հայկական հարաբերությունները փչացնելու համար, ներկայիս իշխանությունները իրականում բոլորովին էլ Մոսկվայի դաշնակիցները չեն, նրանք Ռուսաստանի հետ իրական գործընկերության փոխարեն նախընտրում են շողոքորթ կարգախոսները, եւ այլն: Միամիտ հաշվարկ է. նման հայտարարությունների հեղինակներն այդպիսով Մոսկվային ցանկանում են համոզել, որ իրենք ավելի «ռուսամետ» են, քան իշխանությունները, եւ, ո՞վ գիտե, առաջիկա նախագահական ընտրություններում հասնել հաջողության: Նրանք նման հայտարարություն-ռեւերանսներ անում են նաեւ ուղղված Արեւմուտքին: Նույն այդ հաշվարկով:
Սակայն այդ հաշվարկը հենց սկզբից սխալ է: Հարավային Կովկասում հիմա Արեւմուտքին անհանգստացնող անկայուն իրավիճակ է: Անհանգստության պատճառը երեք արյունալի հակամարտություններն են, Ադրբեջանի ավտոկրատ ռեժիմը, հետհեղափոխական Վրաստանում ներքին հեղհեղուկ իրավիճակը, ընդհանուր առմամբ ցածր կենսամակարդակը, որը բարձրացնելու համար Արեւմուտքի տրամադրած հսկայական միջոցները բավարար չեն: Ուրեմն պե՞տք են արդյոք Արեւմուտքին այդ երկրներից որեւէ մեկում նոր փոփոխություններ: Դժվար թե:
Արդեն ասացինք, թե ինչո՞ւ Ռուսաստանին պետք չեն Հայաստանում նման փոփոխությունները: Ավելացնենք նաեւ, որ Ռուսաստանի համար Հայաստանի ներսում տեղի ունեցող փոփոխություններից մեծ հաշվով ոչ տաք է, ոչ սառը։ Խորհրդարանական ընտրություններից քիչ առաջ ՌԴ Արտգործնախարարության բարձրաստիճան մի պաշտոնյա «168 Ժամի» թղթակցի հարցին, թե Երեւանին մտահոգում է այն, որ Մոսկվան մի տեսակ անտարբեր է մայիսի 12-ի դեպքերի (ՀՀ ԱԺ ընտրությունների) հանդեպ, այն դեպքում, երբ Արեւմուտքը նկատելիորեն ակտիվացել է, զրուցակիցս դիվանագիտական որոշ հայտարարություններից հետո ցինիկ մի մեկնաբանություն թույլ տվեց իրեն` ինչ էլ որ տեղի ունենա Հայաստանում ընտրությունների ժամանակ, մեզանից (այսինքն` Ռուսաստանից) չեն փախչի: Հասկացեք` ինչպես ուզում եք: Հավանաբար նա նկատի ուներ այն, որ Հայաստանի տնտեսությունը կախվածության մեջ է Ռուսաստանից, կա ղարաբաղյան հարցը, հազարավոր հայեր գտնվում են Ռուսաստանում, եւ այլն: Իսկ այդ պայմաններում, թերեւս, չարժե սպասել, թե Ռուսաստանը կաջակցի ՀՀ նոր նախագահի թեկնածուներից եւ որեւէ մեկին. «Հայ ժողովուրդը բավարար կամք եւ իմաստություն ունի` առանց ուրիշների խորհուրդների նախագահ ընտրելու համար»: Այդ պատճառով էլ Հայաստանի 2007թ. խորհրդարանական ընտրությունները գնահատելիս ռուսական ԶԼՄ-ները բավարարվեցին սովորական բառակապակցությամբ` «իշխանության փոխանցում»: Իսկ եթե ավելի կոնկրետացնենք` իշխանության փոխանցում Ռոբերտ Քոչարյանից Սերժ Սարգսյանին: