Զբոսաշրջության սեզոնը Հայաստանում արդեն բացվել է, եւ Երեւանի կենտրոնական փողոցներում հաճախ կարելի է հանդիպել կարճ շալվարներով ու ուսապարկերով օտարերկրացիների: Թեպետ զբոսաշրջությունը, որպես կանոն, սեզոն չունի, տարվա յուրաքանչյուր եղանակ իր հետաքրքրություններն ունի, սակայն տուրիստների հիմնական ակտիվությունը սկսվում է ամառնամուտին: Դա վերաբերում է նաեւ մեր երկրին:
Հայաստանը տարվա բոլոր եղանակներին զբոսաշրջիկներին կարող է առաջարկել Գառնին, Գեղարդը, Ծաղկաձորը, Հաղպատը, Սանահինը, Նորավանքը, ամռանը՝ նաեւ Սեւանա լիճը եւ բազում այլ հետաքրքիր վայրեր: Զբոսաշրջիկների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ կամաց-կամաց ավելանում է, եւ դա սկսվել է հիմնականում վերջին մի քանի տարիներին: Անցյալ տարի տարբեր երկրներից Հայաստան են այցելել մոտ 381.000 զբոսաշրջիկներ: Պաշտոնական տվյալներով, վերջին տարիներին զբոսաշրջիկների քանակի 20-25 տոկոս տարեկան աճ է գրանցվում: Ոլորտի պատասխանատուները նույն աճն են ակնկալում նաեւ այս տարի եւ գտնում են, որ եթե տուրիզմին խանգարող որեւէ դեպք՝ երկրաշարժ, պատերազմ կամ այլ բան չպատահի, Հայաստան կայցելեն մոտ 450.000 զբոսաշրջիկներ: Տուրիստական ընկերությունների ներկայացուցիչները գտնում են, որ այդ աճը կարող է կրկնակի ավելի լինել, եթե սպասարկման ծառայություններն այսքան թանկ չլինեն: Հայաստանում իրենց հանգիստը չեն ուզում անցկացնել օտարերկրացի մեծահարուստները կամ երիտասարդները: Այս առումով մեր երկիրը մեծ գրավչություն չունի, որովհետեւ չունի ծով, զարգացած ենթակառուցվածքներ եւ բարձրորակ սպասարկում: Մեր երկիր այցելողները հիմնականում սփյուռքի մեր հայրենակիցներն են եւ պատմամշակութային արժեքներով հետաքրքրվող օտարազգիները: Բացի այդ, մեր երկիր գալիս են հիմնականում միջինից բարձր տարիքի զբոսաշրջիկները, ովքեր արդեն երիտասարդական տարիների նման ծախսելու մեջ շռայլ չեն: Տուրիստական ընկերությունների ներկայացուցիչներն ասում են, որ նրանք հաճախ տուր-փաթեթից ինչ-որ ուղղություն հանում են, որովհետեւ չեն ուզում շատ գումար ծախսել: Հաճախ չեն սնվում ռեստորաններում, իրենք են հոգում իրենց սննդի հարցը, որովհետեւ գտնում են, որ գիշերավարձերի համար առանց այդ էլ շատ են վճարել:
Զբոսաշրջության զարգացմանը զուգահեռ, բնականաբար, Հայաստանում մեծ թափ առավ հյուրանոցաշինությունը: Խորհրդային տարիներից մնացած խոշոր հյուրանոցների կողքին կառուցվեցին ավելի փոքրերը եւ ավելի շքեղները: Սեփականաշնորհվեցին եւ վերանորոգվեցին նաեւ հները: Հիմա, կարելի է ասել, Երեւանում հյուրանոցների պակաս չի զգացվում: Շատ հաճախ առաջարկը գերազանցում է պահանջարկին: Բայց նույնիսկ այս դեպքում մեր հյուրանոցների վարձերը բարձր են: Ինչ խոսք, դա անտրամաբանական է, որովհետեւ հյուրանոցների այսքան «առատության» մեջ առողջ մրցակցություն, կարծես թե, չի ստեղծվում: Ավելին` բարձր գին սահմանելու մրցակցություն է ստեղծվել: Սեփականատերերը, չգիտես, միմյանց նայելով, թե գերշահույթ ստանալու մոլուցքով՝ աստղաբաշխական գներ են սահմանել: «Երեւան» հյուրանոցում 1 տեղանոց համարի օրական վարձը 64.800 դրամ է, 2 տեղանոց համարի գինը՝ 76.800 դրամ կամ` ավելի քան 200 դոլար: Փոքր լյուքս համարի 1 օրվա արժեքը 99.600 դրամ է, մեծ լյուքսինը` 119.000 դրամ կամ 340 դոլար: Ընդ որում` այս արժեքի մեջ չի մտնում ո՛չ ճաշը, ո՛չ նախաճաշը: Պարզ է, որ սովորական կամ Հայաստանի միայն պատմամշակութային արժեքներով հետաքրքրվող ոչ բոլոր զբոսաշրջիկները նման շռայլության կգնան: Նման հյուրանոցներից օգտվում են հիմնականում օտարերկրացի պաշտոնյաները կամ գործարարները: Շատ ավելի թանկ սպասարկում ունի «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցը: «Էլիտար» տուրիստական ընկերության մենեջեր Գոհար Խաչատրյանը տեղեկացրեց, որ իրենց միջոցով Հայաստան եկած յուրաքանչյուր զբոսաշրջիկ միայն հյուրանոցների եւ շրջագայության ծախսի համար շաբաթական վճարում է մոտ 140.000 դրամ: Իսկ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության Զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանի խոսքով` զբոսաշրջիկը Հայաստանում մեկ շաբաթվա ընթացքում ծախսում է մոտ 1200-1300 դոլար: «Մեր հաճախորդների մեծ մասն օգտվում է հիմնականում ավելի մատչելի՝ 3-4 աստղանի հյուրանոցներից,- ասում է Գ. Խաչատրյանը,- Օրինակ, «Ավիատրանսից»: Բացի այդ, մեծ թվով հաճախորդների դեպքում հյուրանոցները զեղչեր են անում»:
Երեւանի կենտրոնում` Հանրապետության հրապարակին շատ մոտ՝ Աբովյան փողոցի վրա գտնվող «Ավիատրանս» հյուրանոցը երեք աստղանի է: Ճիշտ է, այստեղ գները «Երեւան» կամ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցների գների չափ բարձր չեն, բայց ցածր էլ չեն: Այստեղ գները սեզոնային են՝ 1 տեղանոց համարի համար նոյեմբեր-մարտ ամիսներին սահմանված է օրական 27.000 դրամ, մարտ-օգոստոս ամիսներին՝ 32.000 դրամ, իսկ օգոստոս-հոկտեմբեր ամիսներին՝ 40.000 դրամ: Լյուքս համարների գները համապատասխանաբար 50.000, 60.000 եւ 80.000 դրամ են: Խորհրդային տարիներից մնացած, վերանորոգման փուլում գտնվող եւ դեռ ոչ մի աստղ չունեցող «Շիրակ» հյուրանոցի 1 տեղանոց համարն առանց սննդի արժե 18.000 դրամ, երկու տեղանոցը՝ 22.000 դրամ, իսկ վերանորոգվածները կրկնակի անգամ թանկ են՝ համապատասխանաբար 35.000 եւ 37.000 դրամ: Հյուրանոցների առումով տխուր է պատկերը Հայաստանի մարզերում: Տուր-օպերատորները դժգոհում են, որ այստեղ թեպետ նորմալ հյուրանոցներ չկան, բայց եղածներն էլ շատ թանկ են՝ 18-25.000 դրամի սահմաններում: Իսկ Ջերմուկի «Արմենիա» կենտրոնի 1 օրվա վարձը հասնում է մինչեւ 60.000 դրամի:
Բոլորովին այլ պատմություն է Սեւանի ափի հանգստյան տնակների (դոմիկների) համարների գների թանկությունը: Սեւանի ափին մոտ գտնվող ծռմռված կողերով մետաղե տնակների օրավարձը դեռեւս 2006թ. 8-12.000 դրամ էր: Փոքր-ինչ բարվոք վիճակի դեպքում՝ տնակի միայն օրավարձը 15-20 հազար դրամ էր: Իսկ նորակառույց հյուրանոց-հանգստյան տներում գինը հասնում է նույնիսկ 100.000 դրամի: Եվ այնպես է ստացվել, որ Սեւանում հանգստանալը կրկնակի անգամ ավելի թանկ է լինում, քան, ասենք, Անթալիայում հանգստանալը, որտեղ սպասարկումը անհամեմատելի բարձր որակի է: Սեւանի հանգստյան տների գներից կրկնակի անգամ էժան են նաեւ հարեւան Քաբուլեթիի հանգստյան տների գները: Հենց այս անտրամաբանական թանկությունն էր պատճառը, որ անցած տարիներին շատերը Հայաստանից գնացին Քաբուլեթի հանգստանալու: Նույն պատճառով էլ զբոսաշրջիկները խուսափում են այցելել Հայաստան:
Եվ այս համատարած թանկության ֆոնի վրա զարմանալի է, որ Երեւանի խոշոր հյուրանոցները խոշոր հարկատուներ չեն: Նույն «Ավիատրանսը», որ, հավանաբար, շատ հաճախորդներ ունենալու պատճառով այս տարի իր չորս հարկերի վրա երկուսն էլ ավելացրեց, միեւնույն է, չի դառնում խոշոր հարկատու: Նույնը վերաբերում է նաեւ «Մետրոպոլ» եւ մյուս խոշոր հյուրանոցներին: Այստեղ արդեն պարզ է դառնում, որ զբոսաշրջության զարգացման հետ մեկտեղ ծավալվող հյուրանոցային բիզնեսը գործում է ստվերում: