Պայքարը երկուսի միջեւ է

30/05/2007 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Ղարաբաղում նախագահական ընտրությունների պայքարը գնալով թեժանում է: Հիմնական պայքարը ծավալվում է առաջադրված 5 թեկնածուներից միայն երկուսի` ԼՂՀ Ազգային անվտանգության պետ Բակո Սահակյանի եւ փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանի միջեւ։ Մյուս թեկնածուների մասին գրեթե չի խոսվում:

Դրան զուգահեռ՝ շարունակվում է խորհրդարանում ներկայացված կուսակցությունների կողմից հռչակված միասնական թեկնածուի շուրջ համախմբումը: Իսկ այդ թեկնածուն ԱԱԾ պետ Բակո Սահակյանն է, որին սատարելու որոշման մասին օրերս հայտարարել է նաեւ ԼՂՀ Ազատամարտիկների միությունը: Չի բացառվում, որ միասնական թեկնածուի շուրջ կհամախմբվեն նաեւ երիտասարդական եւ հասարակական մի քանի կազմակերպություններ:

Չգիտես ինչու` հենց այս ընտրությունների շեմին են սկսել ավելի ակտիվորեն խոսել միասնականության մասին: Միասնականությունը կարեւորում է նաեւ Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, նշելով, որ «Միասնականությունը կարեւոր հանգամանք է բարգավաճ, անվտանգ, խաղաղ կերպով ապրելու համար, եւ դա բոլոր բնագավառներին է հատկանշական: Եվ դա վերաբերում է բոլոր ասպարեզներին` լինի հոգեւոր, քաղաքական, սոցիալական, գաղափարախոսական թե մեկ այլ: Այնպես որ, կամաց-կամաց պետք է բոլորին ի մի բերել: Երբ մենք ինչ-որ հարցի շուրջ դառնում ենք մեկ` այնտեղ միշտ լինում են նվաճումներ»:

Իսկ նա, ով այդ միասնականության շուրջ չի համախմբվում, «միասնականների» կողմից ենթարկվում է տարբեր քննադատությունների:

Միասնական թեկնածուի ամենակարեւոր մրցակիցը փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանն է, որի մասին ավելի հաճախակի են սկսել խոսել միասնական թեկնածուի կողմնակիցները: Նրանք ամեն կերպ փորձում են մարդկանց համոզել, որ Մ. Մայիլյանն այնքան էլ լուրջ մրցակից չէ, եւ իբրեւ թե «նրա կարողություններն ու առավելություններն ունի Ղարաբաղի յուրաքանչյուր բնակիչ»: Միայն թե հասկանալի չէ, թե Բ. Սահակյանի կողմնակիցներն ինչո՞ւ են այդքան խոսում հենց Մ. Մայիլյանի դեմ, եթե ասում են, որ նա լուրջ մրցակից չէ:

Քաղաքական այս պայքարից, խաղերից ու «վիճաբանություններից» հեռու են միայն հանրապետության շրջանների բնակիչները, որոնց մի մասը նույնիսկ չգիտի, թե ԼՂՀ նախագահի քանի թեկնածու կա կամ ովքեր են առաջադրված: Ոմանք Արցախի հեռուստատեսության հաղորդումները դիտելու հնարավորություն չունեն, ոմանք թերթեր չեն կարդում, ոմանք պարզապես չեն հետաքրքրվում քաղաքականությամբ: Իսկ ոմանց համար նախագահական ընտրություններն ամենակարեւոր իրադարձությունն են Ղարաբաղի համար: