Էլի միտինգ էին անում

30/05/2007 Նաիրա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Երեկ կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց էին կազմակերպել Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղից Երեւան ժամանած թվով 100-150 բնակիչներ:

Գարնան արեւից սեւացած դեմքերով գյուղացիները գանգատվում էին, որ ոռոգման ջրի բացակայության պատճառով հայտնվել են անելանելի վիճակում: «Մինչեւ այսօր աշնանը ցանված հացահատիկը չի ջրվել, եթե երկու օր էլ այսպես շարունակվի, ոչ ոք բերք չի վերցնի, որովհետեւ ջերմաստիճանը բարձրացել է 30 աստիճան: Առանց ջրելու 1,5 հա ցանքատարածքից անցյալ տարի ընդամենը 800 կգ ցորեն եմ քաղել, աղացել եմ, հաց էլ չեմ ստացել, հետն էլ 200 հազար դրամի վնաս եմ կրել: 1 հա-ի վրա գյուղացին ծախսում է մոտ 500 հազար դրամ: Քաղաքացի ենք դարձել, անգամ կանաչին ենք սկսել գնել»,- բողոքում էր Սասունիկից ժամանած Մարգար Մանուկյանը: Ցուցարարների հետ հանդիպել է ՀՀ կառավարության աշխատակազմի Տարածքային կառավարման վարչության պետ Խաչիկ Վարդանյանը եւ պատրաստակամություն հայտնել 2 օր հետո մեկնել Սասունիկ` տեղում ծանոթանալով գյուղի հիմնախնդիրներին: Իսկ մինչ այդ, Խ. Վարդանյանի ասելով, Սասունիկի գյուղապետարանն ու Ջրային տնտեսության ղեկավարությունը պարտավորվել են հաշվետվություն ներկայացնել, թե 2000թ. սկսած որքան ֆինանսական ներդրումներ են իրականացվել Սասունիկի ոռոգման ջրի համակարգում: Ի դեպ, նշենք, որ գյուղացիներն ասում էին, որ գյուղի իշխանությունները նրանց բազմիցս պատասխանել են, որ ջրամատակարարման հետ իրենք կապ չունեն: Նրանք ասում էին նաեւ, որ իրենց գյուղապետ Հայկազ Տեր-Գուլանյանն այժմ Ամերիկայի Միացյալ Նահանգներում իր հանգիստն է վայելում: Այդ իսկ պատճառով` ցուցարարների հետ կառավարության շենքի մոտ ներկա է եղել միայն գյուղապետի օգնականը: Սասունիկի ոռոգման համակարգը սնվում է Արզնի-Շամիրամ ջրանցքից, որտեղից պարբերաբար ջուրը բաց է թողնվում: Ըստ լուրերի, հնարավոր է` համակարգի մաշվածության պատճառով այն մեծ կորուստներ է ունենում, դրա համար էլ չի հասնում Սասունիկ: Ցուցարարները երեկ միաժամանակ բողոքում էին նաեւ ոռոգման ջրի սակագներից: Հայտնի է, որ 2007թ. հունվարից 1 խմ ոռոգման ջրի նվազագույն սակագինը սահմանված է 8 դրամ՝ նախկին 6 դրամի փոխարեն: Գյուղացիները տարիների փորձից ելնելով՝ մտավախություն էին հայտնում, թե մինչեւ 2007թ. պայմանագիր են կնքել 1 խմ-ն՝ 6 դրամով, բայց գանձումները եղել են 10 դրամով, իսկ 2007թ. պայմանագրով 8 դրամ է, բայց գանձումները լինելու են 14-20 դրամով: Մանուկյան Արթուրը, որն ունի 2 հա հողատարածք, հավաստիացնում էր, որ ինքը պարտաճանաչ վճարումներ է կատարել, բայց, չգիտես ինչու, դրամարկղում բոլորի հաշվի դիմաց պարտքեր են գոյացել: « 2 հա տարածքս մի անգամ եմ ջրել, 20 հազար դրամ եմ վճարել, բայց համակարգիչը ցույց է տալիս, որ ես 80 հազար դրամի պարտք ունեմ»,- ասում էր նա: Սասունիկի բնակիչները փաստում էին նաեւ, որ գյուղի խաղողի ցանքատարածքները, մրգատու ծառերն էլ են ամբողջովին ցրտահարվել ու չորացել` մարտ-ապրիլ ամիսներին արձանագրված ցածր ջերմաստիճանի պատճառով:

Խորհրդարանական ընտրություններն արդեն ավարտվել են, ցուցարարները հիշում էին, որ ընտրություններից առաջ վարչապետ Սերժ Սարգսյանն անձամբ խոստացել է ընդառաջ գնալ գյուղացիների առջեւ ծառացած խնդիրները լուծելու հարցում: Իսկ եթե խոստումները չկատարվեն, Սասունիկի գյուղացիները գտնվելու են հետեւողական եւ նորից հավաքվելու են կառավարության շենքի հրապարակում` պատասխանատվության կանչելու հայրենի իշխանություններին: