Թեյի մասնագիտացված խանութներում կարելի է թեյի բազմաթիվ տեսակներ գտնել։ Իսկ ինչպե՞ս ընտրություն կատարել։
ԼԱՊԱՉՈ – Դառը-թթու համով ըմպելիք է։ Ինկերը լապաչոն անվանել են կյանքի ծառ եւ նրա արմատով բուժել աղիքային բորբոքումներից մինչեւ չարորակ ուռուցքներ։ Եթե օրական 4-5 բաժակ լապաչո խմեք, ապա հաջորդ առավոտյան մաշկն ավելի ձիգ կդառնա։ Պատրաստման եղանակը. եռացնում են 1 լ ջուր, հետո մեջը լցնում են 4 թեյի գդալ լապաչո եւ մարմանդ կրակի վրա եռացնում մոտավորապես 5 րոպե։ Հետո թրմում են եւս 15 րոպե։ Թեյը կարելի է խմել եւ տաք, եւ սառը վիճակում։
ՄԱՏԵ – Մատեն պարունակում է գրեթե բոլոր վիտամինները եւ միկրոտարրերը, եթերային յուղերը, խեժերը։ Մատեն օգնում է մտավոր գերհոգնածության եւ գլխացավերի դեպքում, լավացնում է հիշողությունը եւ նվազեցնում քաղցի զգացողությունը։ Մատեն թրմում են եռացրած ջրով՝ թողնելով 2-3 րոպե։ Կարեւոր է երկար չթրմելը։
ՊՈՒ-ԷՐԽ – Այս թեյը նպաստում է նիհարելուն, նյութափոխանակության կարգավորմանը եւ արյան մեջ խոլեստերինի պակասեցմանը։ Պու-էրխ թեյի համը կարելի է բնութագրել որպես հաճելի ու հագեցնող, թեկուզեւ առաջին անգամ օգտագործելիս այն կարող է նաեւ դուր չգալ յուրահատուկ համի պատճառով։
Պատրաստման եղանակը. 1/2 գդալ թեյի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր եւ 2 րոպե թրմել, այն երկար պահպանում է համն ու առողջարար հատկությունները։
ՌՈՅԲՈՒՇ – Ստացվում է հարավաֆրիկյան թփերի տերեւներից։ Այս թեյը պատրաստելիս ջուրը կարմիր գույնով է ներկվում։ Ըմպելիքը հաճելի քաղցր համ ունի։ C վիտամինի մեծ քանակության շնորհիվ այն ամրապնդում է իմունային համակարգը։ Ռոյբուշը կոֆեին չի պարունակում, այդ պատճառով այն կարելի է խմել որքան ցանկանաք, թե՛ սառը եւ թե՛ տաք վիճակում։ Բարձրացնում է տրամադրությունը, հագեցնում քաղցը, իսկ երեկոյան օգնում է թուլանալ եւ քնել։