Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը «LA LETTE DIPLOMATIGUE» ֆրանսիական ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է, թե «Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի պատմական տարածքն է»: «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչված է ՄԱԿ-ի եւ միջազգային ողջ հանրակցության կողմից: Ուստի հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում՝ Լեռնային Ղարաբաղին տրամադրելով ինքնակառավարման եւ ինքնավարության բարձր կարգավիճակ: Շատ երկրներում են ապրում ազգային փոքրամասնություններ, բայց ազգային փոքրամասնություն լինելը չի նշանակում, որ դու երկրի ինչ-որ տարածք անջատելու իրավունք ունես»,- ասել է Ալիեւը: Ըստ նրա՝ «Հայաստանի ղեկավարությունը պետք է պարզորոշ հասկանա, որ տարածքային ամբողջականության հարցում Ադրբեջանը ոչ մի զիջման չի գնա»: «Մենք հուսով ենք, որ Հայաստանի ղեկավարությունը մոտ ժամանակներս իր մեջ ուժ կգտնի, կառուցողական դիրք կբռնի բանակցություններում եւ օկուպացիոն ուժերը դուրս կբերի մեր տարածքներից: Հակառակ դեպքում՝ մենք ստիպված կլինենք մտածել հակամարտության լուծման այլ ուղիների մասին: Այսօր Ադրբեջանը շատ ավելի ուժեղ է Հայաստանից»,- սպառնացել է Ալիեւը: Ադրբեջանի նախագահը նաեւ ասել է, որ միջազգային կազմակերպությունները նույնպես «պետք է ակտիվ ու վճռական դիրք բռնեն» հակամարտության լուծման հարցում: «Վերջերս Եվրամիության ընդլայնումից հետո Հարավային Կովկասը վերածվել է Եվրոպայի հարեւանի: Կարծում եմ, որ Եվրամիությունը չի կարող անտարբեր մնալ իր հարեւանությամբ հակամարտության օջախների առկայության նկատմամբ: Հակամարտության նման օջախները սպառնալիք են ստեղծում ոչ միայն հարավկովկասյան տարածաշրջանի, այլեւ ողջ Եվրոպայի համար»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը: