«Խորհրդարանական ընտրություններում միասնականությունը ձախողած գործիչները խոսում են քննադատաբար միասնության չկայացման վերաբերյալ, հիմա հույսեր են կապում նախագահական ընտրությունների հետ: Սա տգիտություն է: Նախագահական ընտրությունները Հայաստանում ոչինչ չեն փոխելու: Հայաստանում առաջիկա ընտրություններն արդեն կատարված են` եթե հեղափոխական փոփոխություններ տեղի չունենան»,- երեկվա ասուլիսում հայտարարել է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը՝ վստահեցնելով, որ 2008թ. նախագահական ընտրություններում ինքն անպայման առաջադրելու է իր թեկնածությունը: «Նա, ով այսպիսի մեծ ներդրում է ունեցել մեր քաղաքական կյանքում, չի կարող կողքի կանգնել: Ես այնքան մեծ ներդրում ունեմ մեր ազգային քաղաքական կյանքում, անառարկելի դերակատարություն անկախության ձեռքբերման, ինքնորոշման գաղափարի, բազմակուսակցական համակարգի, սահմանադրության, Ազգային բանակի, ժողովրդավարության եւ այլ հարցերում, որ իմ փորձառությամբ ու անցած ճանապարհով ոչ միայն կարող եմ, այլ նաեւ` պարտավոր եմ ոչ թե մասնակցել նախագահական ընտրություններին, այլ` լինել նախագահ: Ինչպես իմ ընկեր Վացլավ Հավելը դարձավ»,- հայտարարել է Հայրիկյանը: Սակայն նա մեկ վերապահում ունի. «Եթե մի խուլիգանի պիտի փոխարինես, մեկ այլ խուլիգան դու դառնաս, արժի՞, որ ես այդ գործերին մասնակից դառնամ»:
Ի դեպ, Հայրիկյանի համոզմամբ, մայիսի 12-ի ընտրություններում պարտվեց ոչ միայն ընդդիմությունը, այլեւ անկուսակցական, նույնն է թե` «անընկեր» Ռոբերտ Քոչարյանը: «Կուսակցական պատկանելություն չունեցող, քաղաքական ընկերներ չունեցող մեկ Պուտինն է, մեկ էլ` Ռոբերտ Քոչարյանը»,- նկատեց Պարույր Հայրիկյանը: Նա, «Բարգավաճ Հայաստան» եւ «Դաշինք» կուսակցությունները համեմատելով «Շամիրամ» կուսակցության հետ, հայտարարեց, թե ինչպես ՀՀՇ-ն ստեղծեց «Շամիրամ» կուսակցություն, այնպես էլ Ռոբերտ Քոչարյանը ստեղծեց «Շամիրամ-1»` «Բարգավաճ Հայաստան» եւ «Շամիրամ-2»` «Դաշինք» կուսակցությունները: Ռ. Քոչարյանի նպատակն, ըստ ԱԻՄ առաջնորդի՝ մեկն էր` այդ ուժերի աջակցությամբ ԱԺ-ում ունենալ մեծամասնություն՝ հետագայում վարչապետ դառնալու ակնկալիքով: «Բայց ինչպես բոլոր դավադիրներն են սխալվում, էլ չեմ ասում՝ Հուլիոս Կեսարը, այդպես էլ գավառից կենտրոն տեղափոխված գավառական մտածողության տեր քաղաքական գործիչը պետք է տապալվեր»,- ասաց Հայրիկյանը: Իսկ ինչ վերաբերում է ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի դիտարկմանը, թե այս ընտրություններում Հանրապետական կուսակցությունն իր ձայների քանակով «պերեբարշչիլ», ապա Հայրիկյանն այդպես չի կարծում: «Պերեստարալիս»,- Վ. Մանուկյանի` «պերեբարշչիլ»-ին հակադարձեց Հայրիկյանը` նկատելով, թե ՀՀԿ-ն ոչ թե կուսակցություն է, այլ` «բոլշեւիկա-չեկիստա-կոմսոմոլա-իշխանատենչների» միավորող մի բան: