Ազատության հրապարակում երեկ արդեն երրորդ օրն էր` շարունակվում էր «Իմպիչմենտ» դաշինքի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանի շուրջօրյա նստացույցը: Թումանյանի եւ Սպենդիարյանի արձանների պատվանդաններն ամբողջությամբ պատվել էին սպիտակ թղթերով,
որոնց վրա գրված էր «1+»:
Յուրաքանչյուր նոր մարդ, ով միանում էր ակցիային, փակցնում էր իր «1+»-ն ու գրում իր անունը: Անցած օրերին Ն. Փաշինյանին զորակցելու նպատակով հրապարակ էին այցելում Արամ Զ. Սարգսյանը, Ստեփան Դեմիրճյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Արամ Կարապետյանը, Պետրոս Մակեյանը, Բաբկեն Արարքցյանը, բազմաթիվ հասարակ քաղաքացիներ եւ շատ ու շատ այլ մարդիկ: Իսկ երեկ երեկոյան Ազատության հրապարակում կայացավ «Իմպիչմենտի», «Հանրապետության» եւ ՆԺԿ-ի համատեղ հանրահավաքը: Հարթակում էին նաեւ Ստեփան Դեմիրճյանը, ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը եւ այլք: Ներկա էր նաեւ «Ժառանգության» քաղխորհրդի նախագահ Վարդան Խաչատրյանը: Այս հանրահավաքն էլ, ինչպես եւ նախորդները, սկսվեց ՀՀ հիմնի հնչյուններով: Այնուհետեւ մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին մեծանուն երգչուհի Գոհար Գասպարյանի հիշատակը: Հանրահավաքը վարող Ն. Փաշինյանը ներկաների համար ընթերցեց 3-4 տարի առաջ «ՀԺ»-ին երգչուհու տված հարցազրույցից մի հատված: Գ. Գասպարյանը, չընդունելով երկրում ստեղծված իրավիճակը, դիմել էր ՀՀ քաղաքացիներին՝ ասելով. «Միակ խնդրանքս է՝ չնահանջել: Ես աջակցում եմ նրանց, ովքեր այսօր ոտքի են ելել: Իմ միակ խորհուրդն է ժողովրդին՝ չընկրկել»: Ներկաներին հիշեցրին նաեւ մոտ 3 տարի առաջ «Հանրապետություն» էլեկտրոնային պարբերականին երգչուհու ամուսնու՝ օպերային երգիչ Տիգրան Լեւոնյանի տված հարցազրույցից մի հատված, որտեղ Տ. Լեւոնյանն ասել էր, թե ստեղծված իրավիճակից դուրս գալու «հույսն իշխանափոխության մեջ է»: «Մեր երկիրը տվել ենք կոկորդիլոսների ձեռքը»: Հանրահավաքի կազմակերպիչները խոստացան, որ մեծանուն արվեստագետների հետնորդները կտեսնեն այն, ինչը, ցավոք, նրանք չտեսան: Այնուհետեւ անդրադառնալով ներքաղաքական հարցերին՝ Ն. Փաշինյանը փաստեց, որ «Մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունները կեղծվել են: Ընտրությունների արդյունքները պետք է չեղյալ համարել եւ նշանակել վերաքվեարկություն»: Այս կոչին երեկվա դրությամբ միացել էին քվեարկությանը մասնակցած 23 քաղաքական ուժերից 6-ը՝ «Իմպիչմենտը» եւ ՀԺԿ-ն, «Հանրապետություն», ՆԺ, Հնչակյան եւ «ՕԵ» կուսակցությունները: «Այս նպատակին հասնելու համար մենք պետք է լինենք խիստ: Սա մեկ քայլանոց պայքար չէ: Ամեն ինչ դեռ նոր է սկսվում»,- շարունակեց Ն. Փաշինյանը: Իր ելույթում ԿԸՀ-ում «Արդարության» ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանը մանրամասն ներկայացրեց անցած «ընտրությունների» ընթացքում տեղի ունեցած բազմաթիվ խախտումներ՝ դրանք դասակարգելով հին եւ նոր մեթոդներով արված կեղծիքների: Հին մեթոդների թվին էին պատկանում լցոնումների, ծեծուջարդի, կրկնակի քվեարկության, ուրիշի փոխարեն քվեարկության եւ այլ բազմաթիվ դեպքերը: Իսկ կեղծիքների նոր մեթոդների շարքում նա նշեց այն, որ մարդկանց ցուցակներով հատուկ ժամերի տարել են քվեարկության: Նրա ձեռքին կար մի փաստաթուղթ, որտեղ նշված էր, որ 17/01 տեղամասում «Հայմամուլ», «Գարդման», «Փեթակ» եւ այլ կազմակերպությունների ներկայացուցիչներին պետք է հերթով տանել քվեարկության: Օրինակ՝ «Գարդման» հ/կ անդամներին «ցուցակի տերը» պարտավորվում էր քվեարկության տանել 14:00-16:00-ն ընկած ժամանակահատվածում: «Ի. Հակոբկոխյանը հացադուլ է անում, Ն. Փաշինյանը նստացույց է անում, իսկ ԿԸՀ-ում դրա անդամներն արձանագրություններում ուղղումներ են մտցնում»,- փաստեց Խաչատրյանը՝ հավելելով, թե կեղծիքների՝ իրենց ունեցած փաստերն այնքան շատ են, որ մի քանի հանրահավաքը չի հերիքի դրանք ներկայացնելու համար: Իսկ Հ. Բիշարյանը նշեց, թե ՕԵԿ-ը դատապարտում է զանգվածային ընտրախախտումները: Ըստ նրա, ՕԵԿ-ն առաջարկում է ստեղծել ընդդիմադիրների միասնական խորհուրդ, որի հիմնական նպատակն ընտրությունների արդյունքների դատական բողոքարկումն է: Ի դեպ՝ նոր անձնագրերի մասին: Ն. Փաշինյանը նկատեց, որ անգամ Ոստիկանության հրապարակած պաշտոնական տվյալներով` վերջին 1 տարում 18-ից բարձր տարիքի մոտ 130.000 մարդ անձնագիր է ստացել (անձնագիր ստանում են 16-ից): «Ենթադրենք՝ մի 30.000-ի անձնագիրը պատռվել էր, նորն էր պետք: Բա մյուսնե՞րը»,- նշեց նա: Նրա համոզմամբ, հենց նոր անձնագրերի միջոցով կեղծիքներ անելու մտադրությունն է եղել պատճառը, որ առաջին անգամ արտերկրում տեղամասեր չեն բացվել, որովհետեւ այդկերպ կեղծիքն ավելի ակնհայտ կդառնար: Իսկ Ս. Դեմիրճյանը նշեց, թե «պետք է հասկանանք, որ այս ոհմակը կարող է գոյատեւել միայն հասարակական անտարբերության պայմաններում»: Արամ Զ. Սարգսյանն էլ հայտարարեց, թե պետք է տեղի ունենան նախագահի, ԱԺ-ի եւ ՏԻՄ ընտրություններ: Նա նշեց, թե ընդդիմությունը պատրաստվում է դիմել ՍԴ, ու խոստացավ, որ ՍԴ-ում այնպիսի փաստեր են ցույց տալու, որ ամբողջ աշխարհի մոտ կասկած չի լինելու, որ ընտրությունները կեղծվել են: «Չկարծեք, թե ՍԴ-ն այդ ընտրությունը չեղյալ կհայտարարի, բայց մենք ՍԴ-ում ցույց ենք տալու, որ խայտառակ «ընտրություն» է եղել»,- հայտարարեց նա: Ա. Կարապետյանն էլ, դիմելով իշխանություններին, նշեց. «Կեղծիքով ու ստով իշխանություն չեք պահի»: Ըստ նրա` մի օր դա «նրանց բողազին կկանգնի», ու իշխանություններն այդկերպ չեն կարող լուծել ո՛չ ԼՂՀ-ի հարցը, ո՛չ էլ ՀՀ-ի ներքին խնդիրները: Հաջորդ հանրահավաքը տեղի կունենա մայիսի 25-ին, ժամը 19:00-ին՝ Ազատության հրապարակում: