Պետք է փոփոխվի գործարար միջավայրը

30/05/2007 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Համաշխարհային բանկը (ՀԲ) ուսումնասիրություններ է կատարել Հայաստանի զբաղվածության շուկայում: Եվ ՀԲ-ն եզրակացրել է, որ ընդհանուր իրավիճակը սկսել է բարելավվել:

Ուսումնասիրության վիճակագրական տվյալները ՀԲ-ն վերցրել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից: Ճիշտ է, զեկույցի աշխատանքային խմբի ղեկավար Արվո Կուդոն բարձր է գնահատում ՀՀ Վիճվարչության աշխատանքը, սակայն համոզված է, որ տեղեկատվություն տրամադրող կառույցներն ու անձինք այնքան էլ անկեղծ չեն եղել թվերը ներկայացնելիս: Այնուամենայնիվ, Վիճվարչության տվյալների համաձայն՝ զբաղվածների թվաքանակը 1990թ. 1 մլն 630 հազարից նվազել է եւ 2005թ. կազմել է 1 մլն 105 հազար: Պարզ է, որ խորհրդային ժամանակների ձեռնարկությունների փակվելուց հետո աշխատատեղերի զանգվածային անկում պետք է լիներ: Բայց 1998-1999թթ. Հայաստանում գրանցվել է զբաղվածության աճ, բնական է՝ նաեւ գործազրկության մակարդակի անկում:

Ըստ ՀԲ զեկույցի՝ Հայաստանի աշխատուժի զգալի մասը կենտրոնացած է գյուղատնտեսության ոլորտում, որն ունի ցածր արտադրողականություն եւ ցածր վարձատրություն: Այդ ոլորտում զբաղվածների քանակը 2005թ. դրությամբ հաշվարկվում է 508.000, եւ գյուղական վայրերում զբաղվածությունը գնահատվում է 67 տոկոս` քաղաքայինի 38 տոկոսի փոխարեն: Եվ չի բացառվում, որ Վիճվարչությունն այս ցուցանիշը ստացել է հաշվարկելով նույնիսկ այն գյուղացիներին, ովքեր միայն իրենց օգտագործելու համար անհրաժեշտ կարտոֆիլն են մշակում: Հայտնի է, որ ցանկալի թվեր ստանալու համար Վիճվարչությունը հաշվարկման ամենատարբեր մեթոդներ է օգտագործում: Զբաղվածության մակարդակով գյուղատնտեսությունից հետո երկրորդ տեղում է արդյունաբերությունը, որտեղ ներգրավված է մոտ 134 հազար մարդ: Երրորդը կրթության ու մշակույթի ոլորտներն են՝ 119 հազար մարդ, չորրորդն առեւտրի եւ ծառայությունների ոլորտն է` 108,9 հազար զբաղվածներով: Իսկ մնացած ոլորտները չեն գերազանցում 50 հազարը:

Ինչպես մյուս անցումային երկրներում, այդպես էլ Հայաստանում բավական մեծ թվով մարդիկ զբաղված են ժամանակավոր եւ ոչ լրիվ դրույքով աշխատանքով: Զբաղվածների միայն 2/3-ն ունի մշտական աշխատանք: Հայաստանում գործազրկությունն ունի անդադարություն եւ երկարատեւություն եւ բնորոշ է հատկապես երիտասարդների ու կրթության ցածր մակարդակ ունեցողների շրջանում: ՀԲ մասնագետները գտնում են, որ 1980-ականներին ծնվածներին աշխատանքով ապահովելու եւ գործազրկության ներկայիս 56 տոկոս մակարդակը պահպանելու համար անհրաժեշտ է ապահովել տնտեսական աճի ավելի բարձր տեմպեր եւ մինչեւ 2015թ. անհրաժեշտ է ստեղծել 120.000 աշխատատեղ: Եռակի ու քառակի ավելի շատ նոր աշխատատեղեր են անհրաժեշտ եվրոպական զարգացած երկրների ցուցանիշներին հասնելու համար: ԵՄ փորձագետները գտնում են, որ աշխատատեղեր ստեղծելու համար պետք է փոփոխվի Հայաստանի գործարար միջավայրը: Պետական հատվածում միայն 2003թ. կրճատվել է մոտ 4300 աշխատատեղ: Մասնավոր հատվածը զարգացնելու համար գործարարները դժգոհում են հարկային ու մաքսային խիստ քաղաքականությունից, որոնք նրանց ետ են պահում իրենց բիզնեսի ընդլայնման մտադրությունից: Գործարարությանը խոչընդոտում է նաեւ առեւտրային վարկերի կարճ ժամկետը եւ բարձր տոկոսադրույքը: Այդ վարկերը շատ հաճախ փոքր բիզնեսով զբաղվողների համար հասանելի չեն:

ՀԲ մասնագետների կարծիքով՝ Հայաստանի աշխատանքային շուկան անցումային այլ երկրների համեմատ ավելի ցածր մակարդակ է ապահովել: Զեկույցում համեմատության մեջ դիտարկված են մի քանի երկրների սոցիալ-տնտեսական ցուցանիշները, որտեղ տնտեսական ամենաբարձր աճ գրանցել է Հայաստանը, սակայն մնացած բոլոր ցուցանիշներով Հայաստանը վերջին տեղում է: Օրինակ, 2000-2004թթ. 10.6 տոկոս աճ ապահոված Հայաստանում 1 շնչին հասնող տարեկան գնողունակությունը կազմել է 3806 դոլար: Չեխիան, որ ապահովել է 3 տոկոս աճ, 1 շնչին հասնող գնողունակությունը հասցրել է 18.370 դոլարի: Գործազրկության մակարդակը Հայաստանում եղել է 32,3 տոկոս, Էստոնիայում՝ 9,9 տոկոս, իսկ Վրաստանում՝ 15,1 տոկոս: Աշխատատեղերի սահմանափակ լինելը հանգեցրել է հուսալքության՝ հատկապես երիտասարդների, տարեցների, ինչպես նաեւ՝ կանանց խմբերում:

ՀԲ փորձագետ Արվո Կուդոն գտնում է, որ Հայաստանում գործարարությամբ զբաղվելուն եւ նոր աշխատատեղեր ստեղծելուն հիմնականում խոչընդոտում են հարկային վարչարարությունը, վարկերի անբավարար հասանելիությունը, ինչպես նաեւ՝ կոռուպցիան ու աշխատողների թերի հմտություններն ու կրթությունը: Իսկ նպաստավոր գործարար միջավայրի ստեղծումը տնտեսական աճի եւ մասնավոր հատվածի զարգացման կարեւոր պայմաններից է: Իհարկե, գործազրկության խնդիր ունեն աշխարհի բոլոր երկրներն՝ առանց բացառությունների: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ անգամ ԵՄ երկրների աշխատանքային շուկայի ակտիվ ծրագրերն ի վիճակի չեն ամբողջությամբ լուծել գործազրկության խնդիրը: Հայաստանի դեպքում այդ ցուցանիշը մի քանի անգամ ավելի ցածր է եւ առաջիկա տարիներին սպառնում է ավելի խորանալ, եթե դրան ուղղված միջոցառումները շարունակեն դանդաղել: