Տեր կանգնիր քո գծին

30/05/2007 Ալինա ՊՈՂՈՍՅԱՆ

Ռուսական «ՎիմպելԿոմ» ընկերությունն «ԱրմենՏելի» ձեռքբերման ճանապարհին պարտավորվել է հրաժարվել հեռախոսակապի մենաշնորհից: Իսկ թե ի՞նչ էր ստանալու այս ոլորտում իր մենաշնորհի զիջման դիմաց, մանրամասները հայտնի չեն, եւ ընդհանրապես այս մասին հայտարարություններ չեն եղել: «ԱրմենՏելի» ֆիքսված հեռախոսակապի մենաշնորհից հրաժարականը սպասվում էր 2007թ. հունիսին:

Իսկ բջջային կապի ոլորտում, համաձայն «ԱրմենՏելին» տրված թիվ 60 լիցենզիայի, մինչեւ 2009 թիվը դաշտը սպասարկելու են երկու օպերատորները: Այս պարագայում` «ԱրմենՏելն» ու «Վիվա Սելլը»: Չնայած նախնական պայմանավորվածությանը, վերջերս Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մինչեւ նոյեմբեր երկարաձգեց «ԱրմենՏելի» ֆիքսված հեռախոսակապի մենաշնորհը: Կարգավորող մարմինն իր որոշումը բացատրեց նրանով, որ «ԱրմենՏելը» պարտավորվել է թվայնացնել եւս 20 գյուղ, ուստի պարտավորությունները ավարտին հասցնելու համար մինչեւ աշուն ժամանակ է տրամադրել: Առաջին հայացքից ազգանվեր այս որոշումն ուղղակի նվեր կարելի է համարել «ԱրմենՏելի» համար: Կարգավորողի այս որոշումն անհիմն է, քանի որ մենաշնորհի վերացման պարագայում այնքան էլ էական չէ, որ հանրապետությունում դեռեւս 20 գյուղ թվայնացված չէ: Մի պարզ հաշվարկով ներկայացնենք իրողությունը: Ներկայումս կորպորատիվ փաթեթը 31 բաժանորդի հաշվով ապահովում է 1200 դրամ ամսավճար եւ 6 դրամ՝ յուրաքանչյուր րոպեի համար: Ապաթվայնացման դեպքում հեռախոսավարձը ամսական կազմում է 1100 դրամ, որում ներառված է 360 անվճար րոպեն: Սահմանված անվճար լիմիտը գերազանցելու դեպքում գործում է 1 րոպեի համար 4 դրամ գինը, որն ամսվա համար սահմանված է 1450 րոպե: Այս շեմը հատելուց հետո սրտիդ ուզածի չափով կարող ես խոսել` 1 րոպեի համար վճարելով 8 դրամ: Ինչպես ակներեւ է, թվայնացված եւ չթվայնացված հեռախոսակապի համար վճարվող գումարներն իրար համադրելի են, եւ «ԱրմենՏելի» մենաշնորհը կես տարով երկարաձգելը չի բխում բաժանորդների շահերից: Ավելին, կես տարում, բնականաբար, մրցակցության արդյունքում խիստ կնվազեր հեռախոսակապի ծառայությունների գինը, եւ որքանո՞վ է հիմնավորված՝ 20 գյուղի պատճառով ողջ հանրապետությանը զրկել ավելի էժան հեռախոսային ծառայություն ունենալու հնարավորությունից: Ներկայումս մոտ 1000 ընկերություններ զբաղվում են հեռախոսային ծառայությունների մատուցմամբ, եւ վերջիններս էլ վարձակալելով «ԱրմենՏելի» հեռախոսագծերը, կարող էին բնակչության համար բավականին մատչելի գներով ծառայություններ մատուցել: Իսկ թե ինչո՞ւ է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, հանրության շահերը պաշտպանելու փոխարեն, գերապատվությունը տվել տնտեսվարողին, հավանաբար սա էլ չքննարկվող եւ չհրապարակվող թեմաներից է: Կարգավորող մարմինը չի հստակեցրել նաեւ «ԱրմենՏել»-բաժանորդ պարտավորությունների շեմը: «ԱրմենՏելի» համար գոյություն ունի բաժանորդի գիծ հասկացությունը, որտեղ էլ վերջանում են «ԱրմենՏելի» պարտավորությունները եւ սկսվում համատիրության, բաժանորդի իրավասությունը: Պարզ լինելու համար նշենք, որ դեռեւս վիճարկելի է, թե ո՞վ է բնակելի շենքի ներսում մինչեւ բաժանորդի բնակարանը հեռախոսագծերի պատասխանատուն` «ԱրմենՏե՞լը», համատիրությո՞ւնը, թե՞ բաժանորդը: «ԱրմենՏելն» այսօր այս պատասխանատվությունը դրել է բաժանորդների վրա, հայտարարելով` տեր կանգնիր քո գծին: Մյուս կողմից էլ շենքի ներսում գտնվող հեռախոսագծերից «գիծ մտնելու» բազում ձեւեր կան, որը տեխնիկապես կարող է վերահսկել միայն «ԱրմենՏելը» (նման դեպքերում վերջինիս համապատասխան բաժանմունքներում լույս է վառվում): Այս ահազանգող մեխանիզմից օգտվելու համար նախ պետք է համապատասխան օրենսդրական ձեւակերպումներն ունենալ, այնուհետեւ փորձել գործի դնել այս համակարգը:

Մեր իրականության մեջ տարածված երեւույթ է, երբ գրոհների են ենթարկվում քաղաքացիների հեռախոսները եւ ահռելի գումարներ են գրվում այս կամ այն հեռախոսահամարների վրա: Շվարած քաղաքացին ոչ մի կերպ չի կարողանում ապացուցել, որ այդ կատարած զանգերի տերն ինքը չէ: Կարգավորող մարմինը եւ նաեւ «ԱրմենՏելը» շատ լավ տեղյակ են, որ խիստ հասանելի են հեռախոսագծերի վահանակները, կոյուղով անցնող կաբելային գծերը, էլ չենք խոսում օդային գծերի մասին: Այստեղ հստակ պետք է սահմանվի, թե նման բարձիթողի վիճակում ո՞վ պետք է պատասխանատվություն կրի այս գծերի հասանելիության դեպքում: Եթե նախկինում որոշ բնակիչների հաջողվեց դատական կարգով մաքրվել այդ գումարներից, ապա նոր «զոհերին» «ԱրմենՏելը» խոստացել է զիջել գումարի 50 տոկոսի չափով:

Հանրային ծառայությունները կարգավորող մարմինն առաջիկայում ստիպված է լինելու կարգավորել մոնոպոլիայի ձգտող եւս մի դաշտ: «ԱրմենՏելի» հրավերով գերհզոր ինչ-որ պրովայդեր պատրաստվում է տեղական շուկայում զբաղվել բջջային հեռախոսներին երաժշտության, անիմացիաների, նկարների մատակարարմամբ: