Օրերս ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը ստորագրել է «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքը: Ասել է թե՝ գործածության մեջ կդրվի Օրենսգրքի արդեն փոփոխված տարբերակը, որը, ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Նասիբյանի խոսքերով, կտպագրվի պետական թերթում եւ բրոշյուրի տեսքով կտարածվի ողջ հանրապետությունում: Ս.Նասիբյանի խոսքերով, արդեն պատվիրվել են նոր տեսակի շուրջ 500 քվեախցիկներ, կստեղծվեն մոտ 285 ընտրական տեղամասեր: Երկու ամիս առաջ սկսվել է ընտրողների ցուցակների ճշտման գործընթացը: Հուլիսի 19-ին նախատեսվող ընտրությունների անցկացման համար պետական բյուջեից հատկացվել է 65,5 միլիոն դրամ: Ղարաբաղի նախընտրական շրջանում կարծես թե «դադար» է, քանի որ ավարտվել է նախագահի թեկնածուներին առաջադրող նախաձեռնող խմբերի գրանցումը, իսկ թեկնածուների գրանցումը, ըստ Ընտրական փոփոխված օրենսգրքի, տեղի կունենա մայիսի 30-ից մինչեւ հունիսի 19-ը, իսկ նախընտրական քարոզչությունը` հունիսի 20-ից հուլիսի 17-ը: Չնայած պաշտոնապես չի սկսվել նախընտրական քարոզչությունը, այնուամենայնիվ, բնակչության շրջանում անընդհատ խոսում են առաջադրված թեկնածուների, նրանց առավելությունների եւ թերությունների մասին: Սակայն բնակչության մի մասին դեռեւս չեն հետաքրքրում նմանատիպ իրադարձությունները: Այժմ դեռ հայտնի չէ, թե առաջադրված թեկնածուներից պայքարն ով մինչեւ վերջ կշարունակի, բայց, ըստ վերլուծաբանների, ֆավորիտները ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայության պետ Բակո Սահակյանն ու փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանն են:
Հիշեցնենք, որ Բակո Սահակյանին սատարելու մասին համատեղ հայտարարություն են արել ԼՂՀ Ազգային ժողովում ներկայացված չորս կուսակցությունները: Իսկ մեկ կուսակցության` «Շարժում-88»-ի վարչության մի քանի անդամներ հայտարարել են, որ կուսակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյանը լիազորված չէր ստորագրելու այդ հայտարարության տակ: